Հայաստանի տարածաշրջանային, անվտանգային և արտաքին քաղաքականությունը` համաշխարհային փոխակերպումների պայմաններում



            Ինչպես ամբողջ աշխարհում, նույնպես և մեր տարածաշրջանում առաջիկա մի քանի տասնամյակների աշխարհքաղաքական գործընթացները կարեւոր չափով պայմանավորված են լինելու խորագույն նշանակության և համապարփակ  այն փոխակերպումներով, որոնց հորձանուտում է գտնվում աշխարհը ներկայում:
            Միջնաժամկետ փուլում Հայաստանի տարածաշրջանային, անվտանգային և արտաքին քաղաքականությունը  պետք է համապատասխանի աշխարհքաղաքական այն իրավիճակին, որն ամենայն հավանականությամբ տիրելու է մեր տարածաշրջանում` ընթացող համաշխարհային մաշտաբի փոխակերպումների արդյունքում:
            Ներկա և կարճաժամկետ քաղաքականությունը եւս, առկա խնդիրները լուծելուն և սպառնալիքները չեզոքացնելուն զուգահեռ, պետք է միտված լինի նշված ոլորտներում միջնաժամկետ փուլում սպասվող աշխարհքաղաքական իրավիճակին պատրաստված լինելուն:
            Որո՞նք են համաշխարհային նշանակության փոխակերպումները և աշխարհքաղաքական ի՞նչ իրավիճակ է սպասվում մեր տարածաշրջանում դրանց արդյունքում:

           Աշխարհը գտնվում է համապարփակ անկայունության* փուլում: Ինչպես բոլոր մյուս բնագավառներում, աշխարհքաղաքական և միջազգային հարաբերությունների բնագավառում եւս* տիրում է խիստ անկայունություն, որը հակված է առաջիկա ժամանակներում միայն ավելի բարդանալու: Ընդհանուր անկայունության պատճառը կապիտալիստական համակարգի ճգնաժամն* է, իսկ աշխարքաղաքական անկայունությանը, ընդհանուր պատճառի հետ մեկտեղ` աշխարհում հեգեմոն ուժի բացակայությունը*:
           Ավարտվել է ԱՄՆ հեգեմոն ցիկլը* և ներկայում չկա համաշխարհային հեգեմոն ուժ: ԱՄՆ-ը շարունակում է մնալ ամենահզոր պետությունը,  բայց արդեն չունի ոչ կարողությունը, ոչ էլ ցանկությունը լինելու աշխարհի հեգեմոն ուժը, առավել եւս ոստիկանը: Ավելին. նրա հարաբերական ազդեցությունը շարունակելու է թուլանալ: Չինաստանն ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցն է բայց շատ հեռու է աշխարհի մաշտաբով հեգեմոն ուժ լինելուց: Ներկայում չի էլ ցանկանում լինել այդպիսին: Ապագայում չի կարողանալու, անգամ եթե ցանկանա:
           Պատմությունը ցույց է տալիս, որ նման պայմաններում Ձեւավորվում են տարածաշրջանային հեգեմոններ*, գերիշխող ուժեր և նրանց շուրջ ձեւավորվող բլոքներ:
           Այսրկովկասն ընդգրկող լայն տարածաշրջանում տեսականորեն հեգեմոն դառնալու հավակնություն կարող են ներկայացնել երեք ուժեր. Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան:
Ռուսաստանն իր բնույթով  կայսերական երկիր է և շարունակում է մնալ այդպիսին: Բայց որպես տերություն այն գտնվում է իր մայրամուտում*: Նրա մարումը թվում է անխուսափելի:  Լրջագույն խնդիրները, որոնց դեմ հանդիման է գտնվում այդ երկիրը, եթե ոչ կարճ, ապա միջին ժամկետում վստահաբար հարցականներ են առաջացնելու նրա միասնական կամ կենտրոնաձիգ գոյության շարունակման առումով: Գործնականում, Ռուսաստանի տարածաշրջանային հեգեմոն դառնալու հավանականությունը համարյա բացառվում է:
Իրանը եւս գտնվում է բազում խնդիրների առաջ և հեռանկարների առումով, առնվազն ներկա դրությամբ, գտնվում է Թուրքիայից հետ մնացած կարգավիճակում:
Տարածաշրջանային հեգեմոն դառնալու ամենալուրջ թեկնածուն, իր դիմագրաված խնդիրներով հանդերձ, մնում է Թուրքիան*: Այդ երկիրն ունի իր աշխարհագրական լայն տարածաշրջանի (մերձավոր արեւելք, բալկաններ, արեւելյան Միջերկրական, Սև և Կասպից ծովերի ավազաններ, ներառյալ Այսրկովկասը) գերիշխող ուժը դառնալու թե' հավակնություն, և թե' որոշ նախադրյալներ:
           Իր հետեւողական թուլացման պատճառով Ռուսաստանը ուշ կամ շուտ հեռանալու է այսրկովկասից, Կովկասից:
Համաշխարհային առումով իր հեգեմոն դիրքը կորցնելու, հարաբերական հզորության լրացուցիչ թուլացման և իր աշխարհքաղաքական առաջնահերթությունների փոփոխման պատճառով ԱՄՆ-ը եւս միջին ժամկետում այս տարածաշրջանում չի ունենալու ռազմավարական ներկայություն:
Նման պայմաններում Այսրկովկասում և Միջին Ասիայում Ռուսաստանի տեղը անպայման փորձելու է գրավել Թուրքիան: Որքան մոտենա այդ հավանականության իրականանալու պահը, այնքան մեծանալու է Հայաստանի գլխավերեւում ճոճվող, նրա գոյության սպառնացող լրջագույն վտանգը, ոչ միայն պատմական թշնամանքի, այլ, առաջին հերթին` Թուրքիայի ռազմավարական այդ նպատակի իրականացման ճանապարհին ցցված խոչընդոտ համարվելու պատճառով:

            Ի՞նչ պետք է անի Հայաստանը, թույլ չտալու համար նման հավանականության իրականացումը:
            Հայաստանն անշուշտ պետք է անխտիր բոլոր առումներով, տվյալ պարագայում առաջին հերթին ռազմական ու անխոցելիության առումներով դառնա հզոր երկիր:
            Հզորության մյուս բաղադրիչներից է առավելագույն հնարավոր պետական գերիշխանությունը, ինքնուռույնությունը: Հաշվի առնելով Հայաստանի ենթակայեցվածության և կախվածության ներկա վիճակը, գերիշխանության և ինքնուռույնության ձեռք բերումը առաջին հերթին պահանջում է, որ վերջ դրվի Ռուսաստանի հետ գերակա/ենթակա, վասալային հարաբերություններին և երկու երկրների միջեւ հաստատվեն արժանապատիվ հարաբերություններ:
            Մյուս կողմից սակայն, հզորության ձեռք  բերման այս և մյուս նախադրյալների իրականացումը, ինչ խոսք, ժամանակ պահանջող գործընթաց է: Չափազանց կարեւոր է, որ Հայաստանն անհրաժեշտ հզորությունը ձեռք բերած լինի մինչեւ այն պահը, երբ Այսրկովկասն  ու հատկապես մեր երկիրը կհայտնվի աշխարհքաղաքական դատարկության մեջ, այսինքն Ռուսաստանն ամբողջությամբ հեռացած կլինի այս տարածաշրջանից: Դա այդպես է, որովհետեւ հզորություն դեռեւս ձեռք չբերված պայմաններում ստեղծված դատարկությունից միակ օգտվողը  կարող է լինել Թուրքիան: Այդ պատճառով էլ, Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային ու պետական գերագույն` գոյութենական շահը պահանջում է, որ մինչեւ իր կողմից բավարար հզորության ձեռք բերումը մեր երկիրըն աշխարհքաղաքական առումով շարունակի մնալ Ռուսաստանի ազդեցության գոտում:
                        Ասվածը կարող է ոմանց կողմից համարվել թույլ կամքի դրսեւորում, թաքուն կամ բացահայտ «ռուսամետություն», նույնիսկ «սրբապղծություն»: Նման արձագանգը չի լինի այլ բան, քան հարցերը կարճատես, զգացական ու կամապաշտ, ոչ առարկայական ու ոչ համակողմանի կերպով դիտարկելու արդյունք:
            Կասկած չկա. Հայաստանը բոլորի, ներառյալ Ռուսաստանի նկատմամբ պետք է ձեռք բերի բոլոր առումներով, ներառյալ աշխարհքաղաքական ազդեցության առումով  առավելագույն գերիշխանություն: Բայց եթե սեփական ուժերի դեռևս անբավարարության պատճառով այսրկովկասը անխուսափելիորեն պետք է լինի ինչ որ ուժի ազդեցության գոտի, ապա Հայաստանի շահերից աներկբայորեն բխում է, որ այդ ուժը լինի Ռուսաստանը և ոչ թե Թուրքիան: Հայաստանի շահերից չի բխում Ռուսաստանի աշխարհքաղաքական հեռացման արագացումը,, առավել եւս արագացման գործընթացին իր կողմից նպաստումը,  եթե այդ հեռացմանը հաջորդելու է ոչ թե ինքնիշխան և անվտանգ Հայաստանի առկայությունը, այլ ռուսական ներկայության փոխառինումը ավելի վտանգավոր և ագռեսիվ Թուրքիայով*:
            Արդյո՞ք Ռուսաստանին առնչվող այդ երկու մոտեցումները, մի կողմից ոչ-վասալային, արժանապատիվ հարաբերությունների հաստատումն ու մյուս կողմից այդ երկրի աշխարհքաղաքական ներկայության պահպանումը համատեղելի են: Բարեբախտաբար այո':
            Ավելորդ է ասելն անգամ, որ Ռուսաստանը այսրկովկասում, տվյալ դեպքում Հայաստանում գտնվում է բացառապես իր շահերի պաշտպանության համար: Այդ ներկայությունը Ռուսաստանին հնարավորություն է տալիս լուծել երկու խնդիր, մին արտաքին բնույթի էքսպանսիվ, մյուսը պաշտպանական:  Այսրկովկասը կատարում է դեպի Թուրքիա ու Իրան, Մերձավոր Արեւելք ու Միջերկրական պլացդարմի դերակատարություն: Բայց դրանից էլ կարեւոր է և գնալով ավելի մեծ կարեւորություն է ստանալու այդ ներկայության պաշտպանական նշանակությունը:
            Կովկասյան լեռնաշղթան Ռուսաստանի համար ունի պաշտպանական պատվարի կարեւորագույն նշանակություն: Կովկասից այն կողմ բացվում է հարթավայրային մի անծայրածիր տարածաշրջան, որը ներառում է Մոսկվան ու բազմաթիվ մեծ քաղաքներ,  երկրի բնակչության ու տնտեսության մեծագույն մասը:
            Այսրկովկասը Կովկասյան պատվարի նախադուռն է: Այսօր կորցնել այսրկովկասը նշանակում է վաղը կորցնել Կովկասը. իսկ Կովկասի կորուստը նշանակում է Ռուսաստանի վերջը:
Ռուսաստանի շարունակական թուլացմամբ նրա համար ավելի է կարեւորվելու այդ պատվարի պահպանման արժեքը: Ու դրանով` նաեւ Հայաստանի արժեքը:
            Հայաստանը, համաձայնվելով Ռուսաստանի աշխարհքաղաքական ներկայության պահպանմանը, ռազմավարական նշանակության նպաստ է բերում Ռուսաստանին` ապահովելու իր կովկասյան դարպասների անվտանգությունն ու ընդհանուր պաշտպանությունը: Պահպանելով իր աշխարհքաղաքական ներկայությունը Հայաստանում, Ռուսաստանն արգելակում է նաեւ Թուրքիայի ռազմավարական ներթափանցումը, էքսպանսիան դեպի Այսրկովկաս, ու այդքանով սատարում Հայաստանի ռազմավարական շահերին: Շահերը, հետեւաբար,  փոխադարձ են, ոչ միակողմանի:
            Հայաստանը, իր ազգային ու պետական շահերից ելնելով, պետք է կարողանա Ռուսաստանի հետ հանգել մի կողմից իր գերիշխանության հարգման ու մյուս կողմից նրա աշխարհքաղաքական ներկայության շարունակման շուրջ փոխադարձ համաձայնության: Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտնի երաշխիքներ տալու Ռուսաստանին, որ ինք չի դառնալու այլ ուժերի ազդեցության գոտի և չի փորձելու տարածաշրջանային աշխարհքաղաքական ազդեցության առումով ձերբազատվել ռուսական ազդեցությունից ՊԱՅՄԱՆՈՎ, որ  Ռուսաստանն իր հերթին երաշխիքներ տա, որ ընդունում է մնացած բոլոր առումներով Հայաստանի գերիշխանությունը և չի միջամտելու նրա գործերին:
            Պետք է փորձել իրարից տարանջատել հայռուսական հավասար և արժանապատիվ հարաբերությունների («ապավասալացման», «ապագաղութացման») խնդիրն ու Կովկասից հարավ անվտանգության առումով ազդեցության գոտու խնդիրը: Հայաստանում կարծես թե չի եղել նման տարանջատում: Առկա է եղել և շարունակում է լինել կամ Ռուսաստանին ամբողջական ինքնահանձնվում, իր բոլոր վատ հետեւանքներով, և կամ թուրքական իրական վտանգն անտեսող, լավագույն դեպքում թերագնահատող, արեւմուտքի արժեքների ու նրա միջամտելու ունակության նկատմամբ միամիտ ու վտանգավոր գերագնահատումով ուղեկցված ամբողջական հակառուսականություն:
            Առաջիկա ժամանակներում Հայաստանի դիվանագիտության գլխավոր խնդիրը պետք է լինի, հիմնվելով հարցերի տարանջատման մոտեցման վրա,  հասնել Ռուսաստանի հետ այդպիսի փոխհամաձայնության ձեռքբերման: Ռուսաստանի կողմից առաջ քաշված` «Հայաստանը գնալու տեղ չունի» թեզիսին պետք է հակադարձել «Ռուսաստանն այլընտրանք չունի» թեզիսը և նրա մոտ գնալով ավելի արմատավորել այդ համոզումը: Ռուսաստանը կարող է համաձայնվել հրաժարվել Այսրկովկասում (Հայաստանում) այլ շահաքրքրվածություններից, պայմանով, որ անվտանգության առումով այն շարունակի մնալ իր, այլ ոչ այլ ուժի ազդեցության գոտի:
            Ակներեւ է ի հարկե, որ չնայած իր հետեւողական թուլացման, իսկ ավելի ճիշդ կլինի ասել` այդ թուլացման իսկ պատճառով, Ռուսաստանը վերջին տարիներին ցուցաբերում է ագռեսիվ արտաքին քաղաքականություն: Եթե այդ քաղաքականությունը նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս իրական արդյունքների հասնելու հավանականություն համարյա չունի, ապա Մոսկվան շատ լուրջ է տրամադրված նախկին ԽՍՀՄ  առավելագույն թվով հանրապետություններում իր ամբողջական փաստացի վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ: Այսրկովկասում նրա ձգտումն է Ադրբեջանը վերադարձնել իր ազդեցության գոտի, էլ ավելի ընդլայնել իր ազդեցությունը Հայաստանի վրա, Արցախում տեղակայել ռազմական ուժեր և ապա լուծել Վրաստանի խնդիրը:
Ակնհայտ է, որ այս իրողությունը չի գործում վերոնշյալ «սակարկության» գործընթացի հեշտացման ուղղությամբ: Բայց պետք է լինել միաժամանակ համառ և զգուշավոր, համբերատար և դիվանագետ: Ռուսաստանի այդ նկրտումները հաջողության լուրջ հավանականություն չունեն և չեն կարող անվերջ շարունակվել:

            Այսպես, միջնաժամկետ առումով Հայաստանի անվտանգային, տարածաշրջանային և արտաքին առաջնային խնդիրն է նախապատրաստված լինել այն հավանական սցենարին, երբ Ռուսաստանը հեռացած կլինի այսրկովկասից իսկ ծավալապաշտ Թուրքիան կփորձի գրավել նրա տեղը:
            Հայաստանի` միջնաժամկետ (15-25 տարի) (քաղաքականությունը, որից պետք է բխեն նաեւ կարճաժամկետ քայլերը, պետք է հետապնդի հետևյալ նպատակները:
1. Պետական և հասարակական ամբողջական, առավելագույն հնարավոր հզորության ձեռքբերում:
2. Հասարակության հոգեբանական և գործնական մշտական պատրաստվածությամբ և տեխնոլոգիական,  գիտատեխնիկական, տնտեսական, ժողովրդագրական ու այլ  միջոցների լավագույն օգտագործմամբ, համահայկական հնարավորությունների ներդրմամբ` սեփական ուժերով բոլոր հակառակորդների նկրտումները կանխելու, կենսունակ և պաշտպանունակ տարածքներ ու սահմաններ ապահովելու ունակ, հզոր, անպարտելի ուժի ձեւավորում:
3. Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական գերիշխանության հետեւողական ամրացում, առկա ենթակայեցվածությունների չեղարկում և նոր կախվածությունների առաջացման բացառում: Այդ համատեքստում,
4. Ռուսաստանի հետ`
            ա. Վասալացման, նեոգաղութացման, գերիշխող/ենթակա հարաբերությունների նոր ձեւաչափերի (Արցախում «խաղաղապահ» ուժերի տեղաբաշխում, զինված ուժերի միավորում, լեզվական-մշակութային գրոհ եւայլն) բացառում:
            բ. - Վասալացման, նեոգաղութացման, գերիշխող/ենթակա  առկա հարաբերությունների չեղարկում: Տնտեսության, ենթակառուցվածքների, զինված ուժերի, հատուկ ծառայությունների, դիվանագիտության (բացառությամբ Այսրկովկասյան) և այլ ոլորտներում գերիշխան կամքի ապահովում:  Արժանապատիվ, գործընկերային հարաբերությունների ձեւավորում և ամրագրում:
            գ. Պաշտպանական ոլորտում փոխ շահավետ հիմունքներով պայմանագրային փոխգործակցության ամրագրում: Այսրկովկասում` բացառապես աշխարհքաղաքական առումով Ռուսաստանի շահերին համահունչ և այդ շահերին հակասող այլ տերությունների նկրտումներին չսատարող քաղաքականության երաշխավորում և կիրառում: Այդ փոխհամաձայնության ոգուն չհակասող, սեփական անվտանգության հզորացման նպատակով երրորդ կողմերի հետ մարտավարական բնույթի համաձայնությունների կայացման իրավունքի ամրագրում:
5. Թուրքիայի` տարածաշրջանային գերուժ, առավել ևս միջազգային ուժ դառնալու նկրտումները խափանելու աշխատանքների ձեռնարկում, այլ պետությունների և ուժերի կողմից տարվող նման աշխատանքների սատարում:
6 Աշխարհում տեղի ունեցող համակողմանի համակարգային փոխակերպումների համատեքստում` համաշխարհային ավելի արդար համակարգի և դրա վրա հիմնված միջազգային հարաբերությունների ձեւավորման գործընթացներին մասնակցություն և սատարում:


Comments

Popular posts from this blog

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

«Փոսից դուրս գալու» ճանապարհների կապակցությամբ շրջանառվող որոշ առաջարկությունների մասին