Նեոլիբերալիզմի հետեւանքները, թվերով | Աղաղակող գերհարստացում, անհավասարություն, գերբեվեռացում



Համաձայն Oxfam բրիտանական բարեգործական կազմակերպության, 2018թ աշխարհի ամենահարուստ ընդամենը 26 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հավասար է եղել աշխարհի ամենաաղքատ մարդկանց կեսի (3,8 մլրդ մարդ) ընդհանուր ունեցվածքին:(1)
Վերջին տարիներին ներկայացվող այս ցուցանիշները, հորոնք հիմնվում են Credit Suisse բանկի հրապարակած տվյալների վրա, ցույց են տալիս, որ գերբեվեռացումը տարեց տարի ավելի է սրվում: 2014թ աշխարհի բնակչության ամենաաղքատ 50%-ի (3,5 մլրտ մարդ) ամբողջ կարողության հավասար հարստության տեր են եղել ամենահարուստ 85 մարդ: Հաջորդ տարի, 2015թ այդ թիվը դարձել  էր 80, իսկ 2018թ արդեն 26:(2)
Գերհարուստների տարեց տարի ավելի հարստացումը կարող էր նույնքան սկանդալային չհամարվել, եթե փոխկապակցված չլիներ աշխարհի մնացած բնակչության և հատկապես աղքատների կենսամակարդակի վատթարացման հետ: Մինչդեռ այդ երկու գործընթացները պայմանավորված են միմիանցով: 2018թ., օրինակ, հարուստներն ավելի են հարստացել 12%-ով իսկ աղքատներն՝ ավելի աղքատացել (11%-ով: (1) Մինչ այդ Օքսֆամը հաշվարկել էր, թե 2010-2014թթ աշխարհի 80 ամենահարուստների հարստությունն աճել էր 600 միլիարտ դոլարով, կամ 50%-ով, մինչ աշխարհի բնակչության ամենաաղքատ 50%-ի հարստությունը պակասել էր 750 միլիառտ դոլարով:(2) 
Ըստ այդ կազմակերպության 2014թ աշխարհի բնակչության մոտ 80%-ին հասնում էր աշխարհի հարստության 5,5%-ը:(2) Դա զարմանալի չէ, եթե հաշվի առնվի, որ յուրաքանչյուր տարի աշխարհում ստեղծված  ամբողջ հարստության ավելի քան 4/5-ին տիրանում է բնակչության 1%-ը (2017թ` 82%):(3)
Ընդ որում, գերհարուստներն իրենց կուտակած հարստությունը պահում են «հարկային դրախտներում»: ՄըկԿինսի խորհրդատվական ընկերության նախկին գլխավոր տնտեսագետ Ջեյմս Հենրիի հաշվարկներով, աշխարհի գերհարուստները 2010թ գաղտնի օֆշորային, այսինքն  չհարկվող հաշվեհամարներում պահում էին 21 տրիլիոն դոլար: Այս գումարը համազոր էր ԱՄՆ-ի և Ջապոնիայի այն ժամանակվա տնտեսությունների համատեղ ծավալին: Ավելին, Հենրին համարել է, որ նշված ծավալը շատ պահպանողական գնահատական է, որովհետեւ այն վերաբերում է միայն օֆշորային բանկերում և ներդրումային հաշվեհամարներում պահվող ֆինանսական հարստության և հաշվի չի առնում գերհարուստների շարժական և անշարժ ունեցվածքը, որոնց ներառման դեպքում գնահատված գումարի չափը կհասնի 32 տրիլիոն դոլարի: Հենրիի  զեկույցի գնահատմամբօֆշորներում պահվող մոտ 9,8 տրիլիոն դոլար հարստություն պատկանում է պակաս քան 100 հազար մարդու:(4)
Ըստ բրիտանական The Guardian պարբերաթերթի, Միացյալ Թագավորության Համայնքների պալատի գրադարանում կանխատեսում են, որ ներկա միտումների պահպանման դեպքում 2030թ աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը ներկայիս 140 տրլն դոլարից կաճի մինչեւ 605 տրլն դոլար:

Գերբեվեռացման և անհավասարության ապշեցնող այս գործընթացը արդյունքն է նեոլիբերալիստական (նորազատական) քաղաքականության, որն ի գործ դրվեց 1970թթ վերջերից և 1980թթ սկզբներից:
Բ Համաշխարհային պատերազմը հաջորդած երեք տասնամյակներում կապիտալիստական աշխարհամակարգի կենտրոնում (Հյուսիսային Ամերիկա, Արեւմտյան Եվրոպա և Ջապոնիա) կիրառվել էր տնտեսվարման խառը ( մասնավոր-հանրային), կեյնզյան քաղաքականություն,, իր սոցիալ-ազատական և սոցիալ-տեմոկրատական տարբերակներով:  Այդ ժամանակները հատկանշվում էին տնտեսական բարձր աճով, ու այդ պայմաններում կիրառվող տնտեսվարման այդ քաղաքականությունը լիովին արդարացրել էր իրեն, մի կողմից կապիտալիստներին ապահովելով գերշահույթներ ու մյուս կողմից ձեւավորելով զգալի համամասնություն կազմող միջին խավ: Բայց 1960թթ վերջերից ու 1970թթ սկզբներից կապիտալիստական համակարգին հատուկ  կառուցվածքային խնդիրների պատճառով տնտեսական աճը պակասեց: Ստեղծված հավելյալ արժեքի ծավալներն արդեն բավարար չէին գոհացնելութե' հարուստների  շարունակական հարստացման ծառավը և թե' բնակչության մեծամասնության բարեկեցության պահանջը: Նեոլիբերալիզմը ստեղծված իրավիճակին կապիտալիստական դասի պատասխանն էր: Դա փոքրացող կարկանդակը համարյա ամբողջությամբ մենաշնորհելու, յուրացնելու փորձ էր:
Ի՞նչ վիճակ էր տիրում մինչ-նեոլիբերալիստական շրջանում և ի՞նչ  իրավիճակ ստեղծվեց դրանից հետո:

•Հետ-Բ Համաշխարհային երեք տասնամյակներ. բեվեռացման մեղմացում
Բ. Համաշխարհային պատերազմը հաջորդած երեք տասնամյակներում տնտեսական չորս ցուցիչներ` արտադրողականությունը, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը և median տնային եկամուտը* աճել են համաչափ: ԱՄՆ ՀՆԱ-ում աշխատավարձերի համամասնությունը այդ տասնամյակներում մնացել է կայուն: Այլ խոսքով աշխատատեղերն ու աշխատավարձերն աճել են ու այդ աճը քայլ է պահել արտադրանքի և արտադրողականության աճի տեմպերի հետ:(5)
Կանադայի, ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության բնակչությունների ամենահարուստ 1% շերտի ընդհանուր կարողությունը, որ  Բ. Համաշխարհային պատերազմը նախորդած շրջանում կազմում էր այդ երկրների ազգային եկամուտների 10-16%-ը, 1970թթ վերջերին իջել էր 7-8%-ի: Մայրցամաքային Եվրոպայում և Ջապոնիայում, որտեղ ետ-պատերազմյան շրջանում կիրարվել էր ավելի աշխատավորամետ քաղաքականություն, ամենահարուստ 1%-ի մասնաբաժնի անկումը եղել է ավելի զգալի, նախապատերազմյան 11-18%-ից 1980թթ սկզբներին նվազելով մինչեւ 4-9%:(6)

Սակայն 1970թթ վերջերից նեոլիբերալիստական քաղաքականության կիրառումը զարգացած կապիտալիստական երկրներում առաջացրեց եկամուտների և հարստության կտրուկ վերաբաշխում, ի օգուտ ունեւոր փոքրամասնության:

•Բեվեռացման խորացում
Սկսած 1980թթ բարգավաճման ցիկլի երկու կեսերը դադարել են զուգորդված լինել: ՀՆԱ-ն և արտադրողականությունը շարունակել են  աճել, բայց աշխատանքով ու բավարար եկամուտով ապահովվածությունը հետընթաց է ապրել: 1970թթ սկզբներից մինչեւ 2014թ միդյըն եկամուտի աճը նախ դանդաղել, ապա լճացել ու, հաշվի առնելով սղաճը, հետընթաց է ապրել:
ԱՄՆ բնակչության վերին 1%-ի ազգային եկամուտի չափաբաժինը 1980-2010թթ երեք տասնամյակներում 8%-ից բարձրացել է 18%-ի:(6)
Գերմանիայում, չնայած վերին 1% շերտի ձեռքբերումներն ավելի սահմանափակ են եղել, անհավասարությունն ընդհանուր առմամբ աճել է: Հարկումից և նպաստներից հետո եկամուտով (disposable income) հաշվարկված Ջինի գործակիցը** 1985թ 0,25-ից 2011թ աճել է 0,29-ի: Դա համեմատական ավելի մեծ աճ էր, քան նույն ժամանակաշրջանում ԱՄՆ-ում արձանագրված բացասական փոփոխությունը, 0,34-ից 0,39:(6) 
Տնտեսագետներ Էմմանուել Սաեզի (Բերկլիի Համալսարան) և Թոմաս Պիկետտիի (Փարիզի Տնտեսագիտական Դպրոց) հաշվարկներով, 2002թ-ից 2007թ ԱՄՆ-ում գրանցված եկամտի ամբողջ աճի 65%-ին տիրացել է բնակչության վերին 1%-ը:(6) Իսկ ամենավերեւի 0,01% շերտի Ազգային եկամուտից ստացած չափաբաժինը  1995-2007թթ ժամանակաշրջանում կրկնապատկվել է, 3%-ից դառնալով 6%:(5)
Եկամուտի բաշխումը միայն մասնակիորեն է տալիս անհավասարության իրական պատկերը: Վերջինն ավելի ցայտուն է երեւում երբ դիտարկվում է հարստության տեսանկյունից, որը ներառում է ամբողջական ունեցվածքը` ֆինանսական միջոցները, շարժական և անշարժ գույքը եւայլն: ԱՄՆ-տնային տնտեսությունների վերին 0,1%-ի հարստությունը  երեք տասնամյակների (1980-2010թթ) ընթացքում 9%-ից բարձրացել էր 22%-ի: Իսկ վերեւի 1%-ը 2011թ վերահսկում էր երկրի ամբողջ հարստության 40%-ը:(7)
Պատկերը մոտավորապես նույնն է OECD*** երկրների մեծամասնության պարագայում: Այդ երկրների բնակչության ստորին 40%-ին  հասնում է տնային տնտեսությունների հարստության միայն 3%-ը, մինչ վերեւի 10%-ին հասնում է այդ հարստության ավելի քան կեսը:(8)
2009-2016թթ Գերմանիայում  գործազրկության ցուցանիշը պակասել է մոտ 2%-ով, մինչ նույն ժամանակաշրջանում հարաբերական աղքատության (ազգային միջին եկամտի 60%-ից ցածր եկամուտ ունեցողներ) մակարդակը  ավելացել է մոտ 2%-ով: Դա նշանակում է, որ տնտեսական հարաբերական աճից օգտվել է բարձր եկամուտ ունեցող խավը, ի հաշիվ միջին և ցածր եկամուտ ունեցողների:
Գերմանական պետության պատկանող զարգացման մի բանկի կողմից 2016թ մարտին հրատարակված մի զեկույց եզրակացնում է, թե հաշվի առնելով եկամուտների աճն ու սղաճը, տնային տնտեսությունների 40%-ի գնողունակությունը անկում է ապրել: 2000թ Գերմանիան Եվրոմիության երկրների ամենացածր անհավասարությամբ հատկանշվող երկրներից էր: Ներկայում գտնվում է միջին մակարդակում և բացասական միտումը շարունակվում է:(9)
ԱՄՆ վերջին տարիների վիճակագրական որոշ տվյալներ առաջին հայեացքով մտածել են տալիս, որ վերեւում ներկայացված գործընթացները դադարել են ու արդեն զգալի շրջադարձ է գրանցվել: Ըստ դրանց, median եկամուտի անկումը ոչ միայն կանգնել է, այլ այդ ցուցիչը գտնվում է իր պատմական բարձրակետում, իսկ գործազրկությունը գտնվում է անցած 48 տարիների ամենացածր մակարդակում: Սակայն այդ տպավորությունները թյուր են (տեսնել առանձին): 
Այսպես, անցնող 3-4 տասնամյակների հարուստ երկրների տնտեսական աճի պտուղները կենտրոնացել են գլոբալ մենեջերների, գործադիրների և ֆինանսավորողների ձեռքերում:(6)
1965թ ԱՄՆ ամենամեծ 350 ձեռնարկությունների գլխավոր տնօրենների եկամուտը 20 անգամ ավելի էր, քան միջին աշխատավարձը:  1989թ այն 58 անգամ ավելի էր, իսկ 2012թ 273 անգամ:(7)
Ըստ մի այլ գնահատականի, 1990թ գլխավոր գործադիր տնորենների  միջին աշխատավարձերն ԱՄՆ-ում եղել են մյուս աշխատողների աշխատավարձերից 70 անգամ ավելի, իսկ 2005թ`  300 անգամ ավելի: Պատկերը, որոշ տարբերություններով, միեւնույնն է եղել ամբողջ աշխարհում:(10)

•Նեոլիբերալիզմ և բարձրագույն կրթություն
Նեոլիբերալիզմի ժամանակաշրջանում բարձրագույն կրթությունը եկամուտների աճի երաշխիք չի հանդիսանում: 1991թ-ից 2013թ իրական եկամուտները լճացել են ոչ միայն ոչ-կրթված, այլեւ կրթված վարձու աշխատողների շարքերում: Բարձրագույն կրթյթյուն ունեցողները (բժիշկներ, փաստաբաններ, դասախոսներ, ճարտարագետներ և գիտնականներ) շարունակում են շատ ավելի վաստակել, քան ցածր կրթություն ունեցողները, բայց նրանց իրական եկամուտները եւս համարյա չեն աճել, ի տարբերություն մեծ կորպորացիաների տնօրենների իրական եկամուտներին:(7)

•Միջին խավի մաշում
Որպես հետեւանք, միջին և ցածր դասակարգերում գտնվողները (միջին մենեջերներ,,  տեղական փոքր ձեռնարկությունների սեփականատերեր եւայլն) իրենց համարում են հետ թողնված և իրենց սեփական երկրներում միջին դասի կարգավիճակից դուրս շպռտված:(6) 
Ի դեպ, ինքնազբաղվածությունը չի ապահովում միջին դասի կարգավիճակ: OECD-ն անհավասարության աճի պատճառներից մեկը համարում է ոչ ստանդարդային աշխատանքի (non-standard work) աճը, ինչպիսիք են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերը և ինքնասբաղվածությունը: 1990թթ կեսերից անդամ երկրների բոլոր նոր աշխատատեղերի կեսից ավելին պատկանում են այս կատեգորիային:(8)

•Վարձու աշխատողների կեցության անկում
Նկարագրված բեւեռացումից ամենաշատ տուժողները պետք է բնականաբար լինեին վարձու աշխատողները: Վիճակագրություններն արդարեւ ցույց են տալիս, որ 1947թ տվյալների հավաքագրումից սկսած ՀՆԱ-ի հետ համեմատած կորպորատիվ շահույթները ամենաբարձրն են, մինչ աշխատավարձերը ամենացածրը:(11)
1973թ հաջորդած չորս տասնամյակներում ԱՄՆ-ում արտադրողականությունն աճել է մոտ 75%-ով, մինչ իսկական աշխատավարձերն աճել են պակաս քան 10%-ով, իսկ ստորին 60%-ի աշխատավարձերը մնացել համարյա անփոփոխ:(12)
Սկսած 1970-ականներից, զարգացած երկրների ձեռնարկությունները իրենց ընդհանուր ծախսերի աշխատավարձերի բաղադրիչը նվազեցրել են ոչ միայն մարդկային աշխատանքը խնայող տեխնոլոգիական նորարարությունների, այլ նաեւ կարգավորիչ փոփոխությունների դիմելու և զբաղվածության նոր ձեւեր ներմուծելու միջոցով (ժամանակավոր պայմանագրեր, որոնք ռիսկերը տեղափոխում են աշխատողի դաշտ, իրավունքների համար բանակցելու և սակարկելու հնարավորությունների նվազեցում, և «ֆրիլանս» համաձայնություններ, որոնք ձեռնարկություններին զերծ են պահում  վարձու աշխատողներին սոցիալական մասհանումներ, ինչպիսին է առողջապահական ապահովագրությունը, կատարելու պարտավորությունից) : Արդյունքում, 21րդ դարի սկզբից ՀՆԱ-ում աշխատավարձերի մասնաբաժինը հետեւողականորեն անկում է ապրել զարգացած երկրների մեծամասնությունում:(12) 
Գործատուներից նպաստներ ստացող վարձու աշխատողների թիվը եւս նվազել է: Սահմանված նպաստի կենսաթոշակային ծրագրերից օգտվող վարձու աշխատողների թիվը 1983թ 30%-ից 2013թ նվազել է 15%-ի:(13)
Տնտեսագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՆԱ-ում աշխատավարձերի չափաբաժինը նվազել է ուսումնասիրված 59 երկրներից 42-ում, ներառյալ Չինաստանում, Մեքսիկայում և Հնդկաստանում:(6)
•Պատկերը ներկայում. մեկ-երկու թվեր
Ի՞նչ պատկեր է տիրում այսօր, այս ամենի արդյունքում: Ըստ OECD-ի հրապարակած 2017թ տվյալների, Գերմանիայի բնակչության ստորին 60%-ին հասնում է այդ երկրի առկա հարստության 6,5%-ը (OECD-ի անդամ եվրոպական  երկրների ամենացածր ցուցանիշը): ԱՄՆ-ում բնակչության ստորին 60%-ին հասնում է հարստության ընդամենը 2,4%-ը (տվյալներ տրամադրած OECD երկրների ամենացածր ցուցանիշը): Վերին 10%-ը Գերմանիայում տիրում է հարստության մոտ 60%-ին իսկ ԱՄՆ-ում` մոտ 80%-ին (տվյալներ տրամադրած OECD երկրների ամենաբարձր ցուցանիշները):(14)

•Թերագնահատված թվեր
Չնայած ներկայացված թվերն արդեն իսկ ապշեցնող են, իրականությունը կարող է նույնիսկ ավելի սուր լինել:
Անհավասարության ցուցանիշները ամենայն հավանականությամբ թերագնահատված են: Ազգային հետազոտությունները միտում ունեն թերաներկայացնելու անշարժ գույքից (property) ստացված եկամուտները, որոնք անհամեմատ կերպով կուտակված են հարուստների մոտ:  Զարգացած երկրների հարկահավաքման տվյալներն արդարեւ  թելադրում են, որ ամենահարուստների եկամուտների մի կարեւոր հատված տեղ չի գրավում ազգային հետազոտություններում:(15) 


* Median income-ը գումարի այն չափն է, որ եկամուտի բաշխումը բաժանում է երկու հավասար կեսերի, մին այդ գումարից բարձր եկամուտ ունեցողներինը, իսկ մյուսը` ցածր:
** Ջինի գործագիծը ցույց է տալիս  եկամուտի բաշխման պատկերը: 0 coefficient-ը համազոր է բացարձակ հավասար բաշխման, իսկ 1-ը` բացարձակ   անհավասարության, երբ երկրի ամբողջ եկամուտը կենտրոնանում է մեկ մարդու ձեռքերում:
*** (Organization of Economic Cooperation and Development, Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպություն, աշխարհի կապիտալիստական հարուստ տնտեսությունների ակումբ


(1)        World's 26 richest people own as much as poorest 50%, says Oxfam; The Guardian, January 21, 2019.
https://www.theguardian.com/business/2019/jan/21/world-26-richest-people-own-as-much-as-poorest-50-per-cent-oxfam-report;
 (2) Richest 1% to own more than rest of world, Oxfam says, BBC, 19 January 2015
https://www.bbc.com/news/business-30875633
(3) The 1% grabbed 82% of all wealth created in 2017, by Ivana Kottasová   @ivanakottasovaJanuary 22, 2018:
https://money.cnn.com/2018/01/21/news/economy/davos-oxfam-inequality-wealth/index.html
(4) Tax havens: Super-rich 'hiding' at least $21tn, BBC, 22 July 2012
https://www.bbc.com/news/business-18944097
(5) The Great Decoupling: An Interview with Erik Brynjolfsson and Andrew McAfee, Harvard Business Review, June 2015 issue
https://hbr.org/2015/06/the-great-decoupling
(6) Wealthier World, Poorer Nation - The Problem With the Rise of the Rest, Jack Goldstone, Foreign Affairs, Mar 28, 2016
https://www.foreignaffairs.com/articles/world/2016-03-28/wealthier-world-poorer-nation
(7) Inequality and Modernization - Why Equality Is Likely to Make a Comeback, By Ronald Inglehart, Foreign Affairs, January-February 2016
https://www.foreignaffairs.com/articles/2015-12-14/inequality-and-modernization
(8) Gap between rich and poor 'keeps growing', By Anthony ReubenHead of statistics, BBC News, 21 May 2015
https://www.bbc.com/news/business-32824770
(9) Germany and the US, Springing to Inaction, By Jacob L. Shapiro
https://geopoliticalfutures.com/germany-u-s-springing-inaction/
(10) New World Order - Labor, Capital, and Ideas in the Power Law Economy, By Erik Brynjolfsson, Andrew McAfee, and Michael Spence, Foreign Affairs,
https://www.foreignaffairs.com/articles/united-states/2014-06-04/new-world-order
(11) The Crisis of the Middle Class and American Power, George Friedman, Stratfor
https://worldview.stratfor.com/article/crisis-middle-class-and-american-power
(12) Marxist World - What Did You Expect From Capitalism?, By Robin Varghese, Foreign Affairs, COMMENTJuly/August 2018 Issue
https://www.foreignaffairs.com/articles/world/2018-06-14/marxist-world
(13) Is Innovation Over? - The Case Against Pessimism, By Tyler Cowen, Foreign Affairs, REVIEW ESSAYMarch/April 2016 Issue
https://www.foreignaffairs.com/reviews/review-essay/2016-02-15/innovation-over
(14) Germany and US Grapple With Wealth Inequality, Geopolitical Futures, February 2, 2018
https://geopoliticalfutures.com/germany-us-grapple-wealth-inequality/
(15) Inequality and Globalization - How the Rich Get Richer as the Poor Catch Up, By François Bourguignon, Foreign Affairs, COMMENTJanuary/February 2016 Issue
https://www.foreignaffairs.com/articles/2015-12-14/inequality-and-globalization


Comments

Popular posts from this blog

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (1) | Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը