Նոր որակի հասարակարգի ձեւավորման խնդիրները



                Ներհասարակական, միջազգային և շրջակա միջավայրի հետ նոր որակի հարաբերություններով հատկանշվող, հնարավորինս ազատ ու արդար, հավասարամետ և մարդկայնական հասարակարգի ձեւավորման և կայացման միակ երաշխիքը լինելու է արդեն սկսված և առաջիկա տարիներին ու մեկ-երկու տասնամյակներին տեղային և համաշխարհային մակարդակներում մղվելիք պայքարը: Այդ պայքարը տեղի է ունենում դեռեւս ներկա համակարգի պայմաններում:
                Դրական նորի համար պայքարն սկսել այսօր, հնի պայմաններում, նշանակում է գործել հնի, թեկուզ և խիստ կաղացող խաղի կանոնների պայմաններում, ընդունել մասամբ խաղալ այդ խաղի կանոններով: Դա նաեւ նշանակում է, ճգնաժամի խորացման պատճառով, գործել գնալով ավելի վատացող պայմաններում: Այս իրողությունները թելադրում են միաժամանակյա և ներդաշնակեցված երկու մոտեցումների որդեգրում.
             Ներկա հասարակարգի պայմաններում նրա կանոնների հնարավորինս սպասարկեցում ընդհանուրի շահերին (ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն):
             Ներկայինից տարբերվող, նոր որակի, հնարավորինս ազատ ու արդար հասարակարգի տրամաբանության սերմանում և մոդելների ներդնում:
                Ծարացած խնդիրների բնույթն ու տարողությունն այնպիսին են, որ դրանք պահանջում են ոչ միայն տեղային-պետական, այլ անհրաժեշտաբար նաեւ գլոբալ-միջազգային լուծումներ:
                Դրական նորի կայացման հաջողության գլխավոր երաշխիքներից մեկը հանդիսանալու է ավտոմատացման գործընթացների վրա ներկա ընթացքում (մինչեւ նոր հասարակարգի ձեւավորում) հանրային վերահսկողության հաստատումը:
                Նոր հասարակարգի ձեւավորումն անհրաժեշտաբար պահանջելու է նաեւ հասարակության ընկալման և կազմակերպման, անհատ/հասարակություն, մասնավոր/ընդհանուր (ունիվերսալ) հարաբերությունների վերաճշգրտում:

                1.            Տեղական, ներ-պետական մակարդակում` ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն
                Հավելյալ արժեքի (որի կարեւոր բաղադրիչն է շահույթը) աճի տեմպերի շարունակական նվազման պատճառով առաջիկա տարիներին շարունակվելու է երկրների տնտեսական աճի տեմպերի նվազման միտումը: 1980-2000թթ. սահմանափակ թվով երկրների արձանագրած «թռիչքային» աճի երեւույթն ավարտված է: Նույնիսկ տնտեսական միջին աճի միտումները դառնում են հազվադեպ:
                Այնուամենայնիվ հավելյալ արժեք դեռեւս շարունակվում է ձեւավորվել, չնայած փոքրացող տեմպերով: Պետք է փորձել լավագույնս օգտագործել այդ հնարավորությունը:
                Տնտեսական աճի նվազման միտումներին զուգահեռ աշխարհում շարունակում են առկա մնալ ֆինանսական ահռելի ծավալների ակտիվներ: Դրանց զգալի մասն ի հարկե այլ բան չեն, քան փուչիկներ, որոնք անխուսափելիորեն տրաքելու են: Բայց ներկայում աշխարհում գերիշխող հարստաիշխանության (պլուտոկրատիայի) նկատմամբ քաղաքական հաղթանակի պարագայում այդ ակտիվների միմասը հնարավոր կլինի ծառայեցնել ընդհանուր բարօրության, ինչը կնպաստի համեցող ճգնաժամի սոցիալական հետեւանքների մեղմումին և նոր հասարակարգ անցումն առողջ պայմաններում ապահովելուն:
                Բոլոր պարագաներում, առկա հնարավորությունները պետք է օգտագործել երկու ուղղություններով` տանելի դարձնել և բարելավել ներկան և պատրաստվել ապագան ավելի առողջ հիմքերով դիմավորելուն: Դա նշանակում է,
                - բնակչության սոցիալական ներկա պայմանների բարելավում,
                - հանրային ենթակառուցվածքների իրականացում և բարելավում, տեխնոլոգիական առաջընթացի ապահովում և սպասարկեցում ընդհանուրի բարօրության, կրթվածության ընդհանրացում և մակարդակի բարձրացում:
                Ասվածը ներ-պետական մակարդակում ենթադրում է ընդգծված սոցիալ-դեմոկրատական և տնտեսվարման կեյնեզյան քաղաքականության կիրառում: Դա կարող է ներառել հետեւյալ (բայց ոչ միայն) միջոցառումները:

             Կարեւոր (ներառյալ և առավել եւս ավտոմատացվող) ձեռնարկություններում հանրային-պետական թեկուզ փոքրամասնային բաժնետիրության ձեռքբերում:
                Այս մոտեցումն ավելի է կարեւորվում այն պատճառով, որ նորազատականության ժամանակաշրջանում համատարած մասնավորեցումների հետեւանքով պետական-հանրային (այսինքն յուրաքանչյուր քաղաքացու) սեփականությունը պակասել է, մինչդեռ պետական-հանրային (այսինքն յուրաքանչյուր քաղաքացու) պարտքն ավելացել: Այս միջոցառումը հնարավորություն կտա ավելի հեշտ իրականացնել սոցիալական ծրագրերը:
             Պրոգրեսիվ եկամտահարկի համակարգի ներդնում:
             Բացասական եկամտահարկի համակարգի ներդնում, որտեղ նվազագույն շեմից ցածր եկամուտ ստացողները կստանան պետական նպաստ:
             18 տարեկանը բոլորած բոլոր քաղաքացիներին` ֆինանսական մեկնարկային նվազագույն հնարավորություն ապահովող համակարգի ներդնում:
             Անխտիր բոլոր երեխաներին նպաստի տրամադրում, այդ նպաստը հաշվառելով որպես ծնողների եկամուտ և այն հարկելով, ինչը, պրոգռեսիվ եկամտահարկի պայմաններում կնշանակի թե բարձր եկամուտ ունեցող ընտանիքներն ավելի քիչ նպաստ կստանան քան ցածր եկամուտ ունեցողները:
             Նվազագույն աշխատավարձերի բարձրացում:
             Փոքր խնայողների համար ինֆլացիայից բարձր տոկոսներ երաշխավորող մեխանիզմի ապահովում:
             Գործազրկության առավելագույն շեմի նշանակում: Դրա պահպանման համար պետությունն անհրաժեշտության դեպքում պետք է հանդես գա որպես գործատու:
             Հավաքական բարիքների ապահովում: Պետական-հանրային հատվածի ներդրումներ սոցիալական և ֆիզիքական ենթակառուցվածքներում` տրանսպորտ և կապ, էներգետիկա և այլ հանրային ծառայություններ: առողջապահություն, կրթություն,  տիմ ծառայություններ եւայլն: Այս հավաքական բարիքները, բացի ուղղակի օգուտներից, նաեւ ունեն աշխատատեղերի և տնտեսության համար մուլտիպլիկացիոն նշանակություն, խթան են հանդիսանում նոր պահանջարկի:
             Տեխնոլոգիական փոփոխությունների` հանրային իշխանությունների կողմից ուղղորդում. հանրային նշանակության ծրագրերի ֆինանսավորում:
                Առանց պետական-հանրային ֆինանսավորման իրականացված և իրականացվող հիմնարար ուսումնասիրությունների և նորարարությունների`  տեղի չեին ունենա հետագա մասնավոր առեւտրային նորարարությունները: Ուստի հանրությունն ու պետությունն այդ ոլորտում պետք է ունենան իրենց խոսքը:
(1)
                Խիստ կարեւոր է սահմանափակ ռեսուրսներն օգտագործել խնայողաբար, պայքար մղել անհատական թե հավաքական զեխության և մսխումի դեմ:
                Բացի մարդկանց մեծամասնության սոցիալական պայմանները բարելավելուց, իսկ ավելի ճիշդ` այդ պատճառով իսկ, սոցիալ-դեմոկրատական քաղաքականությունը կապիտալիզմի ներկա պայմաններում հանդիսանում է ժողովրդավարության միակ երաշխիքը: Կապիտալիզմը և ժողովրդավարությունը դառնում են գնալով ավելի անհամատեղելի: Նորազատական (նեոլիբերալ) մոդելի կիրառման շարունակումը արդեն առաջացնում է և շարունակելու է առաջացնել սոցիալական հուզումներ, որոնց որպես հակազդեցություն, իրենց դիրքերը պահպանելու համար, իշխող դասակարգերն արդեն կիրառում են և շարունակելու են կիրառել ուղղակի և անուղղակի ռեպրեսիվ և ավտորիտար միջոցներ: Դա ժողովրդավարության բացասումն է: Ազատական-ժողովրդավարությունը կապիտալիզմի ճգնաժամի ներկա պայմաններում դեռեւս հնարավոր է վերջինի մեղմ` սոցիալ-դեմոկրատական տարբերակի, հարստության համեմատաբար հավասար վերաբաշխման պայմաններում միայն:
                Ակնհայտ է, որ վերոնշյալ միջոցառումները ծախսատար են և, հատկապես համատարած ճգնաժամի պայմաններում, աննպաստ դիրքերում գտնվող երկրների համար դժվար` ամբողջությամբ իրականանալի:  Այս խնդրում օգնության պետք է հասնեն գլոբալ և միջազգային մակարդակում ձեռ առնված միջոցառումները:

(1) Տեսնել` How to Spread the Wealth - Practical Policies for Reducing Inequality, By Anthony B. Atkinson, Foreign Affairs, January/February 2016
https://www.foreignaffairs.com/articles/2015-12-14/how-spread-wealth



                2.            համաշխարհային մակարդակում` ֆինանսական կարգավորում և նոր համաձայնություն
                Ծարացած խնդիրների բնույթն ու տարողությունն անհրաժեշտաբար պահանջում են գլոբալ-միջազգային լուծումներ:
                Հարկային անարդարություն, աշխատավարձերի լճացում, հանրային և անձնական ահռելի պարտքերի կուտակում, անհրաժեշտ ոլորտներում քիչ և անբավարար ներդրումներ, անիմաստ, վնասակար և անպետք ծախսեր, մսխումներ, աստղաբաշխական ֆինանսական միջոցների առկայության պայմաններում մեծամասնության ընչազրկություն, աշխատանքի ռոբոտիզացման պայմաններում աշխատատեղերի խնդիր, որակյալ կրթության թանկացում, անհասանելիություն ու մենաշնորհացում եւայլն: Հնարավոր չէ այս խնդիրները լուծել բացառապես ազգային օրակարգերով: Դրանք պահանջում են միջազգային համագործակցություն և նոր համաձայնություն:
                Տնտեսագետ, Հունաստանի ֆինանսների նախկին նախարար, DiEM25-ի (Ժողովրդավարություն Եվրոպայում Շարժում 2025) համահիմնադիր Յանիս Վարուֆակիսն առաջարկում է միջազգային նոր համաձայնություն, որ կներառի հետեւյալ միջոցառումները:
             Ամենուր աշխատավարձերի բարձրացում, ուղեկցված առեւտրային համաձայնություններով և պայմաններով:
             Հարկային ապաստարանների (օֆշորներ) միջազգային ներդաշնակեցում: Այդվայրերում գրանցված ձեռնարկությունների սեփականության իրավունքների անձեռնմխելիության վերացման հանձնառության ստանցնում:
             Շրջակա միջավայրի շուրջ ընդհանուր ստանդարդների համաձայնության ձեռքբերում, կանաչ-էներգիայի միավորման ձեւավորում, հանրային ներդրումների և կենտրոնական բանկերի ակտիվ մասնակցությամբ:
             Միջազգային ֆինանսական նոր համակարգի ձեւավորում, որտեղ միջազգային ամբողջ առեւտուրը հաշվառվում է մեկ «հովանոցային» թվային արժույթով, այնպիսի եղանակով, որը կկծկի առեւտրային ապակայունացնող և' ավելցուկները և' դեֆիցիտները:
             Համընդհանուր հիմնային շահաբաժնի (ունիվերսալ բազային դիվիդենտ) համակարգի ներդնում, որը կֆինանսավորվի ձեւավորվելիք` համաշխարհային հարստության հիմնադրամում ավանդադրված տեխնոլոգիական մեծ կորպորացիաների բաժնետոմսերի տոկոսներից և կկառավարվի միջազգային ֆինանսական նոր ինստիտուտների կողմից:
                Պետք է վերջ դրվի ֆինանսական սանցարձակություններին: Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում համակարգված գործողությունների արդյունքում՝ պետք է տեղային և համաշխարհային մակարդակներում վերահսկողություն հաստատվի կապիտալի և ֆինանսական շարժերի նկատմամբ: Փողը պետք է ժողովրդավարացվի և կառավարվի միջազգային մակարդակով՝ այնպես, որ կծկվեն ինչպես առեւտրային դեֆիցիտները, այնպես էլ ավելցուկները:
                Ռոբոտները պետք է դառնան մարդկության ստրուկներ: Սա համազոր է սխրանքի, որը պահանջում է ընդհանուր սեփականություն, առնվազն մասնակի:
(1)

(1)          Globalization is stuck in a trap. What will it be when it breaks free?, YANIS VAROUFAKIS, THE GLOBE AND MAIL, JANUARY 12, 2018
https://www.theglobeandmail.com/opinion/yanis-varoufakis-globalization-stuck-in-a-trap/article37588492/

                3.            Նոր որակի, հնարավորինս ազատ ու արդար հասարակարգի հիմունքները
                Սոցիալ-դեմոկրատիան, որքան էլ անհրաժեշտ և ամոքիչ, չի կարող խնդիրների վերջնական դարման լինել: Խաղի դեռեւս կապիտալիստական կանոնների պայմաններում դա լավագույն հնարավոր տարբերակն է: Բայց դա ժամանակավոր լուծում է: Կարող էր լինել երկարատեւ լուծում, եթե պայմանները լինեին նման Բ Համաշխարհային պատերազմը հաջորդած 2,5-3 տասնամյակներին, երբ կապիտալիզմը գտնվում էր իր հերթական վերելքի փուլում: Բայց այդ ժամանակներն անցել են, անվերադարձ:
                Նոր հասարակարգի հիմք պետք է հանդիսանան մասնակցային, համերաշխային, համագործակցային, ինքնակառավարվող, կիսող  (sharing) և փոխադարձային հարաբերություններն ու կազմակերպվածությունը:
                Պետք է տեղի ունենա առավելագույն ապաապրանքայնացում. ապաապրանքայնացվեն ոչ միայն ամենաէական ոլորտները` կրթություն, առողջապահություն, ջուր եւայլն, որոնք նորազատականության կողմից վերածվել են առուվաճառքի ենթակա ապրանքների, այլ նաեւ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Տնտեսական աճի նպատակադրումը պետք է փոխարինվի մարդու նյութական և հոգեմտավոր պահանջների բավարարման նպատակադրումով:
                Արտադրության և բաշխման` Կապիտալի կուտակման ու շուկայի ուժերի վրա հիմնված կազմակերպվածությունը պետք է փոխարինվի համագործակցային, մասնակիցների կողմից ինքնակառավարվող (autogestion, self-managed)հարաբերությունների վրա հիմնված կազմակերպվածությամբ: Բռգաձեւ հիերարխիական վարչահրամայական համակարգերը պետք է փոխարինվեն արտադրողների և սպառողների ավտոնոմ ինքնակազմակերպված և ինքնակառավարվող կոլլեկտիվների միջեւ համակարգման հորիզոնական ցանցային համակարգերով: Հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում նման համակարգերի կայացումը:
                Նոր հասարակարգի կայացումը պահանջում է փորձարկումներ, ստեղծագործականություն: Դրա հիմունքները պետք է մշակել ու սկսել ներդնել այսօրվանից: Այսօրվանից իսկ պետք է արմատավորել դրա հոգեբանությունը, մտածելակերպը, արդեն նախաձեռնել այդ տրամաբանությամբ ծրագրեր, ձեւավորել ուղղակի և մասնակցային ժողովրդավարության հարթակներ:
                Յանիս Վարուֆակիսը (և ոչ միայն նա) առաջարկում է պատկերացնել գործարան կամ ձեռնարկություն, որը պատկանում է բացառապես տվյալ պահին այնտեղ աշխատողներին: Վերանում է շահույթի և վարձու աշխատանքի միջեւ տարբերությունը: Եկամուտը բաշխվում է բոլոր աշխատողներին: Եթե աշխատողը թողնում է գործարանը, ձեռնարկությունը, աշխատանքը, և տեղափոխվում այլ գործարան կամ աշխատանքի, վայելում է նույն իրավունքները նոր աշխատավայրում : Վերանում է տարանջատումը ձեռնարկությունում չաշխատող սեփականատերի և ոչ սեփականատերաշխատողի միջեւ: Վերանում է պարանաձգությունը կապիտալի և վարձու աշխատանքի միջեւ, Վերանում է մեծ տարբերությունը ներդրումի և խնայողության միջեւ:(1)
                Սոցիալական կազմակերպման նման ձեւերը վերամիավորում են քաղաքական և տնտեսական ոլորտները: Այս դեպքում է միայն, որ ժողովրդավարությունը դառնում է իրականություն, որովհետեւ ժողովրդավարությունը ավելի շատ ձեւ է, քան բովանդակություն, երբ առկա է միայն քաղաքական ոլորտում (այն էլ բացառապես ներկայացուցչական ձեւով), բայց ոչ տնտեսական ոլորտում:
                Ամենուր կիրառվելու պարագայում սոցիալական կազմակերպման նման ձեւերը երաշխավորում են նաեւ միջազգային համերաշխությունն ու կայունությունը:
                Մասնակցային և ուղղակի ժողովրդավարության սկզբունքներով ինքնակառավարվող հասարակությունն ի'նք պետք որոշի իր հարաբերությունն ավտոմատացման գործընթացի հետ:

(3)          Yanis Varoufakis: Capitalism will eat democracy -- unless we speak up | TED Talks, Jan 25, 2016
https://www.ted.com/talks/yanis_varoufakis_capitalism_will_eat_democracy_unless_we_speak_up?language=en

                4.            Ավտոմատացման գործընթացի հանրային վերահսկողության ապահովում
                Նորագույն տեխնոլոգիաները, հատկապես արհեստական բանականությունը լինելու են  նոր հասարակարգի գլխավոր գործիքը, ինչպիսին էլ որ լինի այդ հասարակարգը: Հիերարխիկ, բեւեռացված նոր հասարակարգի պարագայում նրանք լինելու են այդ կարգի պահպանման, մարդկանց ու ժողովրդներին  հպատակեցված պահելու գլխավոր զենքը: Ավելի ազատ և արդար հասարակարգի պարագայում ավտոմատացումն ու դրա հետեւանքով աշխատանքի անհրաժեշտության հետզհետե վերացումը մարդկանց ընծայելու են ազատ ժամանակ, որը մարդկային էության իրացման` ազատ ստեղծագործականության նախապայմանն է:
                Թե ինչպիսի՞ն է լինելու նոր հասարակարգը, ներկայինից ավելի լա՞վը թե վատը, մեծ հաշվով կախված է այն հարցից, թե ի վերջո ո՞վ է վերահսկելու ավտոմատացման գործընթացը` մեծ կապիտալի տերե՞րը թե հանրությունը:
                Ակնհայտ է, որ ներկայում այդ գործընթացը վերահսկում են առաջինները:
                Ներկա ժամանակների ամենակարեւոր մարտահրավերներից մեկը նորագույն տեխնոլոգիական, արհեստական բանականության ու ավտոմատացման գործընթացների նկատմամբ ներկայից իսկ հանրային վերահսկողության ապահովումն է, թե' նրանց սեփականության և թե' գործառույթների ու կիրառության առումներով:
                Այդ նպատակով` քաղաքական նպատակասլացության կողքին չափազանց կարեւոր է տեխնոլոգիական այդ գիտելիքների հնարավորինս ընդհանրայնացումը:

                5.            Անհատ/հասարակություն, մասնավոր/ընդհանուր հարաբերությունների վերաճշգրտում
                Նոր, հնարավորինս ազատ ու արդար հասարակարգի կայացումը, բացի առարկայական պայմաններից` հնի գոյության իմաստի ու տրամաբանության սպառում և նորի ձեւավորման ու կայացման առարկայական ու տեխնիկական պայմանների հասունացում, պահանջում է նաեւ նորի ենթադրած տրամաբանությամբ հարաբերվելու հասարակական պահանջարկ և կամք: Դա նշանակում է հասարակական գիտակցության, հասարակության ընկալման և կազմակերպման, անհատ/հասարակություն, մասնավոր/ընդհանուր (ունիվերսալ) հարաբերությունների վերաճշգրտում:
                Անհատապաշտական գաղափարախոսությամբ ներծծված, ազատությունը բացառապես որպես քաղաքացիական ազատությունների և իրավունքների ապահովվածություն ընկալող հասարակությունն ու քաղաքացին իսկական ազատ հասարակություն և քաղաքացի չեն: անհատապաշտությունն անպայմանորեն ներառում է ուրիշներից տարբաժանվելու, ուրիշ անհատներից, հասարակությունից հեռանալու, առանձնանալու  գաղափար: Քաղաքացիությունը սոսկ իրավունքներով ընկալող, ատոմացած, էգոիստ քաղաքացիների թվաբանական գումարից ձեվավորված հասարակությունը հանգեցնում է միմիանցից օտարման, սոցիալական տարանջատման ու խտրականության:
                Մյուս կողմից, թեկուզ սոցիալապես չտարանչատող և ոչ խտրական, բայց համահարթեցված, անդեմ և ստանտարդացված քաղաքացիներից ձեւավորված հասարակությունը հանգեցնում է նույն քաղաքացիների այդպիսի հասարակարգից օտարման ու այդ հասարակարգի լճացման:
                Առողջ հասարակությունն այն հասարակությունն է, որտեղ ապահովված են և' յուրաքանչյուրի անհատականությունն ու ինքնիշխանությունը և' ընդհանուր համերաշխությունը:
                Ֆրանսիացի քաղաքագետ և պատմաբան Պիեռ Ռոզանվալոն առաջարկում է երեք սկզբունքների վրա կառուցված հավասարության տեսություն. մարդկանց եզակիության (singularity) ճանաչում, ի հակադրություն անհատապաշտության, քաղաքացիների հարաբերությունների` ձեւավորում և ամրագրում փոխադարձության (reciprocity) սկզբունքի շուրջ և հավաքականության ներսում ընդհանրայնության ամրագրում:
                Յուրաքանչյուր անհատ եզակի է:  Նա յուրաքանչյուր ուրիշից տարբերվում է շնորհիվ պացառապես իրեն պատկանող  որակների: Մարդիկ հավասար են իրենց եզակիությամբ, յուրահատուկ որակի ամրագրմամբ, ոչ թե անդեմ ունիվերսալ էակներ լինելու հանգամանքով: Հավասարության ստանդարդը բազմազանությունն է: Բոլորն իրար նմանվում են եզակի և անհամեմատելի լինելու շնորհիվ: Դա անհատականություն և ինքնավարություն ունեցող մարդկանց հավասարությունն է:
                Եզակիների հավասարությունը նշանակում է փոխադարձ ճանաչում, փոխադարձության ամրագրում: Դա եզակի անհատների փոխադարձ հարաբերությունների հավասարությունն է, որտեղ երկակի ստանդարդներ չկան, կանոնները տարբեր մարդկանց համար տարբեր կիրառումներ չունեն:
Հավասարությունը որպես փոխադարձություն ամեն բանից ավելի նշանակում է վերաբերմունքի և ներգրավվածության հավասարություն:
                Հավասարների հասարակության համար անհրաժեշտ երրորդ բաղադրիչը հավաքական ընդհանրական պատկանելիության զգացումի և գիտակցության զարգացումն է: Քաղաքացիությունը միայն իրավունքներով օժտված բայց ատոմացած անհատը չէ, այլ այլոց հետ սոցիալական հարաբերությունը:
                Եզակիության վրա հիմնված հավասարությունը ենթադրում է հասարակություն, որը հիմնված է ոչ վերացական ունիվերսալիզմի ոչ էլ  մեկուսացած ինքնությամբ համայնականության վրա, այլ բազում առանձնահատկությունների ճանաչման և դինամիկ ու ներդաշնակ համակեցության վրա:
                Կարճ, հավասարների հասարակությունը ընդհանուր պատկանելիության գիտակցմամբ, փոխադարձության սկզբունքով հարաբերվող եզակի անհատների կամ քաղաքացիների  հասարակությունն է: Դա ժողովրդավարություն հասկացությունն ազատում է քաղաքականության սահմանափակումներից և այն վերադարձնում հասարակություն:
(1)
                Մասնիկ/ընդհանուր այս հարաբերակցությունը պետք է լինի նաեւ միջազգային հարաբերությունների սկզբունքը: Ոչ թե համահարթեցնող համաշխարհայնացում, այլ բազում ինքնուռույնությունների (ավտոնոմիաների) միջեւ այլընտրանքային համաշխարհայնացում, որոնք  ինտեգրվում են ձգտելով ստեղծել մի «ունիվերսալ ունիվերսալություն», բաղկացած գոյություն ունեցող բազում ունիվերսալություններից (Իմմանվել Վալերշտայն): Պետք չէ թույլ տալ, որ առանձին, հատուկ ունիվերսալություններ իրենց պարտադրեն բոլորին:
                Սա է պատասխանը թե' էթնիք արժեքների ու ամեն ազգայինի նկատմամբ քամահրական և մեծամտական ունիվերսալիզմին, թե' նեղմիտ ազգայնականության, տեղայնամտության, գավառամտության:

(1) How to Create a Society of Equals - Overcoming Today’s Crisis of Inequality, By  Pierre  Rosanvallon, Foreign Affairs, CommentJanuary/February 2016  Issue
https://www.foreignaffairs.com/articles/2015-12-14/how-create-society-equals



Comments

Popular posts from this blog

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

«Փոսից դուրս գալու» ճանապարհների կապակցությամբ շրջանառվող որոշ առաջարկությունների մասին