ԱՄՆ. ամենահզոր բայց ոչ ամենակարող



            ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր տերությունն է, որոշ ոլորտներում դեռեւս անմրցելի, բայց նա արդեն ամենակարող չէ: Նրա բացարձակ հեգեմոնային  ցիկլը ավարտված է: Այս իրողությունը հաստատում են նաեւ իրենք, ԱՄՆ անվտանգային կառույցները և անվանի փորձագետները:
            Բ. Համաշխարհային պատերազմի ավարտից մինչեւ 1960թթ. վերջերն ու 1970թթ. սկիզբ ԱՄՆ-ը գերիշխող դիրք է զբաղեցրել բոլոր ոլորտներում` տնտեսություն, տեխնոլոգիաներ, համաշխարհային ֆինանս և ռազմական հզորություն: Սկսած 1970թթ. այն սկսել է կորցնել բացարձակ և աներկբա գերակայության դիրքերը:
           1960թ. ԱՄՆ-ՀՆԱ-ն ներկայացնում էր աշխարհի ՀՆԱ-ի 40%-ը, իսկ 2017թ.` 24,08%-ը (-40%):
            Ներքին գնողունակության չափանիշով (purchasing power parity) հաշվարկված ԱՄՆ ՀՆԱ-ն Բ Համաշխարհայինի ավարտից հետո ներկայացնում էր աշխարհի ՀՆԱ-ի կեսը, սառը պատերազմի ավարտին արդեն պակաս քան քառորդը, իսկ ներկայում 1/7-ը:
           Կապիտալիզմի ճգնաժամի պատճառով 1970թթ.-ից տնտեսության աճի տեմպերը նվազում են ամբողջ աշխարհում, բայց ԱՄՆ-ում նվազում են ավելի արագ տեմպերով: 2000-09թթ. միջինացված տարեկան իրական աճը աշխարհում՝ 2,82%, ԱՄՆ-ում՝ 1,79%, 2010-17թթ. աշխարհում` 3,0%, 2010-սեպտ. 2019թթ. ԱՄՆ-ում` 2,25%:
           1980թ. Չինաստանի ՀՆԱ-ն հաշվում էր ԱՄՆ ՀՆԱ-ի ընդամենը 8%-ը: 2014 թ. ներքին գնողունակության չափանիշով (ppp) հաշվարկված չինական ՀՆԱ-ն արդեն շրջանցել էր ԱՄՆ-ին: Հնդկաստանը եւս զգալիորեն աճել է. 2014 թ. նրա տնտեսությունը հաշվում էր ԱՄՆ տնտեսության 40%-ը, իսկ Բրազիլինը` 20%-ը: Ասել չի ուզվում, որ Չինաստանը հասել է ԱՄՆ-ի հզորության. ասել է ուզվում, որ ԱՄՆ-ն արդեն նախկինը չէ:
           Բացի տնտեսության համեմատական հզորության նահանջից, անցնող չորս տասնամյակներում ԱՄՆ-ում տեղի է ունեցել սոցիալական բեւեռացման  խորացում և միջին դասակարգերի էռոզիա:
           Ըստ OECD-ի հրապարակած 2017թ տվյալների, ԱՄՆ-ում բնակչության ստորին 60%-ին հասնում է երկրի հարստության ընդամենը 2,4%-ը, իսկ վերին 10%-ը տիրում է հարստության մոտ 80%-ին (տվյալներ տրամադրած OECD երկրների համապատասխանաբար ամենացածր և ամենաբարձր ցուցանիշները):
            Ներկայում ԱՄՆ ընտանիքների մեծամասնությունում երկու հոգու աշխատանքն անկարող է ապահովելու միջին դասի այն կենսամակարդակը, որը 1950-ականներին ապահովում էր մեկ անձի աշխատանքը:
            «ԱՄՆ-ի համար միջին դասակարգի իրավիճակի մշտական բարելավումը կենտրոնական արժեք է: Եթե այն կորցնի դա, կորցրած կլինի իր աշխարհքաղաքական հզորության հենասյուներից մին» (George Friedman, Stratfor-ի հիմնադիր):
           Տնտեսական համեմատական նահանջն առնվազն մասամբ հետեւանքն էր արդյունաբերական գործընթացների դեպի էժան աշխատուժով երկրներ (Չինաստան եւայլն) տեղափոխումին: Թվում էր, որ արտադրական առավելության գիտակցված կորուստը հնարավոր է ավելիով կոմպենսացնել ֆինանսական գերակայությամբ: Այդ գերակայությունն իրոք  պահպանվեց մինչեւ 1990թթ., բայց համարյա բոլոր երկրների նման ԱՄՆ-ը եւս հայտնվեց պարտքերի ահավոր բեռի տակ:
            2019թ. առաջին եռամսյակին ԱՄՆ ամբողջական պարտքը  հատել էր 69 տրիլիոն դոլարի շեմը, ինչը համապատասխանում է ՀՆԱ համարյա 350%-ին (աշխարհի ամբողջական պարտքը՝ աշխարհի ՀՆԱ-ի 320%): 2008թ. ճգնաժամից հետո պարտքերը շարունակել են աճել մեծ ոստումներով:
           Այնուամենայնիվ, միջազգային առեւտրում և ֆինանսական գործարքներում դոլարի զբաղեցրած առանձնաշնորհյալ դիրքը և դրա շնորհիվ ԱՄՆ ի գործ դրած վերահսկողությունը շարունակում է վերջինին տալ, բացի ֆինանսականից, աշխարհքաղաքական լծակներ: Բայց համաշխարհային տնտեսական ճարտարապետությունում և հետեւաբար աշխարհքաղաքականությունում ԱՄՆ դիրքերի թուլացման պատճառով դրանք եւս մաշվում են:
           Տեխնոլոգիական ոլորտում ԱՄՆ-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղերը բայց վաղուց կորցրել է բացարձակ գերազանցիկի դիրքերը: Բազմաթիվ երկրներ մրցակցում են  իսկ գլխավոր ախոյանը Չինաստանն է:
           Միակ ոլորտը, որտեղ ԱՄՆ-ը շարունակում է վայելել անխտիր բոլոր երկրների նկատմամբ անհամեմատելի առավելություն, ռազմականն է: Տիրապետում է ովկեանոսներին-ծովերին և երկնքին. Բայց ինչպես Աֆղանստանի և հատկապես Իրաքի պատերազմներն ապացուցեցին, նա չունի ցամաքներին գերիշխելու բավարար ցամաքային ուժ:
            ԱՄՆ-ը ցանկացած սովորական ռազմական ուժ ոչնչացնելու ուժ ունի, բայց չունի երկրներ գրավելու և «խաղաղացնելու» ունակություն: Այլ կերպ ասած, այն կարող է հաղթահարել սպառնալիքները, բայց ոչ կայունացնել երկրները, առավել եւս աշխարհը:
            Բացարձակ հեգեմոնի դիրքերից ԱՄՆ նահանջին գիտակից են առաջին հերթին իրենք, ամերիկացիք: Հետախուզության Ազգային Խորհուրդի (National Intelligence Council) դեռեւս 2008թ. հրապարակած «Համաշխարհային միտումներ 2025» (Global trends 2025) զեկույցը համարում է, որ 2025թ. ԱՄՆ-ը, մնալով հանդերձ ամենահզոր տերությունը, համաշխարհային հարցերում չի լինելու գերակա: Աշխարհը լինելու է բազմաբեւեռ և նվազ կենտրոնացված, և ոչ-պետական դերակատարների ուժն աճելու է: Զեկույցը գտնում է, որ ԱՄՆ տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական գերակայության թուլացումը շարունակվելու է:
            2018թ. վերջին և 2019թ. սկզբին, Տրամպի վարչակազմի օրոք հրապարակված  Ազգային Անվտանգության Ռազմավարություն (National Security Strategy) և  Ազգային Պաշտպանության Ռազմավարություն (National Defense Strategy) զեկույցները շարունակում են նույն մոտեցումը: Պաշտպանական զեկույցը նշում է, որ միաբեւեռ տասնամյակում ԱՄՆ-ը վայելել էր անվիճելի գերակայություն գործողությունների բոլոր տիրույթներում: «Մենք ընդհանրապես կարող էինք տեղակայել մեր ուժերը երբ ուզեինք, խմբել դրանք որտեղ ուզեինք, և գործարկել ինչպես ուզեինք»: Մինչդեռ ներկայում, նշում է անվտանգության զեկույցը, Չինաստանն ու Ռուսաստանը ստեղծում են ռազմական կարողություններ, որոնք կոչված են ժխտել Ամերիկային մուտքը ճգնաժամային իրավիճակներում և վիճարկել ազատ գործելու նրա հնարավորությունը»:
            Այս գնահատականները կիսում են լրջագույն փորձագետներ և հետազոտական կենտրոններ:
           Գոնե այս պահի դրությամբ անցել են այն օրերը, երբ ամերիկյան ուժերը պատրաստ էին այս կամ այդ երկրում իրավիճակը կարգավորելու:
            Թե՛ հեգեմոնը, թե՛ շատ պետություններ որոնց վրա նա ազդում է ավելի թույլ են: Հիերարխիան լուծարվում է բոլոր մակարդակներում: Ամերիկյան հեգեմոնն ավելի քիչ հեգեմոն է, իսկ առանձին երկրներում ներքին ուժերը այլեւս չեն ենթարկվում ռեժիմներին: (Եվ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը չեն գտնվում ամերիկյան ճամբարում այն աստիճանի, որքան նախկինում էին ՝ ավելի թուլացնելով ամերիկյան հեգեմոնիան:)
(Robert D. Kaplan)
           Տնտեսական և ռազմական ռեսուրսներն այժմ շատ ավելի ցրված են միջազգային համակարգում ընդհանրապես, և, մասնավորապես, Միացյալ Նահանգների ձեռքերից դուրս:
            Միացյալ Նահանգները ավելի լավ սակարկություններ չի ստանա, քան ձեռք է բերել այն ժամանակ, երբ այն վերահսկում էր ավելի քան երկու անգամ ավելի շատ համաշխարհային հզորություն, քան ներկայումս:
(Dani K. Nedal ԵՎ Daniel H. Nexon)
           Մի պետության համար, որի հիմնական ռազմավարությունն էր մարտահրավերները հաղթահարել ռեսուրսներով, այս անկումը կասկածի տակ է դնում առաջնորդության ԱՄՆ նախադրյալները:
(Graham Allison)
           Իսկ ԿԱՏՈ Ինստիտուտը գտնում է,  որ ԱՄՆ-ի համար դժվար է լինելու նախկին դիրքերի պահպանման համար անհրաժեշտ ռեսուրսների ձեռքբերումն ապահովել իր բնակչության բազայից: Հաշվի առնելով տեղաշարժերը, նա համարում է, որ ԱՄՆ-ը պետք է վերագնահատի իր մեծ ռազմավարությունը ՝ իր ուժն ու պարտավորությունները հավասարակշռելու համար: Որպեսզի վերագնահատումը իրատեսական լինի, այն պետք է կարողանա նկատի ունենալ իրականացնել
- անվտանգության պարտավորությունների հետաձգում կամ նահանջ,
- դաշնակիցների միջեւ բեռի վերաբաշխում,
- պատերազմներից զգուշավոր խուսափում և
- պարտավորությունների սահմանափակում:
            Տրամպի վարչակազմի կիրառած քաղաքականությունը մեծ հաշվով այս հանձնառարություններից շատ հեռու չի գտնվում:

           ԱՄՆ-ի համար անհնար է կառավարել աշխարհը: Նրա ուժը մեծ է, բայց նա ամենակարող չէ: Մյուս կողմից, աշխարհի յուրաքանչյուր հակամարտություն ամերիկյան խնդիր չէ: Ուստի ԱՄՆ-ը որդեգրել է ուժերի տնտեսման քաղաքականություն, առանց մեկուսանալու աշխարհից:
            ԱՄՆ ռազմական հնարավորությունները խիստ ձգված են, տեղակայված են հսկայական տարածության վրա, և դա խնդիր է ստեղծում: Միացյալ Նահանգները չի կարող ինտենսիվ պայքար մղել բոլոր այս թատերաբեմերում միաժամանակ: Ցանկացած մեկ թատերաբեմում պատերազմի բռնկումը կնվազեցնի ԱՄՆ կարողությունները մեկ այլ թատերաբեմում՝ մեծացնելով այլ ուժերի կողմից այս թուլությունից օգտվելու հավանականությունը:
            Այս իրավիճակին ի տես, ԱՄՆ-ը դիմել է փոխլրացնող ռազմավարությունների:
- Կենսական նշանակության տարածաշրջաններում Անհրաժեշտ չափով ներկայության պահպանում և երկարաձգված բանակցությունների ներքո մարտերից խուսափում, ինչը կարող է հանգեցնել կամ չհանգեցնել ինչ-որ բանի, բայց կնվազեցնի ռազմական սպառնալիքը:
- Տարածաշրջաններում տեղային ուժերի հավասարակշռության ձեւավորում կամ առկա հավասարակշռության օգտագործում (նպատակ ունենալով թույլ չտալ, որ նրանցից որեւիցե մեկը դառնա գերիշխող և սպառնալիք ԱՄՆ-ի շահերին), միջամտելով միայն հավասարակշռության խախտման առաջացման դեպքում (օրինակ, Մերձավոր Արեւելքում` Թուրքիայի, Իրանի և Սաուդական Արաբիայի միջեւ փոխվերահսկող հավասարակշռություն, օգտագործելով նաեւ Իսրայելի գործոնը):
- Հազվագյուտ և սահմանափակ ռազմական միջամտություններ:
- Տնտեսական լծակների օգտագործում: Աշխարհքաղաքական գերակա դիրքերը հնարավորինս պահպանելու և լրացուցիչ նահանջ չարձանագրելու համար ԱՄՆ-ը դիմում է ֆինանսական և տնտեսական երկու լծակների. մին` միջաժգային ֆինանսական հոսքերի վերահսկման հնարավորության օգտագործում, մյուսը` մրցակից երկրների (Չինաստան, բայց ոչ միայն)նկատմամբ համեմատաբար նպաստավոր դիրքերից առեւտրային պատերազմների շղթայազերծում, օգտվելով այն իրողությունից, որ իր համար արտաքին առեւտուրն ընդհանրապես և արտահանումը մասնավորաբար կազմում է իր համախառն ներքին արդյունքի համեմատաբար փոքր տոկոսը:
            Ուստի ներկայում ԱՄՆ արտաքին քաղաքականության վարդապետությունը (դոկտրինը) ներառում է ռազմական ռիսկերի նվազեցումը և տնտեսության որպես լծակ օգտագործումը:
(George Friedman)
           Սա ամենակարող, սեփական կամքը պարտադրելու հզորությամբ օժտված հեգեմոն պետության ռազմավարություն չէ, այլ դիրքերը պահելու, նահանջը կասեցնելու և հնարավորության դեպքում կետային հաղթանակներ ապահովելու քաղաքականություն, հույսով` որ դրանք կդառնան ռազմավարական հաղթանակներ:
            Այս ռազմավարությունը մինչեւ այժմ տվել է լավագույն դեպքում թույլ արդյունքներ: Գլխավոր ախոյանների, Չինաստանի և Ռուսաստանի հետ առեւտրային և այլ բնույթի դիմակայությունները շարունակվում են, դիրքերում առայժմ առանց փոփոխություններ առաջացնելու: Huawei-ի նկատմաբ արշավը դիմադրության է հանդիպում նույնիսկ ավանդական դաշնակիցների կողմից:  Առայժմ պարժ չէ, թե ի՞նչ արդյունք կտա Հյուսիսային Հոսք2-ի դեմ արշավը: Միջին կամ ավելի փոքր երկրների, Իրանի,  Հյուսիսային Կորեայի, Վենեզուելայի դեմ տարիներ ի վեր ի գործ դրված տնտեսական, հատուկ գործակալական և երբեմն ռազմական միջոցները, ցավ պատճառելով հանդերձ, չեն հանգեցրել ռեժիմների տապալման:
            Մյուս կողմից սակայն, առանց արդյունքների հասնելու ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերում Աֆղանստանից, Մերձավոր Արեւելքում աննախադեպ քաոս առաջացնելուց և տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացման ակամա նպաստելուց հետո թուլացնում է իր ռազմական ներկայությունը և անցնում հավասարակշռման քաղաքականության:
            Առկա են լուրջ նախադրյալներ, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության գլխավոր զենքի վերածված ֆինանսատնտեսական լծակները կարող են մոտ ապագայում դառնալ անպիտան: Միջազգային առեւտրի ապադոլարայնացումը, թեկուզ դանդաղ, բայց կայուն ընթացքով շարունակվում է: Եվրոպան մշակում է ֆինանսական հոսքերի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող SWIFT համակարգի այլընտրանք: Իսկ ամենահեղափոխիչը լինելու է բլոկչեյն համակարգով փոխանցումներ կատարելու համաշխարհային համակարգի ստեղծումը: Դա կլինի ԱՄՆ վերահսկողության և դոլարի գերակայության մահացու հարված:
            Այս զարգացումները ենթադրում են ոչ թե մեկ-երկու, այլ բազմաթիվ տարիների աշխատանք, բայց երբ դառնան իրականություն` վերջնականապես կավարտվի ֆինանսական ոստիկանի ԱՄՆ դարաշրջանը, իր աշխարհքաղաքական վճռորոշ հետեւանքով:




ԱՄՆ-Ռուսաստան-ԹուրքիաՀայաստան

            Աշխարհում ԱՄՆ բացարձակ հեգեմոնության ավարտը պատճառ չէ, որ նրա ռազմավարական գլխավոր նպատակը չշարունակի մնալ` այլ ուժերի կողմից ամերիկյան հզորության մարտահրավեր ներկայացնելու ունակության հնարավորինս կանխումը: Դա առաջին հերթին (բայց ոչ բացառապես) նշանակում է համաշխարհային ջրերին իր տիրակալության պահպանում: Ինչպես իրենից առաջ Մեծն Բրիտանիային, ծովերի տիրակալությունը թույլ է տալիս ապահովագրել առեւտուրը, կանխել արտաքին ներխուժումը և հասու լինել աշխարհի ծովափերին:
            XXI դարում մարտահրավերն ավելի մեծ հավանականությամբ կարող է ներկայանալ արեւելյան Ասիայից, հատկապես Չինաստանից: Չինաստանն առնվազն ներկայում չունի համաշխարհային հեգեմոնի կարգավիճակի ստանցման ոչ ցանկություն, ոչ էլ կարողություն: Բայց աներկբա է, որ այն դարձել է մարտահրավեր և գլխավոր մրցակից: Այդ պատճառով, այլ տարածաշրջաններում ազդեցության տարբեր լծակներ պահելով հանդերձ, ԱՄՆ-ն իր ռազմավարական ուշադրությունը և ռեսուրսների կարեւոր մասը կենտրոնացնում է արեւմտյան Խաղաղականի  ջրերում և տարածաշրջանում:
            XX դարում վտանգը գալիս էր Եվրոպայից: Միակ ուժը, որը կարող էր մարտահրավեր նետել ԱՄՆ ռազմածովային գերակայության, մեկ հեգեմոն տերության ներքո ամբողջ Եվրոպայի միավորումն էր: Ա և Բ համաշխարհային պատերազմներին ԱՄՆ մասնակցությունը և ապա ԽՍՀՄ զսպման քաղաքականությունը նման հնարավորության բացառման նպատակ էին հետապնդում:
            Եվրոպայում հեգեմոնության հայտ էին ներկայացրել Գերմանիան, ապա` Ռուսաստանը, ի դեմս ԽՍՀՄ-ի: Ներկայի Ռուսաստանը խորհրդային ժամանակաշրջանի համեմատ թույլ է և խոցելի: Գերմանիան տնտեսապես հզոր է բայց ռազմականորեն թույլ և, գոնե ներկայում, առանց ամբիցիաների: Հետեւաբար, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ նոր մարտահրավերն արեւելքում է գտնվում, մեծ Եվրոպան նախկինի համեմատ զգալիորեն քիչ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի շահերին:
            Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը երկու պատճառներով իր ուշադրությունը չի հեռացնում այս տարածաշրջանից: Թույլ տերությունները վտանգավոր են, քանի որ այդ վիճակը նրանց ավելի ագրեսիվ է դարձնում, ինչն ակնհայտ երեւում է Ռուսաստանի պարագայում: Ապա ԱՄՆ-ը համարում է, որ Գերմանիայի և Ռուսաստանի միջեւ առկա են մերձեցման առարկայական գործոններ, որը, իրականանալու պարագայում, կարող է վերածնել հզոր Եվրոպայի վտանգը: Նման հավանականությունների կանխումը ԱՄՆ-ի համար մնում է ռազմավարական խնդիր:
            ԱՄՆ-ը շահագրգռված է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Արեւելյան Եվրոպայում և Սեւծովյան տարածաշրջանում: Այդ պատճառով այն զարգացնում է երկկողմ հարաբերությունները Լեհաստանի և Ռումինիայի առանցքային, ինչպես նաեւ Բալթյան երկրների հետ և սահմանափակ ուժեր տեղակայում այդ երկրներում: Աջակցելով Լեհաստանին, նա նաեւ ֆիզիկապես իրարից բաժանում է Ռուսաստանին և Գերմանիային:
            Սեւ Ծովում Ռուսաստանի առկա կամ պոտենցիալ նկրտումների սահմանափակման իր ռազմավարությունում ԱՄՆ-ն անցյալի նման շարունակում է կարեւոր տեղ հատկացնել Թուրքիային: Թուրքիան կարեւոր տեղ է գրավում նաեւ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կառավարման նպատակով ԱՄՆ-ի վարած ուժերի հավասարակշռության ստեղծման քաղաքականությունում (Թուրքիա-Իրան-Սաուդական Արաբիա-Իսրայել):
            Վերհիշենք այն համատեքստը, որում ԱՄՆ-ը վարում է այս քաղաքականությունը:
- Աճող վտանգը գտնվում է արեւելյան Ասիայում, իսկ Եվրոպայում առկա է վտանգի պոտենցյալ օճախի կանխման խնդիր:
- Իր թուլացող հզորության պայմաններում ԱՄՆ-ը հարկադրված է իր ռեսուրսները տնտեսել և դրանք տեղաբաշխել ըստ առաջնահերթությունների:
            Նման պայմաններում` ԱՄՆ-ը չունի Ռուսաստանն ու Թուրքիան ոչնչացնելու, մասնատելու կամ ծնկի բերելու ոչ պատճառ, ոչ էլ (ավելի կարեւոր մարտահրավերների պայմաններում) ռեսուրսներ:
            Հայաստանն ու հայերը չպետք է ապրեն նման վտանգավոր և վնասարար պատրանքներով:
            Զուտ տեսականորեն նույնիսկ չի կարելի բացառել, որ ապագայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջեւ կարող է ձեւավորվել Չինաստանի դեմ ուղղված համագործակցություն:
            Ինչպես ասվեց, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ը վարում է տարածաշրջանային ուժերի միջեւ հավասարակշռման քաղաքականություն, ինչը, հաջողվելու պարագայում, նրան հնարավորություն կտա նվազագույն ռեսուրսներով պահպանել իր շահերը: Այդ քաղաքականությունը շարունակվելու է, անգամ եթե քրտերը դառնան սուբյեկտ (որին ԱՄՆ-ն ապացուցեց, որ չի սատարում) և անգամ եթե Իրանում իշխանության գա ԱՄՆ-ին ավելի բարեհաճ վարչակարգ: Այդ պարագաներում անգամ նա շարունակելու է հավասարակշռման քաղաքականությունը, որի առանցքներից մեկը մնալու է Թուրքիան, որովհետեւ տարածաշրջանում որեւե մեկ ուժի հեգեմոնության կայացումը չի բխում իր շահերից:
            Բայց եթե ԱՄՆ-ը չունի Ռուսաստանն ու Թուրքիան մասնատելու կամ ամբողջական կապիտուլացիայի ենթարկելու պատճառ, այն ունի նրանց նկրտումները սանձելու պատճառ, որի համար հատկացնում է և կշարունակի հատկացնել ռեսուրսներ:  Բավարար կլինե՞ն այդ ճիգերն ու ռեսուրսները իրականացնելու այդ նպատակը: Ցույց կտա ժամանակը:
            Կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանը կկքի ոչ այնքան ամերիկյան պատժամիջոցների և այլ ճնշումների, որքան իր ներքին լրջագույն խնդիրների պատճառով: Նույնը չի կարելի ասել Թուրքիայի պարագայում: Ավելի հավանական է, որ Ռուսաստանի որպես պետություն թուլացման և ԱՄՆ-ի համաշխարհային հզորության շարունակվող թուլացման հետեւանքով միջին ժամկետում (15-20 տարի) այդ երկու տերությունները ռազմավարական ներկայություն չեն ունենա մեր տարածաշրջանում: Այդ պարագայում ստեղծված դատարկությունը հաստատապես փորձելու է լցնել Թուրքիան, ինչը Հայաստանի համար կլինի ճակատագրական: Հայաստանն ամեն գնով պետք է բացառի դա: Հայաստանը պետք է ամեն գնով`
- ձեռք բերի առավելագույն հնարավոր ինքնիշխանություն, բոլորի, առաջին հերթին Ռուսաստանի հետ հաստատի արժանապատիվ հարաբերություններ,
- ինքնիշխանությամբ և արժանապատիվ հարաբերություններով հանդերձ շարունակի մնալ Ռուսաստանի աշխարհքաղաքական ազդեցության գոտում` մինչեւ իր սեփական հզորացումը և Ռուսաստանի ինքնըստինքյան հեռացումը,
- բոլոր, առաջին հերթին ռազմական առումով ձեռք բերի առավելագույն հզորություն,
- այլ շահագրգռված պետությունների հետ ձեւավորի Այսրկովկասում աշխարհագրական դատարկության ստեղծման պարագայում այն լցնելու Թուրքիայի նկրտումները բացառելու ուժային դասավորություն:
            Հայաստանը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի ու Թուրքիայի նկրտումները սահմանափակելու քաղաքականության հետ պետք է առնչվի, փորձի դրանից առավելագույնս օգտվել իր այս կարեւորագույն խնդիրների լուծման անհրաժեշտության տրամաբանությամբ, բայց ոչ երբեք նրա կողմից Ռուսաստանին ու Թուրքիային ծնկի բերելու, այս տարածաշրջանում երկարաժամկեստ ռազմավարական ներկայություն հաստատելու սին և վտանգավոր ակնկալիքներով և հույսերով:


Comments

Popular posts from this blog

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

«Փոսից դուրս գալու» ճանապարհների կապակցությամբ շրջանառվող որոշ առաջարկությունների մասին