ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (1) | Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը


Աշխարհը գտնվում է արտասովոր անկայունությունների հորձանուտում: Ամենուր առկա են տնտեսական, սոցիալական, քաղաքական, պետական կառավարման, բնապահպանական, մշակութային, միջազգային, աշխարհքաղաքական բնույթի գնալով մեծացող ցնցումներ և խորացող ճգնաժամեր:
           Անխտիր բոլոր երկրները, ներառյալ նրանք, որոնք վերջին տասնամյակներում արձանագրել են տպավորիչ թռիչք, դիմագրավում են տնտեսական լուրջ խնդիրներ: Նույնիսկ այն երկրներում, որտեղ դեռևս չի գրանցվում տնտեսական անկում կամ լճացում, առկա է աճի տեմպերի հետևողական դանդաղեցում: Ավելի մեծ վտանգ են ներկայացնում ֆինանսական լարումներն ու պարտքերի կուտակումից առաջացած ռիսկերը:
           Ամենուր խորանում է եկամուտների և ունեցվածքի բևեռացվածությունը, մեծանում են սոցիալական լարումները:
           Մեծանում է ներքաղաքական լարվածությունը, նույնիսկ ազատական-ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում: Կայունության երաշխիք և ցուցիչ հանդիսացած «կենտրոնամետ» կուսակցությունները կորցնում են իրենց երբեմնի հզորությունը, ազդեցիկ դիրք է զբաղեցնում պոպուլիզմը: Լուծում չգտնելով դասական ինստիտուտների ներսում, խնդիրները գնալով ավելի դրսևորվում են փողոցներում:
           Փոքրանում է միջազգային համագործակցության դաշտը և մեծանում են աշխարհքաղաքական լարվածություններն ու անկայունությունը: Առևտրային պատերազմներն ավելի են շիկացնում իրավիճակը:
           Այս բոլորին գալիս է ավելանալու շրջակա միջավայրի մարդածին, մարդկության ու բնության սպառնացող ճգնաժամը.
Այս անկայունությունների միաժամանակությունը,, համատարածությունը և խորությունը պատահականության արդյունք չեն: Դրանք առաջին հերթին և որևե այլ պատճառից ավելի` աշխարհում տեղի ունեցող խորագույն նշանակության երկու փոխկապակցված փոխակերպումների հետևանքներն են:
Այն մեխանիզմները, որոնք անցյալում լավ կամ վատ կերպով կարգավորել են ներհասարակական և միջազգային հարաբերությունները, այդ փոխակերպումների պատճառով  դարձել են անարդյունավետ և սպառվել:
Այդ պատճառով էլ ներկա ճգնաժամերն ու անկայունությունները կրում են ոչ թե ժամանակավոր, անցողիկ, այլ խորքային և համակարգային բնույթ:
Փոխկապակցված այդ երկու փոխակերպումներն են` կապիտալիստական համակարգի գոյութենական ճգնաժամը և աշխատանքի անհրաժեշտության ավարտի միտումը:
Այս փոխակերպումները հիմնովին խալխլում են այն օրինաչափություններն ու պարամետրները,  որոնցով  մեծ հաշվով պայմանավորված են եղել ոչ միայն վերջին դարերի, այլ, առանց չափազանցության`, հազարամյակների հասարակական ու միջպետական հարաբերությունները: Տեղի են ունենում համաշխարհային և համամարդկային նշանակության քաղաքակրթական կարևորագույն տեղաշարժեր:
Պատկերացնելու համար, թե ինչպե՞ս դիմագրավել ու հաղթահարել ներկա բազմաբնույթ անկայունություններն ու ճգնաժամերը և ինչպիսի՞ հարաբերությունների վրա հիմնված նոր հասարակարգի ընտրություն կատարել, անհրաժեշտ է հնարավորինս առարկայական և հստակ հասկանալ նշված փոխակերպումների էությունն ու նրանց հետևանքները:


I. Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը

Համառոտագրություն
Այս հոդվածը փորձում է հիմնավորել այն պնդումը, որ կապիտալիզմը հայտնվել է գոյութենական ճգնաժամում և որ այն ամենայն հավանականությամբ վերանալու է և փոխարինվելու մի նոր հասարակարգով:
Ներկայացվում են`
           Կապիտալիզմի իմաստը, կենսագործունեության եղանակը, նրա գործընթացը խոչընդոտող գործոնները, այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ կապիտալիզմը տևապես հաղթահարել է այդ խոչընդոտները, նրա հինգ դարերի պատմության ցիկլային հաղթական ընթացքը:
           Նոր ի հայտ եկած գործոնները, որոնք խոչընդոտները հաղթահարող դարավոր մեխանիզմները դարձրել են անարդյունավետ, հետևաբար` նույն խոչընդոտները դարձրել անհաղթահարելի:
           Համակարգի վերջին, ետ-Բ Համաշխարհային պատերազմ ցիկլը:
           Ցիկլի վայրէջքի փուլը հաղթահարելու նպատակով ձեռք առնված միջոցները:
           Ձեռք առնված միջոցների տարականոն արդյունքները. մի կողմից գերհարուստների փոքրագույն շերտի ձևավորում բայց մյուս կողմից համակարգային ճգնաժամի խորացում:
           Խորացած ճգնաժամի նկարագրությունը և թվային ցուցանիշները:
           Ճգնաժամի խորացման և անելանելիության կոնկրետ պատճառները:
           Ճգնաժամի խորացման և անելանելիության պատճառով 2008թ. ֆինանսատնտեսական մեծ անկման աննախադեպ տարողությունը:
           Փրկարարական աննախադեպ միջամտության շնորհիվ համակարգի ամբողջական փլուզման կանխումը:
           Կապիտալիզմի պատմական հաղթարշավը կասեցրած գործոնների անդառնալիության պատճառով` ամբողջական փլուզման կանխումից հետո ճգնաժամի լրացուցիչ խորացումը, համակարգային տատանումների և անհավասարակշռության խորացումը, այդ գործոնների շարունակվող ազդեցության և դեղամիջոցների սպառման պատճառով համակարգի փլուզման եթե ոչ անխուսափելիությունը, ապա շատ բարձր հավանականությունը:


I.          Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը
            1.         Կապիտալիզմը, նրա բնածին հակառակորդները, զենքերը - ցիկլային հաղթական ընթացք
            2.         Գործիքների արդյունավետության ավարտ - կապիտալիզմի տրամաբանության խցանում
            3.         Վերջին ցիկլը - աննախադեպ ծաղկում, աննախադեպ անկում
            4.         Կապիտալիզմի պատասխանը շահույթի ծավալների անկմանը. նորազատականություն-համաշխարհայնացում (նեոլիբերալիզմ-գլոբալիզացիա), ֆինանսական սպեկուլացիա, Երրորդ արդյունաբերական հեղափոխություն
            5.         Ճգնաժամի խորացում, համակարգայնացում
                        i.          Տնտեսական ակտիվության կտրուկ անկում
                        ii.         Պարտքերի լեռներ, արհեստական շնչառություն, դատապարտված համակարգ
                        iii.        Կապիտալի և տնտեսության ֆինանսականացում, ֆինանսական ճգնաժամ
            6.         Կապիտալիզմի խցանում
                        i.          Տեխնոլոգիաներ/աշխատատեղեր` բարի դրացիությունից կլանում  - Թվային տնտեսությունը կապիտալիզմի վերակենսունականացման խոչընդոտ
                        ii.         Միավոր կապիտալի շահութաբերության անկում
            7.         2007-08թթ. ճգնաժամն ու հետոն - ցատք դեպի անհայտը
                        i.          Փրկարարական աննախադեպ միջամտություն - ազգայնացումներ, մերձ զըռոյական տոկոսադրույթներ, փողի «ձունահոսք»
                        ii.         Տնտեսական հետընթացի և պարտքերի կուտակման շարունակում
                        iii.        «Բիզնես, ինչպես միշտ»
                        iv.        Պարտքերի անատոմիան ու դինամիկան
                        v.         Դեղամիջոցներն սպառված


ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԱԽՃԱՆԸ

            Կապիտալիստական համակարգը գտնվում է կառուցվածքային, գոյութենական ճգնաժամում: Խոսքը չի վերաբերվում նրան, թե կապիտալիզմը վատ է ու հետևաբար պետք է այն վերացնել: Անկախ վատ կամ լավ լինելուց, կապիտալիզմը դարեր շարունակ օժտված է եղել վերակենսունականացման մեխանիզմներով և ունակությամբ: Սակայն այն արդեն զրկվել է դրանցից: Այն կորցրել է  որպես պատմական համակարգ վերարտադրվելու ունակությունը, այս իրողության հասարակական, քաղաքական, աշխարհքաղաքական և այլ հետևանքներով:


            1.         Կապիտալիզմը, նրա բնածին հակառակորդները, զենքերը - ցիկլային հաղթական ընթացք*

            Կապիտալիզմի գոյության իմաստն ու տրամաբանությունը շահույթի շարունակական և կայուն ձեռքբերումն ու  կապիտալի անվերջ կուտակումն է:    Շահույթը կապիտալիստական արտադրական հարաբերությունների, այսինքն աշխատուժի առուվաճառքի պայմաններում` արտադրված ապրանքի կամ մատուցված ծառայության ինքնարժեքի և վաճառքի գնի տարբերությունն է: Այդ տարբերությունը գոյանում է վարձու աշխատանքի պայմաններում հավելյալ արժեքի ձևավորման արդյունքում: (Տես` նոթ1:)
            Արդ, դարեր շարունակ այդ գործընթացը համարյա անխափան իրականացնելուց և ծավալվելուց հետո կապիտալիստական համակարգը հասել է մի փուլի, որտեղ իրական տնտեսությունում (ապրանքների արտադրություն և ծառայությունների մատուցում) նշանակալից մակարդակի շահույթի ապահովումն ու այդպիսով կապիտալի անվերջ կուտակումը չափազանց դժվարացել է, եթե ոչ դարձել արդեն անհնարին:
            Կապիտալիզմը մշտապես ունեցել է երկու ոխերիմ թշնամիներ, մրցակցությունը (տես` նոթ2) և արտադրական ծախսերի (աշխատավարձեր, հարկեր ևայլն) աճի միտումը (տես` նոթ3)  որոնք երկու կողմից կրծում են հավելյալ արժեքը, հետևաբար և շահույթը: Մրցակցությունը նվազեցնում է վաճառքի գինը, իսկ ծախսերի աճը ավելացնում է ապրանքի ինքնարժեքը: Սրանք կապիտալիզմին բնորոշ, այլ ոչ արտածին երևույթներ են:
            Չնայած դրան, իր ողջ պատմության ընթացքում կապիտալիզմը հաջողությամբ պայքարել է այս երկու գործոնների դեմ:
            Պայքարի հզորագույն զենք հանդիսացել են տեխնոլոգիական նորարարությունները(տես` նոթ2), որոնց գաղտնիքների տիրապետումը հնարավորություն է տալիս ձևավորել մենաշնորհներ և կվազիմենաշնորհներ ու դրա շնորհիվ տևական ժամանակ մրցակցությունից խուսափելով ապահովել գերշահույթներ: Մյուս կողմից, նվազեցնելով ֆիզիքական աշխատուժի անհրաժեշտությունը, նորարարությունները  հնարավորություն են տալիս պակասեցնել արտադրական ծախսերը:
            Ծախսերի նվազեցման նպատակով կապիտալիզմն ի հարկե դիմում է նաև վարձու աշխատողների աշխատավարձերի ու սոցիալական այլ ձեռքբերումների զսպման ու հետ մղման ուղիղ քայլերի:
            Նույն նպատակին ծառայում է նաև կապիտալիզմի` աշխարհամակարգ (տես նոթ 4) լինելու իրողությունը: կապիտալիզմը կենտրոն-ից և ծայրամասեր-ից բաղկացած Աշխարհամակարգ է: Կենտրոնի և ծայրամասերի հարաբերությունների հիմքում գտնվում է աշխատանքի միջազգային բաժանումը: Երբ արտադրական ծախսերն աճում են, դրանք նվազեցնելու նպատակով կենտրոնի, այսինքն եկամուտների և ծախսերի բարձր մակարդակով հատկանշվող շրջանների-երկրների կապիտալիստները արտադրական գործընթացները տեղափոխում են ծայրամասեր, այսինքն ծախսերի ցածր մակարդակով հատկանշվող շրջաններ-երկրներ:
            Շնորհիվ այս զենքերին կապիտալիզմը ոչ միայն տևաբար հակահարված է հասցրել իր երկու հակառակորդներին ու շրջանցել նրանք,  այլ նոր կենսունակությամբ շարունակաբար ծավալվել է աշխարհով մեկ:
            Կապիտալիզմը դիմում է նաև մի երրորդ, կարևոր բայց ժամանակավոր միջոցի: Ամեն անգամ, երբ վերոնշյալ երկու հակառակորդ գործոնների ներգործության պատճառով շահույթի ծավալներն անկում են, և մինչև վերոնշյալ գործիքներն ի գործ կդրվեն ու  կտան իրենց արդյունքները, կապիտալը իրական տնտեսության (ապրանքների արտադրություն և ծառայությունների մատուցում) ոլորտից զամգվածաբար տեղափոխվում է ֆինանսական սպեկուլացիայի ոլորտ, որտեղ ձևավորվում են սպեկուլատիվ փուչիկներ և ձեռք են բերվում գերշահույթներ: Այդ փուչիկները, սակայն, որոշ ժամանակ անց  անխուսափելիորեն  տրաքում են և ձևավորված սպեկուլատիվ ֆինանսական համակարգը փլուզվում: Հակառակորդների դեմ գլխավոր զենքերը, հետևաբար, մնում են վերոնշյալ գործիքները, և առաջին հերթին` տեխնոլոգիական նորարարությունները:
            Կապիտալիզմի մոտ հինգ դարերի պատմության ընթացքում  նրա ներքին հակառակորդների ու գործիքների միչև նշյալ պայքարն ընթացել է իրերհաջորդ ալիքաձև ցիկլերով: Կոնդրատիեվյան կոչվող այս ցիկլերը, բաղկացած Ա և Բ, յուրաքանչյուրը 25-30 տարի տևողությամբ  փուլերից, ներկայացրել են հետևյալ պատկերը:
            Ա փուլն սկսվում է իրականացված տեխնոլոգիական նորարարությունների` արտադրական գործընթացի մեջ ներառումով: Նորարարությունների գաղտնիքների տիրապետումը հնարավորություն է տալիս ձևավորելու մենաշնորհներ ու կվազիմենաշնորհներ, որոնք ապահովում են գերշահույթներ: Նոր ոլորտները կատարում են քարշակի դեր և իրենց հետևից տանում տնտեսության տարբեր ճյուղեր ևս:
            Վարձու աշխատողները ևս հայտնվում են հարաբերաբար նպաստավոր դիրքում : Տնտեսական աճի պայմաններում նրանց պահանջարկը մեծանում է:  Նրանք պահանջում են իրենց վիճակի բարելավում` աշխատավարձի հավելում և նպաստավոր այլ պայմաններ: Ունենալով աշխատուժի մեծ պահանջարկ և գերշահույթի պատճառով լայն հնարավորություններ, կապիտալիստները նախընտրում են առնվազն մասամբ ընդառաջել այդ պահանջներին, քան կանգնել արտադրության կասեցման փաստի առաջ:
            Ժամանակի ընթացքում տեխնոլոգիաները գաղտնազերծվում են: Նորանոր ձեռնարկություններ մտնում են շուկա և մենաշնորհային արտադրանքը դառնում է մրցակցային: Տեղի է ունենում գների և շահույթի անկում:  Հասնում է մի պահ, երբ արտադրությունը դառնում է անշահավետ: Որոշ արտադրություններ փակվում են, ուրիշներ  «օպտիմալացվում», աշխատատեղեր կրճատվում, գործազրկությունն աճում: Սկսվում է լճացման շրջան: Ավարտվում է ցիկլի Ա փուլն ու սկսվում Բ փուլը:
            Կապիտալիստական համակարգը փորձում է տնտեսական լճացումից ու անկումից` օգտվել ու վերականգնել շահույթի որոշակի մակարդակ: Օգտվելով գործազրկության աճից ու վարձու աշխատողների կազմակերպվածության թուլացումից, նրան հաջողվում է մասամբ հետ խլել վերելքի փուլում վարձու աշխատողների ձեռքբերումները: Զուգահեռաբար, համակարգը դիմում է  արտադրական գործընթացների «արտահանման»,  դրանք տեղափոխելով դեպի վարձու աշխատողների առատությամբ, ցածր աշխատավարձով, այլ պահանջների բացակայությամբ և ցածր հարկերով հատկանշվող ծայրամասային շրջաններ-երկրներ: Այս միջոցները թեև մասնակիորեն վերականգնում են շահույթի ծավալները, բայց անկարող են նախկին մաշտաբով գերշահույթներ ապահովել, որովհետև դաշտը մնում է մրցակցային, ոչ մենաշնորհային:
            Իրական տնտեսության (ապրանքների արտադրություն և ծառայությունների մատուցում) ցածր շահավետության պատճառով կապիտալի մեծ ծավալներ տեղափոխվում են ֆինանսական, հատկապես  սպեկուլատիվ ֆինանսի ոլորտ, որտեղ ապահովվում են գերշահույթներ: Բայց առանց իրական հենքի ֆինանսական ուռճացումը փուչիկ է հանդիսանում, իսկ փուչիկներն ուշ կամ շուտ անխուսափելիորեն տրաքում են և ֆինանսական բուռգերը փլուզվում:  Ավարտվում է Բ փուլն ու նրա հետ` ցիկլը:
            Այդ ընթացքում տեղի են ունենում նոր տեխնոլոգիական նորարարություններ, որոնք ներառվում են արտադրական գործընթացների մեջ: Սկսվում է մի նոր ցիկլ իր Ա փուլով, որին հաջորդում է Բ փուլը, ու այսպես հաջորդաբար:
            Այսպես, ճգնաժամերը կապիտալիզմին անծանոթ երևույթներ չեն եղել: Ընդհակառակը, նրանք մշտապես ուղեկցել են նրան` նրա ցիկլային ելևէջների ընթացքում:  Բայց նրանք եղել են հաղթահարելի ճգնաժամեր: Ավելին. նրանք խթան են հանդիսացել տեխնոլոգիական հաջորդական նորարարությունների և համակարգի աշխարհագրական ծավալման:
            Այսպես է աճել 16-րդ դարի կեսերին Եվրոպայի մի անկյունում ձևավորված և հետզհետե ծավալված ու ներկայում արդեն համարյա ամբողջ աշխարհը կլանած կապիտալիստական աշխարհամակարգը:
            Կապիտալիզմի կենսունակության գաղտնիքը կայացել է յուրաքանչյուր ցիկլի ավարտից հետո տեխնոլոգիական նորարարությունների շնորհիվ մի նոր ցիկլ թևակոխելու նրա ունակության մեջ, իսկ աշխարհով մեկ նրա ծավալման ու հաղթարշավի գլխավոր խթաններից է հանդիսացել` ծախսերը հետ մղելու նպատակով արտադրական գործընթացների տեղափոխումը:
            Արդ, կապիտալիզմի ողջ պատմության ընթացքում համակարգին լավագույնս ծառայելուց հետո վերոնշյալ գործիքները կորցրել են իրենց արդյունավետությունը, որի արդյունքում անհնար է դարձել շարունակել ցիկլային ընթացքը, համակարգը խրելով ճգնաժամի մեջ:

* Սույն բաժնին հիմք է ծառայել Իմմանուել Վալլերշտայնի Աշխարհամակարգային վերլուծությունը:



            2.         Գործիքների արդյունավետության ավարտ - կապիտալիզմի տրամաբանության խցանում

            Կապիտալիզմի ցիկլային տրամաբանության ավարտին նպաստել է նույնինքն կապիտալիզմի հաղթարշավը:
            Հիմնական երկու և օժանդակ երեք գործոններ հանգեցրել են դրան:
           Տեխնոլոգիաների որակական առաջընթացը էապես փոխել է նորարարական ոլորտների լայն տնտեսության վրա ունեցած ներազդեցության խնդրի էությունը: Ի տարբերություն արդյունաբերական առաջին և երկրորդ հեղափոխություններին(տես նոթ5), որոնք մի կողմից վերացնում էին աշխատանքի որոշ տեսակներ և աշխատատեղեր բայց զուգահեռաբար ստեղծում ոչ պակաս թվով նորերը, արդյունաբերական երրորդ հեղափոխությունը (թվային տնտեսություն, համակարգիչներ, ինտերնետ) իր բնույթի պատճառով վերացնում է անհամեմատ ավելի մեծ թվով աշխատատեղեր, քան ստեղծում նորերը: Արդյունքում, սահմանափակ թվով ձեռներեցների համար ահռելի ծավալների գերշահույթներ ապահովելով հանդերձ, տնտեսական գործունեության այս ոլորտին չի հաջողվում կատարել ամբողջ տնտեսության համար գերհզոր քարշակի այն դերը, որն իրենց ժամանակին կատարել են առաջին ու երկրորդ հեղափոխությունները:   Իսկ երրորդի շարունակությունը հանդիսացող չորրորդարդյունաբերական հեղափոխությունը (արհեստական բանականություն, ռոբոտներ, եռաչափ տպիչներ ևայլն) նախորդի տրամաբանությունը հասցնելու է իր գագաթնակետին և ամբողջությամբ քանդելու համակարգը:
           Կապիտալիզմի շարունակական հաղթարշավի պատճառով կուտակւած կապիտալի ծավալները հասել են այնպիսի աստղաբաշխական թվերի, որ իրական տնտեսությունում շահութաբեր հնարավորություններ գտնելը դարձել է չափազանց դժվար: Կապիտալիզմի տրամաբանությունը պահանջում է, որ նոր շահույթներ ձեռք բերելու համար կապիտալը շարունակ վերաներդրվի: Սակայն երկիր մոլորակը լինելով սահմանափակ, գնալով մեծացող այդ գումարների իրական տնտեսությունում հնարավոր ներդրման դաշտը, նույն հաղթարշավի պատճառով, ընդհակառակը, գնալով փոքրացել է: Նման պայմաններում յուրաքանչյուր միավոր գումարի շահութաբերությունը տրամաբանականորեն արագ տեմպերով պակասում է:
            Երեք այլ գործոններ հզորացրել են երկրորդ գործոնի նշանակությունը:
           Կապիտալիստական հարաբերությունների աշխարհով մեկ սփռումը նպաստել է նաև տեխնոլոգիական գիտելիքների սփռման, ինչի արդյունքում շեշտակիորեն նվազել է համակարգի` գլխավոր զենքի, նորարարությունների և նրանց գաղտնիքների տիրապետման միջոցով մենաշնորհներ ու կվազիմենաշնորհներ ձևավորելու և դրանք բավարար ժամանակ պահպանելու ունակությունը: Գիտելիքների ու ունակությունների սփռման պատճառով տեխնոլոգիական նորարարությունները, ի տարբերություն անցյալի,  միայն կարճ ժամանակ են մենաշնորհներ մնում ու գերշահույթի ձեռքբերման հնարավորություն տալիս: Մրցակիցները հանդես են գալիս շատ ավելի արագ, քան նախկինում, առաջացնելով գների, հետևաբար և շահույթի անկում: Այս երևույթը վերաբերվում է ոչ միայն ավանդական, այլ (դեռևս) մասնակիորեն նաև նոր տեխնոլոգիաներին:
           Կապիտալիզմի աշխարհագրական ծավալումը իրականացրել է իր հետապնդած` ծախսերի աճի ետ մղման և զուգահեռաբար նոր շուկաների նվաճման նպատակները,, բայց մյուս կողմից մեծացրել է մրցակիցների թիվը: Արտադրական գործընթացները աշխարհամակարգի ծայրամասեր տեղափոխելուց հետո կենտրոնի կապիտալիստները որոշակի ժամանակ շարունակել են մնալ նրանց սեփականատերերը, առանց նոր մրցակիցների. բայց ժամանակի ընթացքում տեղերում ձևավորվել են նույնանման նոր ձեռնարկություններ և հանդես եկել նոր ձեռնարկատերեր: Ստեղծվել է արտադրողների միջև համաշխարհային մաշտաբով ահռելի մրցակցություն, պատճառ դառնալով գների ու հետևաբար շահույթի ծավալների անկման:
           Չնայած կապիտալիզմը մշտապես պայքարել է ծախսերի աճի միտումին (տես` նոթ3) դեմ և ամեն անգամ հասել շոշափելի արդյունքների, այդ «ռեվանշը» չի եղել ամբողջական: Եթե ծախսերն աճել են երկու կետով, հնարավոր է եղել դրանք ետ մղել մեկ կամ մեկուկես կետով: Երկար կտրվածքով գների կառուցվածքում ինքնարժեքի համամասնությունը շարունակել է մշտապես աճել:  Իրենց հերթին, փոքրացել են արտադրական գործընթացները դեպի նոր տարածքներ ծավալելու միջոցով ծախսերը նվազեցնելու հնարավորությունները, որովհետև ժամանակի ընթացքում ծախսերը ավելանում են նաև նոր շրջաններում, և առաջանում է տևապես նոր ծայրամասեր տեղափոխվելու անհրաժեշտություն: Բայց  կապիտալիզմի համարյա ամբողջ աշխարհն արդեն կլանած լինելու պատճառով «կույս» տարածքները քչացել են :*
            Այս պատճառներով իրական տնտեսության ոլորտում շրջանառվող կապիտալի ծավալները գնալով պակասել են և փոխարենը մեծացել ֆինանսական սպեկուլացիայի ոլորտում շրջանառվող ծավալները, այս վերջինի ամբողջ ռիսկայնությամբ ու վտանգավորությամբ հանդերձ: 
            Վերոնշյալ գործոններն ու գործընթացները կապիտալիզմի լոկ սահուն երթը խանգարող բայց անցողիկ ու շրջանցելի խոչընդոտներ չեն: Նրանք կառուցվածքային բնույթի լրջագույն խնդիրներ են, որոնք խախտել են   համակարգի ներքին տրամաբանությունն ու նրան հասցրել գոյութենական ճգնաժամի գիրկը:
            XXI դարի երկրորդ տասնամյակի ավարտին կապիտալիզմը, ու նրա հետ աշխարհը գտնվում են այս իրավիճակում: Իրերի այս դրությունն սկսել է ձևավորվել 1970թթ-ից:

* Պարբերության հիմք է ծառայել Իմմանուել Վալերշտայնի վերլուծությունը:

            3.         Վերջին ցիկլը - աննախադեպ ծաղկում, աննախադեպ անկում

            Բ Համաշխարհային պատերազմը հաջորդած 2,5-3 տասնամյակներում կապիտալիստական աշխարհամակարգի կենտրոնը (Հյուսիսային Ամերիկա, Արևմտյան Եվրոպա ու Ջապոնիա) ապրեց իր պատմության գուցե ամենածաղկուն շրջանը: Պատերազմի գործած ավերներից հետո բացվել էր վերականգնման, հետևաբար տնտեսական աճի  մեծ դաշտ: Աճի բարձր տեմպերը հնարավորություն էին տալիս ապահովել ե'վ մեծ շահույթներ կապիտալիստների համար, ե'վ հարաբերական բարեկեցություն բնակչության զգալի հատվածի համար, աշխատավարձերի, սոցիալական ու առողջապահական ապահովության տեսքով: Բնակչության բարեկեցության ապահովումն առաջին հերթին թելադրված էր քաղաքական դրդապատճառներով: Անհրաժեշտ էր բնակչությունները հեռու պահել կոմունիստական գաղափարախոսությունից և ԽՍՀՄ ազդեցությունից: Բնակչության ոչ նոսր հատվածի հարաբերական բարեկեցության ապահովումը ենթադրում էր կապիտալիստների ծախսերի աճ, ինչն ի հարկե ձեռնտու չեր նրանց: Բայց տնտեսական բարձր աճի ու գերշահույթների երաշխավորվածության պայմաններում դա նրանց համար լիովին տանելի բեռ էր:
            Թե' կապիտալիստների և թե' բնակչության զգալի մասի ակնկալիքների միաժամանակ բավարարման այս խնդրի լուծումը պահանջում էր տնտեսվարման համապատասխան քաղաքականության կիրառում: Դա Կեյնզյան տնտեսագիտությունն էր` ազատական տնտեսության պայմաններում պետական հատվածի ակտիվ մասնակցություն, դրանով` զբաղվածության բարձր մակարդակի ապահովում և ընդհանուր պահանջարկի խթանում, քաղաքացիների գնողունակության ապահովում, մասնավոր-հանրային խառը տնտեսության մոդելի կիրառում` իր սոցիալ-ազատական և սոցիալ-տեմոկրատական տարբերակներով: 
            Հետպատերազմյան այս հզոր աճը տեղի էր ունեցել ԱՄՆ մենաշնորհյալ դիրքի պայմաններում: 1960թթ վերջերին սակայն, արևմտաեվրոպական երկրներն ու Ջապոնիան վերականգնվել էին ու դարձել ԱՄՆ-ի առևտրային մրցակիցներ: Միևնույն ժամանակվիետնամյան պատերազմի ֆինանսական բեռի պատճառով ԱՄՆ տնտեսությունը մտել էր լրացուցիչ  լարումների դաշտ: Ամերիկացիք այս իրավիճակին հակազդեցին մեծացնելով շրջանառվող դոլարի ծավալները: ծայր առավ սղաճ, ապա լճացում, ապա համաշխարհային լճացում:
            Այս զարգացումները վերջ դրեցին «Փառավոր եռեսնամյակին» ու 1970թթ կեսերին բոլոր կապիտալիստական երկրներում տիրում էր տնտեսական ճգնաժամ: Կարկանդակը փոքրացել էր: Արդեն հնարավոր չեր միաժամանակ ապահովել ե'վ կապիտալիստների համար մեծ շահույթներ ե'վ ընդհանուր բնակչության համար հարաբերական բարեկեցություն:
            Տեղի ունեցածը միանգամայն օրինաչափ էր: Ցիկլային Ա փուլն ավարտվել էր, կապիտալիզմի երկու հակառակորդները, ծախսերի աճն ու մրցակցությունը միաժամանակ գլուխ էին ցցել, խիստ փոքրացնելով շահույթի ծավալները: Համակարգի հակադարձ քայլերը ևս պետք է լինեին օրինաչափ: Այն պետք է ի գործ դներ իր զենքերը, այսինքն գրոհ ձեռնարկեր ծախսերի աճի դեմ և շահույթ որոներ ֆինանսական սպեկուլացիայի ոլորտում, զուգահեռաբար փորձելով տեխնոլոգիական նորարարությունների հենքի վրա ձևավորել նոր մենաշնորհներ: Այդպես էլ արեց:
            Անցնող չորս տասնամյակների համաշխարհային կապիտալիստական տնտեսության պատմությունը այս երեք միջոցների ի գործ դրման պատմությունն է:
            Բայց այս անգամ նրանց չհաջողվեց պարտության մատնել հակառակորդներին և վերստին ապահովել համակարգի կենսունակությունն ու հաղթական արշավը: Ընդհակառակը:


            4.         Կապիտալիզմի պատասխանը շահույթի ծավալների անկմանը. նորազատականություն-համաշխարհայնացում (նեոլիբերալիզմ-գլոբալիզացիա), ֆինանսական սպեկուլացիա, Երրորդ արդյունաբերական հեղափոխություն

            Ի՞նչ միջոցների դիմեց համակարգը:
           Նախորդած երեք տասնամյակներում գրանցված ծախսերի զգալի աճը ետ մղելու և առկա մրցակցային հնարավորություններից առավելագույն շահույթ քամելու նպատակով կապիտալիզմը տնտեսվարման Կեյնզյան քաղաքականությունը հայտարարեց «սխալ» և հռչակեց նոր քաղաքականություն, որն ստացավ նեոլիբերալիստական (նորազատական) անվանումը: Դա եռաշեղբ գաղափարախոսական, քաղաքական և տնտեսական գրոհ էր:
            Գաղափարախոսական գետնի վրա` պետությունն ու հանրային հատվածը հռչակվեցին «վատ տնտեսվարներ» և արտաքսվեցին տնտեսական գործունեության ոլորտից. կապիտալի և մասնավոր ձեռնարկությունների շահերի ապահովումը հայտարարվեց ամբողջ հասարակության բարեկեցության երաշխիք և նախապայման, մինչ վարձու աշխատողների կողմից իրենց կենսամակարդակի բարելավման համար մղվող պայքարը համարվեց ձեռնարկությունների, հետևաբար, ըստ այդ տրամաբանության  նույնինքն իրենց` վարձու աշխատողների շահերին հակասող. խոստացվեց, որ ձեռնարկությունների ծաղկմանն ինքնաբերաբար կհետևի վարձու աշխատողների բարեկեցությունը. ազատ և անխոչընդոտ առևտուրը հայտարարվեց բոլորի բարեկեցության հույսը ևայլն:
            Իրականում, նորազատականությունն այլ բան չէր, քան կապիտալիստների կողմից կարկանդակի փոքրացումը դանդաղեցնելու փորձ և այդ փոքրացած կարկանդակի` ի հեճուկս բնակչության ջախջախիչ մեծամասնության առգրավումն ու յուրացումը: Գործնականում դա դրսևորվեց հետևյալ կերպ.
- Կապիտալիստական համակարգի կենտրոնում սոցիալական ձեռքբերումների, կազմակերպված աշխատավորության, արհմիությունների դեմ գրոհ:
- Բարձր եկամուտների և շահույթների հարկադրույքների նվազեցում:
- Հանրային և կամ պետական սեփականության և ծառայությունների համատարած մասնավորեցում, համատարած ապրանքայնացում (տես նոթ6):
- Արտադրական ծախսերը պակասեցնելու նպատակով արտադրական գործընթացների աննախադեպ մասշտաբներով տեղափոխում աշխարհամակարգի կենտրոնից դեպի ծայրամասեր (Չինաստան ևայլն):
- Կապիտալի համար դեռևս «կուսական» աշխարհագրական տարածքների «նվաճում»:
- Կապիտալի ազատ տեղաշարժի, շահույթների «հայրենադարձման» և միջազգային «ազատ» առևտրի խոչընդոտների վերացում:
            Բացի այդ,
           Կապիտալն աննախադեպ ծավալներով տեղափոխվեց ֆինանսական ոլորտ:  Ֆինանսականացման դրսևորումներից մեկը (բայց ոչ միակը) պարտքային տնտեսության ձևավորումն էր, որը հասավ աստղաբաշխական մակարդակների: Մյուս կողմից, ձևավորվեցին իրական տնտեսությունից խզված ֆինանսական սպեկուլատիվ նոր գործիքներ: 
           Զևավորվեց և հետզհետե տնտեսական ասպարեզ «ներխուժեց» արդյունաբերական երրորդ հեղափոխությունը, թվային տեխնոլոգիաների նոր ոլորտը: Համակարգիչներն ընդհանրապես ու անձնական համակարգիչները մասնավորաբար, համացանցը, նախ սովորական բջջային ու ապա խելացի հեռախոսները ևայլն ու այդ բոլորին ուղեկցող ծրագրավորման ապահովումը, բացի տնտեսության մեջ իրենց տեղն զբաղեցնելուց դարձան մարդկանց կենցաղի սովորական մաս:

            Ձեռք առնված այս միջոցները տվեցին իրենց  անվիճելի պտուղները: Դրանց շնորհիվ աշխարհում ձևավորվեց 1% հարուստների ու գերհարուստների և 0,1% անհավանական գերհարուստների խավը: Ունևորության սահմաններն անցան երևակայության բոլոր սահմանները: Ըստ Oxfam բրիտանական բարեգործական կազմակերպության, 2018թ աշխարհի ամենահարուստ ընդամենը 26 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հավասար է եղել աշխարհի բնակչության ստորին կեսի (3,8 միլիարդ մարդ) ընդհանուր ունեցվածքին:(1)
            Ավելի «զուսպ»` վիճակագրական տվյալները փաստում են, որ ԱՄՆ-ում և բազմաթիվ այլ երկրներում կորպորատիվ շահույթ/ՀՆԱ համամասնությունը գտնվում է Բ Համաշխարհային պատերազմից ի վեր իր բարձրակետում:
            Եթե խնդիրը բացառապես 1970թթ. շահույթի ծավալների ու համամասնության կծկումին վերջ տալն ու դրանք վերստին մեծացնելն էր, թվում է, թե այն ավելի քան լուծված է: Պլանը նույնիսկ գերակատարվել է:
            Բայց մեծ կապիտալի համար այս ֆանտաստիկ ձեռքբերումները կարող էին իսկական և կայուն հաղթանակ լինել միայն այն դեպքում, եթե դրանք ուղեկցվեին համակարգի վերակենսունականացմամբ, վերելքի մի նոր փուլի թևակոխումով, եթե լինեին այդ վերակենսունականացման պտուղը: Մինչդեռ այդ ֆանտաստիկ ձեռքբերումները ոչ թե ճգնաժամի հաղթահարման արդյունքն են եղել, այլ խորացրել են այդ ճգնաժամը: Դրանք ոչ թե վերահաստատել են համակարգի խախտված հավասարակշռությունը, այլ ընդհակառակը, ավելացրել են լարումներն ու անկայունությունները, համակարգը դարձրել ավելի անհավասարակշիռ:
            Նախ արձանագրենք փաստերը, ապա քննարկենք ճգնաժամի հաղթահարման այդ խայտառակ ձախողման պատճառները:


            5.         Ճգնաժամի խորացում, համակարգայնացում

            Անցնող 4,5 տասնամյակները հատկանշվել են մի կողմից աշխարհում ՀՆԱ աճի տեմպերի շարունակական և արագացող նվազումով ու մյուս կողմից աներևակայելի մակարդակների հասած պարտքային լեռների ձևավորումով ու կապիտալի ֆինանսականացումով:

                        i.          Տնտեսական ակտիվության կտրուկ անկում
            Ամբողջ աշխարհի իրական (կայուն գներով հաշվարկված) ՀՆԱ-ն, 1961-73թթ., այսինքն մինչև 1970թթ. ճգնաժամ,  աճել է տարեկան միջինացված 5,42%-ով, մինչդեռ 1974-2017թթ.` 2,93%-ով:(2)
            Այս թվերը ցույց են տալիս, որ չնայած 1974թ.-ից ձեռք առնված համատեղ բոլոր միջոցներին (նորազատականություն, կապիտալի մասսայական ֆինանսականացում ու սպեկուլացիա, նոր տեխնոլոգիաներ), տարեկան աճի տեմպերը եղել են մինչև  1973թ. ժամանակաշրջանի տեմպերից համարյա կիսով չափ` ավելի քան 45%-ով ցածր:
            Ուշագրավ է, որ մի կողմից Չինաստանի ու այլ երկրների թռիչքային աճին ու մյուս կողմից թվային տնտեսության հաղթական գրոհին չի հաջողվել բեկում մտցնել իրավիճակում: 1993-2017թթ., այսինքն այս երկու գործոնների լիարժեք առկայության ժամանակաշրջանում աշխարհի իրական ՀՆԱ տարեկան միջին աճը նույնպես եղել է ընդամենը 2,9% (2):
            Հետևաբար վերջին երեք տասնամյակներում նախ հսկա Չինաստանի, ապա նույնպես հսկա Հնդկաստանի և մի շարք այլ երկրների թռիչքային աննախադեպ աճը ոչ թե ապացուցում է կապիտալիստական համակարգի կենսունակությունը, այլ խոսում դրա թուլացման պայմաններում համաշխարհային տնտեսության աշխարհագրության և ճարտարապետության փոփոխության մասին: Այդ առաջընթացը կլիներ համակարգի առողջության ցուցանիշ, եթե դա եկած լիներ գումարվելու մինչ այդ հարուստ երկրների հաջողություններին, մինչդեռ այն տեղի է ունեցել վերջինների հզորության հաշվին:
            Այս ցուցանիշները նմանապես ապացուցում են, որ 1990թթ.-ից հետզհետե  տնտեսություն ներխուժած 3-րդ արդյունաբերական հեղափոխությանը (թվային տնտեսությանը), չնայած տարածված ընկալմանը,  չի հաջողվել բեկում մտցնել ամբողջ տնտեսությունում: «Նոր տնտեսության» շնորհիվ ձևավորվել է գերհարուստների մի փոքրագույն շերտ, ինչպես նաև ոլորտի մասնագետների բարեկեցիկ մի փոքր խավ, բայց ոչ ավելին: Իրականում, դա նպաստել է ճգնաժամի խորացմանը (տեսնել ստորև):
            Բայց սրանք խնդրի ընդամենը մի մասն են: Իրավիճակն իրականում անհամեմատ ավելի ծանր է, քան վերոնշյալ նույնիսկ ոչ լավատեսական ցուցանիշներն են հուշում:

                        ii.         Պարտքերի լեռներ, արհեստական շնչառություն, դատապարտված համակարգ
            նույնիսկ նվազող ՀՆԱ այս ցուցանիշները քողարկում են ճգնաժամի իրական պատկերն ու խորությունը: Արդարև, ետ-1973թ. նվազած ու նվազող աճը գրանցվել է ոչ թե տնտեսության ինքնուռույն գործունեության շնորհիվ, այլ աներևակայելի մասշտաբների հասած պարտքերի ձևավորման որպես հետևանք: Չձևավորվեին պարտքերի հսկայական լեռները, չեին լինի տնտեսական աճի այդ ամոթխած ցուցանիշներն անգամ:
            1% գերհարուստների և 0,1% անհավանական գերհարուստների ձևավորումը, մեծավ մասամբ տեղի էր ունեցել հանրային սեփականությունները զավթելու, 99%-ի եկամուտները քամելու և սեփական  հարկերը նվազեցնելու միջոցով: Բայց մարդիկ պետք է ապրեին ու պետությունները շարունակեին կատարել իրենց ծախսերը: Լուծո՞ւմը. պարտքը: Դա նաև տոկոսի միջոցով լրացուցիչ «փող աշխատելու» հիանալի միջոց էր... :
            Այսպես, դարասկզբին համաշխարհային համախառն պարտքը հաշվում էր 84 տրիլիոն դոլար(3), որը համապատասխանում էր այդ ժամանակվա աշխարհի ՀՆԱ-ի 168%-ին: 2008թ.` ճգնաժամի տարում` այդ թվերը համապատասխանաբար 173 տրիլիոն(3) և 268% էին, իսկ  2019թ առաջին եռամսյակին` մոտ 247 տրիլիոն և 320%(4):
            Պարտքը դարձել է ոչ թե տնտեսության սահուն գործունեության համար օժանդակ գործիք, այլ ինքնուռույն համակարգ: Վերջին 3-4 տասնամյակներում համաշխարհային տնտեսությունը և կապիտալիզմը շնչում են շնորհիվ պարտքային համակարգի: Բայց նման որակի պարտքը, որի շոշափելի, նյութական հիմքը չափազանց խախուտ է և որ  իրականության հետ չառերեսվելու համար անընդհատ պետք է մեծանա, դառնում է մի ահռելի փուչիկ, որն անխուսափելիորեն տրաքելու է, բոլորին առերեսելով այդ իրականության հետ, ինչպես պատահեց 2007-08թթ.:


                        iii.        Կապիտալի և տնտեսության ֆինանսականացում, ֆինանսական ճգնաժամ
            Պարտքային տնտեսությունը եղել է անցնող տասնամյակներում կապիտալի և տնտեսության ֆինանսականացման կարևոր դրսևորումներից մեկը, (թեև ոչ միակը):
            Իրական տնտեսությունում (բացի դեռևս նորագույն տեխնոլոգիական ոլորտից) շահույթի ձեռքբերման հնարավորությունների շարունակական նվազման պատճառով կապիտալը գնալով ավելի կենտրոնացել է ֆինանսական ոլորտում:
            1980թ. ամբողջ աշխարհում ֆինանսական ընդհանուր ակտիվները հաշվում էին 12 տրիլիոն դոլար, ինչը համապատասխանում էր այդ տարվա համաշխարհային Հնա-Ի 43%-ին: 1993թ. այդ թվերը հասել էին համապատասխանաբար 53 տրիլիոնի և 133%-ի, 2007թ., ֆինանսական ճգնաժամի դրսևորման տարում`  194 տրիլիոնի և 343%-ի, իսկ 2017թ. ֆինանսական ակտիվների ծավալը հասել էր  382 տրիլիոն դոլարի, որը համապատասխանում է  աշխարհի այդ տարվա ՀՆԱ 476%-ին:(5) (6) (7)
            Ընդ որում, 2017թ. ընդհանուր ակտիվի 30,5%-ը կամ 116,6 տրիլիոն դոլար հանդիսանում էին կարգավորումից դուրս ("shadow banking") գտնվող ակտիվներ, որոնք նույնիսկ ավելի ռիսկային են, քան բանկային կարգավորման ենթակա ակտիվները: Ի դեպ, դրանք աճում են ավելի արագ տեմպերով, քան կարգավորված ակտիվները: (7)
            Կապիտալի ֆինանսականացումը նրա տերերին որոշ ժամանակ ապահովում է գերշահույթներով, բայց իրական հիմքից զուրկ ֆինանսական գործողություններն իրենցից ներկայացնում են սպեկուլացիա և փուչիկների ձևավորում, որոնք ուշ կամ շուտ անխուսափելիորեն տրաքում են և փլուզում ֆինանսական համակարգը: 
            Պատահական չէ, որ անցնող չորս տասնամյակները հատկանշվել են իրար հաջորդող ֆինանսական ցնցումներով և ճգնաժամերով: Ետ-Բ Համաշխարհային պատերազմ թվով 14 բոլոր մեծ ճգնաժամերը տեղի են ունեցել 1970թթ. կեսերից հետո, մինչ պատերազմին հաջորդած 3 տասնամյակները զերծ էին մնացել ֆինանսական աղետներից:(8)
            Թվենք դրանցից մի քանիսը. Մեքսիքա ու Լեհաստան 1980թ., արժեթղթերի շուկաների շղթայական գահավիժում` «Սև երկուշաբթի» 1987թ., արևելյան և հարավարեվելյան Ասիա 1997թ., Ռուսաստան և Բրազիլիա 1998թ., «.com» կամ ինտերնետային  «փուչիկների» տրաքումը 2000թթ. սկզբներ, ևայլն:  Դրանց գագաթնակետն, ի հարկե, 2007-08թթ. ֆինանսատնտեսական աշխարհացունց մեծ անկումն էր:
            Այն, որ պատմականորեն կապիտալիզմի ցիկլային Բ փուլերում մասսայական ֆինանսականացումն ավարտվում է փլուզումով, օրինաչափ երևույթ է: Բայց նույն օրինաչափությունը պահանջում էր,  որ այդ փլուզման հետևեր մի նոր ցիկլի Ա փուլի սկիզբ: Իսկ դա տեղի չի ունենում:  Փոխառենը, ֆինանսականացման ու ճգնաժամերի վերջը չի երևում: Նույնիսկ 2007-08թթ. մեծ ճգնաժամից հետո ֆինանսական սպեկուլացիան շարունակում է ծաղկել, մինչ իրական տնտեսությունը շարունակում կաղալ: Իսկ դա ունենալու է մեկ և միակ ավարտ` ավելի հզոր և աշխարհացունց ֆինանսատնտեսական փլուզում: Աշխարհը հաստատ քայլերով գնում է դրան:

            Այսպես, վերոնշյալ տվյալներն ու պատկերը  պարզորոշ ցույց են տալիս, որ անցնող չորս տասնամյակներում մեծ կապիտալի գերշահույթները ձեռք են բերվել ոչ թե տնտեսական բարձր աճի պայմաններում, որը գոյություն չի ունեցել, այլ համեստ աճի արդյունքների զավթման, հանրային հարստության կողոպուտի, բնության կեղեքման ու թունավորման, բնակչության 99%-ի աղքատացման և, ինչը համակարգի հուսալիության տեսակետից ամենակարևորն է, ճգնաժամի խորացման և նրան անելանելիության աստիճանի հասցնելու հաշվին:
            Ինչո՞ւ, չնայած ձեռք առնված նույնիսկ արտասովոր միջոցներին, տեղի չի ունեցել և չի ունենում տնտեսության, ընդհանրապես կապիտալիզմի վերակենսունականացումը: Ինչո՞ւ է խախտվել համակարգի ներքին տրամաբանությունը և նրան չի հաջողվում թևակոխել  մի նոր ցիկլի Ա փուլ:
            Այս հարցերի պատասխանները վերևում տրվել են (տես` 2.         Գործիքների արդյունավետության ավարտ - կապիտալիզմի տրամաբանության խցանում: Դրանք դիտարկենք կոնկրետ պայմաններում:


            6.         Կապիտալիզմի խցանում

            Ամփոփ վերհիշեցում:
           Կապիտալիզմի կենսունակության գաղտնիքը կայացել է յուրաքանչյուր ցիկլի ավարտից հետո` նոր տեխնոլոգիական նորարարությունների շնորհիվ վերստին գերշահույթներ ապահովելու, կապիտալը իրական տնտեսություն վերադարձնելու և վերջինին նոր կյանք տալու նրա ունակության մեջ: Թվային տեխնոլոգիաները վերջ են դրել ցիկլային այս տրամաբանության:
           Կուտակված կապիտալի ծավալներն անընդհատ մեծացել են իսկ նրանց ներդրման դաշտը` անընդհատ փոքրացել, հետևաբար միավոր կապիտալի շահութաբերությունը անընդհատ նվազել:
            Այս իրողությունների հետևանքով կապիտալիզմը հայտնվել է անելանելի խցանման մեջ:


                        i.          Տեխնոլոգիաներ/աշխատատեղեր` բարի դրացիությունից կլանում  - Թվային տնտեսությունը կապիտալիզմի վերակենսունականացման խոչընդոտ
            1970թթ. սկզբներին տեղի ունեցած իրական տնտեսության ճգնաժամից հետո` նոր տեխնոլոգիաների ներմուծումն իրեն երկար սպասեցնել չտվեց: 1950թթ. որպես համակարգ գիտականորեն ամբողջապես կայանալուց, 1960-70թթ.  նախ ռազմական, ապա պետական այլ ոլորտներում և մեծ հաստատություններում կիրառում գտնելուց հետո` թվային տեխնոլոգիաները 1980թթ. մտան, իսկ 1990թթ.-ից նվաճեցին սպառողական շուկաները: Ընդհանուր տնտեսության վրա նրանց դրական ազդեցությունը չուշացավ: Այդ տեխնոլոգիաների հիմնական ծննդավայրում, ԱՄՆ-ում, 1996-99թթ. ՀՆԱ-ն գրանցեց վերջին 4,5 տասնամյակների համար բացառիկ, տարեկան միջինացված 4,65% իրական (կայուն գներով) աճ(9): Այս ցուցանիշի ձեռքբերման մեջ վստահաբար իրենց կարևոր դերակատարությունն են ունեցել թվային տեխնոլոգիաները:  Այդ դրական ազդեցության շարունակման դեպքում 2007-08թթ. համընկած մեծ ճգնաժամը կարող էր նույնիսկ տեղի չունենալ, իսկ այնուամենայնիվ տեղի ունենալու դեպքում հաստատապես լինելու էր շատ ավելի մեղմ: Փաստ է, սակայն, որ այդ դրական ազդեցությունը տևեց շատ կարճ: 2000թթ. սկզբներից իրական տնտեսությունը վերադարձավ տատանումների և մերձլճացման վիճակի: Թվային տեխնոլոգիաները շարունակում էին կայանալ ու աճել, ձեռք բերում հսկայական շահույթներ, տեխնոլոգիական նոր գործիքներով վարակում մնացած տնտեսությունն ու ազդում մարդկանց առօրյա կենցաղի վրա: Այդ ամենով հանդերձ, սակայն, նրանց չհաջողվեց տեղից շարժել ընդհանուր տնտեսությունը:
            Խնդիրն ընդհանուր տնտեսությունում նոր ոլորտի զբաղեցրած ծավալների անբավարար լինելը չէր: Չնայած մինչև այսօր թվային տնտեսության ճշգրիտ սահմանման շուրջ ընդհանուր համաձայնություն չի գոյացել, ԱՄՆ Տնտեսական Վերլուծության Գրասենյակի (US Bureau of Economic Analysis)  գնահատումներով այն 2016թ. ներկայացնում էր այդ երկրի ՀՆԱ-ի 6,5%-ը(10): Սա զգայացունց ցուցանիշ չէ, բայց նույնպես հեռու է արհամարհելի լինելուց. առավել ևս, որ ոլորտը աճում է անհամեմատ ավելի արագ տեմպերով, քան ընդհանուր տնտեսությունը:
            Բուն խնդիրն այն է, որ նոր տեխնոլոգիաները գնալով անպիտան են դարձնում տնտեսությունում մարդկանց ներգրավվածությունը: Նախ նրանք ավելի քիչ մարդկային ռեսուրսներ են պահանջում, քան նախկինները, ապա` էռոզիայի են ենթարկում այլ ոլորտների աշխատատեղերը: Մի քանի թվեր:
            Ետ-պատերազմյան ԱՄՆ կապիտալիզմի պսակը համարվող General Motors ընկերությունը 1955թ հաշվում էր 625000 աշխատող(11): Իսկ ներկա գերհսկաներ  Alphabet (Google-ի մայր ընկերություն), Apple  և Facebook ընկերություններում 2018թ.   աշխատել են համապատասխանաբար 98,771 (12), 132,000 (13) և 30,275 (14) աշխատող:
            Բացի այդ, 2018թ. դեկտեմբերին GM-ը հաշվում էր ոչ ավելի քան 173 հազար վարձու աշխատող(15) և տալիս ավելի շատ արտադրանք, քան 1955թ.` 0,6 միլիոն վարձու աշխատողով:
            Փաստորեն 2018թ. թվային երեք հսկաներն ու GM-ը միասին հաշվում էին 30,5%-ով պակաս աշխատող, քան վերջինն առանձին` 1955թ.-ին: Եվ սա, այն դեպքում, երբ 1955թ. ԱՄՆ-ը հաշվում էր 172 միլիոն բնակիչ, իսկ 2019թ. հաշվում է համարյա կրկինը, 330 միլիոն(16):
            Այսպես, համակարգչերի հայտնությունը նոր մասնագիտությունների դուռ է բացել: Բայց թվային հեղափոխությունը հետզհետե ավտոմատացրել է բազմաթիվ առաջադրանքների կատարումը: Համակարգիչները տեղաշարժ են առաջացրել աշխատանքային շուկայի զբաղվածության կառուցվածքում: Չնայած 2013թ. նախորդած տասնամյակում բարձրագույն կրթությամբ աշխատողների թիվը ԱՄՆ-ում շարունակել է աճել, թվային մասնագիտական ոլորտից դուրս տեղի է ունեցել հմտության պահանջարկի նվազում: Բարձր որակավորմամբ աշխատողները զբաղվածության սանդխակում իջել են ներքև, զբաղեցնելով ավանդաբար ցածրորակ աշխատողների կողմից կատարվող աշխատատեղեր, վերջիններին մղելով այդ սանդխակում ավելի ցածր տեղեր, շատ դեպքերում նույնիսկ աշխատաշուկայից դուրս:(17)
            Այս իրողությունը հարցեր է առաջացնում տեխնոլոգիաների և աշխատանքի ու աշխատատեղերի միջև մրցավազքում վերջինների` կրթության միջոցով տևական երաշխավորման հնարավորության կապակցությամբ:(17)
            Նորագույն տեխնոլոգիաներ/աշխատատեղեր  հակոտնյա հարաբերակցությունն ունի խորացող բնույթ: Թեմայի լավագույն մասնագետներից` Oxford-ի  Տեխնոլոգիաների և Զբաղվածության Ծրագրից Կարլ Բենեդիկտ Ֆրեյի հաշվարկներով ԱՄՆ-ում 1980թթ. նոր ձևավորված ոլորտները կլանել են այդ տարիների աշխատուժի մոտ 8,2%-ը, 1990թթ.` արդեն միայն 4,4%-ը, իսկ ահա 2000թ.-ից հետո ստեղծված ոլորտներում 2015թ. ներգրավված է եղել այդ երկրի աշխատուժի ընդամենը 0,5%-ը(18):
            ԱՄՆ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ոլորտը 2011-2016թթ. աճել է 16%-ով, մինչ նույն ոլորտում զբաղվածությունը մնացել է լճացած, ընդ որում 2008թ.-ից ցածր մակարդակում (19):
            Թվային տեխնոլոգիաների առաջին սերնդին, 3-րդ արդյունաբերական հեղափոխության արդեն հաջորդել է նորը, 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը, որն իր նախորդի տրամաբանությունը հասցնում է իր վերջնագծին: Արհեստական բանականության, այդ բանականությամբ օժտված ռոբոտների, եռաչափ  տպիչների և նմանօրինակ նորարարությունների արագընթաց զարգացումը հետզհետե նվազագույնի է հասցնում մարդկային աշխատանքի անհրաժեշտությունը, իր բոլոր հնարավոր հետևանքներով:
            Նոր տեխնոլոգիաները, հետևաբար, կայանում և զարգանում են, բայց փոխանակ դրականորեն ներազդեն, ընդհակառակը, աշխատատեղերի նվազման, աշխատանքի որակի անկման  և դրանցով պայմանավորված գնողունակության անկման պատճառով (և ոչ միայն), բացասաբար են ազդում ընդհանուր տնտեսության վրա, դեռ չխոսած այդ երևույթի սոցիալական չափումի և դրա հետևանքների մասին:



                        ii.         Միավոր կապիտալի շահութաբերության անկում
            Կապիտալիզմի կենսունակության նկատմամբ նոր տեխնոլոգիաների բացասական ներգործության գալիս է ավելանալու վերոնշյալ երկրորդ գործոնը, ավանդական ոլորտներում (արդեն քիչ-քիչ նաև թվային ոլորտում) միավոր կապիտալի շահութաբերության անկումը:
            Կապիտալիզմն իր պատմության ընթացքում աշխարհագրականորեն տևապես ծավալվել է: Այդ ծավալումն աննախադեպ մասշտաբներ ստացավ 2008թ. ֆինանսատնտեսական մեծ անկումին նախորդած, համաշխարհայնացման  երեք տասնամյակներին: Կապիտալի առաջ բացվեց Չինաստանը: Մեծ թվով երկրներ, որոնք վարում էին պրոտեկցիոնիստական քաղաքականություն, նորազատական համաշխարհայնացման ճնշման տակ բացեցին իրենց դռները կապիտալի անխափան գրոհի առաջ: ԽՍՀՄ փլուզումով այդ հսկա պետության տարածքն ու արևելյան Եվրոպան ևս մտան կապիտալիստական դասական հարաբերությունների դաշտ:
            Նորազատական հիմունքներով այս աննախադեպ ծավալումը կապիտալիստներին ապահովեց հսկայական շահույթներ: Բայց քանի որ երկիր մոլորակն աշխարհագրականորեն անծայրածիր չէ, ծավալման դաշտը գնալով փոքրացավ : Շահույթի ծավալները մեծացել էին իսկ դրանց համար անհրաժեշտ նոր ներդրման դաշտը կծկվել: Առկա շուկան հետզհետե հագեցավ: Հագեցման մեծապես նպաստեց համաշխարհային մասշտապով մրցակցության աճը, արդյունք` նույնինքն կապիտալիզմի ծավալման:
            Այս պատճառներով ավանդական, ոչ նոր տեխնոլոգիական ոլորտներում (այս վերջիններում կվազիմենաշնորհները և հէտեվաբար գերշահույթները մեծավ մասամբ շարունակվում են) շահութաբերությունը զգալի անկում է կրել, որի հետևանքով դրանցում կապիտալի ներդրումները խիսկ կրճատվել են: Պատահական չէ, որ 2017թ. մեծ կորպոռացիաների հաշվեկշիռներում առկա 2 տրիլիոն դոլար ամուլ վիճակում սպասում էր ներդրման հնարավորությունների(20):

            Վերոնշյալ երկու հանգամանքների ներգործմամբ ստեղծվել է իրավիճակ, որտեղ, չնայած առկա են գերշահույթներ ապահովող նոր տեխնոլոգիաներ ու այդ ոլորտն աճում է, այն ոչ միայն չի օգնում լայն տնտեսության վերակենսունականացման, այլ ընդհակառակը, պատճառ է դառնում նրա լրացուցիչ լճացման: Իրական տնտեսությունը լճացած. է մնում նաև այլ պատճառով. այն հագեցած է և կապիտալի համար ոչ բավարար շահութաբեր: Կապիտալը, հետևաբար,  հիմնականում կենտրոնանում է ոչ արտադրական,  գլխավորաբար սպեկուլատիվ ֆինանսական, ներառյալ պարտքերի ձևավորման ոլորտում: Իսկ փուչիկները, անխուսափելիորեն, ուշ կամ շուտ տրաքում են:
            Կապիտալիզմը խցանվել է թե' իրական տնտեսության', թե' ֆինանսական ոլորտներում: Եվ սա կառուցվածքային խնդիր է, ոչ` ժամանակավոր ու անցողիկ:
            Նման պայմաններում, 2007-08թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամն ու նրա տարողությունը բնավ զարմանալի չեին:


            7.         2007-08թթ. ճգնաժամն ու հետոն - ցատք դեպի անհայտը

            Պարտքային և ֆինանսական այլ փուչիկները տրաքեցին նախ 2007թ., ապա, ավելի հզոր` 2008թ.: Աշխարհի ֆինանսատնտեսական համակարգը կանգնեց փլուզման եզրին:
            Եվրոմիության հեղինակավոր դեմքերից բելգիացի Հերման Վան Ռոմբեյի բառերով` 2008թ. վերջին համակարգը հայտնվել էր ամբողջական փլուզումից ընդամենը «մի քանի միլիմետր» հեռավորության վրա: Այդ չնչին հեռավորությունը հնարավոր եղավ պահպանել ու ամբողջական փլուզումը կանխել` ազգայնացումների ու ֆինանսական փրկարարական գործողությունների, պատմության մեջ գրանցված ամենացածր տոկոսադրույքների և մասսայական մաշտաբով փողի տպագրության համատեղ, աննախադեպ և չափազանց թանգ արժեցած փորձարարության միջոցով միայն, ինչպես նաև ... պարզապես բախտի բերումով:(21) 
            Փրկարարական այդ միջամտությունները որակվեցին «երբևիցե փորձարկված մեծագույն ընդլայնողական ֆինանսական փորձարկում»:(22)


                        i.          Փրկարարական աննախադեպ միջամտություն - ազգայնացումներ, մերձ զըռոյական տոկոսադրույթներ, փողի «ձունահոսք»
           Հանուն սեփական փրկության համակարգը գնաց «սրբապղծության»` ազգայնացումների:  Այն ինչ ընդհանուրի բարօրության պարագայում հռչակվել էր անթույլատրելի, սեփական կապիտալի փրկության համար համարվեց անայլընտրանք. և դա, ի հարկե, նույն կապիտալի զոհերի, սովորական քաղաքացիների փողերով:
            ԱՄՆ կառավարությունը նախ ազգայնացրեց հիպոտեկային հսկաներ Fannie Mae-ն և Freddie Mac-ը: Ապահովագրության հսկա AIG-ի փրկության գործողության ազգայնացում անվանում չտրվեց, բայց դրան հատկացվեց 180 միլիարդ դոլար օժանդակություն: Bailout կոչվող նման գործողություններին հատկացվեց 700 միլիարդ դոլար, որից 200 միլիարդը 600 բանկերի: Ապա, 2009թ. ԱՄՆ կառավարությունը ժամանակավորապես դարձավ ավտոմեքենաների հսկա GM-Ի 60%-ի, իսկ Կանադայի կառավարությունը` 12,5%-ի սեփականատեր: (23)
            Նմանօրինակ ազգայնացումներ և փրկարարական գործողություններ տեղի ունեցան նաև Եվրոմիության երկրներում և այլուր:
           Տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով կենտրոնական բանկերը ֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրին մերձ զըռոյական աստիճանի:
           Կենտրոնական բանկերը 2007թ.-ից 2014թ. ֆինանսական շուկաները ողողեցին ոչ թե հարյուր միլիարտավոր, այլ, ոչ ավել ոչ պակաս, 12 տրիլիոն դոլարով (24): Quantitative Easing անվանումն ստացած ֆինանսական այդ գործողությունների արդյունքում ԱՄՆ Դաշնային Պահուստային Բանկի  հաշվեկշիռը 2008թ. 900 մլրտ. դոլարից աճեց 4,5 տրիլիոն դոլարի (հիմնականում կառավարական բոնդեր) (25):
            Նույնամասշտաբ գործողություններով հանդես եկան Եվրոպայի, Միացյալ թագավորության, Ջապոնիայի և այլ երկրների կենտրոնական բանկերը:
            Ճգնաժամից ամենից ավելի խոցված երկրներում կառավարությունները ՀՆԱ միջինը 25%-ը ծախսել են իրենց տնտեսությունների վերախթանման նպատակին (8) :

            Ձեռք առնված այս աննախադեպ ու ահռելի միջոցներին հաջողել է կանխել ամբողջական փլուզումը: Բայց`
ա. Չի լուծվել ճգնաժամը. ընդհակառակը, անցնող տարիներին այն ավելի է խորացել. դրան տուն տվող պատճառներն առկա են ավելի քան երբևե:
բ. Մեծ կապիտալը տնօրինողների պահվածքում ոչինչ չի փոխվել:
գ. Դեղամիջոցներն սպառված են:
            2008թ.-ը, հետևաբար, իրականության հետ առերեսման ընդամենը համտեսն էր: Բուն առերեսումն առջևում է:


                        ii.         Տնտեսական հետընթացի և պարտքերի կուտակման շարունակում
           Այսպես, Ի գին վերոնշյալ աննախադեպ միջոցների վատագույնից խուսափելուց հետո` սկսած 2010թ. տնտեսական ամոթխած աճը վերսկսել է, բայց դրա տեմպերը շարունակում են հաստատակամորեն նվազել, մինչ պարտքի ծավալները մեկը մյուսի հետևից նորանոր բարձրունքներ են նվաճում:
            աշխարհի կայուն գներով հաշվարկված ՀՆԱ-ն, որ 1974-2007թթ., աճում էր տարեկան միջինացված 3,09%-ով (1961-73թթ.` 5,42%)և 2008-09թթ. ճգնաժամային տարիներին 0,04%ով, 2010-17թթ. աճել է միջինացված 3,0%-ով, բայց 2011-17թթ. արդեն 2,8%-ով (2): Բոլորի հետ նվազում են նաև հսկաներ Չինաստանի և Հնդկաստանի աճի տեմպերը, և դրանք շարունակելու են դեպի ներքև ձգել համաշխարհային տեմպերը:
            Իր հերթին, առանձին վերցրած ԱՄՆ կայուն գներով ՀՆԱ-ն, որ 1950-73թթ. աճում էրտարեկան միջինացված 4,30%-ով, 1974-2007թթ., 3,04%-ով իսկ  2008-09թթ., նվազել էր միջինը -1,28%-ով, 2010-2019թթ. սեպտեմբեր ժամանակաշրջանում աճել է միջինը  2,24%-ով: (9)
            Ինչպես մինչև 2008թ. Աճը, նույնպես և ետ-2010թ. ամոթխած աճը եղել է  ոչ թե տնտեսական թեկուզ թուլացող ակտիվության պտուղը, այլ պարտքերի ծավալների աճի հետևանքը: 2008-2019թթ. առաջին եռամսյակ ժամանակաշրջանում համաշխարհային ամբողջական պարտքի ծավալներն ավելացել են 74 տրիլիոն դոլարով (+42,8%, 173 տրիլիոնից մոտ 247 տրիլիոն, տվյալ տարիների աշխարհի ՀՆԱ համապատասխանաբար 268%-ն ու 320%-ը: (3) (4)
            Եթե վերոնշյալ ցուցանիշները դեռ բավարար չափով համոզիչ չեն, հետևյալ տվյալների համեմատությունը պետք չէ կասկած թողնի իրերի դրության իրական լրջության կապակցությամբ: 2007թ.-ից 2014թ. կենտրոնական բանքերը ֆինանսական շուկաները ողողել են 12 տրիլիոն դոլարով: Նույն ժամանակաշրջանում աշխարհի ՀՆԱ-ն աճել է 15-17 տրիլիոնով, այսինքն սրսկված գումարից հազիվ մի փոքր ավելի: Իսկ պարտքի ծավալներն աշխարհի մասշտաբով ավելացել են 57 տրիլիոն դոլարով:(24)


                        iii.        «Բիզնես, ինչպես միշտ»
           Համակարգին դեպի փլուզում են առաջնորդում նրա  կառուցվածքային հակասությունները: Բայց որքան էլ զարմանալի, դրան նպաստում են նաև իրենք, մեծ կապիտալի տերերն ու այն ննօրինողները: Նրանց շարունակում է կուրացնել շահույթի նորանոր ծավալների ձեռքբերման և կապիտալի կուտակման անհագ մղումը: Այդ պատճառով նրանք անկարող են դասեր քաղել տեղի ունեցածից: Ֆրանսերեն արտահայտությամբ` տեղի է ունենում fuite en avant, փախուստ դեպի առաջ, ցատք դեպի անհայտը:
            Նախ, ինչպես նշվեց, հարկատուների փողերով իրականացված փրկարարական գործողությունները առաջին հերթին հետապնդում էին ֆինանսական հաստատությունների փլուզումը կանխելու նպատակ. նույն այն հաստատությունների, որոնք իրենց սպեկուլատիվ գործողություններով տեղի ունեցածի պատասխանատուներն էին:
            Բայց դրանից հետո ևս, շրջանառության մեջ դրված բազմատրիլիոնավոր դոլարները նախկինի նման ծառայել են սպեկուլացիոն գործողությունների:
            ԱՄՆ Դաշնային Պահուստային Բանկը աջակցել է ոչ միայն առևտրային բանկերին, այլև ներդրումային բանկերին, ապահովագրական ընկերություններին և ընդհանրապես ֆինանսական այնպիսի հաստատությունների, որոնք իրենց գործունեությունը ծավալում էին բացառապես արժեթղթերի այլ ոչ իրական արտադրության ոլորտում: Դա ուղղակի ծառայություն էր որոշակի ձեռնարկությունների, ի հաշիվ ուրիշների:(8) 
            Բայց նույնը վերաբերվում է նաև ոչ ֆինանսական կորպորացիաներին: 2008-18թթ. աշխարհի մաշտապով վերջինների պարտքերն ավելացել են 28 տրիլիոն դոլարով: Դրա մեծագույն մասը չափազանց ցածր վարկային տոկոսադրույքների առաջացրած գայթակղության պայմաններում վերցված վարկերն են, որոնք սակայն այդ կորպորացիաները մեծավ մասամբ օգտագործել են ոչ թե իրական արտադրության ոլորտում, այլ, արժեթղթերի շուկայում սեփական արժեթղթերը գնելու ու այդպիսով դրանց գներն ու սեփական շահույթն արհեստականորեն ուռճացնելու սպեկուլատիվ գործողություններում:(3) 
            Ահռելի ներարկումները, հետևաբար, չեն նպաստել միլիոնավոր գործազուրկների և տնազուրկների պայմանների բարելավման կամ երկարաժամկետ նշանակություն ունեցող ենթակառուցվածքային խնդիրների լուծման:(8)
            Այս ամենն իրոք այլ բան չէ, քան ցատք դեպի այհայտը: 
            Մեծ բանկերի կարավարչություններն իրենք հաճախ չգիտեն թե ինչ է տեղի ունենում իրենց մոտ, որովհետև բանկերն այսօր դարձել են անհավանականորեն մեծ և բարդ կառույցներ: Անգլիայի Բանկի գլխավոր տնտեսագետ, ֆինանսական ոլորտի կայունության պատասխանատու Էնդրու Հալդեյնը գերմանական Դեր Շպիգել պարբերաթերթին հայտնել է, որ մեծ բանկերի հաշվեկշռերը «սև խոռոչներից ամենասեվերն են»: Նա խոստովանել է, որ ինք չի կարող իրական պատկերացում ունենալ այդ հաշվեկշիռներից: Մեծ բանկերի ոչ միայն վարքագծում ու մշակույթում, այլև իրական կառուցվածքում ու գործողություններում  ոչինչ չի փոխվել: Այնտեղ տիրող մթնոլորտը «սովորական բիզնեսի» մթնոլորտ է: Պատասխանելով հարցին, թե ճգնաժամից հետո արդյո՞ք ֆինանսական որորտը կարգավորվել է, Անգլիայի ֆինանսական ոլորտի ապահովությունն ու կանոններին համապատասխանությունը երաշխավորող պետական գործակալության ավագ կարգավորողը (ռեգուլատոր), որ չի ցանկացել ինքնությունը հայտնել,  ասել է. «Չեմ կարծում: Այն ինչ ունենք հիմա, այն է, ինչ ունենում ես ազատ շուկայական կապիտալիզմի պայմաններում. ամբողջ հարստության կոնսոլիդացումը ավելի ու ավելի քիչ բանկերի ձեռքերում, որոնք կարտել են ձևավորում և շուկան կիսում իրենց միջև»: (21) 

            Նման պայմաններում, ֆինանսական հաջորդ աղետը երկար սպասեցնել չի տալու: Այն կանգնած է դռների ետևում: Եվ այն լինելու է ավելի ահասարսուռ, քան 2008թ.-ինը :


                        iv.        Պարտքերի անատոմիան ու դինամիկան
           Այդ աղետը կրկին գալու է պարտքերի լեռներից:
            Համաշխարհային պարտքի անատոմիան ու դինամիկան ներկայացնում են հետևյալ պատկերը: Պետական պարտքերը 2008թ.-ից 2018թ. առաջին եռամսյակ 37 տրիլիոն դոլարից  աճել են 67 տրիլիոնի (+81%), ֆինանսական կորպորացիաներինը`  58 տրիլիոնից 61 տրիլիոնի (+5,2%), ոչ ֆինանսական կորպորացիաներինը` 46 տրիլիոնից 74 տրիլիոնի (+60,9%), տնային տնտեսություններինը` 37 տրիլիոնից 47 տրիլիոնի (+27%):(3)
            Չնայած նշված կատեգորիաներից և ոչ մեկը զերծ չէ փլուզվելու հավանականությունից, ավելի վտանգավոր դիրքերում են գտնվում ոչ ֆինանսական կորպորացիաները: Նրանց պարտքեր/աշխարհի ՀՆԱ համեմատությունը 2008թ. մոտ 77%-ից 2018թ. հասել է ավելի քան 90%-ի: Ինչպես ասվեց, այդ կորպորացիաներն այդ գումարները մեծավ մասամբ օգտագործել են ոչ թե իրական արտադրության ոլորտում, այլ
            սեփական արժեթղթերը գնելու ու այդպիսով դրանց գներն ու սեփական շահույթն արհեստականորեն ուռճացնելու գործողություններում:(3) 
            2007-08թթ. ճգնաժամը շղթայազերծվել էր տնային տնտեսությունների և անհատների պարտքերի փուչիկի տրաքման արդյունքում: Հաջորդ ճգնաժամի խթան կարող է հանդիսանալ ոչ ֆինանսական ձեռնարկությունների փուչիկը:
            Չի բացառվում, որ գալիք ճգնաժամն սկիզբ առնի Չինաստանից: Այդ երկրի համընդհանուր պարտքը 2008թ. 7 տրիլիոն դոլարից 2018թ. աճել է մոտ 40 տրիլիոնի(3): Այս տարի այն հատել է   ՀՆԱ համեմատ 300% շեմը: Չինաստանում պայթյունի վտանգը գալիս է ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների կուտակած ներքին պարտքերից: 
            Ավելի մխիթարական չէ ԱՄՆ-ի դրությունը: 2019թ. առաջին եռամսյակին այդ երկրի ամբողջական պարտքը  հատել էր 69 տրիլիոն դոլարի շեմը, ինչը համապատասխանում է ՀՆԱ համարյա 350%-ին(4): Այդ երկրում ևս 2008թ. ից հետո պարտքերն աճել են մեծ ոստումներով: Ներկայում պետական պարտքն արդեն հատել է ՀՆԱ ծավալները(4), մինչդեռ 11 տարիներ առաջ այն ներկայացնում էր դրա 41%-ը(3): 2008թ. նախորդած տասնամյակում ԱՄՆ դաշնային գանձապետական պարտամուրհակները, չնայած Իրաքի պատերազմի պահանջած հսկայական ծախսերին, ավելացել էին «ընդամենը» 1,5 տրիլիոն դոլարով: Անցնող տասնամյակում նրանք եռապատկվել են, 2018թ. ամռանը հասնելով 15,3 տրիլիոն դոլարի(3) :


                        v.         Դեղամիջոցներն սպառված
           Ի տես այս իրավիճակին, դեղամիջոցներն սպառված են: Ինչ հնարավոր էր փորձել` փորձվել է: Ֆինանսատնտեսական փրկարարության երբևիցե ի գործ դրված մեծագույն փորձառարությունը հասնում է իր ավարտին: Կենտրոնական բանկերն արդեն զգուշորեն սեղմում են դրամավարկային խթանման աննախադեպ քաղաքականության արգելակը: Դեղամիջոցի ներարկումը քիչ քիչ կանգնեցվում է(22): Եթե ֆինանսական հաջորդ փլուզումը տեղի ունենա տոկոսադրույքների ներկա չափազանց ցածր մակարդակի պայմաններում, անհնար է լինելու այդ գործիքը վերստին օգտագործել:
            Ինչպես ասում է հեղինակավոր Միջազգային Հաշվարկների Բանկի (Bank of International Settlments) դրամավարկային և տնտեսական դեպարտամենտի պետ Կլաուդիո Բորիոն, «հիվանդության կրկնության պարագայում հիվանդին խնամելու կամ առողջացնելու համար քիչ դեղամիջոցներ են մնացել»(26):

           Հիվանդության կրկնությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով:
            Ինչպես նշվեց, պարտքերի հսկայական լեռները ձևավորվել են չափազանց ցածր տոկոսադրույքների պայմաններում, իսկ դրանք չեն կարող հավերժ այդ մակարդակում մնալ: ԱՄՆ Դաշնային Պահուստային բանկն արդեն փոքր մասնաչափերով բարձրացրել է հիմնային տոկոսադրույքը: Տոկոսադրույքները կարող են տարբեր հանգամանքների բերումով բարձրանալ: Երբ դա տեղի ունենա` պարտականները, այսինքն բոլորը` անհատներ, ձեռնարկություններ, տեղական մարմիններ թե պետություններ, կքելու են պարտքերի սպասարկման ահավոր բեռի տակ: Պարտքերի հսկա լեռներից ընդամենը մի քանի բեկորի գահավիժում` ու այդ փխրուն լեռները փուլ են գալու, փլուզելով համաշխարհային տնտեսությունը:
            ԱՄՆ տնտեսության նկատմամբ վստահության խախտումը կարող է առաջացնել աշխարհով տարածված և աստղաբաշխական թվերի հասնող ԱՄՆ պետական պարտամուրհակների և ԱՄՆ դոլարով դենոմինացված այլ ակտիվների մասսայական վաճառք,  առաջացնելով տոկոսադրույքների հրթիռային աճ և համաշխարհային տնտեսության փլուզում(27):
            Փլուզումը կարող է ունենալ նաև այլ խթան կամ դրսևորում: Կարևորն այն է, որ այս վիճակը չի կարող շարունակվել:


            Կապիտալիզմը, իր հետևից քարշ տալով աշխարհը, հաստատ քայլերով ուղվում է ոչ միայն դեպի մի նոր մեծ ֆինանսատնտեսական ճգնաժամ, այլ, ամենայն հավանականությամբ, դեպի ամբողջական փլուզում: Այն սպառել է վերակենսունականանալու, վերարտադրվելու ունակությունը: Ու այս անգամ, ևս ամենայն հավանականությամ, ոչ մի փրկարարական գործողություն կամ բախտ չի կարողանալու կանխել համաղետը:

***

            Կապիտալիզմի ներքին տրամաբանությունը` մարդկային աշխատուժի ապրանքայնացման, առուվաճառքի հենքի վրա հավելյալ արժեքի, շահույթի և կապիտալի ձևավորումն է: Այդ տրամաբանությունը, ըստ ամենայնի, օրինաչափ պատճառներով անդառնալիորեն խցանվել է, ինչը, ամենայն հավանականությամբ հանգեցնելու է կապիտալիստական համակարգի վախճանին: 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը, ընդհանրապես վերացնելով աշխատանքի անհրաժեշտությունը, բոլոր տվյալներն ունի վերջին մեխը դնելու աշխատուժի առուվաճառքի վրա հիմնված այդ համակարգի դագաղին: Հասարակական նոր հարաբերությունների հիմունքով մի նոր հասարակարգի ձևավորումը թվում է անխուսափելի:
            Բայց նոր հասարակարգի բնույթը կանխատեսելի չէ: Կապիտալիզմի հավանական վախճանը չի նշանակում, որ նրան չի կարող փոխարինել արդեն նոր հիմունքներով, բայց միշտ` մարդկանց շահագործման և անհավասար հարաբերությունների վրա հիմնված մի նոր համակարգ: Ոչ միայն նման հնարավորությունը տեսականորեն բացառված չէ, այլ ներկա համակարգի շահառուները, մեծ կապիտալիստները, արդեն իսկ մտմտում և ծրագրում են լուծումներ, որոնք հնարավորություն կտան նոր պայմաններում պահպանել և ամրապնդել իրենց վայելած առավելություններն ու դիրքերը: Նրանց հաջողությունը աներկբայորեն ավելի է վատթարացնելու մարդկանց մեծամասնության և ժողովրդների վիճակը: Բացարձակ անհրաժեշտություն է դրանց իրականացումը թույլ չտալ և ընդհակառակը, ձևավորել ավելի մարդկային հասարակարգ:
            Վաղուց եկել է ժամանակը` պատկերացնելու և կերտելու ետ-կապիտալիստական մարտկային այդ հասարակարգը:





(1) World's 26 richest people own as much as poorest 50%, says Oxfam; The Guardian, January 21, 2019.
https://www.theguardian.com/business/2019/jan/21/world-26-richest-people-own-as-much-as-poorest-50-per-cent-oxfam-report
(2) Վեր հանված`
Gross Domestic Product (GDP) Worldometers
https://www.worldometers.info/gdp/#gdpyear
կայքէջի տարեկան տվյալներից:
(3) $250 Trillion in Debt: the World’s Post-Lehman Legacy, Brian Chappatta; Bloomberg, September 13, 2018
https://www.bloomberg.com/graphics/2018-lehman-debt/?terminal=true
(4) The global debt binge begins anew, Dion Rabouin, Axios, Jul 15, 2019
https://www.axios.com/global-debt-increase-q1-2019-92ef0a63-b86e-471d-84c8-588a719f3fc2.html
(5) Taking Stock of the World’s Capital Markets, McKinsey Global Institute, 2005
https://www.mckinsey.com/~/media/McKinsey/Featured%20Insights/Global%20Capital%20Markets/118%20trillion%20and%20counting/MGI_118_trillion_and_counting_Taking_stock_of_capital_markets_Full_Report.ashx
(6) Global financial assets, 1990-2008 (US dollar trillion) 
https://www.researchgate.net/figure/Global-financial-assets-1990-2008-US-dollar-trillion_fig1_288381014
(7) FSB publishes Global Monitoring Report on Non-Bank Financial Intermediation 2018
https://www.fsb.org/2019/02/fsb-publishes-global-monitoring-report-on-non-bank-financial-intermediation-2018/
(8) The Crisis Next Time, What We Should Have Learned From 2008; By Carmen Reinhart and Vincent Reinhart; Foreign Affairs, Essay, September 13, 2018
https://www.foreignaffairs.com/articles/2018-09-13/crisis-next-time
(9) Վեր հանված`
US Real GDP Growth Rate by Year
https://www.multpl.com/us-real-gdp-growth-rate/table/by-year
կայքէջի տարեկան տվյալներից:
(10) Working Paper: Defining and Measuring the Digital Economy, Kevin Barefoot, Dave Curtis, William Jolliff, Jessica R. Nicholson, Robert Omohundro. US Bureau of Economic Analysis, 3/15/2018
https://www.bea.gov/sites/default/files/papers/defining-and-measuring-the-digital-economy.pdf
(11) Wealthier World, Poorer Nation - The Problem With the Rise of the Rest, Jack Goldstone, Foreign Affairs, March 28, 2016
https://www.foreignaffairs.com/articles/world/2016-03-28/wealthier-world-poorer-nation
(12) https://en.wikipedia.org/wiki/Alphabet_Inc.#References
(13) https://en.wikipedia.org/wiki/Apple_Inc.
(14) https://en.wikipedia.org/wiki/Facebook
(15) https://en.wikipedia.org/wiki/General_Motors
(16) u.s. Population 2019, Worldometers
https://www.worldometers.info/world-population/us-population/
(17) THE FUTURE OF EMPLOYMENT: HOW SUSCEPTIBLE ARE JOBS TO COMPUTERISATION?, Carl Benedikt Frey† and Michael A. Osborne‡ September 17, 2013
https://www.ekh.lu.se/media/ekh/dokumentarkiv/2014-02-18-paper-cfray.pdf
(18) What is the fourth industrial revolution?, Nicholas Davis, World Economic Forum, 19 Jan 2016
https://www.weforum.org/agenda/2016/01/what-is-the-fourth-industrial-revolution/
(19) National Science Board | Science & Engineering Indicators 2018 6 | 1
https://www.nsf.gov/statistics/2018/nsb20181/assets/1235/industry-technology-and-the-global-marketplace.pdf
(20) Capitalism the Apple Way vs. Capitalism the Google Way, MIHIR A. DESAI. The Atlantic, JUL 10, 2017
https://www.theatlantic.com/business/archive/2017/07/apple-google-capitalism/532995/
(21) How the banks ignored the lessons of the crash, Joris Luyendijk, The Guardian, September 30, 2015.
https://www.theguardian.com/business/2015/sep/30/how-the-banks-ignored-lessons-of-crash
(22) Davos 2018: The big worry under the mounds of snow, Kamal Ahmed, BBC, 23 January 2018:
https://www.bbc.com/news/business-42785954
(23) A History Of Corporate Nationalization, The Associated Press, CBS News, JUNE 2, 2009
https://www.cbsnews.com/news/a-history-of-corporate-nationalization/
(24) Why we should all be worried about the global economy, Satyajit Das, The Independent, 1 May 2016
https://www.independent.co.uk/voices/why-we-should-all-be-worried-about-the-global-economy-a7007296.html
(25) The Fed launched QE nine years ago — these four charts show its impact, Elizabeth Schulze, CNBC, FRI, NOV 24 2017:
https://www.cnbc.com/2017/11/24/the-fed-launched-qe-nine-years-ago--these-four-charts-show-its-impact.html
(26) Divergences widen in markets: BIS Quarterly Review, Press Release; The Bank for International Settlements, 23 September 2018
https://www.bis.org/press/p180923.htm
(27) The Forgotten History of the Financial Crisis - What the World Should Have Learned in 2008, Adam Tooze. Foreign Affairs, EssaySeptember/October 2018
https://www.foreignaffairs.com/articles/world/2018-08-13/forgotten-history-financial-crisis




Նոթեր

1.            Կապիտալիզմ, շահույթ, հավելյալ արժեք, կապիտալի կուտակում
             Կապիտալիզմը արտադրաեղանակ է ու դրանից բխող հասարակական կազմավորում և համակարգ,,  որի ներքին տրամաբանությունն ու գոյության իմաստը կապիտալի անվերջ կուտակումն է:
             Կապիտալի կուտակման սկզբնաղբյուրը կապիտալիստի շահույթն է:
                Շահույթը արտադրված ապրանքի կամ մատուցված ծառայության ինքնարժեքի և վաճառքի գնի տարբերությունն է:
                Ինքնարժեքի բաղադրիչներն են ֆիզիքական միջոցները (տարածք, սարքավորումներ, հումք և կամ կիսաֆաբրիկատներ), աշխատավարձերը, հարկերը եւայլն:
                Արտադրական գործընթացի արդյունքը` վաճառքի ենթակա ապրանքն ստացվում է, երբ ֆիզիքական միջոցների վրա ի գործ է դրվում մարդկային աշխատանք: Չկա արտադրանք կամ ապրանք առանց աշխատանքի:
                Ինքնարժեքի և վաճառքի գնի տարբերությունը, շահույթն առաջանում է այն բանից, որ կապիտալիզմի պայմաններում աշխատանքի վարձատրության և այդ աշխատանքի շնորհիվ արտադրված ապրանքի վաճառքի գնի միջեւ առկա է խզում: Աշխատանքը չի գնահատվում համաձայն իր ստեղծած ապրանքի գնի:
                Կապիտալիստական համակարգում աշխատուժը համարվում է ապրանք, որն աշխատանքի շուկայում վաճառվում է վարձու աշխատողի և գնվում կապիտալիստի կողմից: Աշխատուժի բազային գինը նրա վերարտադրության արժեքն է. ավելին սակարկության հարց է, կախված ուժերի հարաբերակցությունից: Վարձու աշխատողը, ստանալով իր ֆիզիքական վերարտադրության համար անհրաժեշտի համարժեք (կամ, ըստ սակարկության, ավելի) վարձատրություն, բայց իր աշխատանքի արդյունքում ստեղծելով ստացածից ավելի մեծ նյութական արժեք, ստեղծում է հավելյալ արժեք: Այդ հավելյալ արժեքը յուրացվում է կապիտալիստի կողմից և դառնում նրա շահույթը, երբ նա որպես ապրանք վաճառում է արտադրանքը:
             Կապիտալի կուտակումը տեղի է ունենում կապիտալիստի կողմից շահույթի ձեռքբերումը տեւական գործընթաց դարձնելու իրողության միջոցով: Կապիտալիստն իր ստացած շահույթի մի մասը վերստին ներդնում է արտադրական կամ ընդհանրապես տնտեսական գործունեության մեջ, լրացուցիչ շահույթ ձեռք բերելու նպատակով, ու այսպես շարունակ:
             Այսպիսով, կապիտալիզմի հիմքը վարձու աշխատանքն է, որի շնորհիվ ձեւավորվում է հավելյալ արժեք, որից ծնվում է շահույթը,, ու այս վերջինի շարունակական ձեռքբերումը ապահովում է կապիտալի անվերջ կուտակում: 

2.            Մրցակցություն ընդ. մենաշնորհ, տեխնոլոգիական նորարարություն
             Կապիտալիզմը հասկանալու համար անհրաժեշտ է գիտակցել, որ տեսական կամ բացարձակ մրցակցային շուկան, որը գործում է պահանջարկի և մատուցման բացառապես առարկայական օրենքների հիման վրա և դրանով կանոնակարգում գները, գոյություն ունի միայն տնտեսագիտական դասագրքերում: Բացարձակ մրցակցային շուկայի գլխավոր հակառակորդներն իրենք, կապիտալիստներն են: Մրցակցությունն ընդհանրապես, իսկ կատարյալ մրցակցությունը մասնավորաբար, կարող են ապահովել միայն փոքր շահույթներ, իսկ կապիտալը չի բավարարվում փոքր, «խանութպանային» շահույթով: Փոքր շահույթը կուտակում չի ապահովում: Չկա կապիտալիզմ առանց մեծ  և գերշահույթի, ինչն իր հերթին ենթադրում է մենաշնորհների կամ կվազիմենաշնոհների առկայություն: Այլ խոսքով, մենաշնորհներն ու կվազիմենաշնոհները ոչ թե «նորմալ» կապիտալիզմից շեղումներ են, այլ բնորոշ են դրան:
             Կապիտալիզմը միշտ առաջնորդվել է տեխնոլոգիական նորարարությունների գաղնիքների տիրացման և պահպանման շնորհիվ կվազիմենաշնորհային ձեռնարկությունների և գերշահույթներ ապահովող մենաշնորհային գների ձեւավորումով:
                Այդ նորարարությունների շնորհիվ` ձեռնարկվում է նախապես գոյություն չունեցող, նոր ապրանքների, կամ հին ապրանքատեսակների գերազանցապես նոր որակի  տեսակների արտադրություն: Այդ նոր արտադրությունները չեն կարող լինել մրցակցային, որովհետեւ նորարարական տեխնոլոգիաների գաղտնիքներին շատ քչերն են տիրապետում: Գաղտնիքների մենաշնորհով օժտված կապիտալիստներն ու նրանց ձեռնարկություններն ինքնուռույն, առանց շուկայի միջամտության որոշում են արտադրված ապրանքատեսակների գները, ապահովում են գերշահույթներ:

3.            Արտադրական ծախսերը, նրանց աճի միտումը
             Կապիտալիստների համար գլխավոր երեք ծախսերը հանդիսանում են անձնակազմի, միջոցների և հարկային ծախսերը:
Համակարգի ձեւավորման սկզբից այս ծախսերն  ու գների կառուցվածքում նրանց համամասնությունը միշտ ավելանալու միտում են ունեցել և փաստացի միշտ աճել են: Համակարգը մշտապես միջոցներ է ձեռք արել այդ աճը ոչ միայն սանձելու, այլեւ հետ մղելու նպատակով: Նրան միշտ հաջողվել է դա անել, բայց միայն մասնակի: Եթե ծախսերն ավելացել են երկու կետով, հաջողվել է նրանք հետ մղել մեկ կետով: Շարունակվող այս միտումը դրանց հասցրել է աննախադեպ բարձր մակարդակի:
Ինչու՞ և ինչպե՞ս:
             Անձնակազմի ծախսեր.
Ապրանքների արտադրությունը պահանջում է մարդկային աշխատանք: Որպեսզի արտադրական գործընթացի շարունակականությունը չընդհատվի, անհրաժեշտ է, որ առնվազն ապահովված լինեն աշխատողների ֆիզիքական վերարտադրության պայմանները: Կապիտալիստական համակարգում առաւելագույն շահույթի ձեռքբերման հնարավորությունը ուղիղ համեմատական  է նվազագույն հնարավոր աշխատավարձի հետ:  Հետեւաբար գործատունէրի համար վարձու աշխատողների աշխատավարձի ամենաձեռնտու չափը նրանց ֆիզիքական վերարտադրությունը երաշխավորող գումարն է, ոչ ավելին: Այնքան ժամանակ, որ կապիտալիստները ունակ են խուսափելու այդ շեմից բարձր աշխատավարձեր վճառելուց, նրանք նախընտրում են մնալ այդ շեմի վրա:
Սակայն վարձու աշխատողները կազմակերպվում են և պահանջում ավելի բարձր աշխատավարձեր: Կազմակերպմանը նպաստում է արտադրական գործընթացի ու հետեւաբար աշխատավորների կոլլեկտիվների կենտրոնացվածությունը, ինչը նրանց հնարավորություն է տալիս ճնշում բանեցնելու գործատուների վրա: Վերջինները, որպես կանոն, դիմադրում են այդ պահանջներին:  Բայց այնքան ժամանակ, որ արտադրական գործընթացը նրանց շահույթի տեւական հոսք է ապահովում, նրանք նախընտրում  են մասնակիորեն բավարարել պահանջները, քան գործախուլների հետեւանքով կանգնել արտադրական գործընթացի կասեցման փաստի առաջ: Հետեւաբար ամեն անգամ, երբ համակարգը գտնվում է կոնդրատիեվյան ցիկլերի Ա փուլում գործատուները կատարում են որոշ զիջումներ և վարձու աշխատողներն ապահովում աշխատավարձերի բարձրացում: Բայց երբ ավարտվում է վերելքի փուլն ու սկսվում լճացման ու վայրէջքի Բ փուլը, գործատուները, դեմ հանդիման գտնվելով մրցակցության ու հետեւաբար գների ու շահույթի անկման, ձեռնարկում են աշխատավարձերի աճի դեմ տարբեր միջոցառումներ: Օգտվելով լճացման ու գործազրկության աճի պատճառով վարձու աշխատողների  կազմակերպվածության թուլացումից, նրանց հաճախ հաջողվում է որոշ չափով զեղջել վերջինների ձեռքբերումները: Բայց հիմնական միջոցը` որին դիմում են սեփականատերերը` արտադրական գործընթացների տեղափոխումն է   աշխարհամակարգի կենտրոնից դեպի ծայրամաս, այսինքն` աշխարհագրական այնպիսի շրջաններ, որտեղ արդյունաբերությունը պակաս զարգացած է, առկա է վարձու աշխատանքի թեկնածուների մեծ պահեստ ու աշխատավարձերի մակարդակը դեռեւս ցածր է:  Այս լուծումը սակայն մշտական չի կարող լինել: Մի քանի տասնամյակ անց այս նոր շրջաններում եւս տեղի աշխատավորներին հաջողվում է կազմակերպվել և աշխատավարձի ու աշխատանքային պայմանների բարելավում պահանջել: Տվյալ շրջանը դադարում է ցածր աշխատավարձի մակարդակով հատկանշվել և գործատուներն ստիպվում են, իրենց իսկ շահերից ելնելով, արտադրությունները տեղափոխել դեռեւս ցածր աշխատավարձով հատկանշվող մի նոր աշխարհագրական շրջան:  (Չինաստանն, օրինակ, 1980-90-ականներին «աշխարհի գործարանը» դառնալուց հետո, տարիներ ի վեր տեքստիլի և մի շարք այլ արտադրությունների համար դարձել է թանգ երկիր և այդ ճյուղերի գործարանների կարեւոր մասն արդեն տեղափոխվել է հարավ-արեւելյան Ասիայի այլ երկրներ): Այս մեխանիզմը հիանալի աշխատել է դարերի ընթացքում սակայն արդեն հասել է ինքնասպառման սահմանին: Հատկապես 1980-90-ականներից կապիտալիստական հարաբերությունները կլանել են համարյա ամբողջ աշխարհը և «կուսական» տարածքները քչացել են: Մյուս կողմից,  գյուղերից քաղաքներ գաղթը ամբողջ մոլորակի մաշտապով 20-րդ դարի կեսերից սկսած շեշտակի աճել է, ինչը, հաղորդակցման միջոցների արագ աճի և տեղեկությունների փոխանակման արագացման զուգահեռ, արագացրել է առկա կամ պոտենցիալ աշխատավորների սոցիալական ու քաղաքական հասունացման անհրաժեշտ ժամանակը: Հետեւաբար արտադրական գործընթացները շարունակաբար ցածր աշխատավարձով հատկանշվող նորանոր շրջաններ տեղափոխելու հնարավորությունները մեծ արագությամբ կծկվում են: Կապիտալիստական համակարգն արդեն չի կարողանում արդյունավետ ձեւով պայքարել աշխատավարձերի աճի պատմական միտումին դեմ, ինչի արդյունքում կծկվում է արտադրական գործընթացներից շահույթ ապահովելու իր հնարավորությունը:
             Միջոցների ծախսեր.
Երկար ժամանակ կապիտալիստները արտադրական գործընթացում օգտագործված ոչ բոլոր միջոցների համար են վճառել: Եթե շինությունների, սարքավորումների և ուղղակի օգտագործվող հումքի ծախսերը հոգացել են գործընթացի սեփականատերերը, նույնը չի կարելի ասել երեք այլ միջոցների մասին:  Խոսքը վերաբերվում է ապատոքսիֆիկացման, առաջնային ռեսուրսների վերականգման և ենթակառուցվածքային ծախսերին: Կապիտալիստներին երկար ժամանակ հաջողվել է այս ծախսերից ձերբազատվել, դրանք փոխանձելով ուրիշներին` առանձին անհատների, համայնքների կամ ամբողջ հանրությանը: Այդ միտումը սակայն փոխվում է և այդ ծախսերը գնալով ավելի ներառվում են արտադրողի կրած ծախսերի կառուցվածքում, պակասեցնելով շահույթի հնարավորությունները:
Ապատոքսիֆիկացում. արտադրական թափոնների առկայությունը երկար ժամանակ մարդկանց լուրջ մտահոգություն չի պատճառել: Արդյունաբերական գործունեության շեշտակի աճը, սակայն, բազմապատկել է խնդրի տարողությունը և այն արդեն վաղուց թանգ է արժենում շրջակա միջավայրի` բնությանն ու մարդկանց վրա: Առաջացել է ահազանգային վիճակ և ձեւավորվել է անցյալում համարյա գոյություն չունեցող բնապահպանական հանրային հզոր գիտակցություն և շարժում: Ապատոքսիֆիկացումը պահանջում է ահռելի գումարներ: Հանրությունը պահանջում է, որ ծախսերի բեռն ստանցնեն իրենք, արտադրությունների սեփականատերերը: Աշխատավարձերի աճի պայքարի նմանությամբ, այս ծախսերի արտադրողների կողմից ներքինացման ուղղությամբ մղվող պայքարը արագ թափ է հավաքում ոչ միայն կենտրոնի, այլ նաեւ ծայրամասի` ցածր աշխատավարձերով հատկանշվող երկրներում:
Առաջնային ռեսուրսների վերականգնում. այս խնդիրը նման է ապատոքսիֆիկացման խնդրին: Անցյալում արտադրական նպատակներով համեմատաբար ավելի քիչ անտառներ էին հատվում ու բնական ընթացքով, թեկուզ դանդաղորեն, վերականգնվում: Ներկայումս անտառահատումներն ու առաջնային այլ ռեսուրսների մսխումը խելահեղորեն աճել են  և նրանց վերականգնումը պահանջում է թանգ միջոցներ: Հանրություններն ու պատասխանատու կառավարությունները պահանջում են կամ հետ կանգնել մասսայական անտառահատումներից ու այլ մսխումներից և կամ ստանցնել նրանց վերականգնման ծախսային բեռը:
Ենթակառուցվածքներ. ենթակառուցվածքները երկրաչափական արագությամբ աճում են: Նրանք, օրինակ` մայրուղիները, չեն ծառայում միայն արտադրողներին, սակայն վերջինները միանշանակորեն օգտվում են դրանցից: Այնքանով, որքանով քաղաքական իշխանությունները այս ծախսերի մի մասը տարածում են արտադրողների վրա, վերջինների ծախսերն ավելանում են:
             Հարկային ծախսեր.
19-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայի արդյունաբերական երկրներում հարկային եկամուտները կազմում էին ազգային եկամուտների մոտ 5%-ը կամ մի փոքր ավելի: 20-րդ դարի սկզբին, մինչեւ Ա համաշխարհային պատերազմ, այդ համեմատությունը 10% էր: 2016թ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների հարկային եկամուտների միջինը կազմում էր հյուսիսային կիսագնդի այդ 36 զարգացած կապիտալիստական երկրների համախմբան համախառն ՀՆԱ-ի 34,3%-ը, իսկ Դանիայում, օրինակ, 45,9%-ը:
Հարկային եկամուտների այս կտրուկ աճը պետական ծախսերի համապատասխան աճի հետեւանք է: Պետական ծախսերը ներառում են երեք գլխավոր ուղղություններ. հավաքական անվտանգություն (զինված ուժեր, ոստիկանություն եւայլն), հանրային բարեկեցություն և պետական կառավարման մարմիններ: Անցնող մեկուկես դարերի ընթացքում պետական ծախսերը կտրուկ աճել են այս բոլոր երեք ուղղություններով, ինչը պահանջել է հարկահավաքման մակարդակի համապատասխան աճ:
Երկրների արտաքին և ներքին անվտանգության ծախսերը կտրուկ աճել են առաջին հերթին սպառազինության տեխնոլոգիական առաջընթացի կլանած ռեսուրսների, նաեւ անձնակազմերի սոցիալական բարեկեցության ապահովման պատճառով:
Հանրային բարեկեցության ծախսերը կտրուկ ավելացել են քաղաքացիների հետեւողական պայքարի հետեւանքով: Վերջինները, տասնամյակների պայքարի արդյունքում ապահովել են հանրային կրթության,  առողջապահության և արժանապատիվ ծերության (կենսաթոշակի) իրավունք: Սրանք քաղաքացիների, հատկապես աշխատավորական դասերի ամենակարեւոր ձեռքբերումներն են:
Պետական այս հսկայական ծախսերի հոգսը կրում են հարկատուները` տնտեսական հիմնարկություններն ու քաղաքացիները: Կապիտալիստական հիմնարկությունների ու անհատ քաղաքացի կապիտալիստների շահույթներն ի հարկե պակասում են իրենցից գանձված հարկերի պատճառով: Բայց ոչ միայն: Որպեսզի վարձու աշխատող քաղաքացիները կարողանան մուծել իրենցից պահանջված հավելյալ հարկերը, նրանք պետք է ունենան լրացուցիչ եկամուտներ, ինչը ենթադրում է աշխատավարձերի հավելում, այսինքն լրացուցիչ ծախսեր կապիտալիստների համար:
Արտադրական գործընթացների աշխարհագրական սփռումը և բազմացումը, այսինքն սուր մրցակցությունը անհնար են դարձնում անձնակազմի, միջոցների և հարկային ծախսերի վերոնշյալ շեշտակի աճին ի տես ապրանքների վաճառքի գների համապատասխան բարձրացոը, որի հետեւաըքով գների կառուցվածքում շահույթի համամասնությունը փոքրացել է, հանգեցնելով կապիտալիզմի ճգնաժամին:
(Իմմանուել Վալլերշտեին)

4.            Աշխարհամակարգ
                Կապիտալիստական համակարգը բաղկացած է կապիտալիզմի կենտրոնից և ծայրամասից, ինչպես նաեւ կիսածայրամասից: Դրանք միասին ձեւավորում են կապիտալիստական աշխարհամակարգը:
                Կենտրոն/ծայրամաս հարաբերակցությունը հարստության կենտրոնացման և աշխատանքի բաժանման հարաբերակցություն է: Կենտրոնում գործընթացները լինում են գերազանցապես մենաշնորհային, տվյալ ժամանակի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած և ապահովում են գերշահույթներ, իսկ ծայրամասերում` հիմնականում մրցակցային, ավանդական դարձած տեխնոլոգիաներով: Կապիտալիստների համար գերշահույթների ձեւավորման պայմաններում վարձու աշխատողներին հաջողվում է հարաբերաբար բարելավել իրենց սոցիալական պայմանները, իսկ կառավարություններին` գանձել ավելի շատ հարկեր: Այս պատճառով արտադրական ծախսերը բացարձակ ծավալով կենտրոնում լինում են ավելի բարձր, քան ծայրամասում:
                Երբ ժամանակի ընթացքում տեխնոլոգիական գաղտնիքների անխուսափելի բացահայտման հետեւանքով շուկա են մտնում նոր արտադրողներ, որի հետեւանքով վերջ է դրվում տվյալ արտադրությունում մենաշնորհներին և տեղի է ունենում գների, հետեւաբար և շահույթի անկում, կապիտալիստներն այդ արտադրությունները տեղափոխում են ծայրամասեր, որտեղ ծախսերի մակարդակը ցածր է:
                Կենտրոն/ծայրամասեր հարաբերությունները, հետեւաբար, աշխատանքի բաժանման և անհավասար փոխանակման վրա հիմնված հարաբերություններ են: Կապիտալիզմը սնվում է այդ երկու բեւեռների տարբերությունից:
                Թեեւ Կենտրոն-ծայրամաս հարաբերակցությունն ըստ էության հարստության կենտրոնացման և աշխատանքի բաժանման հարաբերակցություն է, քան աշխարհագրական հասկացություն, այնուամենայնիվ պարզ է, որ  հյուսիսային կիսագնդի, և հատկապես արեւմտյան երկրներում գործընթացները առավելաբար կենտրոնային են, իսկ հարավային կիսագնդում` շատ ավելի ծայրամասային: Այնուամենայնիվ, բոլոր երկրներում էլ գոյություն ունեն թե' կենտրոնային և թե ծայրամասային գործընթացներ:
                Արտադրական գործընթացների տեւական տեղափոխման պատճառով կապիտալիզմն ու կապիտալիստական հարաբերություններն աշխարհագրականորեն շարունակաբար տարածվել են, նորանոր շրջաններ դարձնելով աշխարհամակարգի ծայրամաս: Իսկ որոշ (սահմանափակ) թվով երկրների հաջողվել է դուրս գալ ծայրամասային իրավիճակից և ստանալ կենտրոնային հատկանիշներ. բայց այս երեւույթն օրինաչափ չէ:
                Որոշ երկրներ և շրջաններ համարվում են կիսածայրամասային, որովհետեւ կենտրոնի հետ ունեն ծայրամասային, իսկ որոշ ծայրամասերի հետ` կենտրոնային հարաբերություններ:

5.            Արդյունաբերական հեղափոխություն
Տեխնոլոգիական նորարարություններն ու կապիտալիզմը հանդիսացել են փոխադարձ առաջընթացի խթաններ:
Նորարարությունների գաղտնիքների տիրապետումը հնարավորություն է տալիս ձեւավորել մենաշնորհներ և ապահովել գերշահույթներ: Բայց այդ գաղտնիքները որոշ ժամանակ անց (սովորաբար 25-30 տարի) բացահայտվում են, նորանոր արտադրողներ մտնում են շուկա, տվյալ արտադրությունը դառնում է մրցակցային և դադարում է գերշահույթներ ապահովել: Մենաշնորհի կորուստը կապիտալիստներին մղում է` վերստին մենաշնորհային դիրք գրավելու նպատակով նոր հայտնագործումներ ֆինանսավորել և ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիական նորարարություններ, որոնք իրենց հերթին դառնում են մենաշնորհներ, ... մինչեւ նրանց եւս գաղտնազերծումը ... և այսպես շարունակ:
Դեռեւս ոչ արդյունաբերական ժամանակաշրջանի կարեւորագույն հայտնագործումներից մեկը եղել է խորը ջրային նավարկության հնարավորության ձեռքբերումը (կարավել նավերը եւայլն), որոնք բացեցին աշխարհագրական հետախուզությունների, նորահայտ երկրամասերից և տարածաշրջաններից հումքի ձեռքբերման, գաղութատիրության, հարստության կուտակման և եվրոպայի գլոբալ գերիշխանության դարաշրջանը:
Այս իրողությունն առնվազն նպաստեց գիտական առաջընթացին: XVIII-րդ  դարի վերջին քառորդին ջրի և շոգու ուժի արդյունաբերական կիրառումն սկիզբ դրեց արդյունաբերական հեղափոխության: Յուրաքանչյուր արդյունաբերական հեղափոխության հիմքում գտնվում է նորահայտ տեխնոլոգիաների ներմուծում արդյունաբերական գործընթացներում: Ընդհանուր օգտագործման այդ տեխնոլոգիաների հենքի վրա տասնամյակներ շարունակ տեղի են ունենում նորարարություններ: Ջրի և շոգու ուժի արդյունաբերական օգտագործումը մինչեւ 1830-40թթ. ծնունդ է տվել մանվածագործության, երկաթի արտադրության և ձուլման, երկաթգծի և բազմաթիվ այլ նորարարությունների:
2-րդ արդյունաբերական հեղափոխության հիմքում գտնվում են էլեքտրուժի և ներքին այրման հայտնագործությունների արդյունաբերական կիրառում, որոնք հիմք են ծառայել տասնամյակներ շարունակ կատարված նորարարությունների` մետալուրգիա, ծանր ինժիներություն, ավտոմեքենաներ, մասսայական արտադրություն եւայլն: Սովորական էլեքտրալամպից ու հեռախոսից մինչեւ սառնարաններ, լվազքի մեքենա, կենտրոնական ջեռուցում ու օդափոխիչ, վերելակ ու ինքնաթիռ 2-րդ հեղափոխության պտուղներն են:
3-րդ արդյունաբերական հեղափոխության, համակարգիչների և համացանցի  հիմքում գտնվում են ընդհանուր օգտագործման նոր` թվային տեխնոլոգիաները: Դրանց երկրորդ սերունդը, արհեստական բանականությունն ու դրանով օժտված ռոբոտները երբեմն համարվում են 4-րդ հեղափոխության  բաղադրիչներ: Վերջինին հաստատապես մաս են կազմում կենսատեխնոլոգիաներն ու նանոտեխնոլոգիաները:

6.            Ապրանքայնացում
             Շահույթի ձեւավորման և կապիտալի կուտակման գործընթացի տեւական շարունակականության ապահովումը պահանջում է ամեն ինչի ապրանքայնացում (commodification). ամեն ինչ պետք է վերածվի ապրանքի, ենթակա լինի առուվաճառքի: Տեւաբար ծավալվելու և շահույթ ապահովելու նպատակով կապիտալիզմն ապրանքների է վերածել մարդկային տարրական ու ոչ տարրական պահանջներ, տեւաբար ստեղծել նոր, արհեստական պահանջներ, նորեր ձեւավորելու նպատակով ոչնչացրել հին պահանջներստեղծագործ ոչնչացում» (creative destruction)) 


Comments

Popular posts from this blog

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)