ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (2) | Դեպի աշխատանքի անհրաժեշտության ավարտ


II.            Դեպի աշխատանքի անհրաժեշտության ավարտ

                Աշխարհում տեղի ունեցող խորագույն նշանակության երկրորդ գործընթացը, որը սերտորեն փոխկապակցված է առաջինին` կապիտալիզմի կառուցվածքային ճգնաժամին, բայց որ իր էությամբ ու հետեւանքներով ավելի հեռուն է գնում, աշխատանքի անհրաժեշտության վերացման միտումն է:
                Արհեստական բանականության, այդ բանականությամբ օժտված ռոբոտների, եռաչափ տպիչների և նմանօրինակ նորարարությունների (թվային տեխնոլոգիաների երկրորդ սերունդ կամ 4-րդ արդյունաբերական հեղափոխություն) արագընթաց զարգացումը ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման ավտոմատացման գործընթացը հասցնում է իր գագաթնակետին, նվազագույնի հասցնելով մարդկային աշխատանքի անհրաժեշտությունը:
                Անհնար է թերագնահատել այս երեւույթի նշանակությունը ոչ միայն ժամանակակից կամ արդի, այլ մարդկության ողջ պատմության առումով: Այն սասանում է ոչ միայն կապիտալիզմի հիմքը` վարձու աշխատանք հասկացությունը, այլ ընդհանրապես աշխատանք հասկացությունը` որպես  մարդու կենսագործունեության և վերարտադրության համար ցայժմ անբեկանելի անհրաժեշտություն հանդիսացած երեւույթ:
                Բայց մինչեւ այդ ամենախորքային նշանակության փոխակերպումն ամբողջությամբ կդրսեւորվի, այս հեղափոխիչ գործընթացն արդեն փոխակերպում է ներկան: Տեղի ունենալով սեփականության և արտադրական կապիտալիստական հարաբերությունների պայմաններում, այն ավելի է սրում և' սոցիալական արդեն իսկ սուր իրավիճակը, և' կապիտալիստական համակարգի ճգնաժամն ընդհանրապես:
                Ամբողջական ավտոմատացման գործընթացի (այսուհետեւ պարզապես` ավտոմատացում) առաջին և անմիջական հետեւանքը լինելու է լայնատարած գործազրկությունը:
                Ըստ տարբեր կանխատեսումների, արդեն 2030-35թթ. տարիներին այն կարող է հանգեցնել աշխարհի մասշտաբով աշխատատեղերի 15%-ից 40%-ի վերացման, այսինքն 400 միլիոնից մինչեւ ավելի քան 1 միլիառտ մարդու աշխատատեղերի կորստին:
                Ներկայում ռոբոտներն արդեն իսկ զբաղեցնում են բարձր եկամուտով երկրներում ավտոմեքենաների արտադրության և հարակից ոլորտների աշխատատեղերի կեսից ավելին(1): Ըստ Oxford համալսարանից Carl Benedikt Frey-ի և Michael A. Osborne-ի, որոնք  2013թ. հրապարակել են թեմայի շուրջ առաջին լուրջ ուսումնասիրություններից մեկը, ավտոմատացման արդյունքում ԱՄՆ-ում աշխատատեղերի մոտ 47%-ը գտնվում է ռիսկային գոտում (2): Ըստ Oxford-ից մի այլ մասնագետի, Գլոբալիզացիայի և զարգացման պրոֆեսոր Ian Goldin-ի, իրենց ուսումնասիրությունները հուշում են որ Եվրոպայում վերանալու են աշխատատեղերի 40%-ը,  իսկ ԱՄՆ-ում` մոտ կեսը (1): Ըստ Արհեստական բանականության տայվանցի  հայտնի մասնագետ և վենչուրային կապիտալիստ Կաի Ֆու Լի-ի առաջիկա 15-25 տարիներին ռոբոտները փոխառինելու են աշխարհի աշխատատեղերի 40%-ը (3): Ըստ OECD-ի, Organisation of Economic Cooperation and Development, Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպություն, բարձր եկամուտներով կապիտալիստական երկրների ակումբ) առաջիկա 15-20 տարիներին կարող է վերանալ անդամ երկրների առկա աշխատատեղերի 14%-ը,  եւս 32%-ը արմատապես փոխվել (4): PwC աուդիտորական ձեռնարկության կողմից OECD տվյալների հիման վրա 2017թ. կատարված ուսումնասիրության գնահատումներով 2030թթ. սկզբներին ավտոմատացումը տարբեր երկրներում ներկայացնելու է աշխատատեղերի համար ռիսկայնության տարբեր մակարդակներ, Ֆինլանդիայում և Հարավային Կորեայում մոտ 22%-ից  մինչեւ 44% Սլովակիայում: ԱՄՆ-ը զբաղեցնելու է միջին տեղ (5):
                Իսկ համաձայն McKinsey Global Institute-ի (MGI) ուսումնասիրության, 2016թ. ապացուցված տեխնոլոգիաները տեխնիկապես հնարավորություն են տալիս ավտոմատացնելու աշխարհում առկա աշխատանքային գործունեությունների մոտ կեսը: Բայց տեխնիկական, տնտեսական և սոցիալական գործոնների պատճառով 2030թ. ավտոմատացման համամասնությունը գործնականում լինելու է հավանաբար ավելի փոքր, տարուբերելով աշխատատեսակների 0-ից 1/3-ի միջեւ: 1/3 տարբերակը համապատասխանելու է ավելի քան 800 միլիոն աշխատատեղի: MGI-ն կանգ է առնում միջին` 15% տարբերակի վրա, որը համապատասխանում է մոտ 400 միլիոն աշխատատեղի: (6)
                Սրանք արդեն իսկ անմարսելի ցուցանիշներ են: Իսկ այս ուսումնասիրությունները հիմնվում են ներկա պահի տեխնոլոգիական ձեռքբերումների վրա, մինչդեռ այդ տեխնոլոգիաները զարգանում են հսկայական ոստումներով և աշխատատեղերի վրա նրանց ազդեցությունը շարունակաբար աճելու է:
                Վերոնշյալ տվյալները կամ գնահատականները հիմնականում վերաբերվում են արդյունաբերականացած հարուստ երկրներին: Հետեւանքներն ավելի ծանրակշիռ են լինելու «զարգացող» արդյունաբերական երկրների պարագայում: Այս երկրների վերջին տասնամյակների արդյունաբերականացումը կայացել է էժան աշխատուժի առկայության հիմքի վրա: Ավտոմատացումը վերացնում է էժան աշխատուժի անհրաժեշտությունը, հետեւաբար` աշխատանքի միջազգային բաժանման համատեքստում նրանց վերապահված էժան ապրանքների և ապրանքամասերի արտադրության գործառույթը և ուստի նրանց արդյունաբերականացման  և հարաբերական զարգացման միտումը: Աշխատանքի Միջազգային Կազմակերպության 2016թ. ուսումնասիրության համաձայն, օրինակ, հարավ-արեւելյան Ասիայի հինգ երկրներում  տեքստիլ գործարանների աշխատողների ավելի քան կեսի աշխատատեղերը ավտոմատացման պատճառով վտանգված են, ընդ որում  64% Ինդոնեզիայում, 86% Վիետնամում, 88% Կամբոճիայում: Harvard համալսարանից Dani Rodrik-ն այս երեւույթն անվանում է «վաղահաս ապաարդյունաբերականացում»: (7)


Ավտոմատացում առանց գործազրկությա՞ն

                Չնայած դրան, որոշ ուսումնասիրություններ պնդում են, որ որոշակի պայմանների առկայության պարագայում գործազրկության մակարդակը կարող է ոչ միայն չավելանալ, այլ կարող է նույնիսկ պակասել (5) (6): 
                Այս պնդումը հենվում է պատմական փորձի մեխանիկական և իներցիոն դիտարկման վրա: Նախկինում նոր տեխնոլոգիաները միշտ վերացրել են որոշ աշխատատեսակներ, բայց զուգահեռաբար ստեղծել են նորերը: Բայց արհեստական բանականությունը ամբողջությամբ փոխում է այդ դրվածքը: Այդ մասին մի քիչ ներքեւ:
                Այս վարկածը ենթադրում է տնտեսության շարունակական և հզոր աճի իրավիճակ: «Պատմությունը ցույց է տալիս, որ այն տնտեսությունները, որոնք չեն ընդլայնվում, չեն առաջացնում աշխատատեղերի աճ», հետեւաբար «խիստ պահանջարկի աճի և տնտեսական դինամիզմի ապահովումն առաջնային է» (6):  Արդ, տնտեսական աճի տեմպերի նվազման ներկա պատմական միտումի և նույնինքն ավտոմատացման պատճառած աճող գործազրկության պայմաններում դա տրամաբանությունից զուրկ ակնկալիք է:
                Ի դեպ, նույնիսկ նրա հեղինակներն ընդունում են, որ  դա պահանջում է տիտանական, չափազանց դժվար իրականանալի միջոցներ:
                Այսպես, MGI-ի ուսումնասիրությունը խոստովանում է, որ աշխատատեղերի կորուստ չի լինի միայն այն պարագայում, եթե աշխատատեղեր կորցնողները մեկ տարվա ընթացքում կարողանան նոր աշխատանք գտնել: Այլապես` ազատ անկումը կլինի անխուսափելի: Արդ, դժվար չէ տրամաբանել, որ տնտեսության համակարգային բնույթի միտումների և նույնինքն տեխնոլոգիաների ստեղծած պայմաններում բազմահարյուր միլիոնավոր մարտկանց նոր աշխատանք գտնելու հավանականությունը, այն էլ մեկ տարվա ընթացքում, նույնիսկ տեսականորեն բացառվում է:
                Բացի այդ, ըստ նույն ուսումնասիրության այդ վարկածի իրականացումը ենթադրում է, որ անխտիր բոլոր աշխատողները պետք է հարմարվեն ավտոմատացված սարքավորումների հետ աշխատանքին, ինչը պահանջում է լրացուցիչ կրթություն և հմտությունների ձեռքբերում: Իսկ 75 միլիոնից 375 միլիոն մարդ (համաշխարհային աշխատուժի 3-ից 14%-ը)  պետք է փոխեն իրենց աշխատանքի տեսակը»: Դա նշանակում  է նոր մասնագիտությունների և հմտությունների ձեռքբերում: MGI-ն ընդունում է, որ քիչ նախադեպեր են առկա, երբ հասարակությունները հաջողած լինեն վերապատրաստել այսքան մեծ թվով մարդկանց, և որ սպասվող խոշոր անցումները կարող են գերազանցել գյուղատնտեսությունից դուրս գալու պատմական տեղաշարժերի մասշտաբները:
                Այդ վարկածի անիրականանալիությունը պարզվում է նաեւ երբ  ծանոթանում ենք այն աշխատատեսակներին, որոնք դեռեւս առկա կլինեն կամ որոնք պահանջված կլինեն  ամբողջական ավտոմատացման պայմաններում: Դրանք բաժանվում են երկու խմբի. տեխնոլոգիական ամենաբարձր հմտություններ պահանջող, այսինքն  նույնինքն ավտոմատացված գործընթացները վերահսկող և լրացուցիչ զարգացնող աշխատանքները, և այնպիսի աշխատատեսակներ, որոնք դեռեւս հնարավոր չէ ավտոմատացնել կամ որոնց ավտոմատացումն ավելի թանկ կարժենա, քան նրանց համար մարդկային աշխատանքի վարձատրությունը:
                Արդ, առաջին խմբի պահանջարկը լինելու է ջնջին, վիճակագրականորեն աննշան: ԱՄՆ-ում 2000թ.-ից հետո ստեղծված, այսինքն բարձրագույն տեխնոլոգիական ոլորտներում 2015թ. ներգրավված է եղել այդ երկրի աշխատուժի ընդամենը 0,5%-ը (8): Նույն երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ոլորտը 2011-2016թթ. աճել է 16%-ով, մինչ նույն ոլորտում զբաղվածությունը մնացել է լճացած, ընդ որում 2008թ.-ից ցածր մակարդակում (9):
                Ինչ վերաբերվում է երկրոդ խմբին, համարվում է, որ համեմատաբար դժվար են ավտոմատացվելու սոցիալական և հուզական հմտություններ, անձնական և հոգեբանական շփումներ պահանջող աշխատատեսակները: Շեշտվում է նաեւ, որ ծերացող հասարակությունները ունենալու են առողջական խնամքի մեծ պահանջարկ: Բայց չի կարելի պատկերացնել, որ գոյություն կունենա նմանօրինակ աշխատողների բազմահարյուր միլիոնների հասնող պահանջարկ:
                Բոլոր դեպքերում, այս վարկածը մասնակի, այլ ոչ ընդհանրական մոտեցում է:

Մկանային աշխատուժ և ուղեղային աշխատուժ

                Ինչո՞ւ, ի տարբերություն  անցյալի նորարարություններին, նորագույն տեխնոլոգիաներին չի հաջողվում ստեղծել նոր աշխատատեղեր, ընդհակառակը, նրանք վերացնում են գոյություն ունեցողները:
                Արդյունաբերական մի կողմից առաջին ու հատկապես երկրորդ, մյուս կողմից` երրորդ ու հատկապես չորրորդ հեղափոխությունների միջեւ կա որակական մի էական տարբերություն: Առաջինները, հատկապես երկրորդը  պակասեցրել է բացառապես մկանային աշխատուժի անհրաժեշտությունը, ավելացրել մկանային-ուղեղային խառը և բացառապես ուղեղային աշխատուժի անհրաժեշտությունը: Երրորդ ու հատկապես չորրորդ հեղափոխությունները ոչ միայն ավարտին են հասցնում մկանային աշխատուժի վերացման գործընթացը, այլ նվազագույնի են իջեցնում նաեւ ուղեղային աշխատուժի անհրաժեշտությունը, որովհետեւ ուղեղի գործառույթն իր վրա է վերցնում արհեստական բանականությունը: 
                Ելնելով այս կարեւոր տարբերությունից, Մասաչուսեցի Տեխնոլոգիական Ինստիտուտից (MIT) Erik (Brynjolfsson-ն ու Andrew McAfee-ն տեխնոլոգիական թվային հեղափոխության երեւույթը անվանում են  ոչ թե երրորդ կամ չորրորդ հեղափոխություն, ինչը կհուշեր գծային շարունակական երեւույթի առկայության մասին, այլ` «Մեքենայի երկրորդ դարաշրջան» (Second Machine Age) (10):
                Առաջին արդյունաբերական հեղափոխությունն ունեցել է ապահմտականացնող հատկություն: Այն արհեստավորի հմտությունը փոխառինեց խնդիրներն ու առաջադրանքները պարզեցնող մեխանիզմով: Դա արհեստանոցների և արհեստավորների փոխառինումն էր ջրի ուժով և շոգեուժով բանող գործարաններով և սեւագործ բանվորներով:(2) 
                Էլեկտրականության հայտնագործումը դուռը բացեց երկրորդ արդյունաբերական հեղափոխության: Շոգեուժից և ջրի ուժից անցում կատարվեց  հոսքագծերին և խմբաքանակով արտադրության, նվազեցնելով ոչ-մասնագիտացած սեւագործ բանվորների, և փոխարենն ավելացնելով մասնագիտացած բանվորների և ինժիներների պահանջարկը: Միեւնույն ժամանակ ավելացավ նաեւ գրասենյակային աշխատողների պահանջարկը: Այդ պահանջարկների բավարարման համար մեծ առաջընթաց ապրեց մասսայական կրթությունը:(2)
                Համակարգչերի հայտնությունը նոր մասնագիտությունների դուռ բացեց: Բայց թվային հեղափոխությունը հետզհետե ավտոմատացրեց բազմաթիվ առաջադրանքների կատարումը (տես«Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը», 6.i.): Իսկ արհեստական բանականությունն այդ գործընթացը հասցնելու է իր ավարտին:
                Աշխատատեսակները տարբաժանվում են համաձայն երկու չափորոշիչների: Մին իմացական-մտավոր ու ֆիզիկական-ձեռային բնույթի տարբաժանումն է, մյուսը` սովորական-ռուտին և փոփոխական-ոչ ռուտին բնույթինը: Ներկայում համակարգչային ծրագրերն ու ռոբոտներն ունակ են իրականացնելու ռուտին բնույթի թե' ֆիզիկական-ձեռային և թե' իմացական-մտավոր բնույթի առաջադրանքները: Ոչ ռուտին որոշ առաջադրանքներ, ինչպիսիք են օրինակ իրավական տեքստերի շարադրանքը և բեռնատարների վարումը վստահաբար դառնալու են ավտոմատացված, բայց որոշներ, ինչպես օրինակ համոզելու ձիրքը` ոչ:(2)
                Դեռեւս ոչ:
                Ներկայում մարդը շարունակում է սարքավորումներին զգալիորեն գերազանցել հմտության դեռեւս երեք ոլորտներում: Դրանցից մին բարձրաբարձր ստեղծագործականությունն է` նոր մեծ գաղափարների, գիտական ճեղքումների, արվեստի արտասովոր գործերի արարում եւայլն: Երկրորդն զգացմունքների ոլորտն է` միջ-անձնային հարաբերություններ, խնամք, գուրգուրանք, հոգեբանական խթանում խրախուսում եւայլն: Երրորդը ֆիզիկական ճարտարության ու շարժունակության մակարդակն է: Բայց, ինչպես ասում են (Brynjolfsson-ն ու McAfee-ն, սարքավորումները թափանցում են նաեւ այս ոլորտներ:(10) 


Ավտոմատացումն ըննդեն կապիտալիզմի

                Մասսայական գործազրկության պատճառով առաջացող սոցիալական աննախադեպ խնդիրներին զուգահեռ, ավտոմատացումն իր գագաթնակետին է հասցնելու կապիտալիստական համակարգի ճգնաժամը:
                Նորագույն տեխնոլոգիաներով ավտոմատացման գործընթացն սկզբնական փուլում հիանալիորեն ծառայում է դրա սեփականատերերի շահերին: Ստեղծված հարստության բաշխվածությունը ենթարկվում է «ուժի օրենքի» կամ Պարետոյի կորի կանոններին, որտեղ փոքր թվով մարդիկ ստանում են արդյունքների մեծագույն մասն իսկ մարդկանց մեծամասնությունը` փոքրագույնը: Վիճակագրական միջին ցուցանիշը դառնում է ապակողմնորոշող, որովհետեւ մարդկանց մեծամասնությունը գտնվում է այդ միջինից ներքեւ դիրքերում (11): Բայց մասսայական գործազրկության և դրան ուղեկցող գնողունակության անկումի պատճառով շուտով առաջանալու է արտադրված ապրանքների իրացման անհնարինության խնդիր: Ո՞վ է սպառելու փոքրագույն թվով կապիտալիստների պատկանող ավտոմատացված գործարանների արտադրանքն ու ծառայությունները: Ինչպե՞ս են կապիտալիստները շահույթ ապահովելու և կապիտալ կուտակելու, եթե ապրանքներն ու ծառայությունները գնորդ չունեն: Սա, կապիտալիզմի և կապիտալիստների տեսանկյունից: Իսկ ինչպե՞ս են նման պայմաններում գոյատեւելու և իրենց կեցությունն ապահովելու հասարակության ջախջախիչ մեծամասնությունը, աշխատանք, աշխատավարձ և եկամուտ չունեցող մարդիկ: 
                Կապիտալիզմը, որ հանդիսացել է անցնող 2,5 դարերի տեխնոլոգիական աննախընթաց առաջընթացի գլխավոր խթանը, չի կարող գոյատեւել ամբողջովին ավտոմատացված աշխարհում:



Աշխատանքի անհրաժեշտության ավարտն ու նոր հասարակարգի խնդիրը

                Այսպես, ավտոմատացման միտումը շարունակվում է և հեռու չէ այն օրը, երբ մարդկային աշխատանքի տեխնիկական անհրաժեշտությունը համարյա ամբողջությամբ վերանալու է: Դա փոխելու է մարդկային հարաբերությունների ամբողջ բնույթը: Ոչ միայն ներկա, կապիտալիստական ժամանակաշրջանի, այլ անհիշելի ժամանակներից հասարակական և դրան ածանցված մյուս հարաբերությունների հիմքը հանդիսացել են աշխատանքային հարաբերությունները: Աշխատանքի անհրաժեշտության, հետեւաբար ի վերջո իր` աշխատանքի վերացումով վերանալու են աշխատանքային հարաբերությունները, ուստի և բազմահազարամյա այն հիմքը, որի վրա կառուցված են եղել մյուս հարաբերությունները: Առաջանալու է, արդեն առաջանում է ամբողջովին նոր, դեռեւս անորոշ հիմունքներով հասարակարգի և հասարակական հարաբերությունների ձեւավորման խնդիր: Այս իմաստով, մարդկությունը գտնվում է իր ողջ պատմության ամենակարեւոր ջրբաժաններից մեկում:
                Ինչո՞ւ դեռեւս անորոշ հիմունքներով:
                Նորագույն տեխնոլոգիաները, հատկապես արհեստական բանականությունը լինելու են  նոր հասարակարգի գլխավոր գործիքը, ինչպիսին էլ որ լինի այդ հասարակարգը: Հիերարխիկ, բեւեռացված նոր հասարակարգի պարագայում նրանք լինելու են այդ կարգի պահպանման, մարդկանց ու ժողովրդներին  հպատակեցված պահելու գլխավոր զենքը: Ավելի ազատ և արդար հասարակարգի պարագայում ավտոմատացումն ու դրա հետեւանքով աշխատանքի անհրաժեշտության հետզհետե վերացումը մարդկանց ընծայելու են ազատ ժամանակ, որը մարդկային էության իրացման` ազատ ստեղծագործականության նախապայմանն է:
                Թե ինչպիսի՞ն է լինելու նոր հասարակարգը, ներկայինից ավելի լա՞վը թե վատը, մեծ հաշվով կախված է այն հարցից, թե ի վերջո ո՞վ է վերահսկելու ավտոմատացման գործընթացը` մեծ կապիտալի տերե՞րը թե հանրությունը:
                Ակնհայտ է, որ ներկայում այդ գործընթացը վերահսկում են առաջինները:
                Ներկա ժամանակների ամենակարեւոր մարտահրավերներից մեկը նորագույն տեխնոլոգիական, արհեստական բանականության ու ավտոմատացման գործընթացների նկատմամբ ներկայից իսկ հանրային վերահսկողության ապահովումն է, թե' նրանց սեփականության և թե' գործառույթների ու կիրառության առումներով:
                Այդ նպատակով` քաղաքական նպատակասլացության կողքին չափազանց կարեւոր է տեխնոլոգիական այդ գիտելիքների հնարավորինս ընդհանրայնացումը:

«Եզակիություն»

                Արհեստական բանականության (ԱԲ) արագ տեմպերով առաջընթացը մարդկային քաղաքակրթության և ընդհանրապես մարդկության համար կարող է ունենալ նույնիսկ ավելի ճակատագրական հետեւանքներ, քան աշխատանքի վերացումն է: Ասվածը վերաբերվում է տեխնոլոգիական «եզակիության» վարկածին, որի կայացման հավանականության և հնարավոր հետեւանքների շուրջ դեռեւս միակարծություն չի տիրում:
                Ըստ որոշ կանխատեսումների, ԱԲ-Ը մարդկային ուղեղի ունակության հավասարվելու է 2029թ., ապա գերազանցելու է նրան աներեւակայելի համեմատությամբ (12): Թե ինչպե՞ս են գոյակցելու մարդն ու նրանից  ավելի խելացի ԱԲ-Ը, մնում է հարցերի հարցը:
                Ֆիզիկայում եզակիությունն այն կետն է, որից սկսած ֆունկցիան ստանում է անսահման արժեք, ինչպես սեւ խոռոչների կենտրոնում: Արհեստական Բանականության կողմից եզակիության նվաճումը նշանակում է, որ այն կարող է համարյա անսահմանորեն ինքնաբազմապատկվել:
                Գիտնականներն ու ապագայագետները միակարծիք չեն ԱԲ եզակիության նվաճման հավանականության շուրջ: Ոմանք համարում են, որ այդ տեսությունն ավելին չէ,քան գիտաերեւակայություն: Ուրիշներ ընդհակառակը, համոզված են, որ այն անխուսափելի է: Գլխավոր տեսաբաններից Ռեյ Կըրզվեյլը նույնիսկ նշում է 2045թ. որպես դրա կայացման ժամկետ:
                Երկրորդ խմբին մաս կազմողներն իրենց հերթին միակարծիք չեն մարդկային քաղաքակրթության և ընդհանրապես մարդկության համար եզակիության ունենալիք հետեւանքների շուրջ: Ոմանք, ինչպես օրինակ ֆիզիկոս Ստեֆըն Հոուկինգը գտնում են, որ իրականություն դառնալու պարագայում մարդուց անհամեմատ խելացություն ձեռք բերած ԱԲ-ն դառնալու է ամբողջությամբ անվերահսկելի, ինչն ամենայն հավանականությամբ հանգեցնելու է մարդկության վերացման: Ուրիշներ, ինչպես Կըրզվեյլը համարում են, որ մարդիկ չեն կորցնելու վերահսկողությունը և մարդու ու ԱԲ-ի միջեւ տեղի է ունենալու միաժամանակ ֆիզիկական և գիտակցական մերում, այսինքն առաջ է գալու գերմարդը կամ անդրմարդը:


(1) Will AI kill developing world growth?, BBC, 18 April 2019
https://www.bbc.com/news/business-47852589
(2) THE FUTURE OF EMPLOYMENT: HOW SUSCEPTIBLE ARE JOBS TO COMPUTERISATION?, Carl Benedikt Frey† and Michael A. Osborne‡ September 17, 2013
https://www.ekh.lu.se/media/ekh/dokumentarkiv/2014-02-18-paper-cfray.pdf
(3) A.I. Expert Says Automation Could Replace 40% of Jobs in 15 Years, fortune.com, January 10, 2019
https://fortune.com/2019/01/10/automation-replace-jobs/
(4) OECD Employment Outlook 2019The Future of Work
https://www.oecd-ilibrary.org/sites/9ee00155-en/index.html?itemId=/content/publication/9ee00155-en
(5) Will robots really steal our jobs?
https://www.pwc.com/hu/hu/kiadvanyok/assets/pdf/impact_of_automation_on_jobs.pdf
(6) JOBS LOST, JOBS GAINED: WORKFORCE TRANSITIONS IN A TIME OF AUTOMATION, MGI, DECEMBER 2017,
https://www.mckinsey.com/~/media/mckinsey/featured%20insights/future%20of%20organizations/what%20the%20future%20of%20work%20will%20mean%20for%20jobs%20skills%20and%20wages/mgi-jobs-lost-jobs-gained-report-december-6-2017.ashx
(7) Closing the Factory Doors,  CHRISTINA LARSON,  Foreign Policy, JULY 16, 2018
https://foreignpolicy.com/2018/07/16/closing-the-factory-doors-manufacturing-economy-automation-jobs-developing/
(8) What is the fourth industrial revolution?, Nicholas Davis, World Economic Forum, 19 Jan 2016
https://www.weforum.org/agenda/2016/01/what-is-the-fourth-industrial-revolution/
(9) National Science Board | Science & Engineering Indicators 2018 6 | 1
https://www.nsf.gov/statistics/2018/nsb20181/assets/1235/industry-technology-and-the-global-marketplace.pdf
(10) The Great Decoupling: An Interview with Erik Brynjolfsson and Andrew McAfee; As the Second Machine Age progresses, will there be any jobs for human beings?; Harvard Business Review, JUNE 2015
https://hbr.org/2015/06/the-great-decoupling
(11) New World Order - Labor, Capital, and Ideas in the Power Law Economy, by Erik Brynjolfsson, Andrew McAfee, and Michael Spence, Foreign Affairs, June 4, 2014
https://www.foreignaffairs.com/articles/united-states/2014-06-04/new-world-order


Comments

Popular posts from this blog

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (1) | Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը