«Փոսից դուրս գալու» ճանապարհների կապակցությամբ շրջանառվող որոշ առաջարկությունների մասին



            Հայաստանում առկա են կամ մերթ ընդ մերթ շրջանառության մեջ են դրվում «փոսից դուրս գալու» առանձին կամ փոխկապակցված մոտեցումներ, առաջարկներ կամ պնդումներ. ազատ մրցակցային շուկայական հարաբերությունների հաստատում և ապաօլիգարխիացում, քաղաքականություն և տնտեսություն ոլորտների իրական և իրավական տարանջատում, արտահանման ուղվածությամբ արդյունաբերականացում, հաջողակ «վագրերի» օրինակների վրա մոտելավորում, «ստարտապերի» զարգացման ուղու որդեգրում, 4-րդ արդյունաբերական հեղափոխության գործընթացներին մասնակցություն, «մտքի աղքատության» թոթափում եւայլն:
            Այս մոտեցումներից որոշներն ինքնախափեություն են և կամ շարունակում են առաջնորդվել սպառված համակարգի տրամաբանությամբ ու այդ պատճառով ժամանակավրեպ են ու դատապարտված, իսկ մի քանիսը կիսատ են.


1դասական լիբերալիզմ, ազատ մրցակցային շուկայական տնտեսություն
            Չնայած 2008թ. ֆինանսատնտեսական մեծ անկումը, վերականգնման բացակայությունն ու տեղի ունեցող ներկա հուզումները աշխարհով մեկ քանդել են «ազատ կապիտալիզմի» շուրջ ձեւավորված նախկին պատրանքները,  Հայաստանում «փոսից» դուրս գալու, առաջընթացի ու զարգացման «այլընտրանքային» գլխավոր դիսկուրսը շարունակում է մնալ «ազատ մրցակցային շուկայական» տնտեսության անհրաժեշտության թեզիսը:
            Ըստ այս վաղուց հնացած դիսկուրսի, Տնտեսական զարգացման, սոցիալական խնդիրների լուծման և ընդհանրապես հասարակության առաջընթացի բանալին իսկական,, ոչ օլիգարխիական, ազատ շուկայական, ազատ մրցակցային կապիտալիզմն է: Օլիգարխիան և մենաշնորհները հակասում են կապիտալիզմին, նրա սկզբունքներին, խոչընդոտում են առողջ զարգացմանը և ժողովրդավարությանը: Արեւմուտքը զարգացած, ժողովրդավարական և հարուստ է որովհետեւ այնտեղ իշխում է ազատ մրցակցության օրենքը: Հայաստանում 20 և կամ ավելի տարիներ չի եղել կապիտալիզմ, կամ էլ այն ինչ եղել է` եղել է ոչ իսկական, վայրի և օլիգարխիական կապիտալիզմ: Որպեսզի Հայաստանը  մտնի զարգացման և ժողովրդավարության հուն, հակակապիտալիզմից կամ վատ կապիտալիզմից պետք է շրջվել դեպի իսկական, ազատ շուկայական մրցակցային  կապիտալիզմ:
            Այս դիսկուրսն ինքնախափեություն է, այն դեպքում, երբ գաղափարախոսական աճպարարություն չէ: Բացարձակ ազատ ու նույնիսկ դրան մոտեցող մրցակցային շուկայական կապիտալիզմը գոյություն է ունեցել միայն տնտեսագիտական դասագրքերում: Կատարյալ կամ մերձ-կատարյալ մրցակցային պայմաններում լավագույն պարագայում հնարավոր է ապահովել չնչին շահույթ, իսկ կապիտալիզմը երբեք դրանով չի բավարարվում: Չկա կապիտալիզմ առանց գերշահույթի, և չկա գերշահույթ առանց մենաշնորհների և օլիգոպոլիաների, առանց պլուտոկրատիայի (հարստաիշխանություն): Մեծ կապիտալը միշտ կլանում է փոքրին:
            Այնուամենայնիվ, թյուրիմացությունն ունի որոշ պատճառ: Որոշակի պայմանների առկայության պարագայում հնարավոր է, նույնիսկ էությամբ մենաշնորհային կապիտալիզմի և պլուտոկրատիայի պայմաններում, մենաշնորհային ոլորտներից դուրս ձեւավորել համեմատաբար մրցակցային հարաբերություններ, և, որն ավելի էական է, ոչ սեփականատերերին` վարձու աշխատողներին, այսինքն բնակչության մեծամասնության համար ապահովել կենսամակարդակի քիչ թե շատ արժանապատիվ պայմաններ: Նման հնարավորության պայմանը մեծ ծավալների հարստության կուտակումն է: Այդ ծավալների առկայությունը հնարավորություն է տալիս, մեծ կապիտալիստներին կամ պլուտոկրատներին գերշահույթներ և առանձնաշնորհյալ  պայմաններ ապահովելուց բացի, բնակչության զգալի հատվածի համար ապահովել կեցության քիչ թե շատ ընդունելի պայմաններ: Դրանով է պայմանավորված նաեւ ժողովրդավար պետություն լինել չլինելու հարցը: Պլուտոկրատական համակարգի` առանց ցնցումների, ընտրությունների միջոցով վերարտադրությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ընտրողների մեծամասնությունը դժգոհ չէ իր կեցության պայմաններից: Պլուտոկրատներին ձեռնտու է, երբ հարստության ծավալները թույլ տալիս են, դրանից բաժին հանել ընդհանուրին ու գնել նրանց լոյալությունը, քան լրացուցիչ ագահությամբ նրանց մղել ընդվզման ու վտանգել սեփական կարգավիճակը:
            Բայց այն դեպքում, երբ հնարավոր չէ ձեւավորել այդքան մեծ ծավալի հարստություն, առկա, ավելի սահմանափակ հարստությունը յուրացվում է կապիտալի մեծ տերերի, պլուտոկրատների կողմից, նրանց կողմից թույլ չի տրվում ձեւավորել կամ ինքնըստինքյան չի ձեւավորվում մրցակցային շուկա, իսկ բնակչության մեծամասնությունը ապրում է աղքատության մեջ: Նման պայմանները կարող են պահպանվել և վերարտադրվել միայն բռնությամբ, ոչ` քվեատուփի միջոցով, որովհետեւ Իր պայմաններից դժգոհ մարդը տրամաբանականորեն ինքնակամ չի քվեարկի այդ պայմանների վերարտադրության օգտին իսկ իշխանության լծակներին տիրապետող պլուտոկրատների կողմից նման իրավիճակում ժողովրդի ազատ կամարտահայտության թույլտվությունը համազոր կլինի ինքնասպանության:
            Արդ, աշխարհում ամենուր մեծ ծավալների հարստության (կապիտալի) կուտակումը, առավել եւս  դրա համահարթ բաշխումը հնարավոր չէ: Լինելով իր բնույթով իսկ մենաշնորհային և կենտրոնացնող, կապիտալիզմը նման երեւույթ թույլ չի տալիս: Ավելին. կապիտալի և հարստության որոշ վայրերում մեծ ծավալներով կուտակումը առնվազն մասամբ պայմանավորված է այլ վայրերում այդ հնարավորության բացառումով: Կապիտալիզմը աշխարհամակարգ է, բաղկացած կենտրոնից, որտեղ կուտակվում է հարստությունը,  և ծայրամասերից, որտեղ կամ ձեւավորված հարստության մեծ մասը հոսում է դեպի կենտրոն և կամ չի ձեւավորվում նույնքան մեծ ծավալի հարստություն: Համակարգը սնվում է այդ ներքին տարբաժանումից:
            Կապիտալիստական համակարգի կենտրոնի` արեւմտյան «զարգացած» և «քաղաքակիրթ» երկրների և մյուս «թեր զարգացած» ու «հետամնաց» երկրների տարբերությունը կայացել է այս իրողության, ոչ թե առաջինների ազատ մրցակցային» տնտեսության կանոններով առաջնորդվելու  իրողության մեջ: Նրանք բոլորն էլ պլուտոկրատական են: Հարստության ծավալներն առաջիններին հնարավորություն են տվել բնակչության զգալի մասի համար եւս ապահովել որոշ չափով բարեկեցիկ կենսամակարդակ և կիրառել ներկայացուցչական ժողովրդավարություն, մյուսներին` ոչ:
            Այն դիսկուրսը, ըստ որի գոյություն ունի զարգացման ունիվերսալ մոդել, արեւմտյան հարուստ և ժողովրդավարական երկրների ազատ մրցակցային մոդելը, որին հետեւելու պարագայում աշխարհի բոլոր երկրները կհասնեն նրանց մակարդակին, իրականության աղավաղում և աճպարարություն է:
            Ոչ ոք չի կարող հերքել ի հարկե, որ անցնող մի քանի տասնամյակներում շատ փոքր թվով երկրների հաջողվել է թռիչքային աճ արձանագրել և կենսամակարդակի առումով մոտենալ հարուստ երկրդերին: Բայց նրանք այդ արդյունքին «ազատ մրցակցության» ճանապարհով չեն հասել և այդ օրինակները եղել են բացառություն, ոչ թե կանոն:
            Հայաստանի բնակչության մեծամասնությունը ապրել է աղքատության մեջ ոչ թե որովհետեւ հնարավոր է եղել կիրառել ազատ մրցակցային շուկայական կապիտալիստական տնտեսություն ու այն չի արվել, ոչ էլ որովհետեւ տեղական պլուտոկրատիան (օլիգարխիան) կարող էր, արեւմտյան հարուստ ու ժողովրդավարական երկրների նմանությամբ,   հարստության մի մասը բաժին հանել ժողովրդին ու միաժամանակ մնալ պլուտոկրատ, բայց այն չի արել բացառապես ագահությունից դրդված:
            Հայաստանը չեր կարող և չի կարող դառնալ ազատ շուկայական մրցակցային կապիտալիստական երկիր որովհետեւ բնության մեջ գոյություն չունի նման երեւույթ, որովհետեւ կապիտալիզմը էությամբ մենաշնորհային և պլուտոկրատական է: Հայաստանում չեր կարող և չի կարող լինել միաժամանակ գերհարուստների պլուտոկրատական խավ և արժանապատիվ կենսամակարդակով ապահովված մեծամասնություն, ինչպես այն եղել էր արեւմուտքում, որովհետեւ դա ենթադրում է ահռելի ծավալների հարստության գենեռացում, ինչը Հայաստանում չկար և չի կարող լինել նաեւ այսուհետեւ: Դա չի նշանակում, որ Հայաստանի բնակչությունը չեր կարող և չի կարող ապրել արժանապատիվ կյանքով: Կարող է, բայց դա պահանջում է պլուտոկրատ կարգավիճակի և պլուտոկրատական հարաբերությունների վերացում: Ընդհանուրի բարօրությունն ու պլուտոկրատիան անհամատեղելի են: Հայաստանում ժողովրդի մեծամասնությունը ապրել է աղքատ և երկրում տիրել են  ավտորիտար կարգեր, որովհետեւ պլուտոկրատական համակարգն ու հարաբերությունները չեն վերացել: 2018թ. իշխանափոխությունից հետո եզս այդ հարաբերություններից շատ բան չի փոխվել: Այդ պատճառով էլ ներկա ժողովրդավարության հիմքերը մնում են խախուտ:
            Ներկա ժամանակներում աշխարհում տեղի է ունենում խորագույն փոխակերպում, որի պատճառով կապիտալիստական համակարգի կենտրոնի երկրները եւս «վարակվում» են ծայրամասերի վիճակով: Կապիտալիզմի կառուցվածքային և գոյութենական ճգնաժամի պատճառով հարստության կուտակման տեմպերը տեւապես պակասում են: Այդ պատճառով հարուստ երկրների պլուտոկրատները եւս, աղքատ երկրների պլուտոկրատների նմանությամբ, յուրացնում են առկա և նոր ստեղծվող հարստությունը, առանց լայն բնակչությանը դրանից բաժին հանելու (նորազատականություն): Այդ պատճառով այդ երկրներում եւս տեղի են ունենում սոցիալական ու այլ բնույթի հուզումներ, իսկ  ժողովրդավարության պատերն արդեն սկսում են ճագեր տալ: Պատմության հեգնանքով և ի հեճուկս «ազատ մրցակցության» դիսկուրսի ջատագովների, ոչ թե «թերզարգացած» երկրներն են քայլում «զարգացածների» ուղղությամբ, այլ վերջիններն են որոշ քայլեր անում առաջինների ուղղությամբ:
            Վերջ է գտնում կապիտալիզմի պայմաններում ընդհանուրի բարօրության և ժողովրդավարության հնարավորությունը:


* Անգամ եթե ինչ որ հրաշքով հնարավոր լիներ ազատ մրցակցային հարաբերությունների կայացումը, դա չեր երաշխավորելու ընդհանուր բնակչության բարեկեցությունը: Դա լինելու էր բազմաթիվների միջեւ մրցակցություն իսկ այդ բազմաթիվներից յուրաքանչյուրն ունենալու էր բազմաթիվ վարձու աշխատողներ: Կատարյալ կամ մերձ-կատարյալ մրցակցության պայմաններում յուրաքանչյուր մինի-կապիտալիստի շահույթը լինելու էր սահմանափակ, և նա (նրանք բոլորը), շահույթը մեծացնելու նպատակով կրճատելու էր իր ծախսերը, այսինքն  կրճատելու իր վարձու աշխատողների աշխատավարձերը: Մինի-կապիտալիստներն ունենալու էին բարեկեցիկ կենսամակարդակ, իսկ բնակչության մեծամասնությունը կրկին հայտնվելու էր ոչ բարեկեցիկ պայմաններում: Հետեւաբար նույնիսկ իրականություն դառնալու պարագայում ազատ մրցակցությունը չեր լուծելու համընդհանուր խնդիրը, այլ մեծացնելու էր հարստությունից օգտվողների թիվը, բայց ընդհանուր բնակչության համեմատ նրանք շարունակելու էին մնալ փոքրամասնություն:
Իրականում «ազատ մրցակցության» կոչերի ետին թաքնվում է առանձնաշնորհյալների ակումբին մաս կազմելու ձգտումը:

2 Քաղաքական և տնտեսական ոլորտների տարանջատում, «դեկապիտալիզացիա»
            Այս մոտեցման ջատագովները պնդում են, որ Հայաստանի նախկին ռեժիմների օրոք գործարարությունը, հատկապես մեծ գործարարությունը ենթարկված է եղել ոչ թե օրենքին, այլ քաղաքական իշխանության կամքին և որոշումներին: Ձեւավորվել են հարստանալու, մենաշնորհներ ձեւավորելու  հնարավորություններ, բայց ոչ թե օրինական, այլ ստվերային ճանապարհով, ոչ միայն հարստությունից պարտադիր կերպով բաժին հանելով իշխանավորներին, այլ նաեւ քաղաքականապես հավատարմորեն նրանց ծառայելով: Գործարարություն-քաղաքականություն այս սերտաճումը եղել է Հայաստանի հասարակական, քաղաքական և տնտեսական առաջընթացի գլխավոր խոչընդոտ: Պետք է իրավական կարգավորմամբ վերջ տրվի այս սերտաճմանը: Պետք է պետական կառավարման համակարգը ձերբազատվի սեփականության թելադրանքից: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ սեփականությունը պաշտպանված լինի օրենքով եւ ճանաչվի հասարակության կողմից: Իսկ դա ենթադրում է, որ գործարարները վճառեն անցած տարիների իրենց ստվերային գործունեությամբ թաքցրած հարկերը, դրանով լեգալացնեն իրենց կապիտալն ու այնուհետեւ գործեն օրենքի դաշտում: Այն ժամանակ նրանք նույնիսկ մեծ օգուտ կբերեն երկրի տնտեսության, որովհետեւ հմուտ գործարարներ են:
            Այս թեզիսը եւս տառապում է կապիտալիզմի էության թյուրըմբռնումով:
Կապիտալիզմը պլուտոկրատիա է, հարուստների իշխանություն: Կապիտալ (հարստություն)/քաղաքական իշխանություն սերտաճումը դրա էությունն է: Չի կարող այլ կերպ լինել: Այլ հարց, թե սերտաճումն ուղի՞ղ է դրսեւորվում թե միջնորդավորված:
            Կապիտալիստական համակարգի ծայրամասային (չակերտյալ կամ առանց չակերտների` աղքատ) երկրներում, որտեղ ձեւավորվող կամ ի վերջո տեղում մնացող հարստությունն այնքան մեծ չէ, որ հնարավոր լինի, բացի պլուտոկրատներից, դրանից բաժին հանել նաեւ բնակչության և գնել նրա լոյալությունը (ընտրություններ), այն լինում է ուղիղ: Պլուտոկրատներն ուղիղ կերպով են պահում  քաղաքական իշխանության լծակները, որովհետեւ այլապես կարող են կորցնել տնտեսական լծակները: Քաղաքական լծակների ուղիղ տիրապետումը նաեւ պայմանավորված է հարստության համեմատաբար սահմանափակ լինելու պատճառով նրան տիրանալու նպատակով անհատների կամ կլանների միջեւ մղվող մրցակցությամբ: Պատահական չէ, որ նման երկրներում իշխանության ղեկում հայտնվում են անձամբ իրենք, ամենահարուստ մարդիկ:
            Կենտրոնի երկրներում, որտեղ հարստության ահռելի ծավալների պատճառով համակարգի վերարտադրությունն ու պլուտոկրատների շահերի պահպանումը երաշխավորված են, սերտաճումը լինում է միջնորդավորված: Պլուտոկրատներն անձամբ չեն ստանցնում քաղաքական ղեկը, այլ այն պատվիրակում են քաղաքակամ գործիչների և կայուն ինստիտուտների:
            Հայաստանի պարագայում չեր կարող չլինել ուղիղ սերտաճում: Նման երկրներում պլուտոկրատիայի շահերի տեսանկյունից Միջնորդավորված սերտաճումը հակացուցված է:
            Հայաստանում  նպատակը պետք է լինի ոչ թե ապասերտաճումը, որը ֆիկտիվ խնդիր է, այլ պլուտոկրատիայի վերացումը և սեփականության ու սոցիալական ներդաշնակ ու համերաշխ հարաբերությունների ձեւավորումը, որի պարագայում քաղաքական իշխանության խնդիրը կլինի այդ հարաբերությունների պահպանումը:
            Իսկ թեզիսի ջատագովների այն պնդումը, որ կապիտալի «լեգալացումից» հետո անցյալի և ներկայի մեծ գործարարները կարող են օգուտ բերել տնտեսության, ցավոք վկայում է կապիտալիստական գործընթացների նրանց ստատիկ ընկալման և նրա ներկա համակարգային ճգնաժամից անիմացության մասին:

3. Երկրի զարգացման մոդելավորում հաջողակ «փոքր վագրերի» օրինակով
            Վերջին տասնամյակներում մի քանի փոքր երկրների (Սինգափուր, Հարավային Կորեա, Իսրաել, Իրլանդիա, Էստոնիա եւայլն) հաջողվել է արձանագրել տպավորիչ թռիչքային աճ: Հայաստանի զարգացման, նույնիսկ թռիչքային զարգացման ուղի է առաջարկվում նրանց ճանապարհի որդեգրումը:
            Այս պնդումն առաջին հայեացքից թվում է արդարացված: Բայց իրականությունն այն է, որ գոյություն չի ունեցել այս երկրներին միավորող զարգացման մեկ ուղի: Նրանց ընդհանրությունը կայացել է, յուրաքանչյուրը ելնելով իր պայմաններից, նորազատական համաշխարհայնացման (նեոլիբերալ գլոբալիզացիա) պայմաններում` արտահանման ուղվածությամբ արդյունաբերականացման ճանապարհի որդեգրման մեջ: Արդ, տնտեսական համաշխարհայնացման ժամանակաշրջանն ու տրամաբանությունը 2008թ.-ից ըստ էության ավարտվել են և փոխարինվել պրոտեկցիոնիզմով:
Մինչեւ համաշխարհայնացման պայմաններից օգտվելը «վագրերի» մեծ մասն անցել է նախապատրաստության և պայմանների ստեղծման որոշակի փուլ: Նրանցից յուրաքանչյուրը հաջողության հասել է տարբեր ուղիներով, տարբեր գործոնների գործադրմամբ և հանգամանքների օգտագործումով:
            Առանց երբեք թերագնահատելու նրանցից յուրաքանչյուրի սեփական վճռակամությունն ու նպատակասլացությունը, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է նպաստող հանգամանքներ: Բոլորըն ունեցել են աշխարհագրական նպաստավոր դիրք, Կորեային ու Սինգափուրին 1960-80թթ. մեծապես նպաստել է ԱՄՆ-ի գործոնը, Իսրաելն ունեցել է ռազմատեխնոլոգիական ենթահող և  մեծապես օգտվել ԽՍՀՄ-ից 1990թթ. մեկ միլիոնի որակյալ ներգաղթից, Իրլանդիան ԱՄՆ-ի համար հանդիսացել է դեպի Եվրոպա տրամպլին, Էստոնիայի համար փրկություն է հանդիսացել Ֆինլանդիայի և Շվեդիայի հարեւանությունը և Ռուսաստանի համար հաղորդակցության ճանապարհ լինելու հանգամանքը, եւայլն: 
            մինչդեռ Հայաստանը ոչ միայն չի ունեցել աշխարհագրական նույնպիսի նպաստավոր դիրք և կրել է պատերազմական վիճակի հետեւանքները, այլ դեռ 1990թթ. փոշիացրել է իր սեփական կռվանները:
            Այս ամենով հանդերձ Հայաստանը բազմաթիվ դասեր ունի քաղելիք այս և այլ երկրների օրինակներից և փորձառությունից:

4. Հայաստանը պետք է որդեգրի արտահանման ուղվածությամբ արդյունաբերականացման (հատկապես տեխնոլոգիական ոլորտի) ռազմավարություն
            Բարձր տեխնոլոգիաների մասին` ստորեւ:
            Ինչ վերաբերում է ընդհանրապես արտահանման ուղվածության ռազմավարության, որը 1980-2000թթ. համարվում և ներկայացվում էր որպես ընդհանուր տնտեսական զարգացման լավագույն ուղի, ինչպես նշվել է նախորդ կետում, սպառել է իրեն: Տնտեսության (կապիտալիզմի) համընդհանուր Ճգնաժամի և առեւտրային պատերազմների սրացման պատճառով միջազգային առեւտրի ծավալների աճն արդեն դադարել է և հետընթաց է ապրում: Ավտոմատացման գործընթացների պատճառով այդ ծավալները միջնաժամկետ փուլում ավելի են կծկվելու: Այդ ռազմավարությունը կորցրել է միջնաժամկետ առումով ողջամիտ ուղի հանդիսանալու գործառույթը: Դէգլոբալիզացիայի դարաշրջանում գլոբալիզացիայի տրամաբանությամբ առաջնորդվելը կլիներ միամտություն:
            Դա չի նշանակում ի հարկե, որ միջազգային առեւտուրն ընդհանրապես կորցրել է իր նշանակությունը և արտահանվելու պոտենցիալ ունեցող ոլորտները պետք է անտեսվեն: Դրանք պետք է զարգացվեն,  բայց արտահանումը չպետք է լինի երկրի տնտեսության գլխավոր ռազմավարությունը:

5. Հայաստանի ուղին 4-րդ արդյունաբերական հեղափոխության գործընթացներում ընդհանուր դերակատարությունը և տարածաշրջանային առաջնորդի դերի ստանցնումն է
            Անհնար է թերագնահատել թվային տեխնոլոգիաների երկրորդ սերնդի կամ 4-րդ արդյունաբերական հեղափոխության, արհեստական բանականության ու ռոբոտների նշանակությունը: Ապագան լինելու է ավտոմատացված: Բայց թվային տնտեսությունը, առավել եւս դրա երկրորդ սերունդը ընդհանուր տնտեսության համար քարշակի դեր չի կատարում: Ընդհակառակը. պատճառում է գործազրկության կտրուկ աճ և խորացնում է սոցիալական բեւեռացվածությունը: Հետեւաբար իր բովանդակ կարեւորությամբ հանդերձ բացառապես այդ ոլորտի զարգացումը տնտեսական և դրա հետ փոխկապակցված խնդիրների լուծում չի կարող հանդիսանալ:
            Բացի այդ, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով ամենակարեվոր հարցը լինելու է թվային երկրորդ սերնդի տեխնոլոգիաների և ավտոմատացման գործընթացների վերահսկողության խնդիրը: Հասարակական ապագա հարաբերությունների բնույթը կախված է լինելու այն հարցից, թե ովքե՞ր են տիրապետելու դրանց, փոքրագույն թվով մարդիկ և խմբե՞ր, թե հանրությունը: Առաջին տարբերակը մարդկության և Հայաստանի համար կլինի խիստ վտանգավոր, նույնիսկ եթե այդ գործընթացին մասնակից լինեն հայեր:
            Հետեւաբար 4-րդ արդյունաբերական հեղափոխության գործընթացներին Հայաստանի մասնակցությունն ունի կարեւորագույն նշանակություն, բայց առանձինն, առավել եւս նորազատական տրամաբանության պայմաններում այն չի կարող լինել ոչ կարճաժամկետ և ոչ միջնաժամկետ խնդիրների լուծում: Անհրաժեշտ է այդ գործընթացին ապահովել հանրային մասնակցություն  ու դրա նկատմամբ հաստատել հանրային վերահսկողություն, ինչպես նաեւ  այն անպայմանորեն զուգորդել սոցիալական արդարության և համերաշխության նպատակ հետապնդող սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ:
(Տեսնել նաեւ` Փոխակերպվող աշխարհը և Հայաստանը, VII., 2., ii., Բ.)
            Ասվածը վերաբերվում է նաեւ այն մոտեցմանը, որը Հայաստանի խնդիրների լուծման բանալին համարում է ստարտապերի երկիր դառնալը:

6. Աղքատությունն առաջին հերթին գտնվում է մարդկանց մտքերում, հետեւաբար պետք է ձերբազատվել «մտքի աղքատությունից» և խնդիրների լուծումը գտնել աշխատանքի մեջ


Comments

Popular posts from this blog

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (1) | Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը