ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ



I.          Հայաստանի դիմագրաված խնդիրներն ու համաշխարհային համատեքստը 

            Հայաստանը դիմագրավում է մեկ էական մարտահրավեր. դառնալ կենսունակ երկիր և պետություն: Դա նշանակում է իր բոլոր քաղաքացիների համար բոլոր առումներով արժանապատիվ կյանքի, և երկրի ու ժողովրդի անվտանգության ու ինքնիշխանության պայմանների ապահովում:
            Այդ մարտահրավերի հաղթահարման համար կամ դրա ճանապարհին Հայաստանը պետք է չեզոքացնի ներքին և արտաքին անմիջական մի քանի վտանգներ ու սպառնալիքներ և նրանց տուն տվող պատճառները` ժողովրդագրական համաղետը, բնապահպանական աղետն ու սպառնալիքները, Ադրբեջանի հետ անհավասար պատերազմի վտանգը և արդեն իսկ կիսատ ինքնիշխանության լրացուցիչ կորուստի վտանգը:
            Հայաստանն այս խնդիրները դիմագրավում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն ինքը գտնվում է խորագույն և համապարփակ տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհքաղաքական, բնապահպանական և այլ անկայունությունների և ճգնաժամերի հորձանուտում: Այս վերջինները վերանալու, անգամ մեղմանալու միտում ցույց չեն տալիս: Ընդհակառակը: Նրանց միաժամանակությունը,, համատարածությունը և խորությունը պատահականության արդյունք չեն: Այդ ճգնաժամերն ու անկայունությունները աշխարհում տեղի ունեցող խորագույն նշանակության երկու փոխկապակցված փոխակերպումների հետեւանքներն են: Դրանք են`  կապիտալիզմի կառուցվածքային, գոյութենական ճգնաժամը և արտադրության ու ծառայությունների ամբողջական ավտոմատացման միտումի հետեւանքով աշխատանքի անհրաժեշտության ավարտի միտումը` : Այն մեխանիզմները, որոնք անցյալում լավ կամ վատ կերպով կարգավորել են ներհասարակական և միջազգային հարաբերությունները, այս փոխակերպումների և նրանց հետեւանքների պատճառով  դարձել են անարդյունավետ և սպառվել: Առաջացել է քաղաքակրթական ճգնաժամ: Աշխարհն ինքը հայտնվել է այս խնդիրներին համակարգային նոր լուծումներ գտնելու հրամայականին առջեւ:
            Հայաստանի դիմագրաված խնդիրների լուծումը անհնար է պատկերացնել համաշխարհային այս գործընթացների տրամաբանության ու հնարավոր հանգուցալուծումների ճիշդ գնահատումից  կտրված ու անջատ միջավայրում: Հին, սպառված լուծումների փնտռտուքը, կարծրատիպերից կառչումը  ժամանակավրեպություն է, այսինքն երաշխավորված ձախողում: Իսկ մեզ նորից ձախողվելու պերճանքը տրված չէ:
            Համաշխարհային գործընթացների աշխարհքաղաքական հետեւանքների ու նրանց միտումների դիտարկումը հիմք է տալիս ենթադրելու, որ միջին ժամկետում (15-20 տարի) Այսրկովկասի տարածաշրջանում առաջանալու է ռազմավարական դատարկություն, որը, այլ դասավորություն չձեւավորվելու պարագայում անպայմանորեն փորձելու է լցնել Թուրքիան, Հայաստանի համար կանխատեսելի հետեւանքներով: Ելնելով այս հավանական սցենարից, Հայաստանի անվտանգային, տարածաշրջանային և արտաքին առաջնային խնդիրը պետք է լինի բացառել նման հավանականության իրականացումը: Ուստի այս առումով Հայաստանի` միջնաժամկետ (քաղաքականությունը, որից պետք է բխեն նաեւ կարճաժամկետ քայլերը, պետք է հետապնդի հետեվյալ նպատակները.
           Առավելագույն հնարավոր ինքնիշխանության ձեռքբերում, այսինքն` բոլոր երկրների,  առաջին հերթին Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատում:
           Բոլոր (առաջին հերթին պաշտպանական) առումներով հզորության անհապաղ ձեռքբերում:
           Աշխարհքաղաքական հնարավոր դատարկության Թուրքիայի կողմից կլանումը կանխելու նպատակով` մինչեւ սեփական հզորության ձեռքբերում Ռուսաստանի ռազմավարական առումով ներկայության պահպանում:
           Տարածաշրջանային անվտանգության ապահովման և հավանական դատարկության այլ ուժերի կողմից շահագործումը կանխելու նպատակով սեփական ուժերով և տարածաշրջանային ու դրանից դուրս շահագրգիռ ուժերի հետ համատեղ անվտանգային դասավորության ձեւավորում:
            Մյուս կողմից, Հայաստանը գտնվում է սոցիալ տնտեսական և ներհասարակական հարաբերությունների աննախանձելի վիճակում: Նրան պետք է հաջողվի նախ անհապաղ հասնել արժանապատիվ կենսամակարդակի և հոգեմտավոր մակարդակի նվազագույն շեմի, և ապա նվաճել ավելի բարձր մակարդակներ:
            Բայց տնտեսական համատարած, ավելի ճիշդ կապիտալիզմի կառուցվածքային ճգնաժամի պատճառով տնտեսական աճի տեմպերն աշխարհում ամենուր և տեւական ժամանակ անկում են կրում: Դրա պատճառների գիտակցումը հուշում է, որ այս իրավիճակը շարունակվելու է: Միեւնույն ժամանակ տեխնոլոգիական նվաճումների  և գործընթացների ավտոմատացման հետեւանքով առաջանում է տեւական կառուցվածքային գործազրկություն:  Խորքային այս փոխակերպումներն ամբողջ աշխարհում ծնել են խորքային լուծումների անհրաժեշտություն:
            Համաշխարհային այս իրադրությունն ու միտումները թելադրում են, որ Հայաստանը`
           Կիրառի ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն: Դա նշանակում է ռեսուրսների և հարստության զգալի մասի հանրային վերահսկողություն և նպատակային ու հավասարամետ բաշխում: Դա չի նշանակում մասնավոր սեփականության և շուկայական հարաբերությունների արգելակում:
           Պատրաստվի կենսունակ պայմաններում դիմավորելու վաղվա ավտոմատացված աշխարհի պայմանները: Դա ենթադրում է բարձր տեխնոլոգիական առաջընթացի ապահովում, դրա նկատմամբ հանրային վերահսկողության և մասնակցության ձեռքբերում, տեխնոլոգիական գիտելիքների հանրայնացում:
           Մասնակցի նոր որակի, ավելի ազատ, արդար և հավասար,  մարդու նյութական և հոգեմտավոր ինքնաիրացմանն ավելի հարիր միջավայրի և կամ հասարակարգի ձեւավորման համաշխարհային պայքարին, աշխատանքներ տանի երկրի ներսում դրա նախադրյալների ստեղծման ուղղությամբ:
            Ստորեւ փորձ է կատարվում հանգամանորեն ներկայացնել աշխարհում տեղի ունեցող փոխակերպումները և նրանց առկա ու սպասվող հետեւանքները, և դրանց ու Հայաստանում տիրող իրավիճակի հենքի վրա` հիմնավորել և մանրամասնել Հայաստանի խնդիրների լուծման համար արտաքին ու ներքին քաղաքականության վերոնշյալ առաջարկված ուղիները:
            Հաշվի առնելով արծարծված թեմաների քանակը և բազմազանությունը, նյութի ամբողջականության ընկալելիության նախանձախնդրությամբ նրանք կներկայացվեն հնարավորինս հակիրճ, երբեմն նույնիսկ պնդումների տեսքով: Ավելի ընդարձակ և հիմնավոր բացատրությունների համար` սեղմել համապատասխան հղումները:


II.         Աշխարհը խորագույն փոխակերպումների հորձանուտում

            Աշխարհում առկա և խորացող համապարփակ և համատարած անկայունությունները հետեւանքն են քաղաքակրթական նշանակության փոխակերպումների, որոնց հիմքում գտնվում են սերտորեն փոխկապակցված երկու գործընթացներ` կապիտալիստական համակարգի գոյութենական ճգնաժամն ու աշխատանքի անհրաժեշտության ավարտի միտումը:


            Կապիտալիզմը հայտնվել է գոյութենական ճգնաժամում: Նրան արդեն չի հաջողվում իրականացնել  իր գոյության իմաստը, որն է նշանակալից մակարդակի շահույթի շարունակական ձեռքբերումն ու կապիտալի անվերջ կուտակումը:
            Առարկայական և կառուցվածքային անդառնալի պատճառներով, բացի (դեռեւս) նոր տեխնոլոգիական ոլորտներից,  շահութաբերությունը խիստ անկում է կրել իրական տնտեսությունում (ապրանքների արտադրություն և ծառայությունների մատուցում):
            Նաեւ այս երեւույթի պատճառով կապիտալը հսկայական ծավալներով տեղափոխվել է ֆինանսական, հատկապես սպեկուլատիվ գործարքների ոլորտ: Իրական տնտեսությունից կտրված ֆինանսական գործարքները որոշ ժամանակ կարող են լինել խիստ շահութաբեր, բայց դրանք իրենցից մեծ մասամբ փուչիկներ են ներկայացնում, խիստ ռիսկային են և ի վերջո անխուսափելիորեն ավարտվում են փլուզումով:
            Այս երկու երեւույթների հետեւանքով աշխարհի տնտեսությունը վեր է ածվել աստղաբաշխական թվերի հասած, մեծապես ռիսկային պարտքային տնտեսության:
            Շահույթի ծավալների նվազման միտումն սկսել է 1970թթ.: Դրան որպես հակազդեցություն սկսած 1980թթ. կապիտալիզմը դիմել է նորազատական (նեոլիբերալիստական) քաղաքականության, որի նպատակն այլ բան չէր, քան առկա և նոր ստեղծվող հարստության կտրուկ վերաբաշխում հօգուտ կապիտալիստական դասի: Դրված խնդիրը լուծվել է. առաջացել է գերհարուստների փոքրագույն շերտ և սոցիալական խոր բեւեռացվածություն: Բայց դա ոչ միայն չի լուծել համակարգային ճգնաժամը, այլ ավելի է խորացրել այն:
            Ասվածը հիմնավորող որոշ տվյալներ.
           Ամբողջ աշխարհի ՀՆԱ-ն, կայուն գներով հաշվարկված,  1961-73թթ., այսինքն մինչեւ շահույթի ծավալների անկման պատճառով տեղի ունեցած տնտեսական ճգնաժամ, աճել է տարեկան միջինացված 5,42%-ով, մինչդեռ 1974-2017թթ.` 2,93%-ով. ընդ որում, 1993-2017թթ., չնայած Չինաստանի ու մի շարք այլ երկրների թռիչքային աճին և թվային տնտեսության հաղթական գրոհին, նույնպես ընդամենը 2,9%-ով:
           Մարող տնտեսությունը կենդանի պահելու և միաժամանակ շահույթ ձեռքբերելու  համար համակարգը ձեւավորել է աստղաբաշխական ծավալների պարտքային համակարգ: Ներկա դարասկզբին համաշխարհային համախառն պարտքի ծավալները համապատասխանում էին այդ ժամանակվա աշխարհի ՀՆԱ-ի 168%-ին: 2008թ.` ճգնաժամի տարում` դրանք հատել էին  նույն տարվա ՀՆԱ 268%-ը, իսկ  2019թ առաջին եռամսյակին` մոտ 247 տրիլիոն տոլարով` ՀՆԱ 320%-ը:
           Պարտքային տնտեսությունը կապիտալի ֆինանսականացման կարեւոր դրսեւորումներից է, բայց ոչ միակը: 1980թ. ամբողջ աշխարհում ֆինանսական ընդհանուր ակտիվները հաշվում էին 12 տրիլիոն դոլար, ինչը համապատասխանում էր այդ տարվա համաշխարհային Հնա-Ի 43%-ին: 1993թ. դրանք արդեն համապատասխանում էին այդ տարվա ՀՆԱ 133%-ին, 2007թ., ֆինանսական ճգնաժամի դրսեւորման տարում` 343%-ին, իսկ 2017թ. դրանց ծավալը հասել էր  382 տրիլիոն դոլարի, որը համապատասխանում է  աշխարհի այդ տարվա ՀՆԱ 476%-ին:
            Ընդ որում, 2017թ. ֆինանսական ընդհանուր ակտիվների 30,5%-ը կամ 116,6 տրիլիոն դոլար հանդիսանում էին կարգավորումից դուրս ("shadow banking") գտնվող ակտիվներ, որոնք նույնիսկ ավելի ռիսկային են, քան բանկային կարգավորման ենթակա ակտիվները: Ի դեպ, դրանք աճում են ավելի արագ տեմպերով, քան կարգավորված ակտիվները:
            Սպեկուլատիվ փուչիկներն ու պարտքային լեռները հանգեցրին 2007-08թթ. մեծ անկումին: Դրանից հետո` ճգնաժամի խորքային պատճառները մնացել են անփոփոխ: Ոչինչ չի փոխվել նաեւ մեծ կապիտալի տերերի պահվածքում: Իսկ դրանցից առաջացած ռիսկերը, ինչպես նշված տվյալները ցույց են տալիս, ավելի են խորացել: Մի նոր, ավելի հզոր ֆինանսական աղետ կանգնած է դռների ետեւում: Իսկ դեղամիջոցներն սպառված են:
                        Կապիտալիզմը խցանվել է թե' իրական տնտեսության և թե' ֆինանսական ոլորտներում:

Թվային տվյալների աղբյուրներ.
• Gross Domestic Product (GDP) Worldometers
https://www.worldometers.info/gdp/#gdpyear
• Taking Stock of the World’s Capital Markets, McKinsey Global Institute, 2005
https://www.mckinsey.com/~/media/McKinsey/Featured%20Insights/Global%20Capital%20Markets/118%20trillion%20and%20counting/MGI_118_trillion_and_counting_Taking_stock_of_capital_markets_Full_Report.ashx
• Global financial assets, 1990-2008 (US dollar trillion) 
https://www.researchgate.net/figure/Global-financial-assets-1990-2008-US-dollar-trillion_fig1_288381014
• FSB publishes Global Monitoring Report on Non-Bank Financial Intermediation 2018
https://www.fsb.org/2019/02/fsb-publishes-global-monitoring-report-on-non-bank-financial-intermediation-2018/
• $250 Trillion in Debt: the World’s Post-Lehman Legacy, Brian Chappatta; Bloomberg, September 13, 2018
https://www.bloomberg.com/graphics/2018-lehman-debt/?terminal=true
• The global debt binge begins anew, Dion Rabouin, Axios, Jul 15, 2019
https://www.axios.com/global-debt-increase-q1-2019-92ef0a63-b86e-471d-84c8-588a719f3fc2.html


            Աշխարհում տեղի ունեցող խորագույն նշանակության երկրորդ գործընթացը, որը սերտորեն փոխկապակցված է առաջինին, բայց որ իր էությամբ ու հետեւանքներով ավելի հեռուն է գնում, աշխատանքի անհրաժեշտության վերացման միտումն է:
            Արհեստական բանականության, այդ բանականությամբ օժտված ռոբոտների, եռաչափ տպիչների և նմանօրինակ նորարարությունների (թվային տեխնոլոգիաների երկրորդ սերունդ կամ 4-րդ արդյունաբերական հեղափոխություն) արագընթաց զարգացումը ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման ավտոմատացման գործընթացը հասցնում է իր գագաթնակետին, նվազագույնի հասցնելով մարդկային աշխատանքի անհրաժեշտությունը:
            Անհնար է թերագնահատել այս երեւույթի նշանակությունը ոչ միայն ժամանակակից կամ արդի, այլ մարդկության ողջ պատմության առումով: Այն սասանում է ոչ միայն կապիտալիզմի հիմքը` վարձու աշխատանք հասկացությունը, այլ ընդհանրապես աշխատանք հասկացությունը` որպես  մարդու կենսագործունեության և վերարտադրության համար ցայժմ անբեկանելի անհրաժեշտություն հանդիսացած երեւույթ:
            Բայց մինչեւ այդ ամենախորքային նշանակության փոխակերպումն ամբողջությամբ կդրսեւորվի, այս հեղափոխիչ գործընթացն արդեն փոխակերպում է ներկան: Տեղի ունենալով սեփականության և արտադրական կապիտալիստական հարաբերությունների պայմաններում, այն ավելի է սրում և' սոցիալական արդեն իսկ սուր իրավիճակը, և' կապիտալիստական համակարգի ճգնաժամն ընդհանրապես:
            Ամբողջական ավտոմատացման գործընթացի (այսուհետեւ պարզապես` ավտոմատացում) առաջին և անմիջական հետեւանքը լինելու է լայնատարած գործազրկությունը: Ըստ տարբեր կանխատեսումների, այս գործընթացը 2030-35թթ. տարիներին կարող է հանգեցնել աշխարհի մասշտաբով աշխատատեղերի 15%-ից 40%-ի վերացման, այսինքն 400 միլիոնից մինչեւ ավելի քան 1 միլիառտ մարդու աշխատատեղերի կորստին (1): Նրանցից միայն քչերին է հաջողվելու նոր աշխատանք գտնել: Սա արդեն իսկ անմարսելի ցուցանիշ է: Իսկ այդ ուսումնասիրությունները հիմնվում են ներկա պահի տեխնոլոգիական ձեռքբերումների վրա, մինչդեռ այդ տեխնոլոգիաները զարգանում են հսկայական ոստումներով և աշխատատեղերի վրա նրանց ազդեցությունը շարունակաբար աճելու է:
            Կապիտալիստական հարաբերությունների պայմաններում ավտոմատացումն սկզբնական փուլում հիանալիորեն ծառայում է դրա սեփականատերերի շահերին: Ստեղծված հարստության բաշխվածությունը ենթարկվում է «ուժի օրենքի» կամ Պարետոյի կորի կանոններին, որտեղ փոքր թվով մարդիկ ստանում են արդյունքների մեծագույն մասն իսկ մարդկանց մեծամասնությունը` փոքրագույնը: Վիճակագրական միջին ցուցանիշը դառնում է ապակողմնորոշող, որովհետեւ մարդկանց մեծամասնությունը գտնվում է այդ միջինից ներքեւ դիրքերում(2): Բայց մասսայական գործազրկության և դրան ուղեկցող գնողունակության անկումի պատճառով շուտով առաջանալու է արտադրված ապրանքների իրացման անհնարինության խնդիր, ինչն ավելի է խորացնելու կապիտալիզմի, և տվյալ դեպքում նաեւ թվային ոլորտի կապիտալիստների դրության անելանելիությունը:

 (1) • JOBS LOST, JOBS GAINED: WORKFORCE TRANSITIONS IN A TIME OF AUTOMATION, McKinsey Global Institute, DECEMBER 2017,
https://www.mckinsey.com/~/media/mckinsey/featured%20insights/future%20of%20organizations/what%20the%20future%20of%20work%20will%20mean%20for%20jobs%20skills%20and%20wages/mgi-jobs-lost-jobs-gained-report-december-6-2017.ashx
    • A.I. Expert Says Automation Could Replace 40% of Jobs in 15 Years, fortune.com, January 10, 2019
https://fortune.com/2019/01/10/automation-replace-jobs/
(2) New World Order - Labor, Capital, and Ideas in the Power Law Economy, by Erik Brynjolfsson, Andrew McAfee, and Michael Spence, Foreign Affairs, June 4, 2014
https://www.foreignaffairs.com/articles/united-states/2014-06-04/new-world-order

III.       Փոխակերպումների հետեւանքները
            Կապիտալիզմը սոսկ արտադրաեղանակ և տնտեսական հարաբերություն չէ: Բացի տնտեսականից, այն իրենով է պայմանավորել մյուս հասարակական, քաղաքական և միջազգային հարաբերությունները: Կապիտալիզմի ճգնաժամը, հետեւաբար, կարեւորագույն հետեւանքներ է ունենում այդ հարաբերությունների վրա: Վերեւում (I.) նշված լարումներն ու անկայունությունները, որոնք տեղի են ունենում միեւնույն ժամանակ և կրում համատարած ու խորքային բնույթ, իրենց բացատրությունը գտնում են այդ ճգնաժամով: Իսկ կապիտալիզմի ճգնաժամի խորացման պատճառով դրա հետեւանքները եւս ավելի են խորանալու:
            Ասվածն ավելիով վերաբերվում է ավտոմատացման գործընթացին:
            1.         Կապիտալիզմի ճգնաժամի հետեւանքները
                        i.          Սոցիալական հետեւանքներ
           Ամենուր սոցիալական խոր բեվեռացում, հարուստների ավելի հարստացում, աղքատների ավելի աղքատացում, բնակչության սոցիալական տարբաժանում 1% (հատկապես 0,1%) գերհարուստների ու մնացած 99%-ի միջեւ, հետեւանք` կապիտալիզմի համակարգային ճգնաժամին և դրան որպես հակաժդեցություն` նորազատական քաղաքականության կիրառման:
           Կապիտալիստական համակարգի կենտրոնի («զարգացած», եկամուտների և արտադրական ծախսերի բարձր մակարդակով հատկանշվող) երկրներում արդյունաբերական ոլորտների անկում, զգալի համամասնություն կազմող միջին դասակարգերի (տեխնիկական և գրասենյակային մասնագետներ, որակյալ բանվորներ եւայլն) գործազրկություն ու սոցիալական կարգավիճակի անկում, կարճ` միջին դասերի էռոզիա: Հետեւանք`
            Ընդհանրապես նորազատականության և հատկապես` արտադրական ծախսերը նվազեցնելու ու այդպիսով` պակասող շահույթի ծավալներն ավելացնելու նպատակով` 1980-90թթ. արտադրական գործընթացների մասսայական արտահանման, տեղափոխման (outsourcing, offshoring) կապիտալիստական համակարգի կենտրոնի երկրներից դեպի ծայրամասային («զարգացող», եկամուտների և արտադրական  ծախսերի ցածր մակարդակով հատկանշվող) որոշ  երկրներ:
            Զարգացած կապիտալիզմի երկրներում միջին դասակարգերի էռոզիան իր հերթին հանգեցնում է ներքին և աշխարհքաղաքական լրջագույն հետեւանքների:
           Ծայրամասի որոշ` արդյունաբերականացող երկրներում գերհարուստների փոքրագույն շերտի և ոչ աննշան բայց փոքրամասնություն կազմող միջին խավի ձեւավորում, մեծամասնության աղքատության պահպանում և վատթարացում, բեւեռացման խորացում:


                        ii.         Քաղաքական հետեւանքներ
           Ազատական-ժողովրդավարական (լիբերալ-դեմոկրատական) քաղաքատնտեսական համակարգի ճգնաժամ, հետեւանք` կապիտալիստական համակարգի կենտրոնում միջին դասակարգերի էռոզիային (ինչպես տրամաբանությունը, նույնպես և պատմական փաստը ցույց են տալիս, որ ազատական-ժողովրդավարությունը կիրառելի է միայն նշանակալի համամասնությամբ միջին դասակարգեր ձեւավորած երկրներում):
            Հետեւաբար,
           Կենտրոնի (հարուստ) երկրներում սոցիալական համերաշխության շաղախի, հանրային և քաղաքական կայունության, համակարգի անցնցում վերարտադրության երաշխիքի քայքայում,
-           Ներկայացուցչական ժողովրդավարական ինստիտուտների ու համակարգի` սոցիալական ու քաղաքական հակասությունների ու լարումների հարթեցման հարթակ հանդիսանալու գործառույթի հետզհետե անհետացում:
           Կենտրոնի երկրներում սոցիալական և քաղաքական հուզումների ու լարումների, ինչպես նաեւ  պոպուլիզմի աճ:

           Սոցիալական բեւեռացման լրացուցիչ սրացման հետեւանքով ծայրամասային (աղքատ) երկրներում հուզումների և անկայունության աճ:
                        iii. Միջազգային առեւտուր
            Նոր ազատական համաշխարհայնացման (նեոլիբերալիստական գլոբալիզացիա) հետեւանքով 1980-2000թթ. միջազգային առեւտրի հսկայական թռիչք, 2008թ. մեծ անկումի պատճառով` թռիչքի ավարտ, ներկայում` առեւտրի ծավալների աճի տեմպերի կասեցում և նվազում:
            Շարունակվող ճգնաժամի և դրա հետեւանքով պետությունների ու տարածաշրջանային բլոկների միջեւ ծավալված և գնալով ահագնացող առեւտրային պատերազմների պատճառով առեւտրի ծավալների կրճատման սրացում: բոլորը բոլորի դեմ պատերազմի սրացում:

                        iv.        Աշխարհքաղաքական հետեւանքներ
           Աշխարհի տնտեսական ճարտարապետության և քառտեզի փոփոխություն, հետեւանք` արդյունաբերական գործընթացների կենտրոնից ծայրամասեր շարունակական տեղափոխման:
           Շահույթի ու կապիտալի փոքրացող կարկանդակի տիրացման համար համաշխարհային աճող մրցակցություն և լարված պայքար:
           Վերոնշյալների, բայց նաեւ հեգեմոնային ցիկլերի ինքնուռույն օրինաչափությունների պատճառով ԱՄՆ-ի աշխարհքաղաքականփաստացի կարգավիճակի փոփոխություն, աշխարհում բացարձակ գերիշխող, համաշխարհային հեգեմոնի դիրքից անցում` հարաբերաբար (դեռեւս անհամեմատ) ամենահզոր տերության դիրք:
           Համաշխարհային միահեծան հեգեմոն ուժի բացակայություն. Չինաստանը, որ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցն է, ներկայում չունի ոչ ցանկությունը, ոչ էլ կարողությունը փոխարինելու նրան: Ապագայում եւս ամենայն հավանականությամբ չի ունենա, իր ներքին ֆինանսական լրջագույն խնդիրների և համաշխարհային ճգնաժամի կառուցվածքային բնույթի պատճառով:
           Հետզհետե տարածաշրջանային (ոչ հավասար) բեւեռների և հեգեմոնների ձեւավորում.
           Ճգնաժամի պատճառով բոլոր բեւեռների ներսում անկայունություն և թուլություն.
           բեւեռների միջեւ լարվածության և ընդհանրապես աշխարհքաղաքական լարվածության և անկայունության զգալի աճ:
            Ինչպես նաեւ, 
           Թվային մեգակորպորացիաների` վերպետական, ինքնուռույն աշխարհքաղաքական դերակատարության ստանցնման միտում:


            2.         Ավտոմատացման հետեւանքները
                        i.          Սոցիալական հետեւանքներ 
            Առաջիկա մեկուկես-երկու տասնամյակում`
-           Համակարգի կենտրոնում` միջին դասակարգերի համարյա անհետացում, ջնջին թվով գերհարուստների, բարձր հմտությամբ բարձր վարձատրվող մասնագետների փոքր շերտի և ցածր վարձատրվող ծառայողների փոքր խավի ձեւավորում:
-           Համակարգի ծայրամասում` լայնածավալ աղքատություն:

                        ii.         Երկու աշխարհների ձեւավորում 
-           «Զարգացող» երկրներին վերապահված` ցածր ինքնարժեքով ապրանքներ և ապրանքամասեր հայթայթելու գործառույթի ավարտ: Այդ պատճառով` «զարգացող» երկրների համար կապիտալիստական պայմաններում զարգացման ու արդյունաբերականացման գործընթացի ավարտ (բացի Չինաստանից, որն արդեն մաս է կազմում «ավտոմատացման ակումբին»):
-           Միջազգային առեւտրի ծավալների կտրուկ կծկում:
-           Ավտոմատացման տեխնոլոգիաներին տիրապետող փոքրաթիվ երկրների և մնացած աշխարհի միջեւ տնտեսական և առեւտրային հարաբերությունների շարժառիթների էապես փոքրացում, , այս երեւույթի աշխարհքաղաքական հետեւանքներով: Երկու բեւեռների միջեւ մեծ խզում:

IV.       Նոր հասարակարգի ձեւավորման մարտահրավեր - Պայքար ավելի լավի և ավելի վատի միջեւ 
           Ներկա, կապիտալիստական հասարակարգն ու նրա խաղի կանոնները  մահամերձ են: Վարձու աշխատանքի և հավելյալ արժեքի ստեղծման հենքի վրա շահույթի ձեւավորումն ու կապիտալի կուտակումը դարնում է գնալով ավելի անիրականանալի, իսկ ավտոմատացումն սպաննում է վարձու աշխատանքի բովանդակ տրամաբանությունը: Ամենայն հավանականությամբ այս համակարգը 2-3 տասնամյակից ավելի չի դիմանա: Հասարակական նոր հարաբերությունների հիմունքով մի նոր հասարակարգի ձեւավորումը դարնում է, եթե ոչ անխուսափելի, առնվազն չափազանց հավանական: Անգամ եթե ներկա համակարգն ամբողջությամբ չվերանա և չփոխարինվի մեկ ուրիշով, այն չի կարողանալու նույն պարամետրներով գոյատեւել և թեկուզ նույն համակարգում բայց այլ որակով միջավայրի ձեւավորումը դառնում է անխուսափելի: 
           Նոր հասարակարգի կամ ներկա հասարակարգում էապես տարբեր միջավայրի բնույթը կանխատեսելի չէ: Այն կարող է լինել ներկայինից ավելի վատը, կամ ավելի լավը, կախված այն բանից, թե ո՞վ է հաղթական դուրս գալու այդ երկու տարբերակների միջեւ այսօր իսկ ընթացող և առաջիկա տարիներին շարունակվելիք պայքարից:
           Ներկա համակարգի շահառուները, մեծ կապիտալիստները, արդեն իսկ մտմտում և ծրագրում են լուծումներ, որոնք հնարավորություն կտան նոր պայմաններում պահպանել և ամրապնդել իրենց վայելած առավելություններն ու դիրքերը: Տարբերակները կարող են լինել տարբեր, ամենավատից մինչեւ հարաբերաբար մեղմը, կախված դեպքերի զարգացումներից և այլ հանգամանքներից: Նույնիսկ «մեղմը», սակայն, հաստատապես լինելու է ներկայինից ավելի անարդար, հիերարխիական, ավտորիտաբռնատիրական և, գուցե ամենակարեւորը`, ապամարդկայնացնող: Այդ տարբերակներից որեւիցե մեկի հաղթանակի պարագայում ժողովուրդները հպատակեցնելու գլխավոր գործիքը, մահակը լինելու են տեխնոլոգիաներն ու առաջին հերթին արհեստական բանականությունը: Նման տարբերակների պարագայում մարդկությունն ամենայն հավանականությամբ կորցնելու է հազարամյակների ընթացքում ազատության ճանապարհին ձեռք բերած նվաճումները:*
           Բայց այդպիսի հանգուցալուծումները բնավ կանխորոշված չեն: Հնարավոր է և բացարձակապես անհրաժեշտ դրանց իրականացումը թույլ չտալ: Ավելին. հնի ավարտը լավագույն առիթն է ավելի լավն ստեղծելու: Բայց դա կախված է ժողովրդների, քաղաքացիների հստակատեսությունից  և վճռակամությունից: Նրանք պետք է պայքարեն ավելի ազատ, արդար, հավասարամետ, մարդկայնական հասարակարգի ձեւավորման համար, մի հասարակարգի,   որն ազատված կլինի ամեն ինչի ապրանքայնացման ապամարդկայնացնող ախտից և որտեղ հարաբերություններն ազատված կլինեն մարդկանց` միմիանցից ու բնությունից օտարացնող հանգամանքներից, որտեղ տեխնոլոգիան, տվյալ դեպքում արհեստական բանականությունը և աշխատանքի անհրաժեշտության ավարտի միտումը կծառայեն մարդու, բոլոր մարդկանց ազատության ու ազատ ստեղծագործականության հնարավորությունների իրացման: Նույնիսկ եթե հնարավոր չէ միանգամից ձեւավորել այդպիսի մի հասարակարգ, առնվազն պետք է պայքարել հանուն դրան ձգտող և միտված հասարակարգի ձեւավորման: Դա պետք է անել այսօրվանից, այս տարիներին:

*           Տարբերակներից մեկը, որ ներկա համակարգի շահառուների կողմից քննարկվում է, անխտիր բոլոր մարդկանց բազային նվազագույն եկամուտով ապահովելու ինչ որ մեխանիզմի մոգոնումն է, որով մարդիկ կդառնան ավտոմատացված սարքերի արտադրանքի սպառողները: Այս տարբերակի կայացման պարագայում մնում է ապահովել մարդկանց մշտապես բթացված վիճակում պահելու համար անհրաժեշտ կրկեսը, ու նրանք կդառնան մարդկային էությունից դատարկված զոմբիներ: Իրականում` ավտոմատացված բայց ապրանքային տնտեսության պայմաններում ունիվերսալ բազային եկամուտի մշտական ապահովումը տնտեսագիտական առումով մեղմ ասած կասկածելի է:
            Քննարկվում է նաեւ «ռոբոտի հարկի» հաստատման տարբերակ, ինչը կթանկացնի ավտոմատացված ապրանքների գներն ու հնարավորություն կթողնի ամբողջությամբ չվերացնելու աշխատանքն ու նրա վարձատրությունը:
            Չի կարելի բացառել մարդկանց 99,9....%-ին իրենց ճակատագրին թողնելու տարբերակը: Արհեստական բանականությունն արդեն օգտագործվում է մարդու բնախոսությունը փոխելու, նրան «գերմարդ» դարձնելու ուսումնասիրությունների վրա: Հաջողության պարագայում այդ «ձեռքբերումներից» «կօգտվեն» աննշան թվով մարդիկ: Զուգահեռաբար մշակվում են մարդկանց ոչ միայն ֆիզիկական, այլեւ մտավոր ու հոգեբանական վերահսկման ու ներազդեցության ներքո պահելու մեխանիզմներ:
            Կարող են լինել նաեւ հիբրիդային կամ այլ «լուծումներ»: Կարեւորն այս բոլորում այն է, որ նման տարբերակների պարագայում մարդկությունն ամենայն հավանականությամբ կկորցնի  հազարամյակների ընթացքում ազատության ճանապարհին ձեռք բերած նվաճումները:
            Նման հավանականությունները բացառելու միակ միջոցը արհեստական բանականության և ավտոմատացման գործընթացների վրա հանրային վերահսկողության հաստատումն է:

           Ներհասարակական, միջազգային և շրջակա միջավայրի հետ նոր որակի հարաբերություններով հատկանշվող, հնարավորինս ազատ ու արդար, հավասարամետ և մարդկայնական հասարակարգի ձեւավորման և կայացման միակ երաշխիքը լինելու է արդեն սկսված և առաջիկա տարիներին ու մեկ-երկու տասնամյակներին տեղային և համաշխարհային մակարդակներում մղվելիք պայքարը: Այդ պայքարը տեղի է ունենում դեռեւս ներկա համակարգի պայմաններում:
           Դրական նորի համար պայքարն սկսել այսօր, հնի պայմաններում, նշանակում է գործել հնի, թեկուզ և խիստ կաղացող խաղի կանոնների պայմաններում, ընդունել մասամբ խաղալ այդ խաղի կանոններով: Դա նաեւ նշանակում է, ճգնաժամի խորացման պատճառով, գործել գնալով ավելի վատացող պայմաններում: Այս իրողությունները թելադրում են միաժամանակյա և ներդաշնակեցված երկու մոտեցումների որդեգրում.
-           Ներկա հասարակարգի պայմաններում նրա կանոնների հնարավորինս սպասարկեցում ընդհանուրի շահերին (ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն):
-           Ներկայինից տարբերվող, նոր որակի, հնարավորինս ազատ ու արդար հասարակարգի տրամաբանության սերմանում և մոդելների ներդնում (ապաապրանքայնացում, ինքնակառավարում, հորիզոնական հարաբերություններ, մասնակցային և ուղիղ ժողովրդավարություն, ի տարբերություն և հակադրություն շահույթի և տնտեսական աճի ձգտման` ձգտում նյութական առողջ կարիքների և հոգեմտավոր պահանջների բավարարման), ուստի`
           Նոր հասարակարգի ձեւավորումն անհրաժեշտաբար պահանջելու է հասարակության ընկալման և կազմակերպման, անհատ/հասարակություն, մասնավոր/ընդհանուր (ունիվերսալ) հարաբերությունների վերաճշգրտում:
           Ծարացած խնդիրների բնույթն ու տարողությունն այնպիսին են, որ դրանք պահանջում են ոչ միայն տեղային-պետական, այլ անհրաժեշտաբար նաեւ գլոբալ-միջազգային լուծումներ:
           Դրական նորի կայացման հաջողության գլխավոր երաշխիքներից մեկը հանդիսանալու է ավտոմատացման գործընթացների վրա ներկա ընթացքում (մինչեւ ներկա հասարակարգի փլուզում) հանրային վերահսկողության հաստատումը:

VI.       Այսրկովկասյան տարածաշրջանը համաշխարհային փոխակերպումների պայմաններում - միջնաժամկետ (15-25 տարի) միտումները
           Ինչպես եղել է անցյալում, նույնպես և ապագայում Հայաստանի ճակատագիրը կարեւոր չափով պայմանավորված է լինելու տարածաշրջանային աշխարհքաղաքական զարգացումներով և դրանց նկատմամբ Հայաստանի ու հայ ժողովրդի դիրքորոշման համարժեքությամբ:
            Որո՞նք են լինելու համաշխարհային խորքային փոխակերպումների աշխարհքաղաքական ամենահավանական անդրադարձներն ու հետեւանքները այսրկովկասյան տարածաշրջանում:
           Նախ կարճ վերհիշեցում:
            - Աշխարհում արդեն իսկ դադարել է գոյություն ունենալ միահեծան, իր կամքը բոլորին պարտադրելու ունակ  հեգեմոն ուժ: Ավարտվել է ԱՄՆ հեգեմոն ցիկլը: ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի անհամեմատ ամենահզոր պետությունը,  բայց արդեն չունի ոչ կարողությունը, ոչ էլ ցանկությունը լինելու աշխարհի բացարձակ հեգեմոնը, առավել եւս ոստիկանը: Ավելին. առաջիկա տարիներին և տասնամյակներին նրա հարաբերական առավելությունն ու ազդեցությունը շարունակելու են նւազել: Համընդհանուր ճգնաժամի պատճառով նրան փոխարինող բացարձակ հեգեմոն չի ձեւավորվելու:
            - Պատմությունը ցույց է տալիս, որ բացարձակ հեգեմոնի բացակայության պարագայում Ձեւավորվում են տարածաշրջանային հեգեմոններ, գերիշխող ուժեր և նրանց շուրջ ձեւավորվող բեւեռներ:
           Այսրկովկասն ընդգրկող լայն տարածաշրջանում միջնաժամկետ փուլում հեգեմոն դառնալու հավակնություն տեսականորեն կարող են ներկայացնել երեք ուժեր. Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան:
           Ռուսաստանն իր բնույթով  կայսերական երկիր է և շարունակում է մնալ այդպիսին: Բայց որպես տերություն այն գտնվում է իր մայրամուտում: Նրա մարումը թվում է անխուսափելի:  Լրջագույն խնդիրները, որոնց դեմ հանդիման է գտնվում այդ երկիրը, եթե ոչ կարճ, ապա միջին ժամկետում (15-25 տարի) վստահաբար հարցականներ են առաջացնելու նրա միասնական կամ կենտրոնաձիգ գոյության շարունակման հնարավորությունների առումով: Գործնականում, չնայած ներկայում Ռուսաստանն Այսրկովկասում ամենաազդեցիկ ուժն է, նրա` տարածաշրջանային ամբողջական հեգեմոն դառնալու և այդպիսին մնալու հավանականությունը համարյա բացառվում է:
           Իրանը եւս գտնվում է բազում խնդիրների առաջ և հեռանկարների առումով, առնվազն ներկա դրությամբ, գտնվում է Թուրքիայից հետ մնացած կարգավիճակում:
           Տարածաշրջանային հեգեմոն դառնալու ամենալուրջ թեկնածուն, իր դիմագրաված խնդիրներով հանդերձ, մնում է Թուրքիան: Այդ երկիրն ունի իր աշխարհագրական լայն տարածաշրջանի (մերձավոր արեւելք, արեւելյան Միջերկրական, արեւելյան բալկաններ, Սև և Կասպից ծովերի ավազաններ, ներառյալ Այսրկովկասը) գերիշխող ուժը դառնալու թե' հավակնություն, և թե' որոշ նախադրյալներ: Այն արդեն իսկ ոտնատեղեր է ստեղծում բոլոր այս ուղղություններով:
           Իր հետեւողական թուլացման պատճառով Ռուսաստանը ուշ կամ շուտ հեռանալու է այսրկովկասից, Կովկասից:
            Համաշխարհային առումով իր հեգեմոն դիրքը կորցնելու, հարաբերական հզորության լրացուցիչ թուլացման և իր աշխարհքաղաքական առաջնահերթությունների փոփոխման պատճառով ԱՄՆ-ը եւս միջին ժամկետում այս տարածաշրջանում ամենայն հավանականությամբ չի ունենալու ռազմավարական ներկայություն:
            Նման պայմաններում Այսրկովկասում և Միջին Ասիայում Ռուսաստանի տեղը անպայման փորձելու է գրավել Թուրքիան:


VII.      Հայաստանի խնդիրները և նրանց լուծման ուղիները` համաշխարհային և տարածաշրջանային գործընթացների ու միտումների պայմաններում

            Ցանկացած պետության գործառույթը պետք է լինի իր քաղաքացիների և ընդհանրապես բնակչության անդամների անհատական և տվյալ ազգի հավաքական` արժանապատիվ կենսագործունեության ու ինքնաիրացման պայմանների ապահովումը, ինչպես նաեւ այդ պայմանների` ապագայի համար եւս ամրագրումը: Դա, բացի ներքին պայմաններից, պահանջում է արտաքին անվտանգության և ինքնիշխանության ապահովվածություն:
            Հայաստանի պարագայում իրավիճակը թերի է ե'վ ներքին, ե'վ արտաքին հարթություններում: 

            1.         Արտաքին մարտահրավերներ - ինքնիշխանություն և անվտանգություն
                        i.          Իրավիճակը
                                    Ա.        պետական ինքնիշխանության ոլորտ
           Հայաստանը վայելում է խիստ սահմանափակ գերիշխանություն:  Նա հիմնականում գտնվում է Ռուսաստանի, որոշ չափով նաեւ Արեւմուտքի (գլխավորաբար ԱՄՆ-ի) ենթակայության և նրանցից կախվածության վիճակում:
           Ուժերի աշխարհքաղաքական դասավորության առումով Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ռազմավարական ազդեցության դաշտում:
           Բացի աշխարհքաղաքականից, Ռուսաստանը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ տիրապետում է ուղղակի և անուղղակի ահռելի ազդեցության և լծակների. ենթակառուցվածքներ և տնտեսություն, պաշտպանություն և այլ ուժային կառույցներ, դիվանագիտություն, սեփական հատուկ ծառայությունների և գործակալական ցանցի ակտիվ ներկայություն և ազդեցություն եւայլն:
           Արեւմուտքն ու հատկապես ԱՄՆ-ը եվս ունեն տնտեսական և այլ ազդեցության որոշակի լծակներ (ուղղակի, Համաշխարհային Պանկ, ԱՄՀ եւայլն), էներգետիք ոլորտում ազդեցության մեծացման շահագրգռվածություն, հանքահումքային շահագրգռվածություն, գործակալական ցանց:

                                    Բ.         Անվտանգության ոլորտ
           Հայաստանի անվտանգային միջնաժամկետ գլխավոր սպառնալիքը շարունակում է մնալ Թուրքիան:
           Կարճաժամկետ գլխավոր սպառնալիքն է Ադրբեջանի հետ անհավասար պատերազմի վտանգը:
           Տեւական խնդիր է մնում ներկա Հայաստանի տարածքի սահմանափակ լինելու հարցը, ժառանգված` 1921թ. Մոսկվայի և Կարսի բոլշեվիկաքեմալական պայմանագրերից: Դա ե'վ պատմական արդարության, ե'վ պաշտպանական հուսալի բնագծերի ապահովման, ե'վ երկրի ընդհանուր կենսունակության պայմանների ապահովման, այսինքն ազգային ու պետական համալիր անվտանգության խնդիր է:
           Աշխարհքաղաքական առումով Թուրքիայի սպառնալիքին պատվար է հանդիսանում Հայաստանում Ռուսաստանի ռազմավարական ներկայությունը:
           Ադրբեջանական սպառնալիքի պարագայում Ռուսաստանը խաղում է երկդիմի խաղ, նպաստելով Բագվի սպառազինմանը և հանդես բերելով Արցախում ռազմական ներկայության նկրտումներ:

                        ii.         Լուծման ուղիները
            Հայաստանը պետք է լուծի ինքնիշխանության և անվտանգության ապահովման խնդիրները, այսինքն`
           դառնա իր ճակատագրի տերը, ձեռք բերի առավելագույն հնարավոր պետական գերիշխանություն, ազատվի Ռուսաստանի և ցանկացած այլ երկրի նկատմամբ ենթակայեցված հարաբերություններից, այլ պետությունների հետ գտնվի փոխադարձ հարգալից և արժանապատիվ հարաբերությունների մեջ,
           օժտված լինի ոչ միայն Ադրբեջանին արկածախնդրական մտադրություններից տարհամոզելու, իսկ արկածախնդրության դիմելու դեպքում նրան ջախջախելու հնարավորություններով, այլեւ գլխավոր ռազմավարական սպառնալիքին` Թուրքիային` իր նկատմամբ նկրտումներից  զերծ պահելու և նրանից պաշտպանվածության ունակությամբ:

            Հայաստանը այս խնդիրները պետք է լուծի համաշխարհային և տարածաշրջանային աշխարհքաղաքական գործընթացների և միտումների այնպիսի պայմաններում, որտեղ`
           աճում են միջազգային լարումները,
           ԱՄՆ-ը, չնայած շարունակում է մնալ աշխարհի անհամեմատ ամենահզոր տերությունը, դադարել է լինել համաշխարհային բացարձակ հեգեմոն ուժը,  և նրա համեմատական թուլացման միտումը շարունակվելու է, հետեւաբար
           աշխարհում բացակայում է և առնվազն տեսանելի ապագայում բացակայելու է բացարձակ հեգեմոն ուժ, որը կկարողանա իր կամքը թելադրել բոլորին,
           Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միջին ժամկետում (15-25 տարի) այսրկովկասում որոշիչ ներկայություն և դերակատարություն չեն ունենալու:
           այլ դասավորություն չձեւավորվելու պարագայում միջին ժամկետում Այսրկովկասում գերիշխող ուժ է դառնալու Թուրքիան, Հայաստանի համար ստեղծելով գոյութենական լրջագույն սպառնալիք` ոչ միայն պատմական թշնամանքի, այլ, առաջին հերթին` Թուրքիայի նաեւ դեպի արեւելք ծավալվելու ռազմավարական նպատակի իրականացման ճանապարհին ցցված խոչընդոտ համարվելու պատճառով:

            Իրերի սպասվող այս դրության ի տես, Հայաստանի գլխավոր մարտահրավեր պետք է համարել հետեւյալը: Թույլ չտալ, որ տարածաշրջանից Ռուսաստանի մոտակա կամ միջին ժամկետում անխուսափելի հեռացման հետեւանքով այսրկովկասում առաջանա աշխարհքաղաքական և անվտանգային դատարկություն, թույլ չտալ, որ այսրկովկասում Թուրքիան դառնա գերիշխող ուժ:
            Հայաստանն այսրկովկասից Ռուսաստանի հեռացման պահին պետք է իր տարածքում ձեռք բերած լինի Թուրքիայի նման նկրտումները կանխարգելելու ունակ հզորություն, իսկ տարածաշրջանում, այլ երկրների հետ պայմանավորվածությունների ձեռքբերման շնորհիվ` պետք է ապահոված լինի Թուրքիան սանձելու ունակ ուժերի դասավորություն:
            Հզորության ձեռք բերումը ենթադրում է ինքնիշխանություն: Միայն ինքնիշխան, սեփական ճակատագրի տեր երկիրը կարող է իր խնդիրներին լավագույն լուծումներն ապահովել: Հետեւաբար ինքնիշխանությունը, որը բացարձակ արժեք է և որը Հայաստանը պետք է իրականացնի անկախ այլ նկատառումներից, տվյալ դեպքում ստանում է բազմապատիկ նշանակություն:
            Բայց հզորության ձեռք բերումը ժամանակ պահանջող գործընթաց է: Չափազանց կարեւոր է, որ մինչեւ սեփական հզորության ձեռքբերումը Հայաստանը զրկված չլինի  Թուրքիայի նկատմամբ պաշտպանվածությունից: Ներկայում, չնայած այլ առումներով ենթակա/գերիշխող հարաբերություններին, այդ պաշտպանվածության երաշխիքը Հայաստանի` Ռուսաստանի ռազմավարական ազդեցության գոտում գտնվելու իրողությունն է: Չնայած գերիշխանությունը ենթադրում է բոլոր ուժերի, հետեւաբար նաեւ Ռուսաստանի բոլոր, ներառյալ աշխարհքաղաքական ազդեցությունից ձերբազատվածություն, Հայաստանի և հայ ժողովրդի գերագույն շահը տվյալ դեպքում պահանջում է, մինչեւ սեփական հզորության կայացումը չհրաժարվել Ռուսաստանի աշխարհքաղաքական ազդեցության դաշտում գտնվելուց և չնպաստել Ռուսաստանը տարածաշրջանից հեռացնելու ծրագրերին:
            Հայաստանը պետք է հաջողի տարանջատել հայ-ռուսական հավասար և արժանապատիվ հարաբերությունների («ապավասալացման», «ապագաղութացման») խնդիրն ու Կովկասից հարավ բացառապես անվտանգության առումով ազդեցության գոտու խնդիրը:
            Այս տարանջատումն անիրապաշտական չէ: 
Ռուսաստանը այսրկովկասում, տվյալ դեպքում Հայաստանում հետապնդում է առաջին հերթին իր կովկասյան դարպասը պաշտպանելու նպատակ: Կովկասյան լեռնաշղթան Ռուսաստանի համար ունի պաշտպանական պատվարի կարեւորագույն նշանակություն: Իսկ այսրկովկասը Կովկասյան պատվարի նախադուռն է: Այսօր կորցնել այսրկովկասը նշանակում է վաղը կորցնել Կովկասը. իսկ Կովկասի կորուստը նշանակում է Ռուսաստանի վերջը:
            Շահերը, հետեւաբար,  փոխադարձ են, ոչ միակողմանի:
            Հայաստանը, իր ազգային ու պետական շահերից ելնելով, պետք է կարողանա Ռուսաստանի հետ հանգել մի կողմից իր գերիշխանության հարգման ու մյուս կողմից նրա աշխարհքաղաքական ներկայության շարունակման շուրջ փոխադարձ համաձայնության:
            Առաջիկա ժամանակներում Հայաստանի դիվանագիտության գլխավոր խնդիրը պետք է լինի, հիմնվելով հարցերի տարանջատման մոտեցման վրա,  հասնել Ռուսաստանի հետ այդպիսի փոխհամաձայնության ձեռքբերման: Ռուսաստանի կողմից առաջ քաշված` «Հայաստանը գնալու տեղ չունի» թեզիսին պետք է հակադարձել «Ռուսաստանն այլընտրանք չունի» թեզիսը և նրա մոտ գնալով ավելի արմատավորել այդ համոզումը:
            Այսպես, միջնաժամկետ առումով Հայաստանի անվտանգային, տարածաշրջանային և արտաքին առաջնային խնդիրն է նախապատրաստված լինել այն հավանական սցենարին, երբ Ռուսաստանը հեռացած կլինի այսրկովկասից իսկ ծավալապաշտ Թուրքիան կփորձի գրավել նրա տեղը:
            Հայաստանի` միջնաժամկետ (15-25 տարի) (քաղաքականությունը, որից պետք է բխեն նաեւ կարճաժամկետ քայլերը, պետք է հետապնդի հետեվյալ նպատակները.
           Առավելագույն հնարավոր ինքնիշխանության ձեռքբերում, այսինքն` բոլոր երկրների,  առաջին հերթին Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատում:
           Բոլոր (առաջին հերթին պաշտպանական) առումներով հզորության անհապաղ ձեռքբերում:
           Մինչեւ սեփական հզորության ձեռքբերում Ռուսաստանի ռազմավարական առումով ներկայության պահպանում:
           Տարածաշրջանային և դրանից դուրս շահագրգիռ ուժերի հետ անվտանգային համատեղ դասավորության ձեւավորում:
            Մնացածը պետք է համարվեն այս նպատակներից բխող մանրամասներ:

            2.         Ներքին - տնտեսություն և հասարակարգ

            Արտաքին խնդիրների լուծումն անհրաժեշտ է, որպեսզի անհատը, հասարակությունն ու ազգը կարողանան ինքնիշխան և անվտանգ պայմաններում իրականացնել իրենց նյութական ու հոգեմտավոր կենսագործունեությունը, իրացնել իրենց էությունը:
            Հայաստանի քաղաքացիների և բնակիչների, հայ ժողովրդի և պետության ներկա ժամանակների գլխավոր խնդիրն է, արտաքին մարտահրավերների լուծման լավագույն հնարավոր պայմանների ձեւավորման զուգահեռ, ձեւավորել անհատի և հավաքականության արժանապատիվ կենսագործունեության ու ինքնաիրացմանն առավելագույնս նպաստող առարկայական և ներհասարակական հարաբերությունների պայմանները:

                        i.          Իրավիճակը
            Հայաստանը շատ հեռու է իր բնակչության և ընդհանրապես հայ ժողովրդին  նյութական և հոգեմտավոր կենսագործունեության արժանապատիվ պայմաններ ապահոված լինելուց: Անցնող 2,5-3 տասնամյակներում տեղի է ունեցել հակառակը, իր աղետալի հետեւանքներով:
            Հայաստանում տիրող ներքին պայմանների վրա անկասկած իրենց կարեւոր ազդեցությունն ունեցել են արտաքին գործոնները` Ադրբեջանի հետ պատերազմական վիճակը և կիսատ ինքնիշխանությունը, Ռուսաստանի գերազդեցությունը: Բայց գլխավոր պատճառները եղել են ներքին սոցիալ-տնտեսական և դրան ածանցված մյուս հարաբերությունները: Ավելին. Ռուսաստանի ազդեցությունը, որքան Մոսկվայի կայսերական քաղաքականության, նույնքան և ավելի` իշխանությունն ու իրենց առանձնաշնորհյալ դիրքերը պահպանելու նպատակով քաղաքատնտեսական վերնախավի կողմից կատարված զիջումների հետեւանք է:
            Իրավիճակն էապես չի փոխվել 2018թ. համաժողովրդական ընդվզումից և իշխանափոխությունից հետո:

                                    Ա.        Սոցիալ-տնտեսական
                                    ա. Տնտեսական և սոցիալական ներկա վիճակը
                       Տնտեսության կառուցվածք
                        - հանքահումքի արդյունահանում և արտահանում,
                        - թերօգտագործված գյուղատնտեսություն, գյուղմթերքի արտահանում,
            - արդյունաբերական նախկին հզորության փոշիացում, ներկայում` ոչ հզոր, գլխավորաբար գյուղմթերքի պահածոների արտադրության թեթեւ արդյունաբերություն,
                        - բավական կենսունակ ՏՏ ոլորտ, հիմնականում արտասահմանյան ձեռնարկությունների աուտսորսինգ,
                        - բացի ՏՏ ոլորտից` գիտական և գիտատեխնիկական մտավոր երբեմնի հզոր ռեսուրսի մեծավ մասամբ փոշիացում, արդյունաբերական և արհեստագործական վարպետների և որակյալ բանվորների պակասորդ,
                        - մարդուժի արտահանում, այդ միջոցով եկամուտի և արտարժույթի ապահովում,        
                        - տուրիզմ,
                        - բարձր տոկոսադրույքներով, շատ ավելի սպառողական քան արտադրական վարկատու բանկային համակարգ,
                        - լայնածավալ ներմուծում (ներառյալ լայն սպառման ապրանքների):

                       Սեփականություն, սոցիալ-տնտեսական հարաբերություններ:
                        - ենթակառուցվածքների և ռազմավարական նշանակության ձեռնարկությունների ռուսական սեփականություն և կամ կարավարում,
                        - կվազիմոնոպոլիզացված տնտեսություն (նախկինում կվոտաներով, 2018թ.-ից` զբաղեցրած դիրքով և հնարավորություններով),
                        - գյուղատնտեսական հողերի հետզհետելատիֆունդիացում (հողերի կենտրոնացում, արտադրության` գործարանային տրամաբանությամբ,, ցածր աշխատավարձերով կազմակերպում),
                        - ՏՏ ոլորտում և ֆինանսական հատվածում աշխատավարձերի համեմատաբար արժանապատիվ , մյուս ոլորտներում մեծավ մասամբ ցածր և շատ ցածր վարձատրություն,
                        - աշխատանքային ոչ արժանապատիվ պայմաններ,
                        - սոցիալական խոր բեւեռացվածություն, աղքատության բարձր մակարդակ, միաժամանակ գործազրկության բարձր մակարդակ և արտասահմանյան գերէժան աշխատուժի ներմուծում,
                        - մինչեւ 2018թ.` սեփականության և սոցիալական այս հարաբերությունների պահպանման ծառայող մաքսային, հարկային և դրամավարկային պաշտոնական և թաքուն քաղաքականություն, 2018թ.-ից` սահմանափակ փոփոխություններ:

                        բ. Տնտեսական և սոցիալական վիճակի պատճառները
                       Սկզբնական պայմաններ. երկրաշարժ, շրջափակվածություն, ԽՍՀՄ փլուզում և տնտեսական հին կապերի վերացում, պատերազմ: Այդ պայմաններում, մինչեւ 1998թ.`
                       նորազատական կապիտալիստական քաղաքականություն, ներքին գիշատչություն, գոյություն ունեցածի թալան (ոչ արտադրություն): Ապա`
                       այդ իրավիճակի արմատավորում, իշխող կլանի փոփոխություն և իրավիճակի խորացում, Ռուսաստանի վերադարձ և ենթակառուցվածքների վրա վերահսկողության հաստատում, նաեւ արեւմտյան գիշատչական կապիտալի ներգրավվածություն: 

                                    Բ.         Ներքին - այլ
                       Բնապահպանական: վարվող քաղաքականության պայմաններում` բնապահպանական աղետալի վիճակի առաջացում` թունավոր հանքարդյունաբերություն, անտառահատում (գլխավորաբար գիշատչական-շահադիտական բնույթի,  բայց նաեւ աղքատությունից մղված) և անապատացում, սպառնալիք Սեվանի (այսինքն Հայաստանի) գլխին:
                       Ազատություններ, իրավունք, ժողովրդավարություն, պետական կառավարում. վերոնշյալ պայմաններում ձեւավորված առանձնաշնորհյալների շահերի ու դիրքերի պահպանման նպատակով`, մինչեւ 2018թ.` ավտորիտարիզմ և բռնատիրություն, 2018թ.-ից ներկայացուցչական ժողովրդավարություն բայց իրավական համակարգում փոփոխության բացակայություն: 
                       Կրթություն և մշակույթ. վերոնշյալ պայմաններում` մակարդակի անխուսափելի անկում, մարդկանց վերահսկելի պահելու միտումով նախկին վարչախմբի կողմից այդ մակարդակի քաջալերում և օգտագործում «(ռաբիզ», սերիալներ եւայլն):

                                    Գ.        Հայաստանի և հայության որոշ յուրահատկություններ
                       Մեծաթիվ սպյուռք. միաժամանակ ներուժ և ուծացման սպառնալիք:
                       Պատմական պատճառներով հոգեբանական և մտածելակերպի բավական տարածում գտած յուրահատուկ գծեր. պետականության հակադրվածություն, սեփական հայրենիքի ու պետության նկատմամբ հավատի պակաս/բացակայություն և արտագաղթելու հակում, գաղութացված հոգեբանություն, փրկչի սպասում, անհատական և ընտանեատոհմային մտածողության գերակշռում, ոչ արյունակցական հավաքական մտածողության բացակայություն, փակվածություն և աշխարհում տեղի ունեցող գործընթացներին ոչ բավարար առնչվածություն (որի հետեւանքով` ոչ աննշան գավառականություն, նեղմիտ ազգայնականություն, սեքսիզմ եւայլն), կաշառակերության և կաշառատվության, կոռուպցիայի մշակույթի առկայություն, ցուցադրական սպառողականության հակվածություն եւայլն:


                                    Դ.        Հետեւանքը` ժողովրդագրական համաղետ
                        Վերոնշյալ առարկայական և ենթակայական պայմանների հետեւանքով Հայաստանն ու հայ ժողովուրդը հայտնվել են ներկա ժամանակների իրենց ամենաոխերիմ թշնամու`  ժողովրդագրական ճիվաղի ճիրաններում: Արտագաղթը, չափազանց ցածր ու արդեն բացասական դարձող բնական աճը և ուծացումը հայերին ԱՆԽՆԱ հնձում են աշխարհի երեսից, իրենց հայրենիքում և արտերկրում:

                        ii.         Լուծման ուղիները
            Հայաստանում առկա են կամ մերթ ընդ մերթ շրջանառության մեջ են դրվում «փոսից դուրս գալու» առանձին կամ փոխկապակցված մոտեցումներ, առաջարկներ կամ պնդումներ. ազատ մրցակցային շուկայական հարաբերությունների հաստատում և ապաօլիգարխիացում, քաղաքականություն և տնտեսություն ոլորտների իրական և իրավական տարանջատում, արտահանման ուղվածությամբ արդյունաբերականացում, հաջողակ «վագրերի» օրինակների վրա մոտելավորում, «ստարտապերի» զարգացման ուղու որդեգրում, 4-րդ արդյունաբերական հեղափոխության գործընթացներին մասնակցություն, «մտքի աղքատության» թոթափում եւայլն:
            Հայաստանն իր խնդիրները պետք է լուծի ե'վ մեկնելով իր ներկա վիճակից ու գիտակցելով դրանց պատճառները, ե'վ գիտակցելով աշխարհում տիրող պայմաններն ու գործընթացները և վերջիններից անելով համապատասխան հետեւություններ:
            Ամփոփ վերհիշենք համաշխարհային իրադրությունն ու միտումները:
-           Իրական տնտեսությունում շահույթի ձեւավորման և կապիտալի կուտակման հնարավորությունների շարունակական նվազում և խցանում, այդ պատճառով կապիտալիզմի կառուցվածքային ճգնաժամ:
-           Տնտեսական աճի տեմպերի հետեւողական անկում:
-           Կապիտալի և տնտեսության սպեկուլատիվ բնույթի ֆինանսականացում, պարտքային տնտեսության ձեւավորում:
-           Թվային և ընդհանրապես նոր տեխնոլոգիական ոլորտների դեռեւս շարունակվող աճ, բայց
-           Թվային և նոր տեղնոլոգիաների աճի բացասական ներգործություն զբաղվածության ընդհանուր մակարդակի և լայն բնակչության կենսամակարդակի վրա:
-           Միջազգային առեւտրի ծավալների հետեւողական անկում:
-           Սպասվող ֆինանսատնտեսական փլուզում:
-           Սոցիալական բեւեռացվածության համընդհանուր խորացման և  հարուստ երկրներում միջին դասի էռոզիայի պատճառով ազատական- ժողովրդավարական համակարգի ճգնաժամ:
-           Ավտոմատացման գործընթացների տեւական առաջընթացի պատճառով աշխատանքի անհրաժեշտության ավարտի և աշխարհի` ավտոմատացված/ոչ ավտոմատացված երկրների միջեւ խզումի առաջացման միտում:
-           Նշված երեւույթների և գործընթացների պատճառով համընդհանուր սոցիո-մշակութային և քաղաքակրթական ճգնաժամ:
-           Ավելի արդար նոր հասարակարգի ձեւավորման հրամայական, որը, ի շարս այլ պայմանների, պահանջում է
-           Ավտոմատացման գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության հաստատում:
            Իսկ Հայաստանում տիրում են  հետեւյալ պայմանները:
-           Ձեւախեղված և  սեփական նյութական կարիքները բավարարելու քիչ ունակ տնտեսական կառուցվածք:
-           Ենթակառուցվածքների և տնտեսության ռազմավարական ճյուղերի օտար սեփականություն և վերահսկողություն:
-           Սեփականության և ռեսուրսների կենտրոնացվածություն:
-           Սոցիալական խիստ բեւեռացվածություն և մեծամասնության ցածր կենսամակարդակ:
-           Այս պայմանների պատճառով բարոյահոգեբանական ոչ դրական միջավայր:
Բայց նաեւ,
-           Թվային տնտեսության ոլորտում կենսունակություն և ներուժ:
-           Արտերկրահայության ներուժ:

            Տեղական և համաշխարհային վերոնշյալ իրադրության և հատկապես միտումների պայմաններում` Հայաստանը պետք է կարողանա
           Համաշխարհային ոչ բարենպաստ պայմաններում անգամ իր ներկա աննախանձելի վիճակից նախ անհապաղ հասնել արժանապատիվ կենսամակարդակի և հոգեմտավոր մակարդակի նվազագույն շեմի, և ապա նվաճել ավելի բարձր մակարդակներ: Դա ենթադրում  է ներկա հասարակարգի կանոնների հնարավորինս սպասարկեցում ընդհանուրի շահերին, այսինքն ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականության կիրառում:
           Պատրաստ լինել կենսունակ պայմաններում դիմավորելու վաղվա ավտոմատացված աշխարհի պայմանները` աշխատանքի հավանական ավարտ ու համաշխարհային մակարդակով համերաշխության բացակայության պարագայում` ավտոմատացված և ոչ ավտոմատացված երկրների միջեւ խզում: Դա ենթադրում է բարձր տեխնոլոգիական առաջընթացի ապահովում, դրա նկատմամբ հանրային վերահսկողության և մասնակցության ձեռքբերում, տեխնոլոգիական գիտելիքների հանրայնացում:
           Մասնակցել նոր որակի, ավելի ազատ, արդար և հավասար,  մարդու նյութական և հոգեմտավոր ինքնաիրացմանն ավելի հարիր միջավայրի և կամ հասարակարգի ձեւավորման համաշխարհային պայքարին, երկրում խթանել դրա տրամաբանությունն ու ներդնել համապատասխան մոդելներ:

            Այս խնդիրներից յուրաքանչյուրը քննենք առանձին:

                        Ա.        -           Ներկա հասարակարգի կանոնների հնարավորինս սպասարկեցում ընդհանուրի շահերին - ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն
            Հայաստանն անմիջականորեն պետք է լուծի երեք խնդիր. ապահովել երկրի ու ժողովրդի անվտանգությունը և պաշտպանունակությունը, բնակչության համար ներկան դարձնել տանելի, նույնիսկ հուսադրող, և նախապատրաստվել համաշխարհային փոխակերպումների հետեւանքներին:
            Այս անմիջական խնդիրների լուծման անհրաժեշտ նյութական և բարոյահոգեբանական հիմքի ստեղծման համար պետք է`
           վերատիրանալ օտարված ենթակառուցվածքներին ու ռազմավարական ճյուղերին,
           ձեւավորել երկրի կարիքները հնարավորինս բավարարելու ունակ տնտեսական առողջ կառուցվածք,
           ձեւավորել սեփականության, հարստության վերաբաշխման ու հասարակական հարաբերությունների արդար համակարգ,
           ապահովել կրթական ու մասնագիտական համապատասխան մակարդակ:

            Օտարված կառույցների նկատմամբ ազգային սեփականություն և վերահսկողություն հաստատելու հարցը պետք է լուծվի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում:
            Մյուս խնդիրների լուծումը պահանջում է ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականության կիրառում:
            Ինչո՞ւ սոցիալ-տեմոկրատական և ինչո՞ւ ընդգծված:
            Նախ երկու խոսք կապիտալիստական հարաբերությունների պայմաններում սոցիալական քաղաքականության հնարավորությունների մասին:
            Կապիտալիզմի գոյության իմաստը շահույթի ձեռքբերումն է, որի աղբյուրը վարձու աշխատանքի հենքի վրա ձեւավորվող հավելյալ արժեքն է: Շատ մեծ ծավալների հավելյալ արժեքի առկայությունը հնարավորություն է տալիս, բացի մեծ կապիտալիստներին գերշահույթներով ու առանձնաշնորհումներով ապահովելուց, բնակչության զգալի մասի համար ապահովել քիչ թե շատ ընդունելի կենսամակարդակ: Դա բխում է մեծ կապիտալի շահերից, որովհետեւ ապահովում է սոցիալական ու քաղաքական կայունությունը և երաշխավորում համակարգի անցնցում վերարտադրությունը: Դա ենթադրում է սոցիալ-ազատական և կամ սոցիալ-դեմոկրատական քաղաքականության կիրառում: Այդ քաղաքականությունը կիրառվել էր Բ. Համաշխարհային պատերազմը հաջորդած 2,5-3 տասնամյակներում կապիտալիստական համակարգի կենտրոնի հարուստ երկրներում (ԱՄՆ, Կանատա, արեւմտյան Եվրոպա, Ջապոնիա):
            Վերոնշյալ «և-և»-ի, այսինքն միաժամանակ մեծ կապիտալիստների դիրքերն անսասան պահելու և բնակչության զգալի մասին ընդունելի կենսամակարդակ ապահովելու քաղաքականությունը չեր կարող ունիվերսալ կիրառում ունենալ, որովհետեւ հնարավոր չէ աշխարհում ամենուր այդքան մեծ ծավալների հավելյալ արժեք ձեւավորել: Ավելին. համակարգի կենտրոնում այդ ծավալի առկայությունն առնվազն մասամբ պայմանավորված է եղել համակարգի ծայրամասերում դրա բացակայությամբ:
            Եթե ձեւավորվում է 100 միավոր հարստություն, որից 50-ը բավարար է ջնջին փոքրամասնության համար ապահովելու գերհհարուստի կարգավիճակ և առանձնաշնորհումներ, իշխանության լծակները տիրապետող այդ ջնջին փոքրամասնության շահերից է բխում, այդ կարգավիճակի շարունակականությունն ապահովելու համար, մնացած 50-ը բաշխել բնակչության, (ընդ որում ոչ հավասար հիմունքներով): Բայց եթե ձեւավորվում է          ոչ մեծ ծավալների հավելյալ արժեք, ընդամենը 50 կամ պակաս միավոր հարստություն, հնարավոր է բավարարել կա'մ մեծ կապիտալի շահերը, ի հաշիվ բնակչության մեծամասնության բարօրության, կա'մ ամբողջ բնակչության արժանապատիվ կենսամակարդակը, բացառելով մեծ կապիտալի գոյությունն ու շահերը: Առաջինը ենթադրում է ավտորիտար կամ բռնատիրական համակարգ, որովհետեւ կեղեքված բնակչությունը տրամաբանականորեն իրեն կեղեքողների վերարտադրությունն իր ազատ կամքով ընտրությունների միջոցով չի երաշխավորի: Երկրորդը ենթադրում է ոչ թե սոցիալ-ազատական կամ մեղմ սոցիալ-դեմոկրատական քաղաքականության, որն այնուամենայնիվ երաշխավորում է մեծ կապիտալի շահերը, այլ այդ շահերը անհրաժեշտաբար բացառող ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականության կիրառում: Այս վերջինը, ապահովելով սոցիալական արդարություն, միաժամանակ երաշխավորում է ժողովրդավարությունը:
            Կապիտալիզմի ճգնաժամը, այսինքն հավելյալ արժեքի, ուստի շահույթի ծավալների նվազումն ընդհանրապես վերացրել է «և-և»-ի հնարավորությունը: Այդ պատճառով դեռ 1970թթ.-ից կապիտալը հրաժարվել է մեղմ սոցիալ դեմոկրատիայից և նույնիսկ սոցիալ-ազատականությունից և որդեգրել ու աշխարհին պարտադրել նորազատականությունը: Հետեւանքները հայտնի են:
            Հայաստանն ընդգծված սոցիալ-դեմոկրատիայից այլընտրանք չունի: Դա նշանակում է հավելյալ արժեքի ծառայեցում ընդհանուրի բարօրության նպատակին, թույլ չտալով, որ դա նախկինի նման յուրացվի փոքրաթիվ օլիգարխների կողմից:
            Այդ քաղաքականությունը ենթադրում է հավելյալ արժեքի մեծ մասի կենտրոնացում հանրային սեկտորում և դրա օգտագործում վերոնշյալ խնդիրների լուծման համար: Դա չի նշանակում մասնավոր սեփականության և մասնավոր շահույթի արգելք, այլ դրանց սահմանափակման մեխանիզմների  ներդրնում, մասնավոր հատվածում մեծ կապիտալի կենտրոնացման արգելակում:
            Ներկա ժամանակները պահանջում են ժուժկալություն, ի հակադրություն զեխության և ցուցադրական սպառողականության: Քչացող հավելյալ արժեքը և բոլոր ռեսուրսները պետք է օպտիմալ կերպով օգտագործել դրված խնդիրների լուծման համար, այլ ոչ երբեք, ի հաշիվ ընդհանուրի բարօրության, երկրի անվտանգության ու ապագային` անհատների հարստացման ու զեխ կյանքի համար:
            Չորս տասնամյակներ առաջ նորազատականությունը պետությունն ու հանրային հատվածը հռչակեց վատ տնտեսվարներ: Դա գաղափարախոսական կատարյալ ձեռնածություն էր: Հանրային/մասնավոր Խառը տնտեսությունը ետ-Բ Համաշխարհային պատերազմյան 3 տասնամյակներում արեւմուտքում տվել էր հրաշալի արդյունքներ: Սկանդինավյան երկրները դարձել  են` այն ինչ են, խառը տնտեսության և սոցիալ-դեմոկրատիայի շնորհիվ: Հանրային հատվածը վատ տնտեսվար չէ: Դա չի նշանակում, ի հարկե, որ այն չի կարող վատ տնտեսվարվել: Կարող է,  ինչպես կարող է վատ տնտեսվարվել մասնավոր սեփականությունը: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է տեւապես թարմացնել ու կատարելագործել կոռուբցիայի բացառման և որակի ապահովման մեխանիզմները:
            Հայաստանում ներկայում ներկայացուցչական ժողովրդավարություն է: Բայց այս իրավիճակը խախուտ է` այնքան ժամանակ, որ այն հենված չէ սոցիալապես քիչ թե շատ համասեռ հասարակության վրա: Ժողովրդավարության ամրագրման համար սահմանադրական և օրենսդրական փոփոխությունները խիստ անհրաժեշտ են, բայց դրանք կմնան թղթի կտորներ, եթե դրանց հենքը չդառնա սոցիալապես չբեւեռացված կամ առնվազն քիչ բեւեռացված հասարակությունը:

            Այսպես, ինչպիսի՞ տնտեսություն և սոցիալական հարաբերություններ պետք է լինեն Հայաստանում: 

ա.        Տնտեսության կառուցվածք
           Գյուղատնտեսություն
            - Հասնել երկրագործական բոլոր, ներառյալ ներկայում անմշակ թողնված  հողերի օպտիմալ օգտագործման, կատարել մելյորացման աշխատանքներ:
            - Պարենային անվտանգությունը հնարավորինս ապահովել տեղական միջոցներով: 
           Հանքարդյունահանում և հանքարդյունաբերություն
            - Հրաժարվել նոր մետաղահանքերի շահագործումից: Գործող մետաղահանքերին պարտադրել բնապահպանական խիստ նորմեր:
            - Ոչ մետաղային հանքարդյունաբերությունն ու վերամշակումը զարգացնել` պահպանելով բնապահպանական նորմերը:          
           Արդյունաբերություն
            - Սեփական կարիքները (լայն և ոչ լայն սպառման) հնարավորինս արտադրել տեղում: Առաջնորդվել ոչ թե անհրաժեշտաբար շահույթի շարժառիթով, այլ որակի ապահովման և ինքնարժեքի վերադարձելիության չափանիշներով:
           Թվային տեխնոլոգիաներ (տեսնել ստորեւ)
•Ֆինանսական համակարգ և բանկեր
            - Հնարավորինս ցածր տոկոսադրույքներով, արտադրության խթանման ուղղվածությամբ բանկային համակարգ, փոխօգնության և ինքնաֆինանսավորման համակարգ:
           Որակյալ ենթակառուցվածքներ:
           վերարտադրվող էներգոարտադրություն:
           Լայյնատարած ծառատնկում, անտառապատում:

պ.        Սեփականության և աշխատանքային հարաբերություններ
           Օտար սեփականության ենթակա ռազմավարական ձեռնարկությունների և ենթակառուցվածքների ազգայնացում:
           Մասնավոր մենաշնորհների և կվազիմենաշնորհների օրինական և գործնական արգելանք:
           Տեղական մեծ և ռազմավարական ձեռնարկություններում հանրային զգալի սեփականության մասնաբաժնի հաստատում:
           Մասնավոր հատվածում գերշահույթի և կապիտալի կենտրոնացման ու գերկուտակման սահմանափակում:
           Արտադրական և սպառողական կոոպերատիվներ:
           Հանրային որակյալ և անվճառ կրթության և առողջապահության ապահովում:
           Երկրագործական լատիֆունդիաների վերացում, ընտանեկան ֆերմերության և կոոպերատիվների խթանում, անհրաժեշտության պարագայում (անմշակ հողերը բացառելու նպատակով) հանրային հիմունքներով գյուղատնտեսական ծրագրերի իրականացում:
           Դրամաւարկային, մաքսային և հարկային համապատասխան քաղաքականություն, պրոգռեսիվ շահութահարկ և եկամտահարկ:
           Արժանապատիվ աշխատանքային պայմաններ:
           Բոլոր հնարավոր ոլորտներում (արդյունաբերություն, ծառայություններ, պետական ծրագրով երկրագործություն եւայլն) վարձու աշխատողների սեփականության և որոշումների մասնակցության արդյունավետ մեխանիզմների մշակում և ներդնում:
           Հորիզոնական հարաբերությունների խթանում:

գ.         Միջոցներ
           Թալանված հարստության հետբերում:
           Երկրում ստեղծված և հանրային վերահսկողության ներքո կենտրոնացված հավելյալ արժեք:
           Հանրային սեփականությունից եկամուտներ:
           Բանկային և փոխօգնության ֆինանսական համակարգի կողմից վարկավորում:
           Տեղական և արտասահմանյան մասնավոր ներդրումներ:
           Հարկեր, մաքսային մուտքեր:
           Համահայկական միջոցներ:
           Միջազգային օժանդակություն:

դ.         Կրթություն
           Կրթվածության և գիտելիքների տեւական ապահովում, սովորելու մշակույթի ձեւավորում և արմատավորում:
           Տնտեսական վերոնշյալ գործունեության անհրաժեշտ մարդուժի պատրաստություն, ինժիներների, վարպետների և որակյալ բանվորների պատրաստություն:
           Հոգեմտավոր հորիզոնի ընդլայնում, մարդու և ազգի ինքնաիրացման արժեքների սերմանում:

            Վերոնշյալ միջոցառումները պետք է ծառայեն ե'վ ներկան բարելավելու, ե'վ վաղվա ավտոմատացված աշխարհը հնարավորինս նպաստավոր դիրքերից դիմավորելու:

                        Բ.         Բարձր տեխնոլոգիական առաջընթացի ապահովում, հանրային վերահսկողության և մասնակցության ձեռքբերում, գիտելիքների հանրայնացում
           Նորագույն տեխնոլոգիաների զարգացման գործընթացի հետ քայլ պահելն ու դրանում ներգրավված լինելը Հայաստանի համար ունեն անգնահատելի նշանակություն և կարեւորություն:
            Փոխակերպվող ներկա աշխարհում պետությունների և ազգերի կողմից նորագույն տեխնոլոգիաներով օժտվածությունն ու նրանց տիրապետումը լինելու են կենսունակության և գերիշխանության գլխավոր երաշխիքներ: Հայաստանը, չնայած բազմաթիվ այլ առումներով իր աննախանձելի վիճակին, թվային տեխնոլոգիաներում մտավոր հմտությունների և ներուժի առումով գտնվում է նպաստավոր դիրքերում: Խելամիտ կերպով օգտագործվելու պարագայում այս առավելությունը կարող է դառնալ կենսունակության և գերիշխանության նվաճման ու պահպանման կարեւորագույն կռվան:
           Տեխնոլոգիաները հասարակական կոնկրետ հարաբերություններից անջատ, նրանցից վերացած երեւույթներ չեն: Դրանք հարաբերությունների կոնկրետ պայմաններում կոնկրետ խնդիրներ լուծելու գործիքներ են:
            Թեեւ թվային տեխնոլոգիաները, առավել եւս նրանց երկրորդ սերունդը (արհեստական բանականություն եւայլն) հեղաշրջում են աշխարհը,, մարդկանց կենցաղն ու կացութաձեւը, սեփականության և սոցիալական ներկա հարաբերությունների պայմաններում նրանց առաջընթացից ֆինանսապես օգտվում են միայն համապատասխան ձեռնարկությունների աննշան թվով սեփականատերերն ու փոքր շերտ կազմող մասնագետները: Ավելին. տնտեսության ավանդական ոլորտներում նրանք աշխատատեսակներ ու աշխատատեղեր են վերացնում և գործազրկության կտրուկ աճի պատճառ դառնում:
            Հետեւաբար նորագույն տեխնոլոգիաները, ներկա հարաբերությունների պայմաններում, ունակ չեն ամբողջ հասարակության բարօրության ու պետության հզորացման լծակ հանդիսանալ:
           Գալիք աշխարհի ինչպիսին լինելը կախված է լինելու այն բանից, թե ո՞վ է վերահսկելու տեխնոլոգիաները:
            Աշխարհը, ավտոմատացման և կապիտալիզմի կառուցվածքային ճգնաժամի պատճառով, հայտնվել է եթե ոչ լիարժեք համակարգափոխության, առնվազն նոր միջավայրի ձեւավորման շեմին: Բայց նոր հասարակարգի կամ միջավայրի բնույթն ու որակն այսօրվանից կանխատեսելի չեն:  Դրանք կարող են լինել ներկայինից լավը, կամ վատը, կախված ներկայում ընթացող և առաջիկա տարիներին ու 1-2 տասնամյակներում ընթանալիք պայքարի հանգուցալուծումից: Սակայն անկախ դրանից, թե ո՞ր տարբերակը հաղթական դուրս կգա այդ պայքարից, մի բան պարզ է. նոր հասարակարգում կամ միջավայրում նոր տեխնոլոգիաներին վերապահված է լինելու առանցքային դերակատարություն և նշանակություն: Հօգուտ ժողովուրդների հանգուցալուծման պարագայում ավտոմատացումըմարդկանց շնորհելու է ազատ ժամանակ, ինչը մարդու ֆիզիքական և հոգեմտավոր ազատ գործունեության, ազատ ստեղծագործականության իրացման նախապայմանն է: Իսկ հօգուտ առանձնաշնորհյալ փոքրամասնության հանգուցալուծման պարագայում տեխնոլոգիաները վերջինների ձեռքում լինելու են մեծամասնության ճնշման և հպատակեցման գործիքներ:
           Երկու հետեւություն.
            - Նորագույն տեխնոլոգիաներն ունակ չեն առանձինն, առանց վերոնշյալ ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականության, ամբողջ Հայաստանը XX-րդ դարից, որոշ դեպքերում XIX դարից տեղափոխել XXI դարի երկրոդ քառորդ կամ կես:
            - Նորագույն տեխնոլոգիաներն ու ավտոմատացումը մարդկության, աշխարհին ու Հայաստանին անհրաժեշտ են բացառապես որպես ազատության ձեռքբերման գործիք, իսկ դրանք կարող են լինել այդպիսին` միայն եթե հաստատապես գտնվեն հանրային, այլ ոչ  փոքրաթիվ վերնախավերի վերահսկողության ներքո: Հայաստանի համար այդ վերահսկողության կայացումն այլընտրանք չունի:
           Աշխարհում ձեւավորվելիք նոր միջավայրի կամ հասարակարգի հնարավոր երկու տարբերակներից ներկայինից լավը պայմանականորեն անվանենք համերաշխ աշխարհ, իսկ ավելի վատը` էլիտիստ աշխարհ: Այս երկու տարբերակներում Հայաստանը տեսականորեն կարող է հայտնվել հետեւյալ չորս վիճակներից մեկում:
- Համերաշխ աշխարհ/տեխնոլոգիական Հայաստան
- Համերաշխ աշխարհ/ոչ տեխնոլոգիական Հայաստան
- Էլիտիստ աշխարհ/տեխնոլոգիական Հայաստան
- Էլիտիստ աշխարհ/ոչ տեխնոլոգիական Հայաստան
            Հայաստանի համար լավագույն տարբերակն ի հարկե առաջինն է, վատագույնը` չորրորդը: Հայաստանն իր ամեն հնարավորը պետք է անի դառնալու համերաշխ տեխնոլոգիական երկիր և նպաստելու համերաշխ աշխարհի ձեւավորմանը:
           Բարձր տեխնոլոգիաների առաջընթացի հարցում ռազմական ոլորտն ունի առանցքային նշանակություն: Բացի անվտանգային խնդիրների լուծման ծառայելուց, ռազմական ոլորտում տեխնոլոգիական հետազոտությունները հանդիսանում են քաղաքացիական ոլորտի նորարարությունների հիմքը: Թե' պաշտպանական և անվտանգային կարեւորագույն մարտահրավերների լուծման և թե' տեխնոլոգիական ընդհանուր մրցավազքում հաջողությունների հասնելու համար Հայաստանում, ավելորդ է ասել, առաջնահերթություն պետք է համարվի ռազմական ոլորտի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ամբողջական շղթայի ռազմավարության մշակումն ու իրականացումը, գիտահետազոտական աշխատանքներից և նմույշների արտադրությունից մինչեւ պետական պատվեր և մասսայական արտադրություն:
           Վաղվա ավտոմատացված աշխարհի երկու` թե' համերաշխ և թե' էլիտիստ տարբերակներին պատրաստ գտնվելու համար Հայաստանում առաջնային պետք է համարվի ավտոմատացման գործընթացների հանրային վերահսկողության ապահովումը : Դա ենթադրում է մի կողմից այդ գործընթացներում սեփականության հանրային մասնակցության ապահովում ու մյուս կողմից թվային  գիտելիքների և կրթության (ներառյալ արհեստական բանականություն ռոպոտաշինություն) հանրայնացում: Գիտելիքների հնարավորինս տիրապետումը և գործընթացների հանրային վերահսկողությունը համերաշ հասարակարգի նախապայմանն իսկ է: Իսկ էլիտիստ աշխարհի ձեւավորման պարագայում այդ գիտելիքներն ու վերահսկողությունը լինելու են դրանից երկրի ու ժողովրդի պաշտպանվածության էական կռվան:
           Առաջնահերթությունն այս երկու ուղղություններին տալով հանդերձ, թվային տեխնոլոգիական միջավայրի աշխուժացման նպատակով` պետությունը պետք է նաեւ նպաստի մասնավոր շահ հետապնդող ստարտապերի և այլ մասնավոր նախաձեռնությունների զարգացման պայմանների ապահովմանը: Տեխնոլոգիական համաշխարհային գործընթացներին հետ քայլ պահելու և դրանցում ներգրավվելու նպատակով Հայաստանը պարտավոր է մասամբ համակերպվել այդ ոլորտում տիրող խաղի կանոններին: Ոլորտում գործընթացները պետք է լինեն վերահսկված և ուղղորդված` ըստ երկրի առաջնահերթություններին, բայց միաժամանակ լինեն արտոնյալ ու ընթանան հանգիստ մթնոլորտում, առանց անտեղի միջամտությունների:

            Կապիտալիզմի ճգնաժամը և հավանական վախճանը, կապիտալիզմի և ժողովրդավարության գնալով ավելի անհամատեղելիությունը, այս համակարգի պայմաններում ավտոմատացման ստեղծած և ստեղծելիք անլուծելի խնդիրները, ապագայի առումով նույն ավտոմատացման ընձեռած երկու` լավ և վատ հնարավորությունները մարդկության, ուստի և Հայաստանին առարկայականորեն կանգնեցրել են կարեւոր ընտրության հրամայականի առջեւ:
            Դա առաջին հերթին աշխարհընկալման, կենսափիլիսոփայության, քաղաքակրթական մոդելի հարցերում ընտրություն կատարելու հրամայական է:
            Հարստանալու և ապա նորից հարստանալու` մարդկանց մեծամասնության համար անհասանելի ձգտումը աշխարհը (Հայաստանը) հասցրել է աղետալի հետեւանքների շեմին:
            Հին պարադիգմները սպառվել են: Նորերը լինելու են կամ ավելի լավի առաջնորդող, կամ ավելի վատի: Չկա այլ տարբերակ: Միամտորեն հին կարծրատիպերից կառչումը ծառայելու է վատի հաղթանակին:
            Առողջ , լիարժեք, արժանապատիվ և ազատության իրացման պայմաններում, ներհասարակական, մարդ/բնություն և մարդ/հասարակություն/պետություն ներդաշնակ ու համերաշխ հարաբերություններում ապրելու ձգտումը դարձել է առարկայականորեն ավելի հասանելի: Հասանելի բայց ոչ կանխորոշված:
            Մարդկությունը, եթե ուզում է ապրել մարդավայել, և Հայաստանը, եթե ուզում է գոյատեւել և դառնալ կենսունակ երկիր, չունեն այլընտրանք` քան անխտիր բոլորի արժանապատիվ գոյություն և համերաշխ հարաբերություններ ապահովող հասարակարգի ձեւավորումը: Սա արդեն ոչ թե կամ ոչ միայն բարոյականության խնդիր է, այլ ժամանակների թելադրանքը, պահանջը, պարտադրանքը:
            Միտված լինելով վերացնելու աշխատանքի անհրաժեշտությունը, ամբողջական ավտոմատացման գործընթացը հղի է բովանդակ պատմության ընթացքում առաջին անգամ մարդ էակին լիարժեք ազատություն շնորհելու ներուժով: Ազատված լինելով իր ֆիզիքական գոյությունն ու վերարտադրությունն ապահովելու համար աշխատելու հարկադրանքից, մարդը հնարավորություն է ունենալու իր ազատ ժամանակը հատկացնել ֆիզիքական և հոգեմտավոր ազատ գործունեության, իրացնել իր էությունը, դառնալ ազատ ստեղծագործող:
            Կարողանալո՞ւ է մարդը նվաճել լիարժեք ազատություն թե ընդհակառակը, կորցնելու է իր սահմանափակ ազատությունը կախված է այն բանից, թե ունենալո՞ւ է բավարար վճռակամություն որդեգրելու մարդու էության ավելի հարիր կենսափիլիսոփայություն, ձեւավորելու նոր որակի հասարակական հարաբերություններ, կրելո՞ւ է իր մեջ այդ հասարակության արժեքները, ձեռք բերելու՞ է առաջին հերթին ներքին ազատություն, թե ոչ:
            Ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականությունն այս ուղղությամբ կատարվելիք առաջին քայլ է: Այն դեռեւս մասամբ տնտեսական կատեգորիաներով առաջնորդվող տիրույթ է: Հաջորդ քայլը պետք է լինի քաղաքական և տնտեսական ոլորտների ամբողջական վերամիավորումը:  Այս դեպքում է միայն, որ ժողովրդավարությունը կդառնա իրականություն, որովհետեւ ժողովրդավարությունը ավելի շատ ձեւ է, քան բովանդակություն, երբ առկա է միայն քաղաքական ոլորտում (այն էլ բացառապես ներկայացուցչական տեսքով), բայց ոչ կամ մասամբ միայն` տնտեսական ոլորտում:
            Այսօրվանից պետք է սկսել մշակել ու կիրառել թե' ներանձնային և թե' միջանձնային ու հասարակական ներդաշնակ և համերաշխ նոր կենսակերպ: 
            Ի տարբերություն և հակադրություն շահույթի և տնտեսական աճի ձգտման, պետք է այսօրվանից սկսել ձգտել ապաապրանքայնացման, նյութական առողջ կարիքների և հոգեմտավոր պահանջների բավարարման):
            Պետք է այսօրվանից բոլոր հարթություններում սկսել ձեւավորել համագործակցային, մասնակցային, համերաշխային բնույթի ինքնակազմակերպման հարթակներ, թե ներկա խնդիրները լուծելու, թե ապագա աշխարհը նախապատրաստելու համար:
            Պետք է սկսել նպատակադրված կերպով մշակել հանրային, հավաքական, համագործակցային սեփականության մտայնությունն ու կիրառման ձեւերը:
            Պետք է այսօրվանից սերմանել ինքնակառավարման, հորիզոնական հարաբերությունների, մասնակցային և ուղիղ ժողովրդավարության գաղափարներն ու տրամաբանությունը և փորձարկել համապատասխան մոտելներ:
            հանգամանքների բերումով հայու և Հայաստանցու ձեռք բերած բնավորության վատ գծերի դեմ պետք է մղել պայքար, քաջալերել և խթանել լավ գծերը:
            Պետք է տեւապես խթանել մարդկայնական սկզբունքներով (ներառյալ և անհրաժեշտաբար առողջ հայրենասիրությամբ) առաջնորդվող, համերաշխ և համագործակցող հայ մարդու տեսակը:
            սրանք են այն անելիքները, որոնք ունակ են լուծելու մարդկային և ազգային արժանապատիվ կյանքի ապահովման և ընդհանրապես գոյութենական խնդիրները:

Վերջնական ամփոփում

            Արտաքին և անվտանգային քաղաքականության ուղենշերը:
           Առավելագույն հնարավոր ինքնիշխանության ձեռքբերում, այսինքն` բոլոր երկրների,  առաջին հերթին Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատում:
           Բոլոր (առաջին հերթին պաշտպանական) առումներով հզորության անհապաղ ձեռքբերում:
           Տարածաշրջանում աշխարհքաղաքական հնարավոր դատարկության Թուրքիայի կողմից կլանումը կանխելու նպատակով` մինչեւ սեփական հզորության ձեռքբերում Ռուսաստանի ռազմավարական առումով ներկայության պահպանում:
           Տարածաշրջանային անվտանգության ապահովման և հավանական դատարկության այլ ուժերի կողմից շահագործումը կանխելու նպատակով սեփական ուժերով և տարածաշրջանային ու դրանից դուրս շահագրգիռ ուժերի հետ համատեղ անվտանգային դասավորության ձեւավորում:

            Ներհասարակական հարաբերությունների և սոցիալ տնտեսական քաղաքականության ուղենշերը:
           Նախ անհապաղ հասնել արժանապատիվ կենսամակարդակի և հոգեմտավոր մակարդակի նվազագույն շեմի, ապա նվաճել ավելի բարձր մակարդակներ: Այդ նպատակով` կիրառել ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն:
           Պատրաստվել կենսունակ պայմաններում դիմավորելու վաղվա ավտոմատացված աշխարհի պայմանները: Դա ենթադրում է բարձր տեխնոլոգիական առաջընթացի ապահովում, դրա նկատմամբ հանրային վերահսկողության և մասնակցության ձեռքբերում, տեխնոլոգիական գիտելիքների հանրայնացում:
           Մասնակցել նոր որակի, ավելի ազատ, արդար և հավասար,  մարդու նյութական և հոգեմտավոր ինքնաիրացմանն ավելի հարիր միջավայրի և կամ հասարակարգի ձեւավորման համաշխարհային պայքարին, աշխատանքներ տանել երկրի ներսում դրա նախադրյալների ստեղծման ուղղությամբ:


Comments

Popular posts from this blog

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (1) | Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը