Աշխարհայեացք | Մարդը, Հասարակությունը, Ազգը. Ազատությունը և Ստեղծագործականությունը

Մորս` Գեղարփիին,
Կնոջս` Նուշիկին,
Ընկերոջս` Մոնթեին,
որոնց համար կյանքի իմաստը սիրով ապրել ու ապրեցնելն էր,
որոնց կյանքը, յուրաքանչյուրինն իր ձեւով, եղավ նվիրում: 
  

Մարդը բանական և ստեղծագործ էակ

1.         Մարդ էակի գլխավոր յուրահատկությունը նրա` որակյալ գիտակցությամբ եւ բանականությամբ օժտվածությունն ու դրանից բխող գիտակից ստեղծագործական ունակությունն է:
2.         Բանականությունն ու գիտակից ստեղծագործական ունակությունն են, որ մարդուն հնարավորություն են ընձեռում արդյունավետ կերպով կազմակերպելու և լուծելու իր, որպես կենսաբանական էակի, ֆիզիկական գոյապահպանման ու վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ նյութական ու ոչ նյութական պահանջների ու մղումների բավարարման խնդիրները, նոր հնարքներով  անընդհատ բարելավելու կեցության պայմանները:


Մարդը հասարակական, էթնո-մշակութային և հոգեմտավոր էակ

3.         Բանականության ու գիտակից ստեղծագործական ունակության շնորհիվ կենսաբանական էակ մարդը դառնում է նաեւ հասարակական, էթնո-մշակութային և հոգեմտավոր էակ, այսինքն լիարժեք մարդ:
4.         Հասարակությունն ու հասարակական կյանքը ձեւավորվել են իր ֆիզիկական գոյապահպանումն ու վերարտադրությունը երաշխավորող պայմանների ստեղծման համար մարդու ի սկզբանե ի գործ դրած ստեղծագործական մտքի որպես արգասիք:
            Մարդը միակ կենսաբանական էակը չէ, որ ապրում է իր նմաններից կազմված հասարակության մեջ: Բայց նա միակ լիարժեք հասարակական էակն է,  որովհետեւ իր բանականության ու գիտակից ստեղծագործական ունակության շնորհիվ մշակում և կիրառում է իր խնդիրների արդյունավետ լուծում տալու կոչված հասարակական հարաբերությունների ու համակեցության նորմեր, կանոններ և ձեւեր, ձեւավորում հասարակարգ:
5.         Մարդը որպես տեսակ մեկ է, բայց մարդկությունն էթնոմշակութային առումով անհիշելի ժամանակներից եղել եւ շարունակում է լինել բազմազան: Չկա վերացական մարդ, այլ կոնկրետ էթնոմշակույթի պատկանող կոնկրետ մարդ: Հասարակությունները ձեւավորվում են պատմա-աշխարհագրական կոնկրետ տիրույթում, որով և պայմանավորվում է տվյալ հասարակության էթնո-մշակութային ինքնությունը: Յուրաքանչյուր անհատ ծնվում է էթնոմշակութային յուրահատուկ ժառանգություն կրող ծնողներից եւ ապրում էթնոմշակութային յուրահատուկ միջավայրում եւ հասարակությունում: Մարդու կենսաբանական, հասարակական եւ հոգեմտավոր էությունները իրականություն են դառնում կոնկրետ էթնոմշակույթի տիրույթում: Լեզուն, լեզվամտածողությունն ու էթնիկական մշակույթի մյուս բաղադրիչները  յուրաքանչյուր կոնկրետ մարդու էության մասն են կազմում:
6.         Էթնո-մշակութային ընդհանուր ինքնության տեր մարդկանց հավաքականությունից ու նրանց տեւական փոխհարաբերությունից ծնվում է ազգը: Ազգը տվյալ պահին այդ հավաքականությունը բաղկացնող անհատների գումարը չէ սոսկ, այլ այդ ինքնությունից ձեւավորված և սերնդից սերունդ ժառանգվող հոգեվոր-մշակութային էություն: Ազգը ձեռք է բերում ուրույն նկարագիր, գիտակցություն, կամք:
Էթնո-մշակութային միավորների և ազգերի բազմազանությունը եղել է մարդկության բնական ընթացքը: Նրանց ներդաշնակ համակեցությունը մարդկության հարստությունն է: Դա նման է կենսաբազմազանության: Ազգերն ու զարգացման ազգային ձեւը տեսանելի ապագայում այլընտրանք չունեն:
7.         Մարդու գիտակից ստեղծագործականությունը ավելի հեռուն է գնում, քան իր գոյատեւման եւ վերարտադրության հարցերին հնարքներ գտնելու եւ հասարակական համապատասխան հարաբերություններ ձեւավորելու ունակությունը: Այն մարդուն օժտում է ստեղծագործելու և արարելու այնպիսի ունակությամբ և ձգտումով, որը չի բխում նյութական, գործառույթային  անհրաժեշտությունից, այլ բացառապես ներքին մղումից: Դա հոգեւոր և նյութական մշակույթի ստեղծագործումը, արարումն է, մտավոր և ֆիզիքական ազատ գործունեության արգասիքը: Այդ օժտվածությունն ու ձգտումը մարդուն տալիս են հոգեմտավոր չափում, որը նրա էության ամենայուրահատուկ բաղադրիչն է:
Հոգեմտավոր չափումն ու ստեղծագործական ունակությունն իրենց բնույթով համամարդկային են և չեն ճանաչում էթնո-մշակութային սահմաններ և սահմանափակումներ, Այնուհանդերձ, այդ ունակության իրացման տիրույթն առաջին հերթին տվյալ մարդու էթնո-մշակութային տիրույթն է և դրա դրսեւորումները առավել կամ պակաս չափով կրում են այդ տիրույթի դրոշմը:


Մարդու ինքնաիրացում, ներդաշնակ հասարակություն, ազգի ինքնաիրացում

8.         Մարդն իր ամբողջական էությունն իրացնում է, երբ իրացնում է այդ էության տարբեր` կենսաբանական, հասարակական, էթնո-մշակութային և հոգեմտավոր բաղադրիչներից բխող պահանջները, կարիքները, մղումներն ու ցանկությունները:
9.         Մարդու ինքնաիրացման պսակն իր հոգեմտավոր էության իրացումն ու այդ ունակության տեւական կատարելագործումն է: Ով չի իրացնում իր հոգեմտավոր էությունը` վատնում է որպես մարդ իրեն շնորհված ամենայուրահատուկ հատկանիշը, մտավոր և հոգեւոր-մշակութային ստեղծագործական գերագույն օժտվածությունը: Դրանով կիսատ է մնում նաեւ էթնո-մշակութային էության իրացումը:
10.       Հասարակության խնդիրը այնպիսի հասարակարգի ստեղծումն է, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա, այլոց հետ համերաշխության և ներդաշնակության պայմաններում,  ամբողջությամբ իրացնելու իր էությունը, որտեղ մեկի էության ամբողջական կամ մասնակի իրացման հնարավորությունը պայմանավորված չէ ուրիշի այդ հնարավորությունից զրկմամբ:
11.       Ազգի էության իրացումը կայանում է իր և իր անդամների տվյալ ժամանակի անհատական և հավաքական ինքնաիրացման պայմանների ապահովման, իր հոգեւոր-մշակութային էության իրացման և տեւապես կատարելագործման, իր հարատեւության ապահովման, ինչպես նաեւ մյուս ազգերի և էթնո-մշակութային հավաքականությունների ինքնաիրացման նպաստման և բոլորի համերաշխ համագործակցությունից ձեւավորված ներդաշնակ աշխարհի կայացման տեւական ձգտումին մեջ:


Ազատություն, ազատ ստեղծագործականություն

12.       Մարդու էության լիարժեք իրացումը, ներառյալ հոգեմտավոր ստեղծագործականության իրացումը, ենթադրում է արտաքին և ներքին վիճակների առկայություն: Դրանք են լիարժեք ազատությունը (արտաքին և ներքին ազատություն) և ստեղծագործելու մղումը:
           Արտաքին ազատություն` ազատ ժամանակ.
Մարդու էության ամբողջական, այդ էությանբոլոր բաղադրիչների իրացումը պահանջում է, որ ոչ միայն լուծված լինեն նրա կենսաբանական գոյության խնդիրները, այլ նաեւ, որ մարդ օժտված լինի մյուս բաղադրիչներն իրացնելու բավարար ազատ ժամանակով: 0 ազատ ժամանակը, թեկուզ և կենսաբանական գոյատեւման և վերարտադրության խնդիրների լուծվածության լավագույն պայմաններում, նշանակում է մարդու էության մյուս բաղադրիչներից ծնված պահանջների ու ցանկությունների բավարարման անհնարինություն: Ամբողջական ազատ ժամանակը նշանակում է ամբողջական ինքնաիրացման հնարարվորություն:
Մտավոր եւ ֆիզիքական ամբողջովին ազատ գործունեությունը, հետեւաբար, ենթադրում է ոչ միայն գոյատեւման խնդիրների բարվոք լուծում,, այլ դրանց լուծման հոգսից ընդհանրապես ազատուածություն: Դա ենթադրում է աշխատանք հասկացության վերացում, արտադրության ամբողջական ավտոմատացում, որի հետեւանքով մարդն իր ամբողջ ժամանակը կկարողանա տրամադրել ոչ թե աշխատանքին, այլ մտավոր եւ ֆիզիքական ազատ գործունեության, ստեղծագործման արարքին, արարման: Դա ենթադրում է ի հարկե հասարակական հարաբերությունների այնպիսի դրվածք, որտեղ բոլորը կունենան հավասար հնարավորություններ, ոմանց ազատությունը պայմանավորված չի լինի այլոց անազատությամբ.
Արտաքին ազատությունը, ազատ ժամանակը ազատ ստեղծագործման անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է:
           Ներքին ազատություն` սիրո տիրապետություն.
Ներքին ազատությունը ներքին կապանքների բացակայությունը, սեփական անձի և շրջապատի հետ ներդաշնակությունն է: Դա   իրերի ֆետիշացումից և ներքին ենթարկվածությունից, օպտիմալ անհրաժեշտից ավելի նյութից կախվածությունից, ունեցվածք կուտակելու, այլոց շահագործելու եւ տիրապետելու մղումներից ձերբազատվածությունն է, ներդաշնակությունը` մարդկանց, բնության եւ տիեզերքի հետ. այլ խոսքով` սիրո տիրապետությունը:
           Մարդու ամբողջական ինքնաիրացում` ազատ ստեղծագործում, արարում.
Արտաքին և ներքին) ազատությունների, այսինքն լիարժեք ազատության ձեռքբերումով մարդը դառնում է կարողական (պոտենցիալ) ստեղծագործող: Կարողականից իրական եւ լիարժեք ստեղծագործող դառնալու համար անհրաժեշտ է նաեւ ունենալ ներքին մղում (չնայած արարման մղումի գլխավոր երաշխիքը նույնինքն ներքին ազատությունն է):
Մարդու լիարժեք ինքնաիրացման վիճակը, հետեւաբար, նրա ազատ ստեղծագործման, արարման վիճակն է, որը ենթադրում է լիարժեք (արտաքին և ներքին) ազատություն և արարման ներքին մղում:
Ներդաշնակ հասարակության կայացումն ու ազգի ինքնաիրացումը ենթադրում են նրանց մաս կազմող բոլոր մարդկանց լիարժեք ինքնաիրացման` ազատ ստեղծագործման վիճակի առկայություն:

Անազատությունից արտաքին ազատության, ազատ ժամանակի նվաճման առարկայական հնարավորություն

13.       Մարդկային ողջ պատմության ընթացքում մարդու լիարժեք իմաստով ազատ ստեղծագործականության հնարավորությունները եղել են սահմանափակված, պայմանավորված առարկայական եւ ենթակայական գործոններով:
14.       Մարդու գոյության պահպանման ու վերարտադրության հիմքում հազարամյակներ շարունակ ընկած է եղել ֆիզիքական աշխատանքի անհրաժեշտության անխուսափելիությունը, ինչը բացառել է ազատ ժամանակի հնարավորությունը, մարդկանց ջախջախիչ մեծամասնության համար հնարավորություն և ժամանակ չի ընձեռել զարգացնելու և իրականացնելու իրենց հոգեմտավոր ստեղծագործականության կարողականությունը:
Միեւնույն ժամանակ սակայն, քաղաքակրթության ողջ պատմությունը եղել է մարդու պրպտող մտքի կողմից բնության գաղտնիքների հայտնագործման ու այդ ճանապարհով աշխատանքի արտադրողականության շարունակական բարձրացման ձգտում և իրականացում, որի արդյունքում աշխատանքի գործընթացում հետեւողականորեն պակասել է միեւնույն միավոր արտադրանքն ստանալու համար անհրաժեշտ ֆիզիքական աշխատանքի քանակը, աճել մտավոր աշխատանքի մասնաբաժինը, քիչ քիչ ընդլայնելով արտաքին ազատության սահմանները: Այս միտումը հատկապես արագացել է վերջին մի քանի դարերին:
15.       Շնորհիվ իր բնական բանականության ու ստեղծագործ հանճարին, XXI-րդ դարում մարդն արդեն ստեղծել է արհեստական բանականություն, որը տեխնիկապես հնարավոր է դարձնում մարդու գոյատեւման, բարօրության և վերարտադրության համար անհրաժեշտ համարյա բոլոր բարիքների ու ծառայությունների ամբողջովին ինքնակառավարվող սարքավորումների և ծրադրերի միջոցով ստացումը: Ընդամենը մի քանի տասնամյակում առարկայականորեն համարյա վերանալու է աշխատանքի անհրաժեշտությունը [link հղում դեպի` «Աշխատանքի անհրաժեշտության ավարտը»], հնարավոր է լինելու արտադրական գործընթացներն իրականացնել մարդկային ամենաջնջին միջամտությամբ:
Մարդկային պատմության մեջ առաջին անգամ առարկայականորեն հնարավոր է դառնում ֆիզիքական և մտավոր աշխատանքի փոխառինումը ֆիզիքական և մտավոր ազատ ու ստեղծագործ գործունեությամբ, մարդու արտաքին ազատության` ազատ ժամանակի ձեռքբերումը:
Բայց որպեսզի այդ հնարավորությունը դառնա շոշափելի իրականություն, անհրաժեշտ է, որ առարկայական հասունացման կողքին առկա լինի նաեւ ենթակայական կարեւորագույն պայմանը, ներքին ազատության թելադրանքը:

Գլխավոր մարտահրավերը` ներքին ազատության նվաճում


16.       Արդ, իր ամբողջ ստեղծագործականությամբ, արարչականությամբ հանդերձ մարդն առաջնորդվում է նաեւ բացասական, ներքին ազատության ու սիրո հակադրված մղումներով: Դրական մղումներին զուգահեռ մարդուն ուղեկցել են նյութապաշտությունը, ընչաքաղցությունը, նյութական արժեքներից և իրերից կախվածությունը, իր տեւական վերարտադրության համար օպտիմալ քանակից ու ծավալից ավելի նյութական ունեցվածքի ու արժեքի կուտակման, այլոց շահագործելու ու տիրապետելու մղումները եւայլն:
Սրանք չարն են ըննդեմ բարուն, սիրո, Աստվածայինի:
Բացասական այս մղումներն ունեն ամենայն հավանականությամբ մարդ տեսակի զարգացման խորքերում անթեղված հոգեբանական, ապա վստահաբար նաեւ պատմահասարակական արմատներ:
Կարելի է առաջ քաշել վարկած, որ դրանք առաջ են եկել իր ֆիզիքական գոյատեւման համար մղած հարյուր հազարավոր տարիների մաքառման ընթացքում մարդու մոտ յուրաքանչյուր օր հաջորդ օրվա անորոշության նկատմամբ ստեղծված կասկածների և վախերի որպես հետեւանք: Հետագայում, քաղաքակրթության փուլում ձեւավորված հարաբերություններն ավելի են խորացրել այդ մղումները:
17.       Քաղաքակրթության փուլում արտադրական ուժերի և արտադրողականության աճի հիմքում ընկած է եղել աշխատանքի հասարակական բաժանումը:
Աշխատանքի բաժանումն առաջին հերթին ֆիզիքական և մտավոր աշխատանքների առանձնացումն է: Մտավոր աշխատանքը ֆիզիքականից առանձնացվել է նյութական արտադրությունը կազմակերպելու և կառավարելու ճանապարհով այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Կազմակերպված և արդյունավետ արտադրությունը հետզհետե հնարավոր է դարձրել ձեռք բերել ոչ միայն հասարակության բոլոր անդամների ընդհանուր պահանջները բավարարող, այլ դրանցից առաջանցիկ քանակությամբ արտադրանք:
Հեղափոխական այս նվաճումով վերացել է հասանելի բարիքների յուրացման և ուրիշներին դրանցից զրկելու առարկայական պատճառը, այն է` ռեսուրսների ոչ բավարար հասանելիության և աշխատանքի շատ ցածր արտադրողականության պատճառով գոյատեւման միջոցների անբավարար մակարդակը:
Եթե հնարավոր է դարձել բոլորի աշխատանքով ստանալ բոլորի տարրական կարիքներին բավարարող և նույնիսկ ավելի միջոցներ, հնարավոր պետք է լիներ նաեւ բոլորի միջեւ դրա արդար և հավասար բաշխումը: Բարիքների զավթման առարկայական պատճառի վերացումով, սակայն, չի վերացել ինքը` երեւույթը: Նախորդած հազարամյակների ընթացքում արմատակալված հոգեբանական դրվածքին եկել է գումարվելու առանձնաշնոհհյալ վիճակի և դրանից բխած նյութական առավելությունների գայթակղությունը:
Արդարեւ, իրենց գործառույթի բերումով մտավոր աշխատողները հետզհետե ձեռք են բերել ոչ միայն արտադրության, այլեւ հասարակության կազմակերպման և կառավարման մենաշնորհը: Նրանք են զբաղվել հավելյալ արտադրանքի տնօրինման հարցով:
Գայթակղության պատճառով և զբաղեցրած դիրքի շնորհիվ մտավոր շերտը հետզհետե դարձել է հավելյալ արտադրանքի սեփականատերը:
Այս գործընթացը հանգեցրել է մասնավոր սեփականության և դրանով պայմանավորված հարաբերությունների ձեւավորման: Հասարակությունը բաժանվել է հրահանգողների եւ կատարողների, սեփականատերերի եւ սեփականությունից զրկվածների, իշխողների եւ իշխվողների, շահագործողների եւ շահագոծվողների:
Հասարակության շերտավորման և փոքրամասնության ձեռք բերած առանձնաշնորհյալ դրվածքի պահպանման և վերարտադրման, այդ դրվածքով հարաբերությունների կանոնակարգման և ամրագրման անհրաժեշտությունից ծնվել է պետությունը, իր գործիքներով:
Լինելով հանդերձ քաղաքակրթության եւ արտադրողականության զարգացման, այսինքն ազատության առարկայական պայմանի հասունացման հիմքում, աշխատանքի հասարակական` ֆիզիքական/մտավոր բաժանումը հանգեցրել է հասարակության բաժանման մասնակի ազատների և ոչ ազատների. ընդ որում, առաջինների մասնակի ազատությունը պայմանավորված է եղել մյուսների անազատությամբ:
18.       Կուտակելու, շահագործելու, տիրապետելու եւ մյուս բացասական մղումները հանգեցնում են իր էությունից մարդու օտարման: Դրանք հանգեցնում են այլոց անազատության իսկ սեփական անձի ազատության սահմանների նեղացման:
Այդ մղումների իրականացումը ոչ միայն այլ մարդկանցից խլում է իրենց էությունն իրացնելու իրավունքն ու հնարավորությունը, այլ, խափանում կամ դժվարացնում այդ հնարավորության դեռեւս առաջին, ամենատարրական նախապայմանի իրականացումը` իրենց ֆիզիկական վերարտադրության արժանապատիվ պայմանների ապահովումը, ստեղծում անարդար հասարակական հարաբերություններ ու հասարակարգ:
Բացի այլոց ազատության երթն արգելակելուց, այս մղումները սահմանափակում են նաեւ սեփական ազատությունը, որովհետեւ սահմանափակում են մարդկային սեփական էության լիարժեք իրացման սահմանները, ստեղծագործ տաղանդը ծառայեցնում չարիքի:
Ավելին. այդ մղումներն իրացնող, այլոց անազատությունը խորացնող մարդկանց ու խավերի կենցաղը հաճախ շլացնում և գայթակղում է դրանից զրկված, իրենց իսկ շահագործած  մարդկանց ու խավերին եւ նրանց մոտ եւս առթնացնում այդ մղումները:
Շահագործման, կուտակման եւ տիրապետման մղումներով եւ հակաարժեքներով առաջնորդվող մարդը  անազատ մարդ է իսկ այդ հակաարժեքների վրա ձեւավորված հասարակությունն ու ազգը` անազատ հասարակություն ու ազգ:
19.       Շահագործման և տիրապետման մղումներն իրենց բնույթով ունիվերսալ են, բայց կարող են կրել էթնիկական դրսեւորումներ:
Ինչպես որ ստեղծագործական տաղանդը, որ մարդու մեծագույն շնորհն է, կարող է նաեւ ծառայել չարիքի, նույնպես էլ էթնո-մշակութային տարբերությունները: որոնք մարդկության հարստությունն են, կարող են օգտագործվել և զոհ գնալ մարդկային բացասական մղումներին: Բայց ինչպես որ մեծագույն անհեթեթություն կլիներ  եզրակացնել, թե ստեղծագործականությունը համազոր է չարիքի: նույնքան մոլորություն կլիներ նույնօրինակ  եզրակացության հանգել ազգայինի ու էթնիկականի պարագայում:
ազգային գործոնի ի չարս օգտագործման պատճառով կամ պատրվակով ազգայինից հեռացումը, հրաժարվումը, դրա  մերժումը, չի բերի աշխարհում ազգայինի վերացման, ունիվերսալ էթնոսի ձեւավորման, այլ կբերի տիրապետող ազգերի ավելի ուժեղացման:
20.       Ներկայում, ինքնակառավարվող սարքավորումների ժամանակաշրջանի գալուստով, բացի արտաքին ազատության նվաճման առարկայականորեն հնարավոր դարնալուց, մեծանում են նաեւ բացասական մղումներից ձերբազատման և ներքին ազատության ձեռք բերման հնարավորությունները:   Ավտոմատացումն առարկայականորեն անիմաստ է դարձնում մարդկանց աշխատուժի շահագործումը:
Այն պահից, երբ, արտադրողականության աճի հետեւանքով հնարավորություն է ստեղծվել մեկ անձի աշխատանքից ձեռք բերել այդ անձի վերարտադրության համար անհրաժեշտ քանակից ավելի արտադրանք, լծակներին տիրապետող փոքրամասնության կողմից կուտակելու, տիրապետելու եւ բացասական իրենց մյուս մղումների հագեցումը կամ մասնակի բավարարումը հնարավոր է եղել միայն մեծամասնության աշխատանքի շահագործումով:  Առանց մեծամասնության կողմից հավելյալ արտադրանքի ստեղծման և փոքրամասնության կողմից այդ արտադրանքի սեփականացման, այսինքն առաջինների շահագործման, հնարավոր չէ կուտակման մղումի իրականացումը:
Արդ, ինքնակառավարվող սարքավորումների, ամբողջովին ավտոմատացված  արտադրության ժամանակաշրջանի գալուստը վերացնում է աշխատանքի, հետեւաբար և աշխատանքի շահագործման անհրաժեշտությունն ընդհանրապես: Մարդիկ կարող են համարյա ցանկացած իրի կամ արտադրանքի տեր դառնալ,  ծառայությունից օգտվել առանց ուրիշ մարդկանց աշխատանքի միջնորդության: Վերանում է «կյանքը վայելելու» համար այլոց շահագործելու և տիրապետելու առարկայական անհրաժեշտությունը:  
Այս հանգամանքը դեռեւս չի վերացնում տիրապետման հոգեբանական մղումը, բայց վերացնելով առարկայական անհրաժեշտությունը, մեծ հնարավորություններ է բացում հոգեբանական համեցող բացասական մղումների հաղթահարման համար:
Մարդն ավելի մոտենում է իր էության ամբողջական իրացման, ազատ ստեղծագործականության, արարման ունակությունների լիարժեք իրացման պայմանների ամբողջացման: Արտադրության ավտոմատացումով արտաքին ազատության պայմաններն դառնում են տեխնիկապես արդեն իսկ հասանելի, մինչ ներքին ազատության նվաճման ու ստեղծագործման մղումի ձեռքբերման ճանապարհից վերանում են կարեւոր խոչընդոտներ:
Մարդկության գլխավոր մարտահրավերն այդ փոքրացած բայց դեռեւս դժվար հեռավորությունը նվաճելն է:

Ջրբաժան

21.       Ավտոմատացման ժամանակաշրջանի գալուստով մարդկությունը հայտնվել է ջրբաժանի առաջ: Ավտոմատացումը նպաստում է ազատ ստեղծագործականության հենքի վրա հասարակական նոր հարաբերությունների և համակարգի հաստատմանը, բայց չի երաշխավորում այն: Ավելին. այն կարող է հանգեցնել մի նոր անազատ, նույնիսկ ավելի անազատ հասարակարգի հաստատմանը: Ամեն ինչ կախված կլինի դրանից, թե արդյո՞ք աշխարհում կձեւավորվի իրենց բացասական մղումները հաղթահարած` անհրաժեշտ քանակությամբ կրիտիկական մասսա, որին կհաղողվի վերահսկողություն բանեցնել ավտոմատացման գործընթացին վրա և այն ծառայեցնել մարդու ազատության, թե այդ գործընթացը կուղղորդվի մարդն իր էությունից օտարացնող ներկա համակարգի շահառուների կողմից:
Աշխատանքի անհրաժեշտության վերացումով վերանալու է աշխատանքի հասարակական բաժանումը, իսկ վերջինի վերացումով` դրանից առաջացած հասարակական հարաբերությունների հենքի վրա ձեւավորված, հազարամյակների կյանք ունեցող համակարգը: Անհրաժեշտաբար ծագում է նոր հարաբերությունների, նոր համակարգի ձեւավորման խնդիր: Նորի բնույթն ու բովանդակությունը կախված կլինեն վերեւի հարցերի պատասխաններից:
Ավտոմատացման առաջընթացը մարդու ստեղծագործ մտքից բացի  պահանջում է ֆինանսական մեծ միջոցներ: Այս պատճառով ներկայում այն բծախնդրորեն վերահսկվում է այդ միջոցների տերերի, գերհարստություն կուտակածների  կողմից: Բայց երբ նրանց վերահսկած ավտոմատացումը դառնա համատարած երեւույթ, առաջանալու են լրջագույն հարցեր: Եթե մարդիկ չեն աշխատում ու հետեւաբար եկամուտ չունեն, ո՞վ է սպառելու գերհարուստների պատկանող ավտոմատացված սարքավորումների արտադրանքը: Ինչպե՞ս են նրանք շարունակելու գերհարստանալ: Իսկ ինչպե՞ս են գոյատեւելու չաշխատող, եկամուտ չունեցող մարդիկ, մարդկանց 99,999999%-ը: 
Աշխարհի գերհարուստները մտմտում են այս գլուխկոտրուքին իրենց ձեռնտու լուծումներ գտնելու մասին: Տարբերակներից մեկը, որ քննարկվում է, անխտիր բոլոր մարդկանց բազային նվազագույն եկամուտով ապահովելու ինչ որ մեխանիզմի մոգոնումն է, որով մարդիկ կդառնան ավտոմատացված սարքերի արտադրանքի սպառողները: Այս պարագայում պետք է ապահովվի մարդկանց մշտական բթացման վիճակում պահելու համար անհրաժեշտ կրկեսը, ու նրանք կդառնան մարդկային էությունից դատարկված զոմբիներ:
Քննարկվում է նաեւ «ռոբոտի հարկի» հաստատման տարբերակ, ինչը կթանկացնի ավտոմատացված ապրանքների գներն ու հնարավորություն կթողնի ամբողջությամբ չվերացնելու աշխատանքն ու նրա վարձատրությունը:
Չի կարելի բացառել 99,9....%-ին իր ճակատագրին թողելու տարբերակը: Արհեստական բանականությունն արդեն օգտագործվում է մարդու բնախոսությունը փոխելու, նրան «գերմարդ» դարձնելու ուսումնասիրությունների վրա: Հաջողության պարագայում այդ «ձեռքբերումներից» «կօգտվեն» աննշան թվով մարդիկ: Զուգահեռաբար մշակվում են մարդկանց ոչ միայն ֆիզիկական, այլեւ մտավոր ու հոգեբանական վերահսկման ու ներազդեցության ներքո պահելու մեխանիզմներ:
Կարող են լինել նաեւ հիբրիդային կամ այլ «լուծումներ»: Կարեւորն այս բոլորում այն է, որ նման տարբերակների պարագայում մարդկությունը ոչ միայն չի հատի իր էության իրացման ճանապարհի վերջին հատվածը, այլ ամենայն հավանականությամբ կկորցնի  հազարամյակների ընթացքում ազատության ճանապարհին ձեռք բերած նվաճումները:
Նման հավանականության բացառման միակ այլընտրանքն այն է, որ աշխարհում ձեւավորվի իրենց ներքին ազատությունը նվաճած մարդկանց կուռ համախումբ, որին կհաջողվի վերցնել արհեստական բանականության ու ինքնակառավարվող սարքերի վերահսկողությունն ու դրանք ծառայեցնել բոլորի ազատության, բարուն, հաստատել ազատ ստեղծագործականությունը երաշխավորող հարաբերություններ ու համակարգ:
Մարդկության պատմության ներկա փուլում ազատության ոգով առաջնորդվող մարդկանց պարտքն է
- շարունակել իրենց ներքին ազատության նվաճման պայքարը, տեւաբար ինքնադաստիարակվել,
- նույն արժեքներով դաստիարակել մնացածներին, իրենց կենցաղով օրինակ ծառայել,
- քանի դեռ ամբողջովին չեն վերացել աշխատանքի անհրաժեշտությունն ու աշխատանքային հարաբերությունները, պայքարել դրանք հնարավորինս ազատ ու արդար դարձնելու և ներհասարակական հավասար հարաբերությունների հաստատման ուղղությամբ,
- պայքարել ազատության թշնամիների դեմ:
Որպեսզի կյանքը դառնա իմաստավորված:

Կյանքի իմաստը

22.       Կյանքի իմասստը` հասարակության ու ազգի ազատ ստեղծագործականության պայմաններում սեփական անձի ազատ ստեղծագործականության լիարժեք իրացումն է: Այս երեք վիճակները ենթադրում և պայմանավորում են միմիանց:

Ազատ ստեղծագործող, արարող, իր էությունն իրացնող մարդն այն մարդն է,
- ում եւ ում ընտանիքի անդամների արժանապատիվ կեցության և վերարտադրության պայմանները երաշխավորված են,
ով
- վայելում է ազատ ժամանակ,
- հաղթահարել է ունեցվածք կուտակելու, այլոց շահագործելու ու տիրապետելու բացասական մղումը,
- հարգում է այլ մարդկանց ազատ ստեղծագործականության իրավունքը, գտնվում է` այլ մարդկանց, մարդկանց խմբերի, հասարակության մյուս անդամների և այլ ազգերի անդամների հետ համերաշխ, ներդաշնակ և համագործակցային  հարաբերությունների մեջ,
- գտնվում է` բնության ու տիեզերքի հետ ներդաշնակ հարաբերությունների մեջ,
- ազատ ժամանակն օգտագործում է մտավոր և ֆիզիքական ազատ գործունեության, արարման, իր հոգեմտավոր և էթնո-մշակութային էությունների իրացման համար:

Ազատ և ստեղծագործող հասարակությունն այն հասարակությունն է,
- որտեղ համակարգային լուծում է տրված բոլոր մարդկանց արժանապատիվ վերարտադրության պայմանների ապահովման խնդիրներին, 
- որի որոշ անդամների և խավերի ազատությունը պայմանավորված չէ այլ անդամների և խավերի անազատությամբ,
որի բոլոր անդամները
- վայելում են ազատ ժամանակ,
- հաղթահարել են ունեցվածք կուտակելու, այլոց շահագործելու ու տիրապետելու բացասական մղումը,
- գտնվում են` այլ մարդկանց, մարդկանց խմբերի, հասարակության մյուս անդամների և այլ ազգերի անդամների հետ համերաշխ, ներդաշնակ և համագործակցային  հարաբերությունների մեջ,
- գտնվում են` բնության ու տիեզերքի հետ ներդաշնակ հարաբերությունների մեջ,
- ազատ ժամանակն օգտագործում են մտավոր և ֆիզիքական ազատ գործունեության, արարման, իրենց հոգեմտավոր և էթնո-մշակութային էությունների իրացման համար:

Ազատ և ստեղծագործ, արարող, իր ինքնությունն իրացնող ազգն այն ազգն է,
- որի բոլոր անդամների ազատ ստեղծադործականության պայմանները երաշխավորված են,
- որի բոլոր անդամներն ապրում են  ազատ և ստեղծագործող հասարակությունում,
որ
- հավաքաբար իրացնում է իր հավաքական հոգեվոր-մշակութային էությունը,
- երաշխավորում է իր տիրույթում ապրող բոլոր այլազգիների ազատ ստեղծագործականության պայմանները,
- հարգում է այլ ազգերի ինքնաիրացման, ազատ ստեղծագործականության իրավունքը,
- ձգտում է ազատ ու ստեղծագործ մարդկանցից, հասարակություններից ու ազգերից ձեւավորված ներդաշնակ աշխարհի կայացման ու պահպանման:




Comments

Popular posts from this blog

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

«Փոսից դուրս գալու» ճանապարհների կապակցությամբ շրջանառվող որոշ առաջարկությունների մասին