Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

1.            Կապիտալիզմ, շահույթ, հավելյալ արժեք, կապիտալի կուտակում
•             Կապիտալիզմը արտադրաեղանակ է ու դրանից բխող հասարակական կազմավորում և համակարգ,,  որի ներքին տրամաբանությունն ու գոյության իմաստը կապիտալի անվերջ կուտակումն է:
•             Կապիտալի կուտակման սկզբնաղբյուրը կապիտալիստի շահույթն է:
                Շահույթը արտադրված ապրանքի կամ մատուցված ծառայության ինքնարժեքի և վաճառքի գնի տարբերությունն է:
                Ինքնարժեքի բաղադրիչներն են ֆիզիքական միջոցները (տարածք, սարքավորումներ, հումք և կամ կիսաֆաբրիկատներ), աշխատավարձերը, հարկերը եւայլն:
                Արտադրական գործընթացի արդյունքը` վաճառքի ենթակա ապրանքն ստացվում է, երբ ֆիզիքական միջոցների վրա ի գործ է դրվում մարդկային աշխատանք: Չկա արտադրանք կամ ապրանք առանց աշխատանքի:
                Ինքնարժեքի և վաճառքի գնի տարբերությունը, շահույթն առաջանում է այն բանից, որ կապիտալիզմի պայմաններում աշխատանքի վարձատրության և այդ աշխատանքի շնորհիվ արտադրված ապրանքի վաճառքի գնի միջեւ առկա է խզում: Աշխատանքը չի գնահատվում համաձայն իր ստեղծած ապրանքի գնի:
                Կապիտալիստական համակարգում աշխատուժը համարվում է ապրանք, որն աշխատանքի շուկայում վաճառվում է վարձու աշխատողի և գնվում կապիտալիստի կողմից: Աշխատուժի բազային գինը նրա վերարտադրության արժեքն է. ավելին սակարկության հարց է, կախված ուժերի հարաբերակցությունից: Վարձու աշխատողը, ստանալով իր ֆիզիքական վերարտադրության համար անհրաժեշտի համարժեք (կամ, ըստ սակարկության, ավելի) վարձատրություն, բայց իր աշխատանքի արդյունքում ստեղծելով ստացածից ավելի մեծ նյութական արժեք, ստեղծում է հավելյալ արժեք: Այդ հավելյալ արժեքը յուրացվում է կապիտալիստի կողմից և դառնում նրա շահույթը, երբ նա որպես ապրանք վաճառում է արտադրանքը:
•             Կապիտալի կուտակումը տեղի է ունենում կապիտալիստի կողմից շահույթի ձեռքբերումը տեւական գործընթաց դարձնելու իրողության միջոցով: Կապիտալիստն իր ստացած շահույթի մի մասը վերստին ներդնում է արտադրական կամ ընդհանրապես տնտեսական գործունեության մեջ, լրացուցիչ շահույթ ձեռք բերելու նպատակով, ու այսպես շարունակ:
•             Այսպիսով, կապիտալիզմի հիմքը վարձու աշխատանքն է, որի շնորհիվ ձեւավորվում է հավելյալ արժեք, որից ծնվում է շահույթը,, ու այս վերջինի շարունակական ձեռքբերումը ապահովում է կապիտալի անվերջ կուտակում:

2.            Մրցակցություն ընդ. մենաշնորհ, տեխնոլոգիական նորարարություն
•             Կապիտալիզմը հասկանալու համար անհրաժեշտ է գիտակցել, որ տեսական կամ բացարձակ մրցակցային շուկան, որը գործում է պահանջարկի և մատուցման բացառապես առարկայական օրենքների հիման վրա և դրանով կանոնակարգում գները, գոյություն ունի միայն տնտեսագիտական դասագրքերում: Բացարձակ մրցակցային շուկայի գլխավոր հակառակորդներն իրենք, կապիտալիստներն են: Մրցակցությունն ընդհանրապես, իսկ կատարյալ մրցակցությունը մասնավորաբար, կարող են ապահովել միայն փոքր շահույթներ, իսկ կապիտալը չի բավարարվում փոքր, «խանութպանային» շահույթով: Փոքր շահույթը կուտակում չի ապահովում: Չկա կապիտալիզմ առանց մեծ  և գերշահույթի, ինչն իր հերթին ենթադրում է մենաշնորհների կամ կվազիմենաշնոհների առկայություն: Այլ խոսքով, մենաշնորհներն ու կվազիմենաշնոհները ոչ թե «նորմալ» կապիտալիզմից շեղումներ են, այլ բնորոշ են դրան:
•             Կապիտալիզմը միշտ առաջնորդվել է տեխնոլոգիական նորարարությունների գաղնիքների տիրացման և պահպանման շնորհիվ կվազիմենաշնորհային ձեռնարկությունների և գերշահույթներ ապահովող մենաշնորհային գների ձեւավորումով:
                Այդ նորարարությունների շնորհիվ` ձեռնարկվում է նախապես գոյություն չունեցող, նոր ապրանքների, կամ հին ապրանքատեսակների գերազանցապես նոր որակի  տեսակների արտադրություն: Այդ նոր արտադրությունները չեն կարող լինել մրցակցային, որովհետեւ նորարարական տեխնոլոգիաների գաղտնիքներին շատ քչերն են տիրապետում: Գաղտնիքների մենաշնորհով օժտված կապիտալիստներն ու նրանց ձեռնարկություններն ինքնուռույն, առանց շուկայի միջամտության որոշում են արտադրված ապրանքատեսակների գները, ապահովում են գերշահույթներ:

3.            Արտադրական ծախսերը, նրանց աճի միտումը
•             Կապիտալիստների համար գլխավոր երեք ծախսերը հանդիսանում են անձնակազմի, միջոցների և հարկային ծախսերը:
Համակարգի ձեւավորման սկզբից այս ծախսերն  ու գների կառուցվածքում նրանց համամասնությունը միշտ ավելանալու միտում են ունեցել և փաստացի միշտ աճել են: Համակարգը մշտապես միջոցներ է ձեռք արել այդ աճը ոչ միայն սանձելու, այլեւ հետ մղելու նպատակով: Նրան միշտ հաջողվել է դա անել, բայց միայն մասնակի: Եթե ծախսերն ավելացել են երկու կետով, հաջողվել է նրանք հետ մղել մեկ կետով: Շարունակվող այս միտումը դրանց հասցրել է աննախադեպ բարձր մակարդակի:
Ինչու՞ և ինչպե՞ս:
•             Անձնակազմի ծախսեր.
Ապրանքների արտադրությունը պահանջում է մարդկային աշխատանք: Որպեսզի արտադրական գործընթացի շարունակականությունը չընդհատվի, անհրաժեշտ է, որ առնվազն ապահովված լինեն աշխատողների ֆիզիքական վերարտադրության պայմանները: Կապիտալիստական համակարգում առաւելագույն շահույթի ձեռքբերման հնարավորությունը ուղիղ համեմատական  է նվազագույն հնարավոր աշխատավարձի հետ:  Հետեւաբար գործատունէրի համար վարձու աշխատողների աշխատավարձի ամենաձեռնտու չափը նրանց ֆիզիքական վերարտադրությունը երաշխավորող գումարն է, ոչ ավելին: Այնքան ժամանակ, որ կապիտալիստները ունակ են խուսափելու այդ շեմից բարձր աշխատավարձեր վճառելուց, նրանք նախընտրում են մնալ այդ շեմի վրա:
Սակայն վարձու աշխատողները կազմակերպվում են և պահանջում ավելի բարձր աշխատավարձեր: Կազմակերպմանը նպաստում է արտադրական գործընթացի ու հետեւաբար աշխատավորների կոլլեկտիվների կենտրոնացվածությունը, ինչը նրանց հնարավորություն է տալիս ճնշում բանեցնելու գործատուների վրա: Վերջինները, որպես կանոն, դիմադրում են այդ պահանջներին:  Բայց այնքան ժամանակ, որ արտադրական գործընթացը նրանց շահույթի տեւական հոսք է ապահովում, նրանք նախընտրում  են մասնակիորեն բավարարել պահանջները, քան գործախուլների հետեւանքով կանգնել արտադրական գործընթացի կասեցման փաստի առաջ: Հետեւաբար ամեն անգամ, երբ համակարգը գտնվում է կոնդրատիեվյան ցիկլերի Ա փուլում գործատուները կատարում են որոշ զիջումներ և վարձու աշխատողներն ապահովում աշխատավարձերի բարձրացում: Բայց երբ ավարտվում է վերելքի փուլն ու սկսվում լճացման ու վայրէջքի Բ փուլը, գործատուները, դեմ հանդիման գտնվելով մրցակցության ու հետեւաբար գների ու շահույթի անկման, ձեռնարկում են աշխատավարձերի աճի դեմ տարբեր միջոցառումներ: Օգտվելով լճացման ու գործազրկության աճի պատճառով վարձու աշխատողների  կազմակերպվածության թուլացումից, նրանց հաճախ հաջողվում է որոշ չափով զեղջել վերջինների ձեռքբերումները: Բայց հիմնական միջոցը` որին դիմում են սեփականատերերը` արտադրական գործընթացների տեղափոխումն է   աշխարհամակարգի կենտրոնից դեպի ծայրամաս, այսինքն` աշխարհագրական այնպիսի շրջաններ, որտեղ արդյունաբերությունը պակաս զարգացած է, առկա է վարձու աշխատանքի թեկնածուների մեծ պահեստ ու աշխատավարձերի մակարդակը դեռեւս ցածր է:  Այս լուծումը սակայն մշտական չի կարող լինել: Մի քանի տասնամյակ անց այս նոր շրջաններում եւս տեղի աշխատավորներին հաջողվում է կազմակերպվել և աշխատավարձի ու աշխատանքային պայմանների բարելավում պահանջել: Տվյալ շրջանը դադարում է ցածր աշխատավարձի մակարդակով հատկանշվել և գործատուներն ստիպվում են, իրենց իսկ շահերից ելնելով, արտադրությունները տեղափոխել դեռեւս ցածր աշխատավարձով հատկանշվող մի նոր աշխարհագրական շրջան:  (Չինաստանն, օրինակ, 1980-90-ականներին «աշխարհի գործարանը» դառնալուց հետո, տարիներ ի վեր տեքստիլի և մի շարք այլ արտադրությունների համար դարձել է թանգ երկիր և այդ ճյուղերի գործարանների կարեւոր մասն արդեն տեղափոխվել է հարավ-արեւելյան Ասիայի այլ երկրներ): Այս մեխանիզմը հիանալի աշխատել է դարերի ընթացքում սակայն արդեն հասել է ինքնասպառման սահմանին: Հատկապես 1980-90-ականներից կապիտալիստական հարաբերությունները կլանել են համարյա ամբողջ աշխարհը և «կուսական» տարածքները քչացել են: Մյուս կողմից,  գյուղերից քաղաքներ գաղթը ամբողջ մոլորակի մաշտապով 20-րդ դարի կեսերից սկսած շեշտակի աճել է, ինչը, հաղորդակցման միջոցների արագ աճի և տեղեկությունների փոխանակման արագացման զուգահեռ, արագացրել է առկա կամ պոտենցիալ աշխատավորների սոցիալական ու քաղաքական հասունացման անհրաժեշտ ժամանակը: Հետեւաբար արտադրական գործընթացները շարունակաբար ցածր աշխատավարձով հատկանշվող նորանոր շրջաններ տեղափոխելու հնարավորությունները մեծ արագությամբ կծկվում են: Կապիտալիստական համակարգն արդեն չի կարողանում արդյունավետ ձեւով պայքարել աշխատավարձերի աճի պատմական միտումին դեմ, ինչի արդյունքում կծկվում է արտադրական գործընթացներից շահույթ ապահովելու իր հնարավորությունը:
•             Միջոցների ծախսեր.
Երկար ժամանակ կապիտալիստները արտադրական գործընթացում օգտագործված ոչ բոլոր միջոցների համար են վճառել: Եթե շինությունների, սարքավորումների և ուղղակի օգտագործվող հումքի ծախսերը հոգացել են գործընթացի սեփականատերերը, նույնը չի կարելի ասել երեք այլ միջոցների մասին:  Խոսքը վերաբերվում է ապատոքսիֆիկացման, առաջնային ռեսուրսների վերականգման և ենթակառուցվածքային ծախսերին: Կապիտալիստներին երկար ժամանակ հաջողվել է այս ծախսերից ձերբազատվել, դրանք փոխանձելով ուրիշներին` առանձին անհատների, համայնքների կամ ամբողջ հանրությանը: Այդ միտումը սակայն փոխվում է և այդ ծախսերը գնալով ավելի ներառվում են արտադրողի կրած ծախսերի կառուցվածքում, պակասեցնելով շահույթի հնարավորությունները:
•Ապատոքսիֆիկացում. արտադրական թափոնների առկայությունը երկար ժամանակ մարդկանց լուրջ մտահոգություն չի պատճառել: Արդյունաբերական գործունեության շեշտակի աճը, սակայն, բազմապատկել է խնդրի տարողությունը և այն արդեն վաղուց թանգ է արժենում շրջակա միջավայրի` բնությանն ու մարդկանց վրա: Առաջացել է ահազանգային վիճակ և ձեւավորվել է անցյալում համարյա գոյություն չունեցող բնապահպանական հանրային հզոր գիտակցություն և շարժում: Ապատոքսիֆիկացումը պահանջում է ահռելի գումարներ: Հանրությունը պահանջում է, որ ծախսերի բեռն ստանցնեն իրենք, արտադրությունների սեփականատերերը: Աշխատավարձերի աճի պայքարի նմանությամբ, այս ծախսերի արտադրողների կողմից ներքինացման ուղղությամբ մղվող պայքարը արագ թափ է հավաքում ոչ միայն կենտրոնի, այլ նաեւ ծայրամասի` ցածր աշխատավարձերով հատկանշվող երկրներում:
•Առաջնային ռեսուրսների վերականգնում. այս խնդիրը նման է ապատոքսիֆիկացման խնդրին: Անցյալում արտադրական նպատակներով համեմատաբար ավելի քիչ անտառներ էին հատվում ու բնական ընթացքով, թեկուզ դանդաղորեն, վերականգնվում: Ներկայումս անտառահատումներն ու առաջնային այլ ռեսուրսների մսխումը խելահեղորեն աճել են  և նրանց վերականգնումը պահանջում է թանգ միջոցներ: Հանրություններն ու պատասխանատու կառավարությունները պահանջում են կամ հետ կանգնել մասսայական անտառահատումներից ու այլ մսխումներից և կամ ստանցնել նրանց վերականգնման ծախսային բեռը:
•Ենթակառուցվածքներ. ենթակառուցվածքները երկրաչափական արագությամբ աճում են: Նրանք, օրինակ` մայրուղիները, չեն ծառայում միայն արտադրողներին, սակայն վերջինները միանշանակորեն օգտվում են դրանցից: Այնքանով, որքանով քաղաքական իշխանությունները այս ծախսերի մի մասը տարածում են արտադրողների վրա, վերջինների ծախսերն ավելանում են:
•             Հարկային ծախսեր.
19-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայի արդյունաբերական երկրներում հարկային եկամուտները կազմում էին ազգային եկամուտների մոտ 5%-ը կամ մի փոքր ավելի: 20-րդ դարի սկզբին, մինչեւ Ա համաշխարհային պատերազմ, այդ համեմատությունը 10% էր: 2016թ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների հարկային եկամուտների միջինը կազմում էր հյուսիսային կիսագնդի այդ 36 զարգացած կապիտալիստական երկրների համախմբան համախառն ՀՆԱ-ի 34,3%-ը, իսկ Դանիայում, օրինակ, 45,9%-ը:
Հարկային եկամուտների այս կտրուկ աճը պետական ծախսերի համապատասխան աճի հետեւանք է: Պետական ծախսերը ներառում են երեք գլխավոր ուղղություններ. հավաքական անվտանգություն (զինված ուժեր, ոստիկանություն եւայլն), հանրային բարեկեցություն և պետական կառավարման մարմիններ: Անցնող մեկուկես դարերի ընթացքում պետական ծախսերը կտրուկ աճել են այս բոլոր երեք ուղղություններով, ինչը պահանջել է հարկահավաքման մակարդակի համապատասխան աճ:
•Երկրների արտաքին և ներքին անվտանգության ծախսերը կտրուկ աճել են առաջին հերթին սպառազինության տեխնոլոգիական առաջընթացի կլանած ռեսուրսների, նաեւ անձնակազմերի սոցիալական բարեկեցության ապահովման պատճառով:
•Հանրային բարեկեցության ծախսերը կտրուկ ավելացել են քաղաքացիների հետեւողական պայքարի հետեւանքով: Վերջինները, տասնամյակների պայքարի արդյունքում ապահովել են հանրային կրթության,  առողջապահության և արժանապատիվ ծերության (կենսաթոշակի) իրավունք: Սրանք քաղաքացիների, հատկապես աշխատավորական դասերի ամենակարեւոր ձեռքբերումներն են:
Պետական այս հսկայական ծախսերի հոգսը կրում են հարկատուները` տնտեսական հիմնարկություններն ու քաղաքացիները: Կապիտալիստական հիմնարկությունների ու անհատ քաղաքացի կապիտալիստների շահույթներն ի հարկե պակասում են իրենցից գանձված հարկերի պատճառով: Բայց ոչ միայն: Որպեսզի վարձու աշխատող քաղաքացիները կարողանան մուծել իրենցից պահանջված հավելյալ հարկերը, նրանք պետք է ունենան լրացուցիչ եկամուտներ, ինչը ենթադրում է աշխատավարձերի հավելում, այսինքն լրացուցիչ ծախսեր կապիտալիստների համար:
Արտադրական գործընթացների աշխարհագրական սփռումը և բազմացումը, այսինքն սուր մրցակցությունը անհնար են դարձնում անձնակազմի, միջոցների և հարկային ծախսերի վերոնշյալ շեշտակի աճին ի տես ապրանքների վաճառքի գների համապատասխան բարձրացոը, որի հետեւաըքով գների կառուցվածքում շահույթի համամասնությունը փոքրացել է, հանգեցնելով կապիտալիզմի ճգնաժամին:
(Իմմանուել Վալլերշտեին)

4.            Աշխարհամակարգ
                Կապիտալիստական համակարգը բաղկացած է կապիտալիզմի կենտրոնից և ծայրամասից, ինչպես նաեւ կիսածայրամասից: Դրանք միասին ձեւավորում են կապիտալիստական աշխարհամակարգը:
                Կենտրոն/ծայրամաս հարաբերակցությունը հարստության կենտրոնացման և աշխատանքի բաժանման հարաբերակցություն է: Կենտրոնում գործընթացները լինում են գերազանցապես մենաշնորհային, տվյալ ժամանակի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած և ապահովում են գերշահույթներ, իսկ ծայրամասերում` հիմնականում մրցակցային, ավանդական դարձած տեխնոլոգիաներով: Կապիտալիստների համար գերշահույթների ձեւավորման պայմաններում վարձու աշխատողներին հաջողվում է հարաբերաբար բարելավել իրենց սոցիալական պայմանները, իսկ կառավարություններին` գանձել ավելի շատ հարկեր: Այս պատճառով արտադրական ծախսերը բացարձակ ծավալով կենտրոնում լինում են ավելի բարձր, քան ծայրամասում:
                Երբ ժամանակի ընթացքում տեխնոլոգիական գաղտնիքների անխուսափելի բացահայտման հետեւանքով շուկա են մտնում նոր արտադրողներ, որի հետեւանքով վերջ է դրվում տվյալ արտադրությունում մենաշնորհներին և տեղի է ունենում գների, հետեւաբար և շահույթի անկում, կապիտալիստներն այդ արտադրությունները տեղափոխում են ծայրամասեր, որտեղ ծախսերի մակարդակը ցածր է:
                Կենտրոն/ծայրամասեր հարաբերությունները, հետեւաբար, աշխատանքի բաժանման և անհավասար փոխանակման վրա հիմնված հարաբերություններ են: Կապիտալիզմը սնվում է այդ երկու բեւեռների տարբերությունից:
                Թեեւ Կենտրոն-ծայրամաս հարաբերակցությունն ըստ էության հարստության կենտրոնացման և աշխատանքի բաժանման հարաբերակցություն է, քան աշխարհագրական հասկացություն, այնուամենայնիվ պարզ է, որ  հյուսիսային կիսագնդի, և հատկապես արեւմտյան երկրներում գործընթացները առավելաբար կենտրոնային են, իսկ հարավային կիսագնդում` շատ ավելի ծայրամասային: Այնուամենայնիվ, բոլոր երկրներում էլ գոյություն ունեն թե' կենտրոնային և թե ծայրամասային գործընթացներ:
                Արտադրական գործընթացների տեւական տեղափոխման պատճառով կապիտալիզմն ու կապիտալիստական հարաբերություններն աշխարհագրականորեն շարունակաբար տարածվել են, նորանոր շրջաններ դարձնելով աշխարհամակարգի ծայրամաս: Իսկ որոշ (սահմանափակ) թվով երկրների հաջողվել է դուրս գալ ծայրամասային իրավիճակից և ստանալ կենտրոնային հատկանիշներ. բայց այս երեւույթն օրինաչափ չէ:
                Որոշ երկրներ և շրջաններ համարվում են կիսածայրամասային, որովհետեւ կենտրոնի հետ ունեն ծայրամասային, իսկ որոշ ծայրամասերի հետ` կենտրոնային հարաբերություններ:

5.            Արդյունաբերական հեղափոխություն
Տեխնոլոգիական նորարարություններն ու կապիտալիզմը հանդիսացել են փոխադարձ առաջընթացի խթաններ:
Նորարարությունների գաղտնիքների տիրապետումը հնարավորություն է տալիս ձեւավորել մենաշնորհներ և ապահովել գերշահույթներ: Բայց այդ գաղտնիքները որոշ ժամանակ անց (սովորաբար 25-30 տարի) բացահայտվում են, նորանոր արտադրողներ մտնում են շուկա, տվյալ արտադրությունը դառնում է մրցակցային և դադարում է գերշահույթներ ապահովել: Մենաշնորհի կորուստը կապիտալիստներին մղում է` վերստին մենաշնորհային դիրք գրավելու նպատակով նոր հայտնագործումներ ֆինանսավորել և ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիական նորարարություններ, որոնք իրենց հերթին դառնում են մենաշնորհներ, ... մինչեւ նրանց եւս գաղտնազերծումը ... և այսպես շարունակ:
Դեռեւս ոչ արդյունաբերական ժամանակաշրջանի կարեւորագույն հայտնագործումներից մեկը եղել է խորը ջրային նավարկության հնարավորության ձեռքբերումը (կարավել նավերը եւայլն), որոնք բացեցին աշխարհագրական հետախուզությունների, նորահայտ երկրամասերից և տարածաշրջաններից հումքի ձեռքբերման, գաղութատիրության, հարստության կուտակման և եվրոպայի գլոբալ գերիշխանության դարաշրջանը:
Այս իրողությունն առնվազն նպաստեց գիտական առաջընթացին: XVIII-րդ  դարի վերջին քառորդին ջրի և շոգու ուժի արդյունաբերական կիրառումն սկիզբ դրեց արդյունաբերական հեղափոխության: Յուրաքանչյուր արդյունաբերական հեղափոխության հիմքում գտնվում է նորահայտ տեխնոլոգիաների ներմուծում արդյունաբերական գործընթացներում: Ընդհանուր օգտագործման այդ տեխնոլոգիաների հենքի վրա տասնամյակներ շարունակ տեղի են ունենում նորարարություններ: Ջրի և շոգու ուժի արդյունաբերական օգտագործումը մինչեւ 1830-40թթ. ծնունդ է տվել մանվածագործության, երկաթի արտադրության և ձուլման, երկաթգծի և բազմաթիվ այլ նորարարությունների:
2-րդ արդյունաբերական հեղափոխության հիմքում գտնվում են էլեքտրուժի և ներքին այրման հայտնագործությունների արդյունաբերական կիրառում, որոնք հիմք են ծառայել տասնամյակներ շարունակ կատարված նորարարությունների` մետալուրգիա, ծանր ինժիներություն, ավտոմեքենաներ, մասսայական արտադրություն եւայլն: Սովորական էլեքտրալամպից ու հեռախոսից մինչեւ սառնարաններ, լվազքի մեքենա, կենտրոնական ջեռուցում ու օդափոխիչ, վերելակ ու ինքնաթիռ 2-րդ հեղափոխության պտուղներն են:
3-րդ արդյունաբերական հեղափոխության, համակարգիչների և համացանցի  հիմքում գտնվում են ընդհանուր օգտագործման նոր` թվային տեխնոլոգիաները: Դրանց երկրորդ սերունդը, արհեստական բանականությունն ու դրանով օժտված ռոբոտները երբեմն համարվում են 4-րդ հեղափոխության  բաղադրիչներ: Վերջինին հաստատապես մաս են կազմում կենսատեխնոլոգիաներն ու նանոտեխնոլոգիաները:

6.            Ապրանքայնացում
•             Շահույթի ձեւավորման և կապիտալի կուտակման գործընթացի տեւական շարունակականության ապահովումը պահանջում է ամեն ինչի ապրանքայնացում (commodification). ամեն ինչ պետք է վերածվի ապրանքի, ենթակա լինի առուվաճառքի: Տեւաբար ծավալվելու և շահույթ ապահովելու նպատակով կապիտալիզմն ապրանքների է վերածել մարդկային տարրական ու ոչ տարրական պահանջներ, տեւաբար ստեղծել նոր, արհեստական պահանջներ, նորեր ձեւավորելու նպատակով ոչնչացրել հին պահանջներ («ստեղծագործ ոչնչացում» (creative destruction))

Comments

Popular posts from this blog

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (1) | Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը