Հայաստան և հայ ժողովուրդ. երկարաժամկետ նպատակ և ձգտում, միջնաժամկետ խնդիրներ ու մարտահրավերներ, ներկա գոյութենական սպառնալիքներ


  
           Մարդը կենսաբանական, հասարակական, էթնո-մշակութային և հոգեմտավոր ամբողջական էակ է:
           Մարդն իր ամբողջական էությունն իրացնում է, երբ իրացնում է այդ էության բոլոր բաղադրիչներից բխող պահանջները, կարիքները, մղումներն ու ցանկությունները:
           Մարդու լիարժեք ինքնաիրացման վիճակը նրա ազատ ստեղծագործման, արարման վիճակն է, որը ենթադրում է լիարժեք (արտաքին և ներքին) ազատություն և արարման ներքին մղում:
Ներդաշնակ հասարակությունն այն հասարակությունն է, որտեղ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունի, այլոց հետ համերաշխության և ներդաշնակության պայմաններում,  ամբողջությամբ իրացնելու իր էությունը, որտեղ մեկի էության ամբողջական կամ մասնակի իրացման հնարավորությունը պայմանավորված չէ ուրիշի այդ հնարավորությունից զրկմամբ:
           Ազգը ծնվել է էթնո-մշակութային ընդհանուր ինքնության տեր մարդկանց հավաքականությունից ու նրանց տեւական փոխհարաբերությունից: Նա տվյալ պահին այդ հավաքականությունը բաղկացնող անհատների գումարը չէ սոսկ, այլ այդ ինքնությունից ձեւավորված և սերնդից սերունդ ժառանգվող հոգեվոր-մշակութային էությունը:
            Ազգի էության իրացումը կայանում է իր և իր անդամների տվյալ ժամանակի անհատական և հավաքական ինքնաիրացման պայմանների ապահովման, իր (ազգի) հոգեւոր-մշակութային էության իրացման և տեւապես կատարելագործման, իր հարատեւության ապահովման, ինչպես նաեւ մյուս ազգերի և էթնո-մշակութային հավաքականությունների ինքնաիրացման նպաստման և բոլորի համերաշխ համագործակցությունից ձեւավորված ներդաշնակ աշխարհի կայացման տեւական ձգտումին մեջ:

ii.         Մշտական նպատակ և ձգտում
            Հայ ազգի և ներկա Հայաստանի նպատակը, մշտական ձգտումն է`
            1. Հայ ժողովրդի համախմբումն իր պատմական բնօրրան Հայաստանում` հայկական բարձրավանդակում:
            2. Ամբողջական Հայաստանում ներդաշնակ հասարակության կայացումը, հասարակության անխտիր բոլոր անդամների ինքնաիրացման ապահովումը:
            3. Հայ ազգի ինքնաիրացումը:

iii.        Միջնաժամկետ նպատակներ և խնդիրներ
            Ներկա Հայաստանի և հայ ժողովրդի կենսունակության ապահովման ու ամրապնդման և ազգի մշտական նպատակի իրականացման պայմանների հասունացման համար անհրաժեշտաբար լուծում պահանջող միջնաժամկետ խնդիրներն են.
            1. Ներկա Հայաստան պետությունում (Արցախը ներառյալ)` հայ ժողովրդի և պետության բոլոր քաղաքացիների ինքնաիրացման նախադրյալների, հասարակական արժանապատիվ և համերաշխ համակեցության ապահովում:
            2. Ներկա Հայաստան պետության (Արցախը ներառյալ)առավելագույն հնարավոր գերիշխանության ձեռքբերում, այլ ուժերի նկատմամբ ուղղակի և անուղղակի ենթակայեցվածության բացառում: 
            3. Ներկա Հայաստան պետության (Արցախը ներառյալ)աշխարհքաղաքական, առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ անվտանգության ապահովում:
            4. Պատմական արդարության հաստատման, տարածքային մասնատման արդյունքում երկրի կենսունակության առումով ստեղծված անհեռանկարային  իրավիճակը վերացնելու և ընդհանրապես աշխարհքաղաքական անվտանգության ապահովման նպատակներով` ներկա Հայաստան պետության կենսունակ և պաշտպանունակ տարածքի ու սահմանների ապահովում, առաջին հերթին Նախիջեւանի հարցի լուծում:
            5. Ժողովրդագրական ճգնաժամի լուծում. ծննդաբերության մակարդակի աճի պայմանների ապահովում, օրինաչափ նվազագույնից ավելի արտագաղթի բացառում, հայրենադարձության պայմանների ապահոուում և գործընթացի իրականացում:
            6. Սփյուռքում հայրենադարձության իրականացում, հայկականության իմաստավորում:
            7. Աշխարհում ավելի համերաշխ, արդար և հավասարամետ համակարգի ձեւավորման պայքարին մասնակցություն և ներդրման սատարում:
            Այս մարտահրավերների բարվոք լուծումը ներկա Հայաստանը կդարձնի այն ամուր կռվանը, որը հայ ժողովրդին հնարավորություն կտա իրականացնել ազգի ամբողջական, երկարաժամկետ նպատակը:

iv.        Ներկա գոյութենական սպառնալիքներ
            Ներկայում սակայն Հայաստանն ու հայ ժողովուրդը  դիմագրավում են գոյութենական նշանակության լրջագույն սպառնալիքներ, որոնք չչեզոքացնելու պարագայում նրանց առաջ հառնելու է լինել չլինելու խնդիրը: Դրանք են
           ժողովրդագրական համաղետը,
           բնապահպանական համաղետը,
           Ադրբեջանի հետ անհավասար պատերազմի հավանականության մեծացող վտանգը և
           Ռուսաստանի նկրտումների պատճառով տարածքային և ինքնիշխանության լրացուցիչ կորուստներ կրելու վտանգը:
            Առանց այս սպառնալիքների չեզոքացման հնարավոր չէ ունենալ կենսունակ երկիր և անցնել միջնաժամկետ խնդիրների և ապա երկարաժամկետ նպատակի լուծման:
            Ներկայում Հայաստանի և հայ ժողովրդի առաջնային մարտահրավերն այս սպառնալիքների չեզոքացումն է:



Comments

Popular posts from this blog

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

«Փոսից դուրս գալու» ճանապարհների կապակցությամբ շրջանառվող որոշ առաջարկությունների մասին